Նոյն օրինաչափութիւնն է նա տեսնում նաեւ ինքնապաշտպանութեան հարցում` անդրադառնալով ժողովրդին զէնք չտրամադրելու կոչերին, որոնք առաջին հայեացքից կարող են ներկայացուել որպէս խաղաղասիրութեան կամ խոհեմութեան դրսեւորում: Ռոստոմը չի սահմանափակւում նման մօտեցման քննադատութեամբ: Նա կրկին դիմում է պատմական փորձին` փաստելու համար դրա հիմնաւորուածութիւնը:
«Ասում են` ժողովրդին այլեւս զէնք պէտք չէ տալ…»,- գրում է նա եւ անմիջապէս հարց է բարձրացնում` ո՞ր գիւղերն էին առաջինը ենթարկւում թալանի ու աւերման, որտե՞ղ էր բնակչութիւնն առաւել անպաշտպան: Նրա պատասխանը հիմնուած է ոչ թէ վերացական դատողութեան, այլ փորձի վրայ. «կոտորուել, թալանուել ու աւերուել են այն գիւղերը, ուր ինքնապաշտպանութեան համար զէնքի հարկաւոր քանակութիւնը չկար…», եւ յաւելում է. «Այնտեղ, ուր զէնք կար, ժողովուրդը կարողացաւ պաշտպանել իր կեանքը, կայքը կամ ազատ մնաց յարձակումներից»:
Ռոստոմի համար զէնքը ինքնանպատակ արժէք չէ: Այն ինքնապաշտպանութեան միջոց է, իսկ ինքնապաշտպանութիւնը` ժողովրդի գոյութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու անհրաժեշտ պայման: Ուստի զէնքից հրաժարուելու կոչերը նա չի դիտարկում որպէս առանձին միջոցի շուրջ բանավէճ: Դրա մէջ նա տեսնում է աւելի խոր քաղաքական տեղաշարժի միտում, երբ ժողովուրդը սկսում է կասկածել սեփական գոյութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու անհրաժեշտութեանը:
Այստեղ է ակնյայտ դառնում «Վնասակար տարրեր»-ի գործունէութեան հետեւանքը. հասարակութեան քաղաքական գիտակցութիւնը կարող է խեղաթիւրուել այնպէս, որ ինքնապաշտպանութիւնն այլեւս ընկալուի որպէս անցած ժամանակի «վնասակար» մնացուկ, իսկ յանձնուողականութիւնը` որպէս նոր իրականութեանը յարմարուելու անհրաժեշտութիւն:
Այս խորապատկերի վրայ Ռոստոմը գրում է. «Յեղափոխական շարժումն անհնարին է կանգնեցնել, որովհետեւ նա հետեւանք է Տաճկահայաստանում տիրող անտանելի պայմանների, եւ քանի վատթարանան այդ պայմանները, այնքան աւելի սաստիկ պիտի զգացուի ուժեղ յեղափոխական շարժման անհրաժեշտութիւնը»:
Նրա այս միտքը միայն յեղափոխական պայքարի արդարացում չէ: Այն պատճառի եւ հետեւանքի տարբերակման յստակ բանաձեւ է: Եթէ յեղափոխական պայքարն առկայ իրավիճակի թելադրած պայմանների հետեւանք է, ապա այն չի վերանալու կեղծ կոչերով: Կարելի է ժամանակաւորապէս ճնշել պայքարի դրսեւորումները, բայց դրանով չեն վերանում այն պայմանները, որոնք եւ ծնել են այդ պայքարի անհրաժեշտութիւնը: Իսկ եթէ սխալ է ախտորոշւում պատճառը, ապա սխալ է լինելու նաեւ լուծումը:
