Երկուշաբթի գիշեր տեղի ունեցաւ «Պալոն տ՛օր»-ի 70-րդ հանդիսութիւնը, որ առաջին անգամ ըլլալով կայացաւ Լոնտոնի մէջ:
70 տարիներ առաջ Սթանլի Մեթիուզ 41 տարեկանին (եւ 321 օր) շահած էր «Պալոն տ՛օր»-ի առաջին տիտղոսը, որ մինչեւ 1995 կրնար շահիլ եւրոպացի որեւէ մարզիկ, որ կը խաղար եւրոպական խումբերէ: Այդ պատճառով ալ ո՛չ պրազիլցի եւ ո՛չ ալ արժանթինցի ֆութպոլիստներ, ինչպէս Փելէն ու Մարատոնան, «Պալոն տ՛օր» չեն շահած:
1995-ին լիպերիացի Ժորժ Ուէա (Ա. Սէ. Միլան) այս տիտղոսը շահեցաւ իբրեւ առաջին ոչ եւրոպացի ֆութպոլիստը, որմէ ետք 4 տարբեր պրազիլցիներ 5 տիտղոս շահեցան (Ռոնալտօ (2), Ռոնալտինիօ, Քաքա եւ Ռիվարտօ), մինչ արժանթինցի Լիոնել Մեսսի առանձին 8 տիտղոս շահեցաւ, ինչ որ մրցանիշ է: Փորթուգալցի Քրիսթիանօ Ռոնալտօ 18 անգամ թեկնածու եղաւ (մրցանիշ), բայց 5 տիտղոս շահեցաւ:
3 անգամ շահած են ֆրանսացի Միշել Փլաթինի (1983, 1984 եւ 1985), նետերլանտցի Եոհան Քրոյֆ (1971, 1973 եւ 1974) եւ այլ նետերլանտցի մը` Մարքօ Վան Պասթըն (1988, 1989 եւ 1992):
Երկու տիտղոսներ ունին գերմանացի Ֆրանց Պեքընպաուըր (1972 եւ 1976), պրազիլցի Ռոնալտօ (1997 եւ 2002), սպանացի Ալֆրետօ Տի Սթեֆանօ (1957 եւ 1959), անգլիացի Քեւըն Քիկըն (1978 եւ 1979) եւ գերմանացի Քարլ-Հայնց Ռումենիկէ (1980 եւ 1981):
Հերի Քէյն եղաւ 5-րդ անգլիացի խաղցողը, որ կը շահի «Պալոն տ՛օր»-ը` Մեթիուզէն, Պոպի Չարլթընէն, Մայքըլ Օուընէն եւ Քեւըն Քիկընէն ետք: Վերջին անգլիացին եղած էր Օուընը, որ 2001-ին տիտղոսը շահած էր, մինչ Պայերն Միւնիխ ակումբի վերջին տիտղոսակիրը Ռումենիկեն էր` 1981-ին:
Քէյն չնչին առաւելութիւն ունեցաւ Բ. դիրքը գրաւող ֆրանսացի Քիլիան Էմպափէի վրայ, որ 2023-ին 3-րդ դիրքը գրաւած էր:
Լամին Եամալ (19 տարեկան), որ անցեալ տարի 2-րդ դիրքը գրաւած էր, գրաւեց 3-րդ դիրքը` 3-րդ տարին ըլլալով ընտրուելով լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստը:
Ստորեւ կը ներկայացնենք լաւագոյն 10-ին դասաւորումը.
1.- Հերի Քէյն (Պայերն Միւնիխ, Անգլիա)
2.- Քիլիան Էմպափէ (Ռէալ Մատրիտ, Ֆրանսա)
3.- Լամին Եամալ (Պարսելոնա, Սպանիա)
4.- Ռոտրի (Պարսելոնա, Սպանիա)
5.- Լիոնել Մեսսի (Ինթեր Մայեմի, Արժանթին)
6.- Քվիչա Քվարացխելիա (Փարիզ Սեն Ժերմեն, Վրաստան)
7.- Ուսման Տեմպելէ (Փարիզ Սեն Ժերմեն, Ֆրանսա)
8.- Էրլինկ Հաալանտ (Մանչեսթըր Սիթի, Նորվեկիա)
9.- Մայքըլ Օլիսէ (Պայերն Միւնիխ, Ֆրանսա)
10.- Ֆապիան Ռուիս (Փարիզ Սեն Ժերմեն, Սպանիա)
Տարուան լաւագոյն ակումբը ընտրուեցաւ Փարիզ Սեն Ժերմենը, մինչ աղջկանց լաւագոյն ակումբ ընտրուեցաւ Պարսելոնան:
Աղջկանց «Պալոն տ՛օր»-ը շահեցաւ Պարսելոնայի մարզիկ Ալեքսիա Փութէյասը, որ ամրան փոխանցուեցաւ Լոնտոն Սիթի Լայոնես խումբ: Բ. դիրքը գրաւեց լեհ Էվա Փայոր, որ Պարսելոնայի մարզիկ է, իսկ 3-րդ դիրքը գրաւեց ժամայքացի Խատիժա Շօ, որ Մանչեսթըր Սիթիի մարզիկ է:
2016-ի լաւագոյն մարզիչ ընտրուեցաւ Սպանիոյ ազգային խումբի մարզիչ Լուիս Տէ Լա Ֆուենթէ: Թեկնածուներու կարգին էին նաեւ Միքել Արթեթա (Արսենալ), Ունայ Էմերի (Ասթոն Վիլա), Վենսան Քոմփանի (Պայերն Միւնիխ) եւ Լուիս Էնրիքէ (Փարիզ Սեն Ժերմեն):
Աղջկանց խումբի լաւագոյն մարզիչ ընտրուեցաւ Պարսելոնայի մարզիչ Փեփէ Ռոմէու:
Լաւագոյն բերդապահ ընտրուեցաւ Աթլեթիք Պիլպաոյի եւ Սպանիոյ ազգային խումբի բերդապահ Ունայ Սիմոն: Թեկնածուներուն կարգին էին Եասին Պունօ (Մարոք), Թիպօ Քուրթուա (Ռէալ Մատրիտ եւ Պելճիքա), Ժոան Կարսիա (Պարսելոնա), Էմիլիանօ Մարթինես (Ասթոն Վիլա, Արժանթին), Կրեկոր Քոպել (Տորթմունտ, Զուիցերիա), Էտուար Մենտի (Սենեկալ), Տաւիտ Ռայա (Արսենալ, Սպանիա), Վոզինիա (Քափէ Վերտէ) եւ Մատվէյ Սաֆոնով (Փարիզ Սեն Ժերմեն):
Աղջկանց լաւագոյն բերդապահ ընտրուեցաւ Պարսելոնայի եւ Սպանիոյ բերդապահ Քաթաքոլ:
Պարսելոնայի եւ Սպանիոյ հաւաքականի ծայրի յառաջապահ Լամին Եամալ ընտրուեցաւ լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստը երրորդ տարին ըլլալով: Թեկնածուներու կարգին էին իր խմբակից Փաու Քուպարսի, Պայերն Միւնիխի միջնապահ Լենարթ Քարլ եւ Լիլի միջնապահ Այուպ Պուատտի:
Աղջկանց լաւագոյն երիտասարդ ֆութպոլիստ ընտրուեցաւ Վիքի Լոփես (Պարսելոնա):


