Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Անվերջութիւնն Աստիճանաբար Մօտեցնում Է Աստծուն» Ասում Է Լիբանանահայ Քանդակագործ Զաւէն Խտըշեան

July 21, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

 Խորհրդային Հայաստանի արուեստագէտների  «սեւ» ցուցակում յայտնուած Զ. Խտըշեանին առաջին անգամ հանդիպեցի Երեւանում: Ժամանակից արուեստի մասին իր մօտեցումներով նա պարզապէս արգելուած էր այն ժամանակուայ Հայաստանում, որտեղ գերիշխում էին սոցիալիստական քանդակներն ու կտաւները: Վերջերս Երեւանի քաղաքապետարանի պատմութեան թանգարանում տեղի ունեցաւ լիբանանահայ քանդակագործ Զ. Խտըշեանի ցուցահանդէսը, որին ներկայ էին գտնւում նաեւ պաշտօնական անձինք: Ի դէպ, նկատենք, որ ցուցահանդէսը կազմակերպել էր Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը: Ինքս առաջին անգամ էի հանդիպում Զ. Խտըշեանին, թէեւ նրա գործերին առիթ ունեցայ ծանօթանալ Պէյրութի Պիքֆայայի բարձունքում: Նրա`  Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած կոթողն անհաւանական զգացողութիւն  առաջացնում` կոթողային երկաթէ աղօթող կնոջ մէջ այնքան տրամաթիզմ, այնքան նրբութիւն կայ, որ թւում է` երկխօսութիւնը տարւում է դէմ առ դէմ: Ցուցահանդէսի ժամանակ քանդակագործի ժպտուն աչքերում արցունքներն աննկատ թացացնում էին նրա կոպերը: Նրա ասելիքը շատ է իր ստեղծագործութիւնների պէս…

ԶԱՒԷՆ ԽՏԸՇԵԱՆ.- Երբեք չէի մտածի, թէ ինձ այսքան հրաշալի ձեւով կ՛ընդունէին Հայաստանում: Մինչ գալս չէի պատկերացնում, թէ  Երեւանն գեղագիտական կերպով այսքան գեղեցիկ  է: Որքան էլ զարմանալի է, առաջին անգամ եմ գալիս Հայաստան, թէեւ երեք անգամ հրաւէր ստացել եմ: Տարբեր պատճառներով չէր ստացւում Հայաստան գալ, սակայն այս անգամ բարեբախտաբար եկայ: Հայաստանի եւ Արցախի համար ունեմ յուշարձանների մանրակերտներ, եւ այս մասին յայտնեցի Հայաստանի սփիւռքի նախարարին, որպէսզի հնարաւորութիւն տայ` մեր ներուժը օգտագործել մեր հայրենիքի համար: Տաս տարի առաջ արձան էի ուղարկել Հայաստան` որպէս նուէր: Քանդակը կոչւում էր «Ենթարկուելութիւն» կամ «Երջանկութեան գաղտնիքը», որը պատկերում է սիրահար զոյգի: Այս անգամ նուէրներից մէկը, որ բերել եմ, կոչւում է «Ծաղկեալ զոյգը»: Գիտէք` ինքս շատ եմ ուզում  գործեր անել Հայաստանի համար, բայց դա, ցաւօք, պայմանաւորուած չէ միայն իմ ցանկութեամբ: Շուրջ 36 տարի  ճարտարապետութիւն, նկարչութիւն եմ դասաւանդել համալսարաններում: Այսօր ունեմ հրաշալի ուսանողներ, ովքեր այս ոլորտի լաւագոյն մասնագէտներից են Լիբանանում: Ճարտարապետութեան մէջ  կարեւոր է ոչ միայն գործնականը, գեղագիտական կողմը: Կառոյցը դրսից պէտք է ունենայ նոյն գրաւչութիւնը, ինչպէս` գեղեցիկ արձանը: Այս անգամ բերել եմ նաեւ ճարտարապետական նկարների ալպոմ, որը կրկին նուիրելու եմ Հայաստանին:  Այն տարիներով էի պահել, եւ ուրախ եմ, որ առիթ ունեմ այդ նուէրը յանձնելու: Կը ցանկանայի, որ այն կիրառէին Հայաստանի ճարտարապետութիւն դասաւանդող համալսարաններում:

Հ.- Ինչպիսի՞ն է Երեւանի ճարտարապետական տեսքը ձեզ համար:

Զ. Խ.- Ի տարբերութիւն Լիբանանի, Երեւանում հանդիպեցի գեղեցիկ արձանների, որոնք պատմութիւն են ներկայացնում: Սա նկատւում է նաեւ Փարիզում: Երեւանի քաղաքապետարանի շէնքն իր պարզութեամբ շատ գեղեցիկ է: Ունենք բացառիկ օդակայան: Նոյնը վերաբերում է երեւանեան սրճարաններին, որտեղ գեղագիտական մեծ ճաշակ կայ: Սա, անշուշտ, հաճելի երեւոյթ է: Դրան զուգահեռ, պահպանւում են նաեւ քաղաքի գորշ շէնքերը, որոնք տխրութիւն են առաջացնում: Ես լաւատես եմ Հայաստանի ապագայի հարցում: Վստահ եմ` 20-30 տարի անց դժուար էք գտնելու գանգատուող մարդ  Հայաստանում:  Սակայն այս պարագայում էլ կան հարցեր, որոնք անմիջապէս վերաբերւում են պետութեանը: Ինչպէս, օրինակ, գործարանների կառուցումը: Արտագաղթը կը նուազի, եթէ մարդիկ աշխատանք ունենան: Այդ դէպքում հայրենիքից գնացած մարդիկ էլ կը վերադառնան:

Հ.- Ըստ ձեզ, ինչո՞ւ են հեռանում հայրենիքից:

Զ. Խ.- Կարծում եմ` երկու գործօն կայ: Դրանցից մէկը խորհրդային տարիներից եկած թանձրացած հոգեվիճակն է, երբ մարդիկ, հեռուստացոյցով տեսնելով եւրոպական երկրները, մտածեցին, թէ այնտեղ դրախտ կայ: Նրանք սակայն չմտածեցին, որ այդ երկրներն էլ ունեն իրենց բացասական կողմերը: Երկրորդ գործօնն էլ այն է, որ մարդիկ վախենում են, թէ կը վերականգնուեն  հին կարգերը: Բարեբախտաբար արտագաղթը նուազել է, եւ այն պէտք է դադարի: Դրա համար անհրաժեշտ են գործարաններ, որպէսզի մարդկանց աչքը չլինի դէպի «դուրս»:  Մենք չենք կարող անտարբեր մնալ այս վիճակի նկատմամբ: Ես ութսունն անց մարդ եմ, եւ, դժբախտաբար, չեմ կարող ամէն ինչ թողնել եւ վերադառնալ հայրենիք: Հարցազրոյցների ժամանակ երբեմն հարցնում են ինձ, թէ ես լիբանանցի՞ եմ, թէ՞ հայ: Ես պատասխանում եմ, որ լիբանանցի եմ, եւ նմանւում եմ այն անձին, որ կորցրել է իր մայրը, իսկ այն կինը, որ ընդունել է ինձ` որպէս հոգեզաւակ, Լիբանանն է: Շատ շնորհակալ եմ նոր «մօրս», ում նկատմամբ չեմ կարող անտարբեր լինել: Բայց ես գիտեմ, որ իմ բուն մայրը Հայաստանն է, որ հեռու է: Իմ հայրենիքը Հայաստանն է, որտեղ գտնւում է իմ հոգին:

Հ.- Ձեր հոգու թռիչքը, կարծես, արտայայտել էք նաեւ ձեր ստեղծագործութիւններում, որոնք մեծ մասամբ պատրաստւում են թռիչքի:

Զ. Խ.- Մանկութեանս տարիներին հետաքրքրւում էի անհունութեամբ, երկնքով: Յաճախ էի նայում աստղերին, եւ երբեմն էլ` փոքրիկ հրթիռներ ուղարկում այնտեղ: Նոյնիսկ սկսել էի թռչել իմ երազներում, եւ այնքան դիւրին էր թռչելը: Երազներիս արձագանգը կամաց-կամաց գտնում էի  քանդակներիս մէջ: Ես ազատութեան մարդ եմ` ազատութիւն, թռիչք, միութիւն: Իմ քանդակները հիմնականում մոտեռն են, եւ աւելի շատ երկրաչափական ձեւերով են, մակերեսների եւ գծերի ներդաշնակութիւն է: Հակառակ այն հանգամանքին, որ դասական քանդակներ չեն, մարդիկ, այնուամենայնիւ, կարողանում են տեսնել իրականը: Երկար ժամանակ չէին վաճառում արձաններս: Մի օր բաւական հարուստ մէկը որոշեց գնել արձան: Ես դիտաւորեալ շատ բարձր գին ասացի, որ նա հրաժարուի իր մտքից: Եւ, ի զարմանս ինձ, նա համաձայնեց վճարել իմ նշած գումարը: Ես այնքան եմ մօտ ու հարազատ եմ զգում իմ արձաններին: Թւում է` նրանց դիպչելիս ինձ էլ են դիպչում: Այլ  կերպ ասած` միաձուլուած եմ արձաններիս հետ: Իմ արձաններն աւելի կոթողական են: Շատերը գիտեն Լիբանանում գտնուող իմ յուշակոթողը, որ նուիրուած է հայ ժողովրդի վերականգմանը Եղեռնից յետոյ: Եթէ ստեղծագործութեան մէջ անվերջութիւն չկայ, ապա այդ գործն այլեւս չի ապրի: Անվերջութիւնն աստիճանաբար մօտեցնում է Աստծուն: Նշեալ կոթողն արտայայտում է անտեսանելի բողոք:

Հ.- Ինչո՞ւ են ձեր քանդակները կոթողային: Ձեր ասելիքը շա՞տ է:

Զ. Խ.- Արուեստը դատարկ կը լինի, եթէ այնտեղ չդրուի մարդու ենթագիտակցական աշխարհը: Այդ աշխարհում փաթաթւում են մեր բոլոր զգացողութիւնները, տխրութիւնը, երջանկութիւնը: Դա անգիտակցօրէն արձանագրւում է մեր ուղեղներում, որը գիտակցութեան օժանդակութեամբ դուրս է ելնում: Ինչպէ՞ս ցոյց տալ կոթողային արձանը: Եթէ, օրինակ, վերցնենք երկու լուսանկար, որտեղ  մէկում պատկերուած  կոթողային արձանը ներկայացուած է իր փոքր չափով, իսկ միւս արձանը, որ կոթողական չէ, կրկին ներկայացնենք նոյն չափով: Այդ դէպքում շատ հնարաւոր է, որ իրականում փոքր չափերով արձանն աւելի մեծ, կոթողական է երեւում, քան միւսը: Կոթողային քանդակագործութիւնը գալիս է դեռեւս հին եգիպտական ժամանակաշրջանից: Կոթողական արձանի դէպքում գծերը պէտք է լինեն ուղղահայեաց, եւ լոյսն էլ տարածուի առանց բեկանուելու:

Հ.- Պարոն Խտըշեան, ո՞ւր է գնում արուեստը:

Զ. Խ.- Շատ հետաքրքիր հարց է: Գեղարուեստն ու գիտութիւնն ընթանում են իրար զուգահեռ: Վերջին տարիներին գեղարուեստն ապրեց յետընթաց: Այն, կարծես, մահանում է: Կրկին մէջբերեմ  իմ հարցազրոյցներից  մէկը, որտեղ լրագրողն ինձ հարցրեց, թէ հա՞շտ եմ ապրում ներկայ կեանքի ձեւի հետ: Ասացի` ոչ: Յետոյ հետաքրքրուեց, թէ ինչո՞ւ: Ես պատասխանեցի, որ ներկայ կեանքը նմանւում է գնացքի, որը շատ արագ է ընթանում, եւ ես չեմ նստում այդ գնացքը, քանի որ այն կարող է իր մեծ արագութեան պատճառով դուրս գալ գծերից: Այնուհետ լրագրողը հարցրեց, թէ այդ դէպքում ես ե՞տ եմ մնում մարդկութիւնից, եւ արդեօ՞ք ես յետ մնաց եմ: Դրան ի պատասխան` ասացի, որ ոչ, քանի որ ես ունեմ իմ ճամբան, եւ նախընտրում եմ գնալ երկնքի ճանապարհով, ինչպէս իմ արձանները: Լրագրողը հիացել էր: Մէկ այլ փոքր փիլիսոփայութեամբ մօտենում եմ հարցին: Ես նմանւում եմ այն շերամին, որն իր կամքից անկախ` իր «բանտն» է հիւսում, եւ երբ գիտակցում է, որ բանտարկուած է, պատռում է, եւ դուրս է ելնում ոչ թէ սողալով, այլ` թռչելով: Ես ինքս ուզում եմ այդ որդի պէս պատռել «բանտն» ու թռչել: Եւ հէնց այդ թռիչքն էլ արտայայտում եմ իմ քանդակներում: Գեղարուեստի հոլովոյթները գտել են իրենց վերջը: Տպաւորապաշտութիւն, խորանարդապաշտութիւն… եւ այլն, եւ կարծես, որ «իզմերը» վերջացել են: Ամէն նկարիչ նկարում է իր ցանկութեամբ: Ամերիկացի նկարիչ Իվ Կրէյ, որ բնակւում էր Փարիզում, իր կեանքի վերջին տարիներին զգացել էր, որ այն ինչ անում էր, այլեւս արդիական չէր: Եւ ի՞նչ էր անում: Օրինակ, անտառի տեսարանը նկարում էր առանց վրձնի, ներկի, այսինքն մատներով նկարում էր օդի մէջ… Իվ Կրէյի մահուանից յետոյ նրա մեծ ցուցահանդէսը պէտք է կազմակերպուէր Փարիզում:  Այդ ցուցահանդէսի բացումից երկու օր անց գնացի` պատերին նկար չկար, ոչի՜նչ: Բայց հասկացայ, թէ ի՛նչ է կատարւում` հաշուի առնելով Իվի արդիական աշխատանքները: Ցուցահանդէսի մուտքի մօտ նստած կինը հետաքրքրուեց իմ տպաւորութիւններով, եւ ասացի նրան, թէ արդեօ՞ք փոքր-ինչ չափազանցուած չէ: Յետոյ այդ կինն ասաց, թէ ցուցահանդէսի մասին մամուլը հիացական խօսքերով էր գրել: Ի՞նչ էր արել Իվը. նա վերցրել էր վրձին, թանձր ճերմակ ներկ եւ ներկել էր պատերը, որտեղ մնացել էին ներկի հետքեր: Օդի մէջ նկարելուց կամ այդ ցուցահանդէսից բացի, Իվ Կրէյն աւելի արդիական գործ էր արել: Նա կանչել էր լրագրողներին, եւ որպէսզի ապացուցէր, որ արուեստն արւում է արուեստի համար, եւ որ արուեստը բիւրեղ է իր համար, ափով ոսկի էր վերցրել եւ նետել դուրս` նշելով, որ ինքն աշխատում է ոչ այդ ոսկու համար, այլ` արուեստի: Մեր կեանքում ամէն ինչ սովորաբար պտտւում է, ինչպէս մեր մոլորակը արեգակի շուրջ: Գեղարուեստն էլ պտտուելով գալիս է իր նոյն տեղը: Հիմա, ասես, մարդիկ ձանձրացել են վերացականից, եւ կրկին արդիական է պատկերաւոր նկարչութիւնը:

Հ.- Ի վերջոյ, հետաքրքիր է` ի՞նչ զգացողութիւններով պատրաստեցիք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողը:

Զ. Խ.- Բոլոր հայերն էլ, շատ թէ քիչ, ցեղասպանութեան զգացումն ապրել են: Մայրս պատմում էր, որ երկու փոքր քոյրերս մահացել են աքսորի ժամանակ, եւ առանց թաղելու նրանց` թողել էր քարի մօտ:  Երրորդ զաւակը ապրեց, եւ ես տեսայ նրան: Մենք տասնեակ տարիներ միասին ապրեցինք: Իմ մէջ ոչ միայն հոգեկան, այլեւ մտային ապրումներ կան: Ամէն տարի ապրիլի 24-ին յիշում էինք կատարուածը, ապա տարուայ 365 օրերին պատմութիւնը կրկին փակւում էր: Ցեղասպանութեան 50-րդ տարելիցին որոշեցի այնպիսի գիրք թողնել, որը կը յիշուի նա տարուայ մնացեալ` 365 օրերին, որպէսզի բոլորը` հայ, արաբ… եւ` ամէն անցորդ տեսնէր այն: Իսկ Զաւէնի գործը հսկայ յուշարձան դնելն էր, եւ` որոշ գոհացումներ տալ: Տանը միայնակ էի եւ շատ արագ գծագրեցի յուշարձանը: Ընդ որում` այն գծեցի ետեւից: Այն, ինչ գծագրել էի այդ ժամանակ, նոյն ճշգրտութեամբ վերարտադրեցի: Ընկերներիցս Գուրգէնը, տեսնելով գործս, հիացաւ, եւ ասաց, որ յուշակոթողն անպայման պէտք է կանգնեցուի: Օրեր անց իմացայ, որ Համազգայինն ընդունել է այն: Յետոյ ինքս առաջարկեցի կոթողը դնել Պիքֆայա վանքի բարձունքում, որն արտայայտում է նաեւ հայ ժողովրդի կամքը: Յուշարձանը որքան մեծանում էր, ես այնքան փոքրանում էի: Այն օրէցօր աճում էր, ծաղկում էր: Երբեւէ նման զգացողութիւն չունէի: Եւ հիմա պէտք է ասեմ, որ եթէ տաս անգամ էլ պատրաստ էի այդ արձանը, ապա այդ տասն անգամն էլ կ՛անէի նոյն ձեւով:

Հարցազրոյցը`
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

Նախորդը

«Մեր Ակնկալութիւնն Է, Որ Հայոց Ցեղասպանութիւնը Իր Արժանի Տեղը Գտնէ Քանատայի Մարդկային Իրաւանց Թանգարանին Մէջ». Հարցազրոյց ՀՅԴ Քանատայի Կեդրոնական Կոմիտէի Ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի Հետ

Յաջորդը

Թենիս. Ուիմպըլտընի Մրցաշարքը 2015-Էն Ետք Մէկ Շաբաթով Ուշ Պիտի Սկսի

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.