Պատճառի եւ հետեւանքի այս տարբերակումից է բխում քաղաքական կամքի հարցը: Ռոստոմի ընկալմամբ` քաղաքական կամքը միայն վճռականութիւնը կամ խիզախութիւնը չէ. այն նախ եւ առաջ իրականութեան ճիշդ ընկալման եւ իրերն իրենց անունով կոչելու կարողութիւնն է: Ժողովուրդը կարող է յաղթահարել ժամանակաւոր ձախողման հետեւանքները միայն այն ժամանակ, երբ չի շփոթում պատճառը հետեւանքի հետ, ժամանակաւոր տեղատուութիւնը` պատմական փակուղու հետ, մարտավարական զիջումը` սկզբունքներից նահանջի հետ: Քաղաքական կամքը հէնց այդ տարբերակումների միջոցով է պահպանում իրականութեան սթափ ընկալումը եւ թոյլ տալիս նոյնիսկ ծանրագոյն պայմաններում չկորցնել սեփական նպատակների ու հնարաւորութիւնների յստակ գիտակցումը:
Այս ըմբռնումից բխում է եւս մէկ կարեւոր հետեւութիւն. իրականութիւնը ճշգրիտ ճանաչելը դեռեւս բաւարար չէ: Վճռորոշ է նաեւ այն, թէ ի՛նչ հետեւութիւն է արւում այդ իրականութիւնից: Նոյն եզրոյթները կարող են պահպանել իրենց արտաքին ձեւն ու նոյնիսկ սկզբնական նշանակութեան որոշ տարրեր, բայց` հասարակական ընկալման մէջ ձեռք բերել այլ շեշտադրումներ եւ այդպիսով յանգեցնել այլ դատողութիւնների ու որոշումների: Հետեւաբար խնդիրը միայն այն չէ, թէ ի՛նչ է նշանակում տուեալ եզրոյթը, այլեւ` այն, թէ հասարակութիւնն ի՛նչ իմաստ է սկսում դրան վերագրել, ի՛նչ վարքագիծ է դրա շրջանակում համարում ընդունելի, եւ ի՛նչ պատասխանատուութիւն է դրանով ստանձնում:
Այսպիսի փոփոխութիւնը սովորաբար չի սկսւում ազգային նպատակի բացայայտ մերժումով: Աւելի վաղ փոխւում է այդ նպատակի հարցում ստանձնուող քաղաքական պատասխանատուութեան աստիճանը: Այն, ինչ նախկինում ընկալւում էր որպէս անհրաժեշտ, սկսում է դիտուել որպէս ցանկալի, բայց ոչ պարտադիր, իսկ նուիրումը, զոհողութիւնը եւ դիմադրութիւնը աստիճանաբար ընկալւում են որպէս չափազանց մեծ գին: Քաղաքական նահանջը կարող է ձեւաւորուել ոչ թէ նպատակների բացայայտ վերանայմամբ, այլ դրանց իրականացման համար անհրաժեշտ հետեւողականութեան աստիճանական նուազեցմամբ:
Նման փոխակերպումների հետեւանքը միայն քաղաքական դիրքորոշման փոփոխութիւնը չէ: Փոխւում է նաեւ այն չափանիշը, որով հասարակութիւնը որոշում է, թէ յանուն ինչի է պատրաստ տեւական պայքարի, ինչ գին է պատրաստ վճարել եւ մինչեւ ո՛ր սահմանն է պատրաստ գնալ զիջումների: Երբ փոխւում են այդ չափանիշները, հասարակութիւնը կարող է աստիճանաբար ընդունելի համարել այնպիսի զիջումներ ու նահանջներ, որոնք նախկինում անգամ քաղաքական ընտրութեան հնարաւոր տարբերակ չէին համարւում:
Հէնց այդ պատճառով Ռոստոմի տեսութեան ուժը ոչ թէ վերջնական լուծումներ առաջարկելու, այլ քաղաքական դատողութեան այն հիմքը պահպանելու մէջ է, որի շնորհիւ հնարաւոր է տարբերել սկզբունքայինը` ժամանակաւորից, էականը` երկրորդականից: Իւրաքանչիւր ծանր պատմական հանգրուանում անհրաժեշտ է սթափ գնահատել իրականութիւնը, սակայն նոյնքան կարեւոր է այդ գնահատականը չշփոթել այն պատեհապաշտ քաղաքական հետեւութեան հետ, ըստ որի, փոփոխուած պայմանները վերածւում են նախկինում պարտադիր համարուած սկզբունքների վերանայման հիմնաւորման: Քաղաքական հասունութիւնը, այս իմաստով, ոչ թէ իւրաքանչիւր նոր իրողութեան հետ յարմարուելու կարողութիւնն է, այլ փոխուող պայմաններում պատճառը հետեւանքից, ժամանակաւոր տեղատուութիւնը` վերջնական փակուղուց, իսկ մարտավարական անհրաժեշտութիւնը` քաղաքական նպատակի վերանայումից տարբերելու կարողութիւնը:
Այս տարբերակումների նշանակութիւնն առաւել սուր է դառնում պարտութեան պայմաններում, երբ տեղի ունեցածը սկսում է ազդել ոչ միայն քաղաքական ընտրութիւնների, այլեւ հնարաւորի ու անհնարինի մասին պատկերացումների վրայ: Պարտութիւնը կարող է ունենալ նաեւ երկրորդ` ներքին չափում: Առաջինը պատմական իրադարձութիւնն է` ռազմական, քաղաքական կամ տարածքային կորուստը: Ներքին չափումը սկսւում է այն ժամանակ, երբ պարտութիւնն այլեւս չի դիտւում որպէս յաղթահարելի կորուստ, այլ վերածւում է այնպիսի ելակէտի, որից որոշւում են հետագայ քաղաքական հնարաւորութիւնների սահմաններն ու նպատակների իրագործելիութիւնը: Այդ պահին պարտութեան փաստը վերածւում է հաստատուած դատողութեան, իսկ պատմական իրադարձութիւնը` հոգեբանական ու քաղաքական դատավճռի:
Մեծ աղէտներից յետոյ հասարակութիւնը կանգնում է ոչ միայն կորուստները հոգեբանօրէն յաղթահարելու, այլեւ դրանց քաղաքական նշանակութիւնը սթափ գնահատելու խնդրի առջեւ: Պէտք է հասկանալ, որն էր ձախողման պատճառը, ինչ է փոխուել, ինչն է պէտք վերանայել եւ ինչպիսին պէտք է լինի պայքարի հետագայ ուղին: Հէնց այստեղ է անցնում վճռորոշ սահմանագիծը. պարտութիւնը մի դէպքում դառնում է սեփական սխալները բացայայտելու, անցած ուղին վերագնահատելու եւ հետագայ պայքարի ուղղութիւնը ճշգրտելու հիմք, իսկ միւս դէպքում վերածւում է պայքարի նպատակների արմատական վերանայումը հիմնաւորող փաստարկի: Ռոստոմի միտքն իր առաւել ամբողջական նշանակութիւնը ստանում է այստեղ, երբ պարտութեան գնահատականը վերածւում է յանձնուողականութիւնն ու յարմարուողականութիւնն արդարացնելու միջոցի:
Այստեղ է առաւել յստակ երեւում Ռոստոմի տեսութեան աւելի լայն պատմական նշանակութիւնը: Ժողովուրդների պատմութեան մէջ որոշիչ է ոչ միայն այն, թէ ի՛նչ է նրանց հետ տեղի ունեցել, այլեւ` այն, թէ ինչպէ՛ս են նրանք մեկնաբանում տեղի ունեցածը եւ ի՛նչ իմաստ են տալիս դրան իրենց հետագայ գործողութիւնների խորապատկերում: Պատմական յիշողութիւնը ձեւաւորւում է ոչ միայն իրադարձութիւններից, այլեւ` այն հասկացութիւններից, որոնց միջոցով ժողովուրդը մեկնաբանում է իր անցեալը, ներկան եւ ապագան: Երբ այդ հասկացութիւնների իրական իմաստը աստիճանաբար աղճատւում է, խեղւում է նաեւ պատմական փորձի քաղաքական ընկալումն ու նշանակութիւնը:
Այսպիսով, Ռոստոմի տեսութեան նշանակութիւնն այն դատողութեան չափանիշի ձեւակերպման մէջ է, որի միջոցով պարտութիւնից յետոյ հնարաւոր է տարբերել փոփոխուած պայմաններին համապատասխան գործելու անհրաժեշտութիւնը քաղաքական նպատակների վերանայումից: Նրա մտածողութեան առանցքում այն սահմանազատումն է, թէ փոփոխուած պայմաններին արձագանգելու անհրաժեշտութիւնն ինչ պահից այլեւս չի սահմանափակւում միջոցների եւ մարտավարութեան ճշգրտմամբ եւ վերածւում է քաղաքական նպատակների վերանայման, որոնց շուրջ ձեւաւորուել էր քաղաքական կամքը: Այս սահմանազատումն է Ռոստոմի մտածողութեանը հաղորդում աւելի լայն տեսական նշանակութիւն: Այն հնարաւորութիւն է տալիս տարբերակել պայմանների փոփոխութեանը համարժէք քաղաքական արձագանգն այնպիսի փոփոխութիւնից, որի հետեւանքով վերանայւում են ոչ միայն գործելու միջոցները, այլեւ այն նպատակները, որոնք մինչ այդ որոշում էին քաղաքական ընթացքը:
Ռոստոմի ձեւակերպած տարբերակումը ժամանակների փոփոխութեամբ չի կորցնում իր արդիականութիւնը: Պայքարի մէջ մտնող իւրաքանչիւր սերունդ ստիպուած է ինքնուրոյն պատասխանել նոյն հիմնարար հարցին` ինչպէս արձագանգել պայմանների փոփոխութեանը` առանց վերանայելու այն նպատակները, որոնց շուրջ ձեւաւորուել են իր քաղաքական կամքն ու պայքարի ուղղութիւնը: Նոյն հարցին իւրաքանչիւր սերնդի տուած պատասխանը նախորդ սերունդների ձեւակերպած պատասխանների պարզ վերարտադրութիւնը չէ: Այդ պատասխանը պէտք է ծնուի նոր իրողութիւնների եւ դրանցից բխող մարտահրաւէրների սթափ գնահատումից` յենուելով պատմական փորձի վրայ: Պատմական փորձի նշանակութիւնն այստեղ յստակ է ընդգծւում. այն օգնում է նոր իրողութիւնների լոյսի ներքոյ տարբերել անհրաժեշտ մարտավարական փոփոխութիւններն այն հիմնարար նպատակներից, որոնք պէտք է մնան անփոփոխ:
Քաղաքական պայքարի կենսունակութիւնը հէնց այս հաւասարակշռութեան պահպանման մէջ է` ճկուն մարտավարութիւն` անփոփոխ նպատակներ: Այդ հաւասարակշռութիւնը պահանջում է իրատեսօրէն վերագնահատել միջոցները, մարտավարական առաջնահերթութիւններն ու գործողութիւնների ձեւերը` առանց վերանայելու այն հիմնարար նպատակները, որոնց շուրջ ձեւաւորուել է քաղաքական կամքը:
Ռոստոմի տեսութեան խորքային պահանջը, ի վերջոյ, սա է` փոխել յեղափոխական պայքարի միջոցներն ու մարտավարութիւնը` փոփոխուող պայմաններին համապատասխան, բայց` պահպանել այն հիմնարար նպատակներն ու քաղաքական կամքը, որոնք սահմանում են պայքարի պատմական ուղղութիւնը:
(Շար. 2 եւ վերջ)
——
(Շար. 1)



