Մեծ Մերձաւոր Արեւելքը Լուրջ Աշխարհաքաղաքական Փոփոխութիւնների Շեմին

«Մանարա» աշխարհաքաղաքական հետազօտութիւնների

middle-east-1_010516

Վերջին ժամանակներս Մեծն Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնները շատ փորձագէտների եւ վերլուծաբանների ստիպում են մտորել դրանց իրական բնոյթի մասին: Քանի որ այս կարեւոր ենթաշրջանն արագ գալիս է ճամբաբաժանի այնպիսի կէտի, երբ իրավիճակը հակառակ հուն մտցնելը գրեթէ անհնար է դառնում:

Վարկած առաջին. իրադարձութիւնների պատահական, ոչ մէկի կողմից չհամակարգուող հոսք.- Առաջին վարկածը բաւական հրապուրիչ է թւում, քանի որ բաւական պարզ է եւ յարմար: Իսկապէս, ինչը կարող է աւելի պարզ լինել. Ուաշինկթընը, Լոնտոնը, Պրիւքսելը, Մոսկուան, Փեքինը` բոլորն էլ այնքան են խճճուել ու խաղով տարուել, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողութիւնից եւ, ասես, ինքնահոսի է մատնուել: Ծայրայեղական խմբաւորումները գործում են իրենց սեփական նեղ շահերից ելնելով: Տարածաշրջանային տէրութիւնները փորձում են կանգնեցնել նրանց: Իսկ Միացեալ Նահանգները եւ ՕԹԱՆ գծով նրա դաշնակիցները կարծես թէ օգնում են նրանց այդ գործում:

Կարծես թէ ամէն բան ակնյայտ է, բայց շատ հարցեր են մնում: Օրինակ, ինչո՞ւ վիթխարի միջոցներ ունենալով հանդերձ, արեւմտեան տէրութիւնները չեն կարողանում կանգնեցնել արմատական խոշոր խմբաւորումների, առաջին հերթին` ՏԱՀԵՇ-ի եւ «Ճապհաթ Նուսրիա»-ի յառաջխաղացումը: Ընդ որում` երբեմն զինեալներին անգամ աջակցութիւն է ցուցաբերւում` կա՛մ «սխալմամբ» (ինչպէս ՏԱՀԵՇ-ի դէպքում է), կա՛մ նոյնիսկ որոշակի անուղղակի նպատակով («Նուսրա»-ի օգտագործումը Դամասկոսին դիմակայող «Ժէյշ ալ-ֆաթհ» դաշինքում):

Կամ` ինչո՞ւ ՕԹԱՆ-ն չի կարող ճնշում գործադրել ռազմական այդ դաշինքի մէջ մտնող Թուրքիայի վրայ կամ գոնէ օգնել նրան` փակել Սիրիայի հետ սահմաններն այդ նոյն ՏԱՀԵՇ-ի շարքերում նորակոչիկների անընդհատ հոսքը դադարեցնելու նպատակով: Առաւել եւս անհասկանալի է, թէ ինչպէ՛ս վերջինը կարող է հանգիստ վաճառել բնական պաշարների այդպիսի հսկայական քանակութիւն, թէկուզեւ` մաքսանենգներին: Անհնար է հաւատալ, որ ոչ ոք ի վիճակի չէ դադարեցնել այդ ապօրինի առեւտուրը. արդի բարձրարհեստագիտութեան դարաշրջանի համար դա ակնյայտ անհեթեթութիւն է թւում:

Չես կարող չհարցնել նաեւ, թէ ինչո՞ւ Ուաշինկթընը յանկարծ կտրուկ փոխեց վերաբերմունքն Իրանի հանդէպ, որն ամերիկեան շահերի առաջին եւ գլխաւոր թշնամին էր Մերձաւոր Արեւելքում: Ընդ որում` վերաբերմունքը տարածաշրջանում վաղեմի եւ մերձաւոր դաշնակիցների հանդէպ` յանձինս արաբական միապետութիւնների, պարզապէս անճանաչելիօրէն է փոխւում: Օրինակ, Պահրէյնին, որտեղ տեղակայուած է Ամերիկեան ծովուժի հինգերորդ նաւատորմը, Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել` սպառնալով վերատեղակայել իր ռազմանաւերն այլ տեղում:

Կարելի է նման շատ հարցեր տալ: Եւ ի հարկէ, առարկայական մօտեցման պարագայում անգամ անզէն աչքով տեսանելի է, որ «պատահական անկառավարելի քաոսի» վարկածը ոչ մի քննադատութեան չի դիմանում: Հազիւ թէ կասկածներ յարուցի այն փաստը, որ կատարուող գործընթացների մի մասը ե՛ւ վերահսկւում, ե՛ւ կառավարւում է որոշակի ուժերի կողմից:

Վարկած երկրորդ. տարածաշրջանի «փոխակերպում»` յօգուտ Միացեալ Նահանգներում կառավարող «Օպամայի թիմի».- Երկրորդ վարկածն, անշուշտ, աւելի հաւանական եւ տրամաբանական է թւում: Իսկապէս, ամերիկեան նախագահը, ի հարկէ, «միայնակ գայլ» չէ: Նրա թիկունքում, անկասկած, որոշակի ուժեր եւ ընտանեկան քլաններ են կանգնած, կամ, եթէ կ՛ուզէք, «թիմ», որի անունից էլ նա հանդէս է գալիս: Դա նոյնքան ակնյայտ է, որքան եւ այն, որ ցանկացած «մենակ մարդ» այդօրինակ պետութեան ղեկավարի պաշտօնում պարզապէս դատապարտուած է անյաջողութեան: Այսպիսով, եթէ չանտեսենք այս հիմնական ճշմարտութիւնը, հետեւութիւններն արւում են ինքնըստինքեան. «Օպամայի թիմը», յայտնուելով աշխարհի առայժմ խոշորագոյն տէրութեան ղեկին, անշուշտ, կը սկսի առաջ մղել ոչ միայն համամերիկեան շահերը, այլ նաեւ` իր սեփականը: Եւ հաշուի առնելով այն, որ այդ թիմն իշխանութեան է եկել Ճորճ Պուշ-կրտսերի երկու ժամկէտից յետոյ, որը միանգամայն այլ ուժեր էր ներկայացնում, տրամաբանական է ենթադրել, որ որոշ հարցերում այդ ուժերի շահերը բնաւ նոյնը չեն:

Այդ հարցերից մէկն, օրինակ, քարիւղարդիւնաբերական համալիրն է: Ինչպէս յայտնի է, Պուշերի Քլանը եւ «Նոր պահպանողականների թիմը», որն էլ, ըստ էութեան, ղեկավարում էր Սպիտակ տունը մինչեւ Օպաման, սերտօրէն կապուած են այն ամէնին, ինչը կապուած է քարիւղի հետ: Եւ միթէ՞ զարմանալի է, որ հէնց այդ ուժն էր պաշտպանում Իրաք ներխուժումը: Իրենց ձեռքը վերցնելով այդքան խոշոր քարիւղաբեր տարածքը` «հանրապետական նէոքոնները», բնականաբար, այնտեղ իշխանութեան բերեցին իրենց կողմից վերահսկուող վարչակարգ:

Եթէ նայելու լինենք այն ժամանակուայ ընդհանուր պատկերին, ապա կը տեսնենք, որ արաբական (եւ ոչ միայն) երկրներից շատերը կապուած էին հէնց «հանրապետականներին», այլ ոչ թէ` այլ ուժերի. Պըն Ալիի ժամանակուայ Թունոպ, Մուպարաքի ժամանակուայ Եգիպտոս, Սալեհի ժամանակուայ Եմէն եւ, ի հարկէ, արաբական այնպիսի միապետութիւններ, ինչպիսիք են Սէուտական Արաբիան եւ Պահրէյնը:

Ի՞նչ է փոխուել Օպամայի իշխանութեան գալուց յետոյ: Եթէ միայն փաստերը թուարկենք, ապա նրանք իրենք կը վկայեն իրենց մասին.

ա. Թունուզի, Եմէնի եւ Եգիպտոսի վարչակարգերը փոխուեցին (թէեւ Եգիպտոսում շուտով ռազմական յեղաշրջում տեղի ունեցաւ):

բ. Լիպիայում վերացուեց Քազաֆին (որը ոչ մէկի կողմից ուղղակի չէր վերահսկւում, ուստիեւ ոչ մէկին յարմար չէր):

middle-east-2_010516

գ. Սիրիայում շարունակւում են դաժան մարտական գործողութիւնները (պաշտօնական Դամասկոսը նոյնպէս չի վերահսկւում ոեւէ մէկի կողմից, աւելի՛ն, սիրիական իշխանութիւնները դեռ մի բան էլ մտնում են Իրանի հետ դաշինքի մէջ):

դ. Իրաքում պաշտօնից հեռացել է Մալիքին, որն իշխանութեան էր եկել Պուշի ժամանակների ուաշինկթընեան սուինների վրայ:

Եւ սա դեռ ամէնը չէ: Օպամայի կառավարման ընթացքում փոխուել են «հանրապետականամէտ» վարչակարգերն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսինք են Վրաստանը (Սահակաշուիլի), Քոսովոն (Թաչի), Աֆղանիստանը (Քարզայ) եւ այլն: Եւ գրեթէ ոչ մի տեղ «յետպուշեան» Ուաշինկթընը ոչ միայն չէր ընդդիմանում իշխանափոխութեանը, այլեւ, ընդհակառակը, յաճախ ողջունում կամ նոյնիսկ նպաստում էր դրան: Իբր իրենց դարն ապրած եւ այդ պատճառով արդէն անյարմար վարչակարգերի փոփոխութեամբ միայն այս փաստերը չես բացատրի: Ակնյայտ օրինաչափութիւն կայ: Եւ եթէ համաշխարհային աշխարհաքաղաքական «խաղացողներին» «դարակներում դասաւորենք», ապա ամէն բան իր տեղն է ընկնում: Այս դէպքում Պահրէյնի իշխանութիւններին ներկայացուած վերջնագիրն էլ է յստակ տեղաւորւում այս բաւական պարզ պատկերում:

Վարկած երրորդ. նորանոր հակամարտութեանց կէտերի միտումնաւոր ստեղծում` աշխարհաքաղաքական մրցակիցների «ձեռքերը կապելու» նպատակով.- Եւ այնուամենայնիւ, միայն աշխարհաքաղաքական պայքարով հազիւ թէ կարելի լինի բացատրել այն, ինչ տեղի է ունենում այժմ ողջ աշխարհում: Եւ պատճառներն այստեղ, մեր կարծիքով, մի քանիսն են:

Մասնաւորապէս պէտք է յիշել այն մասին, որ բացի երկու «ներամերիկեան խաղացողներից»` այլ ուժեր էլ գոյութիւն ունեն: Օրինակ` Եւրոմիութիւնը:

Այո՛, ի հարկէ, Միացեալ Նահանգները բաւական էական դեր են խաղում եւրոպական կառոյցներում: Բայց Սպիտակ տունն արդէն ի վիճակի չէ լիովին վերահսկել այդ ուժը: Եւ դրա համար էլ աւելի յաճախ են հնչում ձայներ, երբեմն էլ իրականացւում են որոշակի փորձեր` դուրս գալու ամերիկեան վերահսկողութիւնից: Եւ եթէ բաւականաչափ թուով եւրոպացիներ դժգոհ են Ուաշինկթընի գերագահութիւնից, ապա էլ ի՞նչ կարող ենք ասել Ռուսաստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի երկրների, Հնդկաստանի, Իրանի, Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան եւ այլ պետութիւնների մասին: Իրենց տարածաշրջանում այս երկրներից իւրաքանչիւրը լուրջ ուժ է հանդիսանում: Իսկ նրանց միաւորումը մէկ վերպետական կառոյցում արդէն մեծ սպառնալիք է ներկայացնում ամերիկեան շահերին:

Այս առնչութեամբ, վերահսկողութեան սահմանումը կամ գոնէ այս պետութիւններից իւրաքանչիւրի թուլացումը (աւելի լաւ կը լինէր` երկուսը միասին) արտաքին քաղաքական գլխաւոր խնդիրներից մէկն է, որն այսօր կանգնած է Սպիտակ տան առջեւ: Եւ դա կարելի է իրականացնել ամենատարբեր միջոցներով` քաղաքական ու տնտեսականից մինչեւ ռազմական:

Քաղաքական մեթոտների օրինակ կարելի է համարել այն, ինչը տեղի է ունենում Մակեդոնիայում, որի իշխանութիւնները խողովակաշարերի հարցում պաշտպանում են այն տեսակէտը, որը յարմար չէ Ուաշինկթընին: Ընդ որում` ամերիկեան դիւանագիտական առաքելութեան պաշտօնական ներկայացուցիչներն այդ երկրում համարեա թէ բացայայտօրէն սատարում են տեղի ընդդիմութեանը:

Տնտեսական լծակները Ռուսաստանի բնակիչներն զգում են արդէն անցած տարուանից, եւ մտցուած պատժամիջոցները ոչ միայն չեն հանւում, այլեւ, ընդհակառակը, էլ աւելի են սաստկացւում: Ընդ որում` պատժամիջոցները հարուածում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ` Եւրոպային, եւ այդպիսով «միանգամից մի քանի նապաստակ է խփւում»:

Յիշատակենք նաեւ տնտեսական ճնշման այնպիսի տեսակի մասին, ինչպիսին է Ուաշինկթընին ձեռնտու նախագծերի լոպիինկը` կապուած ուժանիւթային պաշարների մատակարարումների հետ: Եւ ընդհակառակը, ստիպում են մերժել այն խողովակաշարերը, որոնք սպառնում են աշխարհում Միացեալ Նահանգների գերագահութիւնը: Ընդհանրապէս, շատ փորձագէտներ այս գործօնը համարում են հիմնարարներից մէկը ռազմական հակամարտութիւնների եւ դիմակայութիւնների մեծամասնութեան համար: Եւ շատ հաւանական է, որ այս կարծիքը հեռու չէ ճշմարտութիւնից: Թէեւ, ի հարկէ, տնտեսական իրավիճակը Միացեալ Նահանգներում այնպիսին է, որ ամենայն հաւանականութեամբ անհնար է ամերիկեան տնտեսութիւնը փրկել միայն մատակարարումների երթուղիները փոխելով:

Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ եթէ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում Սպիտակ տունը յաճախ նոյնիսկ «չի էլ թաքցնում իր դէմքը», ապա մարտական գործողութիւնները փոքր-ինչ այլ ոլորտ են: Եւ հէնց սրանում է «Օպամայի թիմի» գլխաւոր տարբերութիւններից մէկը «նոր պահպանողականներից»: Վերջինները յաճախ տառացիօրէն ճակատային գրոհի են գնում` իրենց ճանապարհին սրբել-տանելով ամէն բան եւ ուշադրութիւն չդարձնելով ո՛չ միջազգային արձագանգին, ո՛չ դիմագծի կորուստներին: Իսկ ներկայիս ամերիկեան վարչակազմը գործում է միանգամայն այլ մեթոտներով: Վերցնենք, օրինակ, իշխանափոխութիւնը Լիպիայում. այնտեղ, ուր «հանրապետական նէոքոնները» կը խցկուէին ձեռքուոտքով, «Օպամայի թիմը» պարզապէս սեղմում էր հարկաւոր կոճակը:

Ելնելով սրանից` կարելի է անել հետեւեալ կարեւոր եզրայանգումը. մի կողմից Սպիտակ տունն օգտագործում է ոչ ուղղակի ռազմական ներգործութիւն այս կամ այն վարչաձեւը պահելու կամ փոխելու համար, միւս կողմից` լարուածութեան երկար գործող օճախների ստեղծումն օգնում է Ուաշինկթընին զսպել եւ թուլացնել իր աշխարհաքաղաքական մրցակիցներին:

Վերջին պնդումն աստիճանաբար աւելի տեսանելի ուրուագծեր է ստանում: Օրինակ, ռազմական գործողութիւններն Ուքրանիայում «կապումէ» են միանգամից երկու ուժերի ձեռքերը` Եւրոպայի եւ Ռուսաստանի: Աւելի՛ն. այդ հակամարտութիւնը միեւնոյն ժամանակ նրանց վանում է մէկը միւսից, առիթ է հանդիսանում տնտեսական ճնշման ուժեղացման համար եւ խանգարում է Եւրասիական միութեան զարգացմանը:

Քաոսի ստեղծումը Լիպիայում, Իրաքում եւ Սիրիայում յանգեցնում է դէպի Եւրոպա փախստականների հոսքի աւելացմանը: Արդիւնքում` եւրոպացիները նոյնիսկ սկսել են իրենց ռազմական գործողութիւնն ընդդէմ մաքսանենգների, ինչը վկայում է աւելի քան իրական խնդիրների մասին, որոնց բախուել են Եւրոպական Միութեան երկրները:

Պատերազմը Եմէնում ներքաշեց Սէուտական Արաբիային եւ մասամբ մի քանի այլ պետութիւնների: Ընդ որում` եմենեան հակամարտութիւնը շատ հարցերում արտասովոր է եւ ոչ միանշանակ: Բայց որ ամենագլխաւորն է` որոշ պետութիւնների, առաջին հերթին` սէուտական թագաւորութեան համար այն կարող է յանգեցնել շատ լուրջ հետեւանքների:

Եւ այստեղ հարկ է աւելի մանրամասն անդրադարձ կատարել…

Վարկած չորրորդ. քաոս եւ/կամ փլուզում.- Սէուտական Արաբիայի թագաւորութիւնում ստեղծուող իրավիճակը դառնում է այնքան բարդ եւ խճճուած, որ, թերեւս, արդէն իրենք` կառավարող տոհմի անդամներն էլ չեն հասկանում, թէ ինչպէս գլուխ հանեն դրանից: Այստեղից էլ, հաւանաբար, նրանց տատանումները` Թուրքիայից եւ Եգիպտոսից մինչեւ Փաքիստան ու Սենեկալ:

Այսօր Ռիյատն արդէն երեք իրական սպառնալիք ունի, որոնցից հազիւ թէ կարողանայ պաշտպանուել ինքնուրոյն:

Առաջին վտանգը, գուցէ, ամենալուրջը չէ, բայց որոշակի հանգամանքներում լիովին կարող է դառնալ այդպիսին: Խօսքը ՏԱՀԵՇ խմբաւորման ազդեցութեան տարածման մասին է: Ընդ որում` մի կողմից` դա արտաքին սպառնալիք է (մի քանի անգամ զինեալները նոյնիսկ գնդակոծել են սէուտական սահմանն Իրաքի կողմից), միւս կողմից ծայրայեղականների գաղափարախօսութիւնն աւելի ու աւելի մեծ թուով սէուտահպատակների է ներգրաւում: Թագաւորութիւնում արդէն կազմաւորուած են ՏԱՀԵՇ-ի խմբեր (կամ, որ աւելի հաւանական է, արմատականների մինչ այդ գոյութիւն ունեցող խմբերը պարզապէս յայտարարել են այդ խմբաւորմանը միանալու մասին): Բանը նրան է հասել, որ այդ օղակները մէկը միւսի հետեւից երկու ահաբեկչական գործողութիւն են կազմակերպել, ինչը վաղուց չէր եղել այդ երկրում: Ընդ որում` յայտնի չէ, թէ որտեղ «կը պայթի» յաջորդ անգամ եւ ինչպէս պայքարել դրա դէմ` հաշուի առնելով այն, որ սէուտական երիտասարդութիւնն էլ աւելի է հիասթափւում երկրի ղեկավարութեան հարցում եւ ասես մագնիսի պէս ձգւում է դէպի ՏԱՀԵՇ-ի «սեւ անցքը»:

Երկրորդ եւ առայժմ առաւել մեծ սպառնալիքն Ռիատի համար, անշուշտ, Եմէնում տիրող իրավիճակն է: Ընդ որում` սէուտական իշխանութիւններն այստեղ միայն իրենց պէտք է մեղադրեն: Չկարողանալով քաղաքական լուրջ ազդեցութեան հասնել իրենց հարաւային հարեւանների մօտ` Սէուտական Արաբիայի թագաւորութեան ղեկավարութիւնն աւելի լաւ բան չգտաւ եմէնեան քաղաքները ռմբակոծելուց բացի: Դրանով նրանք իրենց դէմ լարեցին անգամ նրանց, ովքեր սկզբում դէմ էին «Անսար Ալլահ» շարժման ապստամբներին: Եթէ Ռիյատը կարծում էր, թէ պատերազմը Եմէնում կարելի է շահել միայն Օդուժի օգնութեամբ, ապա խորապէս սխալւում էր: Եւ անգամ եթէ ցամաքային գործողութիւն սկսուի, դա հազիւ թէ յանգեցնի ինչ-որ որոշակի արդիւնքի: Եմէնի ամբողջ պատմութիւնը ցոյց է տալիս, թէ ինչ կը նշանակի ցամաքային պատերազմն այդ երկրում: Արդիւնքում` սէուտական իշխանութիւնները յայտնուել են բարդ դրութեան մէջ. հեռանալ` նշանակում է կորցնել այն ամէնը, ինչ ունէին մինչ այդ, մնալ` կը նշանակի շարունակել կամ նոյնիսկ ուժեղացնել ռազմական գործողութիւններն անկանխատեսելի արդիւնքով:

Վերջապէս, երրորդ սպառնալիքը դարձաւ անսպասելի հարուածը երկրի ներսից` Նաժրան նահանգում: Անսպասելի էր անգամ ոչ այնքան ինքը` հարուածը, որքան տեղը, որտեղ այն հասցուեց: Բանն այն է, որ բոլորն սպասում էին երկրի շիի բնակչութեան աշխուժութիւնը արեւելեան նահանգներում: Բայց պարզուեց, որ  Ռիատը բախուեց նրանց հետ, ովքեր կարող են ոչ թէ պարզապէս մէկ-երկու խոցում իրականացնել, եւ դրանով ամէն բան կ՛աւարտուի: Ոչ, ամէն բան շատ աւելի լուրջ է. «Ահրար ալ-Նաճրան» շարժումը, որն արդէն յայտարարել է իր հողերի անկախութեան մասին, ամենայն հաւանականութեամբ, կը սկսի համակարգել ռազմական գործողութիւնները եմէնեան ապստամբների հետ: Իսկ դա նշանակում է, որ մարտական գործողութիւններն արդէն տեղափոխուել են Սէուտական Արաբիայի տարածք` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Այս ամէնը տրամաբանական հարց է յառաջացնում. իսկ որտե՞ղ են ամերիկացիները: Որտե՞ղ են Ռիատի` թւում է, թէ մերձաւորագոյն դաշնակիցները: Ինչո՞ւ գրեթէ ոչինչ չեն ձեռնարկում վարչաձեւի փրկութեան համար:

Պատասխանի տարբերակներից մէկը կարող էր լինել վերը նշուած երկրորդ վարկածը` «Օպամայի թիմը» խլում է հողը «հանրապետականամէտ վարչաձեւի» ոտքերի տակից: Եւ սա ինչ-որ չափով, հաւանաբար, համապատասխանում է իրականութեանը: Բայց միւս կողմից` իշխանութիւնը Սէուտական Արաբիայում արդէն այն չէ, ինչ մի փոքր առաջ` Ապտալլա թագաւորի ժամանակներում: Նոր միապետ Սալմանը ցոյց տուեց, որ ընդհանուր առմամբ պատրաստ է փոխզիջման գնալ եւ անգամ սկսել է մերձենալ Թուրքիայի եւ Քաթարի հետ: Այսինքն` այն երկրների հետ, որոնք մերձաւորարեւելեան «վերալիցքաւորման» սկզբից եւեթ ընթանում էին Ուաշինկթընի ուղիով:

Այս առնչութեամբ առաջին գիծ է մղւում եւս մէկ վարկած` «Օպամայի թիմը» ոչ միայն պարզապէս փորձում է դէպի իրեն վերակողմնորոշել վարչակարգերը, ոչ միայն պարզապէս փորձում է ստեղծել լարուածութեան օճախներ երկրագնդով մէկ, այլեւ ձգտում է վերաձեւել ամբողջ Մեծն Մերձաւոր Արեւելքի սահմանները: Նման ծրագրերի իրականում լաւ յայտնի են, եւ կտորների վերածուած տարածաշրջանի քարտէզները հասանելի են համացանցի ցանկացած օգտատիրոջ: Լիպիան, Սիրիան եւ Իրաքն արդէն գրեթէ փլուզուած են: Հերթի մէջ է Սէուտական Արաբիա՞ն: Յետոյ Եգիպտո՞սը, Թուրքիա՞ն, Փաքիստա՞նը, Իրա՞նը:

Ամենավտանգաւոր` հինգերորդ վարկած.- Արդիւնքում` աշխարհը կարող է յայտնուել ահաւոր վատ եւ պայթիւնավտանգ իրավիճակում. սահմանների վերաձեւումն, ի հարկէ, մարտական բախումները չի կանգնեցնի: Մինչդեռ, ողջ երկրագնդով մէկ ջրի երես դուրս կը գան մեծ ու փոքր, աշխուժ եւ դանդաղ ընթացող ռազմական հակամարտութիւններ: Բայց ամենավտանգաւորը կարող է դառնալ այդ բոլոր հակամարտութիւնների «հաւաքումը» մեծ տարածաշրջանային պատերազմների մէջ, որոնք, իրենց հերթին, կարող են դառնալ մէկ մեծ համաշխարհային դիմակայութեան նախակարապետը:

Եւ ակնյայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են նման ծրագրերի հետեւում, ի հարկէ դրան չեն մասնակցելու: Այդ պատճառով նրանք ամբողջ ուժով պէտք է լուծեն երկու հիմնական հարց.

ա. Որքան հնարաւոր է շատ «պատերազմների խարոյկների» հրահրում առաւել կարեւոր, առանցքային տարածաշրջաններում:

middle-east-3_010516

Այս հարցի լուծումը, ըստ էութեան, գործի է դրուել ամբողջ թափով` Ուքրանիա, Սիրիա, Իրաք, Եմէն, Լիպիա, Սոմալի, Աֆղանիստան: Այս երկրները, ըստ էութեան, արդէն մարտադաշտերի են վերածուած, ընդ որում` դրանց մի մասում միաժամանակ մի քանի կողմ է մասնակցում:

Ընդ որում` արժէ Աֆղանիստանն առանձին յիշատակել, քանի որ իրավիճակն այդ երկրում փոխւում է օր օրի: Եւ պատերազմն արդէն սպառնում է Միջին Ասիայի առնուազն երկու պետութեան` Տաճիկիստանին եւ Թուրքմենիստանին:

Փաստօրէն, մարտական գործողութիւններ կարող են սկսուել արդէն յիշատակուած Սէուտական Արաբիայում, ինչը կարող է առաջ բերել «տոմինօ»-ի ներգործութիւնը ամբողջ Արաբական թերակղզու համար:

Իրավիճակի սրման հաւանականութիւն կայ նաեւ Թուրքիայում, նախեւառաջ, ի հարկէ, կապուած քրտական հարցի հետ:

Եւրամիութեանն սպառնում է եւս մէկ պալքանեան պատերազմի ուրուականը, որը կարող է շօշափել, առնուազն, հետեւեալ պետութիւնները` Մակեդոնիա, Ալպանիա, Սերպիա եւ Քոսովօ, Մոնթենեկրօ:

Չինաստանը նոյնպէս իր հաւանական խոցելի կէտերն ունի, ընդ որում` ինչպէս ներքին (Սինչուան-ույղուրական ինքնավար շրջան), այնպէս էլ արտաքին (տարածքային վէճեր Ճափոնի, Վիեթնամի, Ֆիլիփինեանների հետ, քաղաքացիական պատերազմ Միանմարում): Չմոռանանք նաեւ Թայուանի մասին:

Արեւմտեան Ափրիկէի երկրները (Նիկերիա, Քամերուն, Նիճեր, Չատ) նոյնպէս իրենց տեղային ռազմական հակամարտութիւններում են ներքաշուած:

բ. Սատարում խոշոր ռազմական դաշինքների ստեղծմանը` մօտ ապագայում դրանց բախման նպատակով:

Ինչ-որ մէկին սա կարող է զարմանալի թուալ, բայց որոշ շարժումներ արդէն դիտւում են այս ուղղութեամբ: Այսպէս, 2015թ. մարտին եւրոպացիները հնչեցրին իրենց սեփական միաւորուած բանակի ստեղծման ծրագրերի մասին: Առայժմ այդ ծրագրերը պաշտօնական մարմնաւորում չեն ստացել, բայց առաջին ռազմական գործողութիւնները Եւրոմիութիւնն արդէն սկսել է իրականացնել: Եւ թէկուզ Միջերկրական ծովում մաքսանենգների դէմ պայքարը բաւական անվնաս է թւում, այնուամենայնիւ, չարժէ թերագնահատել այն: Մանաւանդ որ Եւրոպական Միութիւնների համատեղ ուժերը կարծես մտադիր են մտնել Լիպիայի տարածքային ջրեր: Իսկ հիւսիսափրիկեան այդ երկրի իշխանութիւններն, իրենց հերթին, յայտարարել են դրա անթոյլատրելիութեան մասին եւ նոյնիսկ սպառնացել են օդային հարուածներ հասցնել ծովային սահմանախախտների ուղղութեամբ:

Վերջապէս, չի կարելի ուշադրութիւն չդարձնել նաեւ այսպէս կոչուած «արաբական քոալիցիայի» ստեղծմանը: Այդ դաշինքը ցոյց տուեց, որ արաբա-մուսուլմանական երկրների հիման վրայ ռազմական դաշինք ստեղծելը միանգամայն իրական է: Եւ այս խորապատկերին խօսակցութիւնները «միաւորուած արաբական բանակի» ստեղծման մասին արդէն դատարկ յոխորտանքի տպաւորութիւն չեն թողնում: Եգիպտոսի, Սուտանի, Մարոքի, Յորդանանի, արաբական միապետութիւնների զօրքերը (հնարաւոր է` միանայ նաեւ Փաքիստանը, նոյնիսկ` հեռաւոր Սենեկալը) կարող են իսկապէս լուրջ ռազմական ուժ դառնալ: Նկատի ունենալով նաեւ այն, որ որոշ երկրներ աւելի ու աւելի շատ ամենաարդիական սպառազինութիւններ են գնում:

Ամփոփում

Ինչպէ՞ս կ՛արձագանգի այս ամէնին Միացեալ Նահանգները: Թւում է, թէ Ուաշինկթընում պէտք է սարսափէին յիշատակուած ռազմական դաշինքների ստեղծումից: Բայց չէ. Սպիտակ տունը բացայայտ աջակցութիւն է յայտնել «արաբական բանակի» կազմաւորմանը: Տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ: Պատասխանը, մեր կարծիքով, աւելի քան ակնյայտ է:

Եւ արդէն այնքան էլ կարեւոր չէ, թէ ինչպիսին կը լինի այդ ռազմական դիմակայութիւնը. Արեւելքն ընդդէմ Արեւմուտքի՞, թէ՞ Արեւմուտքն ընդդէմ Արեւելքի: Որպէս կանոն, նման բախումներում յաղթողներ չեն լինում: Եթէ միայն կողքից չեն նայում տեղի ունեցողին` դիմակայութեան մէջ մտնելով վերջին փուլերում:

 

Աղբիւրը` «ՄՈՒՍԼԻՄ ՓՈԼԻԹԻՔ» կայքէջից

Թարգմ. «Նորավանք»

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)