
Նիւ Եորքի մէջ տեղի ունեցող թենիսի Եու. Էս. Օփընի կրան շլեմի միջազգային մրցաշարքի Դ. հանգրուանին իրենց կատարած մրցումներուն յաղթանակ արձանագրած մարզիկները ապահովեցին քառորդ աւարտականի իրենց տոմսերը:
Ողիմպիական ախոյեան անգլիացի Էնտի Միւրէյ (դասուած` 3-րդ) 6-4, 6-4 եւ 6-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` մրցաշարքէն դուրս ձգելով քանատացի Միլոս Ռաոնիչը (15-րդ):
Քառորդ աւարտականին Միւրէյի մրցակիցը պիտի ըլլայ Մարին Սիլիչ (Խրուաթիա, 12-րդ), որ 7-5, 6-4 եւ 6-0 արդիւնքով յաղթեց Մարթին Քլիզանի (Սլովաքիա):
Թիւ 1 դասուած զուիցերիացի Ռոժէ Ֆետերեր առանց մրցում կատարելու ապահովեց յաջորդ հանգրուանի իր տոմսը` նկատի ունենալով, որ անոր մրցակիցը` ամերիկացի Մարտի Ֆիշ (23-րդ), քաշուեցաւ մրցաշարքէն:
Քառորդ աւարտականին Ֆետերեր իր դէմ պիտի ունենայ Թոմաս Պերտիչը (Չեխիա, 6-րդ), որ 7-6, 6-4 եւ 6-1 արդիւնքով յաղթեց Նիքոլա Ալմակրոյի (Սպանիա 11-րդ):
Ինչ կը վերաբերի աղջկանց ճակատումներուն, 4-րդ դասուած Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց` 6-0 եւ 6-0 արդիւնքով յաղթելէ ետք Անտրէա Հլաչքովայի (Չեխիա): Ան այժմ պիտի ճակատի Աննա Իվանովիչի (Սերպիա, 12-րդ) դէմ, որ յաղթեց Ցվեթանա Փիրոնքովայի (Պուլկարիա, 6-0 եւ 6-4):
20-րդ դասուած իտալացի Ռոպերթա Վինչի մեծ անակնկալ մը ստեղծեց, երբ 6-1 եւ 6-2 արդիւնքով յաղթեց Ակնիեսցքա Ռատուանսքայի (Լեհաստան, 2-րդ): Այժմ անոր մրցակիցը պիտի ըլլայ Սարա Էրրանի (Իտալիա, 10-րդ), որ յաղթեց Անճելիք Քերպըրի (Գերմանիա, 6-րդ)` 7-6 եւ 6-3 արդիւնքով:


