Ստեփանաւանի համայնքապետի թեկնածու, 46-ամեայ Արսէն Գէորգեան երէկ առաւօտեան մահացաւ Նուբարաշէնի բանտին մէջ, ըստ մտերիմներուն` սիրտի կաթուածի պատճառով:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ Գէորգեան կալանաւորուած էր տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններէն քանի մը օր առաջ` 21 հոկտեմբերին` ընտրակաշառք տալու մեղադրանքով: Հակափտածութեան կոմիտէն յայտարարած էր, թէ թեկնածուն եւ անոր խմբակիցները ընտրակաշառք բաժնած են տասնեակ մը ընտրողներու, իսկ եւս 30-ի համար ցուցակներն ու գումարը «ծրարուած-պատրաստ» էին: Գէորգեան մեղադրանքը չէր ընդուներ:
Օրեր առաջ ազգային օրակարգի շուրջ համախմբուած ընդդիմադիր քաղաքական կուսակցութիւնները Գէորգեանի մահուան առիթով հրապարակեցին միասնական յայտարարութիւն մը, որուն մէջ նշեցին.
«Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում Ստեփանաւան խոշորացուած համայնքի ղեկավարի թեկնածու Արսէն Գէորգեանը:
Արսէն Գէորգեանը Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնյայտ ոչ իրաւաչափ խափանման միջոցի եւ նպատակային վարկաբեկման արշաւի հերթական զոհն է:
Այս ողբերգութիւնը վկայում է սարսափելի իրողութեան մասին. մարդը եւ նրա արժանապատուութիւնը վաղուց արդէն բացարձակ արժէք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպէս ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշուեյարդարի գործիք:
Արսէն Գէորգեանի մահուան ամբողջ պատասխանատուութիւնը կրում են իշխող ուժը եւ նրա ապօրինի հրահանգները դակող իրաւական համակարգի ներկայացուցիչները:
– Խստագոյնս դատապարտում ենք նման ողբերգական հետեւանքներ ծնող քաղաքական հաշուեյարդարի մթնոլորտը:
– Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին եւ հասարակական ուժերին` անվերապահօրէն դատապարտել այս դէպքը:
– Կոչ ենք անում միջազգային բոլոր կառոյցներին եւ դիւանագիտական ներկայացուցչութիւններին` յստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրաւունքների զանգուածային ոտնահարմանն ու կեանք արժեցող քաղաքական հետապնդումների փորձառութեան:
Այս ողբերգութիւնը վերահաստատեց ժողովրդավարական ազատութիւնների եւ իրաւունքների վերականգնման հրամայականը: Արսէն Գէորգեանի յիշատակը պարտաւորեցնում է մեզ մինչեւ վերջ պայքարել Հայաստանում մարդու իրաւունքների, արժանապատուութեան եւ օրէնքի գերակայութեան հաստատման համար»:


