ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Հայաստանի սփիւռքի նախարարութեան կրճատման թոհուբոհում առաջացող ազգային-քաղաքական եւ ընկերային խնդիրների շարքում հարկ ենք համարում անդրադառնալ յոյժ կարեւոր մի խնդրի` ջաւախահայութեան հիմնահարցին: Փաստենք, որ նախարարութիւնն ունի մի օղակ` Մերձաւոր սփիւռքի հետ կապերի վարչութիւնը, որը, Թուրքիայի, Հիւսիսային Կովկասի ինքնավար կազմաւորումների եւ Վրաստանի հայկական համայնքների շարքում, այս կամ այն կերպ համակարգում էր նաեւ ջաւախահայութեան հոգեւոր-մշակութային կապը ՀՀ-ի հետ:
Ջաւախքի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնները, յայտնի գործիչներ եւ շահագրգիռ այլ շրջանակներ բազմիցս պահանջել են ՀՀ իշխանութիւններից` Ջաւախքի ուղղութեամբ հանդէս գալ հայեցակարգային մօտեցումներով, այդուհանդերձ, տարբեր պատճառներով սայլը մինչ օրս տեղից չի շարժուել, եւ ջաւախահայութեանը յուզող հիմնահարցերը, ՀՀ-ի կողմից, արծարծուել են կառավարական միջին օղակի այսպիսի վարչութիւններում կամ բաժիններում: Նախորդ շրջանում Վրաստանի (այդ թւում` Ջաւախքի) դպրոցներին ՀՀ-ի կողմից դասագրքեր են տրամադրուել ԿԳ նախարարութեան Արտաքին կապերի եւ սփիւռքի վարչութեան սփիւռքի հետ կապերի բաժնի միջոցով, իսկ սփիւռքի նախարարութեան կայացումից յետոյ այդ գործառոյթն անցել է նշեալ նախարարութեանը: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարութեան նշեալ ստորաբաժանմանը, ապա վերջինս ներկայումս նախաձեռնում է կրթական ոլորտին առնչուող համահայկական բնոյթի ձեռնարկներ (խորհրդաժողովներ, ողիմպիականներ եւ այլն), որոնց մասնակցում են նաեւ Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:
Փաստօրէն, վերջին տարիներին, Վրաստանի (այդ թւում` Ջաւախքի) հայ ազգաբնակչութեան հոգեւոր կարիքները քննարկել, գնահատել, հաշուառել եւ, յանձինս սփիւռքի նախարարութեան, պետութեանն է ներկայացրել նոյն նախարարութեան համապատասխան օղակը:
Որպէս նախապատմութիւն` փաստենք, որ ՀՀ-ի կողմից Ջաւախքին յատկացուող օժանդակութիւնը 1990-ական թթ. ի վեր համակարգուել է մի քանի կազմակերպութիւնների միջոցով: Դրանց շարքում, որպէս պետական օղակ, հանդէս էր գալիս ՀՀ կառավարութեանն առընթեր Յատուկ ծրագրերի վարչութիւնը, որն ստեղծուել էր 1990-ական թթ. սկզբներին եւ համակարգում էր Արցախին եւ Ջաւախքին (Վրաստանին) առնչուող մի շարք հարցեր` այդ շրջանակներում համակարգելով նաեւ ՀՀ-ի կողմից Ջաւախքում իրականացուող ծրագրերը: Ռ. Քոչարեանի օրօք այս հիմնարկը վերանուանուեց Տարածաշրջանային համարկման վարչութեան, գոյատեւեց մինչեւ 2000-ական թթ. սկիզբը: Վերջինիս ղեկավար, ջաւախահայ գործիչ Ս. Մարգարեանն այնուհետեւ հանդիսանում էր նոյն հարցերով ՀՀ վարչապետի խորհրդականը: Նա աշխատանքից ազատուեց, եւ այս ոլորտը վերջնականօրէն կառավարութեան կողմից անտեսուեց վարչապետ Տ. Սարգսեանի օրօք:
Որպէս պետական ստորաբաժանում, որն այս կամ այն կերպ կարող էր առնչութիւն ունենալ Ջաւախքին` ԱԳ նախարարութեան Սահմանակից երկրների վարչութիւնն է, որն ունի Վրաստանի բաժին: Չնայած վերջինիս գործառոյթների մէջ մտնում են` Վրաստանի նկատմամբ ՀՀ քաղաքականութեան մշակումը, առաջնահերթութիւնների սահմանումը, քաղաքական երկխօսութեան խթանումը, իրաւապայմանագրային դաշտի ու առեւտրատնտեսական յարաբերութիւնների, կրթամշակութային ծրագրերի իրականացման ու զարգացման համար համապատասխան պայմանների ձեւաւորումը, ինչպէս նաեւ ՀՀ-ի համար առաջնային հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրների վերաբերեալ տեղեկանքների եւ վերլուծութիւնների կազմումը, այդուհանդերձ, Ջաւախքում առաջին անգամ են լսում այս ստորաբաժանման գոյութեան մասին: Հետեւաբար այս բաժնի աշխատանքները կա՛մ եղել են անարդիւնաւէտ, կա՛մ` գերգաղտնի, կա՛մ էլ որեւէ կերպ չեն առնչուել ջաւախահայութեան խնդիրներին: ԱԳՆ-ի կայքում նշուած է, որ վերոնշեալ ստորաբաժանումը մշտական կապի մէջ է Վրաստանում ՀՀ, ինչպէս նաեւ Երեւանում Վրաստանի դեսպանութիւնների հետ:
Խօսելով Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատանքների մասին` պէտք է փաստել, որ դեսպան Ռ. Սադոյեանի օրօք դրանք բաւականին աշխուժացել են, եւ նոր դեսպանի կողմից փորձ է արւում որոշակի շունչ հաղորդել տարիներով անգործութեան մատնուած այս կառոյցին: Այդուհանդերձ, բազմիցս ենք նշել, որ Վրաստանն առանձնայատուկ երկիր է: Վրաստանի հարաւային ողջ երկայնքով թուրքական գործօնի օրաւուր աշխուժացման պայմաններում Ջաւախքի խնդիրն այսօր անմիջականօրէն առնչւում է ՀՀ անվտանգութեանը` ինքնաբերաբար վերածուելով ՀՀ սահմանակից միակ քրիստոնեայ օճախի: Ջաւախքի խնդիրն, այսօր, ընկերային-տնտեսական, ազգային-քաղաքական երանգաւորումից անցում է կատարել դէպի քաղաքակրթական հարթութիւն. այն տարածաշրջանում քրիստոնէական քաղաքակրթութեան յարատեւման առանցքային երաշխիքներից մէկն է այսօր, եթէ ոչ` ամենագլխաւորը:
Հետեւաբար այս ընդգրկուն, բազմաշերտ եւ բազմաբովանդակ հարցերի կարգաւորումը, որոնց համար անհրաժեշտ են պետական հաստատութիւններ եւ մասնագիտացուած գերատեսչութիւններ, սպասել Վրաստանում ՀՀ դեսպանատնից` իրատեսական չէ:
Մենք այստեղ խօսում ենք խնդրոյ առարկայ ոլորտին առնչուող պետական մարմինների գործառոյթների մասին, եւ պետութեան հետ այս կամ այն կերպ համագործակցող բարեգործական միութիւնների, հասարակական կազմակերպութիւնների եւ հիմնադրամների, ինչպէս նաեւ կրօնական հաստատութիւնների` նշեալ ուղղութեամբ տարուող աշխատանքների խնդիրը դուրս է մեր քննարկման տիրոյթից:
Պէտք է փաստել, որ ջաւախահայութեանը յուզող հիմնահարցերի հանդէպ` որպէս ՀՀ անվտանգութեանն առնչուող գործօնների, պետական հայեցակարգի եւ մշակուած գործողութիւնների բացակայութեան, նշեալ խնդիրների շարունակական անտեսման կամ շրջանցման, ինչպէս նաեւ բացասական այլեւայլ իրողութիւնների առկայութեան պայմաններում, պետական միջին եւ եզակի օղակ է հանդիսացել ՀՀ սփիւռքի նախարարութեան վերոնշեալ ստորաբաժանումը: Աշխատակիցների նուիրումի շնորհիւ` այն այսօր դրական կերպով է ընկալւում Ջաւախքում, Թիֆլիսում եւ այլուր:
Մեծ վերապահումներով մօտենալով ջաւախահայութեանը սփիւռք համարելու իրողութեանը, այդուհանդերձ, Ջաւախքի մեր հայրենակիցները փաստում են, որ սփիւռքի նախարարութեան կրճատմամբ կը վերանայ նաեւ պետական այն օղակը, որը վերջին շրջանում վերածուել էր ջաւախահայութեան խնդիրների արծարծման եւ լուծման ուղիների որոնման թէեւ փոքրիկ, բայց հաճելի ու օգտակար միջավայրի: Պարզորոշ է, որ ԱԳՆ-ի կազմում ստեղծուելիք վարչութեան շրջանակներում այլեւս անհնար է լինելու վերակազմաւորել նման օղակ: Փաստօրէն, եթէ այլ երկրների հայկական համայնքների պարագաներում պետութեան հետ կապի գործառոյթները ինչ-որ չափով կարող են ԱԳՆ-ի միջոցով իրենց վրայ վերցնել ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնները, ապա ջաւախահայութեան դէպքում, ելնելով ոլորտի վերոնշեալ առանձնայատկութիւններից, այդ խնդիրը բաց է մնում: Միւս կողմից, եթէ նշեալ վարչութեան գործառոյթները վերաբաշխուեն եւ յանձնուեն այլ գերատեսչութիւնների, ապա այստեղ էլ կը վերանայ վիրահայութեան (յատկապէս` ջաւախահայութեան) կարիքների գնահատման եւ հաշուառման կենտրոնացուած կերպով իրականացման գաղափարը:
Ամփոփենք. սփիւռքի նախարարութեան վերացմամբ վերանում է նաեւ պետական այն փոքրիկ (թերեւս` վերջին) օղակը, որը այս կամ այն կերպ ամբարում էր Ջաւախքի հոգեւոր-մշակութային կարիքները, եւ որի միջոցով ջաւախահայութիւնը հոգեւոր-մշակութային կապ էր հաստատում ՀՀ-ի` որպէս մայր պետութեան հետ: Այդ օղակի վերացմամբ ոտնահարւում է նաեւ ջաւախահայութեան խնդիրներին պետականօրէն համակարգուած մօտեցում ցուցաբերելու գաղափարը: ՀՀ նոր իշխանութիւնները, փոխարէնն, առայժմ ոչինչ չեն առաջարկում, իսկ իրագործուող կառուցուածքային փոփոխութիւններում որեւէ իրատեսական կամ խոստմնալից զարգացումներ չեն ուրուագծւում: