«Փրկիչը…»

Խօսքը Յիսուսի մասին չէ: Այլ` յատկանշական գրքոյկի մը, որ «թաւշեայ յեղափոխութենէն» տարի մը առաջ լոյս տեսաւ Երեւանի «Վան Արեան» հրատարակչութենէն: Հեղինակը` լրագրող, հրապարակախօս եւ գրող Լիւսիա Մեհրապեան, «Փրկիչը» խորագրեալ վիպակի մը մէջ կը ներկայացնէ կործանման ենթակայ ժամանակակից գիւղի մը պատմութիւնը, որ միաժամանակ իր ընդհանուրին մէջ հայրենիքը կը խորհրդանշէ:

Ոսկիի երկրպագուները` անտեսելով մարդկային ու հայրենասիրական որեւէ տեսակի արժէք` ոգի ի բռին կ՛ուզեն քանդել գիւղի ընդերքը, ոչնչացնել բնութիւնն ու առհասարակ միջավայրը` միայն ու միայն շահամոլական նկատառումներով: Այս երեւոյթին դէմ պայքարի ելած են մաքուր  հայրենասէր ու բնապաշտութեամբ մտահոգ գիւղացիներ , որոնց ոգեղէն առաջնորդը կը թուի ըլլալ գեղեցիկի հետամուտ արուեստագէտ մը, որ ինքնին «Փրկիչը» կրնայ ըլլալ:

Մեհրապեան գիւղագիրը հմտութեամբ, հաճելի ոճով մը նախ կը ներկայացնէ հայրենի բնաշխարհը, անոր գեղեցկութիւնն ու հմայքը եւ ապա կ՛իմաստաւորէ ու կը կենդանացնէ զայն իր հողին ու ջուրին կապուած բնակիչներով` գիւղացիներով:

Որոշ ճաշակ մը տալու համար ստորեւ կ՛արտատպենք վիպակին եզրակացութիւնը` որոշ յապաւումներով:

Մ. Ծ.

Նկարի տագնապի երթը կինը հրաշալի կազմակերպեց: Արուեստանոց հրաւիրուեցին լրագրողները, բնութեան պահապան երիտասարդները: Նրանք հմայեցին նկարի զօրութեամբ, եւ դէպի հրապարակ նկարի ճանապարհը միասին անցան: Վայրկեաններ անց օտարութիւնից զանգեց տունը մոռացած տղան: Ուղիղ եթերով նրան էր հասել տագնապը:

Դէպի հրապարակ ճանապարհին երիտասարդները երգում էին, պինդ բռնել էին նկարի չորսբոլորից ու որպէս իրենց առաջնորդ` գլխներից վեր պարզած, մէկը միւսին հերթափոխելով, առաջ էին շարժւում` ոգեւորելով անցնող-դարձողին:

Մի մեծ բազմութիւն հասաւ հրապարակ: Գտան յարմար տեղ ճիշդ պատկերասրահի դէմ դիմաց գահընկէց առուած օտար մէկի արձանի տեղում: Օտա՞րն է կրկին երախը բացել եւ մի մատնաչափ հայրենիքը հանքավայր է միայն տեսնում, թէ՞ ոսկու փայլը կուրացրել է օրուայ հզօրներին` էլի ինչ կայ-չկայ` վերցնեն, գնան, քանի դեռ հզօրն իրենք են ու ամէն ինչ կարող են:

Պահի թողտուութեամբ վեր խոյացած տեղական հզօրը անմիտ անկուշտն է: Մատնաչափ հայրենիքը, չտեսնուած-չլսուած բան` իր արդար պահանջով ու հրաբուխի պէս ժայթքած ոգով յաղթում է աշխարհակալ զոռպաներին: Մատնաչափ հայրենիքը նրանց մոռացուած մայր հայրենիքն էլ է, այս հողի արգանդից են դուրս եկել ու ուրացողի մոլեռանդութեամբ կաթոլիկից աւելի կաթոլիկ են դառնում ենիչերիի հոգեբանութիւնն արեան մէջ առած տարագրուածները: Նա, ով բազմաշերտ հողի տակ պահ մտած հայրենիքի ոգին բռնում է իր ալեհաւաքով, գալիս ու սիրով ողջագուրում է անծանօթ երկրին: Ալեհաւաքների ցանցապատ աշխարհում քոնը բռնելն են անգամ խանգարում աշխարհի տէրերը: Ամէն պահդ յափշտակած ցանցը կուլ է տալիս, խճճում ու հիւթաքամ անում մարմնիդ ու ուղեղդ` սնելով ցանցատէր հզօր սարդին:

Մի պուճուր երկիրը մի մեծ հանքավայր է: Այդ հանքն Աստուած ձեր երկրում է դրել, բայց այն աշխարհի բոլոր մարդկանց համար է: Հանքի վրայ նստած` աղքատ էք, հանքը հանենք, տանենք` կը հարստանանք: Հանքը չէ՞ք տալիս, ուրեմն ձեզ կը տանենք, առաջին հանքանիւթը դուք կը լինէք, դատարկուած տեղում հանգիստ կը տարքտրաքացնենք ու թոյն-մոյնը շաղ կը տանք, բողոքող չի լինի:

Նկարը փառահեղ կանգնել է հրապարակում, կողքին նստած է նկարիչը, շուրջբոլոր յամար ու վճռական տեղաւորուել են միւսները, պարող երիտասարդները յաջորդում են իրար, եկան նաեւ երգչախմբերը, մի մեծ էկրան միացրեցին համացանցին ու հէնց նկարի մօտից ալեհաւաքը դէպի աշխարհ գնաց ու վերադարձաւ հրապարակ:

Նկարը տեսան ամբողջ աշխարհում: Նկարից յառնող պատկերների մանրամասները ջերմացրին հեռուներում վազվզող հարազատների նիրհող բջիջները, ոտքի հանեցին նրանց ու գործի դրեցին: Հանրահռչակ պատկերասրահների հարեւանութեամբ նկարի պատկերը լուսարձակեցին ու համացանցային կապով նկարի շուրջ հաւաքուածներին միացրեցին աշխարհի տարբեր ծագերին: Հանքարդիւնաբերողների գործարանների մօտ տարերային հաւաքներ եղան:

Ո՞ւր է գնում ընդերքից գողացուած հողը: Ի՞նչ է դառնում այն: Հանքը մարդուն խժռելով ի՞նչ է վերադարձնում մնացողաց` քաղաքակրթութի՞ւն, թէ՞ վայրենաբարոյ պատերազմի է զինում գողօնից պատրաստուած ու օրէցօր սպառնալից դարձող զէնքով:

Բերդ-ամրոց գիւղի հնչեցրած տագնապը ոսկու պաշտամունքի տիրակալներից տարածուեց նաեւ հարստութեան ու պատերազմով հարստութիւն դիզելու պաշտամունքի դէմ: Ինքնաթիռների վայրէջքները շատացան, հեռուստատեսութեան եւ համացանցի ալիքները հրապարակից տեղափոխուեցին լեռներ եւ բերդ-ամրոց գիւղը միացրեցին աշխարհին, աշխարհն շտապում էր տեսնել ոսկու դուրս պրծնելը շանթահարող անտառապատ ու մարգարտածածկ հերոս լեռնագագաթները: Աշխարհն իր սկզբի կարօտն էր որոնում, նա դէպի մաքրամաքուր լեռներն էր շտապում:

Նկարիչն իր նկարի կողքին էր: Նկարը կռիւ էր տալիս, անոսկի եւ անպողպատ պատերազմի էր ելել:

Լրագրողները զաւթել են երկիրը: Նրանց ձեռքից բռնել եւ գիւղէ գիւղ պտտեցրել են: Համացանցում յօշոտուած բնութեան քատրեր են, աշխատատեղ գտած մարդը վէրքերով  պատուած հողի դիմաց ստացած ապրուստի փողը կուլ տալ չի կարողանում: Հիւանդ են օդից, ջրից, հողից, օտարացած հոգուց: Մեղաւոր լինելու ցաւը նրանց աւերում է:

Հրապարակն օր-օրի լցւում է, ջահելները միմեանց հերթափոխում են, պաշտօնեաները մարդիկ են աննկատ ուղարկում, խնդրում, պահանջում, սպառնում նկարչին: Բայց նա այլեւս կեդրոնական անձ չէ: Իր գիւղն աշխարհով մէկ ներկայացուել է, աշխարհով մէկ իր գիւղի նման էլի ուրիշներն են յայտնաբերուել ու էքրանին են:

– Ուզում էք երկիրը սնանկացնե՞լ, այս ի՞նչ թատրոն էք սարքել, խայտառակ էք անում մեզ աշխարհով մէկ,- բազմութեան միջից բամբ մի ձայն հնչեց, ու անմիջապէս էլ մարեց ջահելների աղմուկից:

Նկարչին մօտենում էին մարդիկ, խնդրում էին յուշել, թէ ի՛նչ կարող են անել իրենց ծննդավայր գիւղերի համար: Էքրանին նորընտիր գիւղապետը հարցազրոյցներ էր տալիս, գիւղը մարդկանցով լի էր, սպիտակեղէնն արեւին տուած, տների դռները լայն բացուած` ահա մեր գիւղի թատրոնն,- ասում էր,- շէնքը տրամադրել ենք մեր համագիւղացի յայտնի ռեժիսորին: Ահա մեր խմբագրութիւնը, տղաս եւ նկարիչը ամսագիր ու գրքեր են հրատարակելու, մեր երեխաների համար արուեստի դպրոց կը դառնայ ահա այս տունը, մենք այն կը նորոգենք, մեր համագիւղացի երաժիշտները նրանց ուսուցիչները կը լինեն: Ահա շէնքը, որտեղ փոքրիկ հիւանդանոց կը հիմնենք ու մեր համագիւղացի բժիշկները ժամանակ առ ժամանակ կը գան ու կը ծառայեն իրենց համագիւղացիներին: Դպրոցում հզօր թանգարան ունենք, համեցէք հնագոյն բնակավայրի նմուշները մեզ կապում են շատ հեռաւոր անցեալի հետ, այս հրաշք բնութեան գրկում, այս լեռներում մարդն ապրել է հազարամեակներ առաջ: Մեր լեռնագագաթներին ձեզ հանգստի ենք հրաւիրում: Սարւորների մօտ վայելէք բնութեան հրաշքը, զգացէք անցեալի շարունակութիւնը, կազդուրուէք, մօտիկ եղէք Աստծուն:

Յուլիս-օգոստոս, 2017 թ.

______________________________________

Լուսիա Մեհրաբեանը աւարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական լեզուների բաժինը: Բայց նրա աշխատանքային գործունէութիւնը լրագրութիւնն է եղել ի սկզբանէ:

Շուրջ քսան տարի հայկական հեռուստատեսութեան առաջատար լրագրողներից էր, ապա որպէս գլխաւոր խմբագիր աշխատելով տարբեր նախարարութիւնների գերատեսչական թերթերում` նոր ժամանակներում տեղի ունեցող դրական եւ բացասական փոփոխութիւնների կիզակէտում է եղել:

Հիմնադիր-հրատարակիչն է «Էկոնոմիկա» հասարակական, տնտեսական, տնտեսագիտական, կրթամշակութային վերլուծական ամսագրի, որտեղ գործուն եւ առաջադէմ համախոհ գործիչների հետ միասին լրագրողական լաւագոյն աւանդոյթներին ու սկզբունքներին հաւատարիմ` վաւերագրում է մեր ժամանակների եռուն օրերի անցուդարձը, բարձրացնում հանրային կարեւորութեան հարցադրումներ:

Լրագրողի մասնագիտութիւնը ինքնին առատ պաշար է տալիս ստեղծագործական աշխատանքի համար:

Պատուածքների չորս ժողովածուների, գրականագիտական վերլուծութեան եւ «Չգրուած ակնարկներ» վիպակի հեղինակի նոր գիրքը Մարդ անհատի առ Տուածուրիկը երախտագէտ լինելու մասին է: Փրկել` փրկելու համար: Փրկել մարդուն, եւ նա բնութիւնը կը փրկի նոյն այդ մարդուց:

______________________________________

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)