Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տարածաշրջանային Հակամարտութիւնից Մինչեւ Ընդհանուր Անվտանգութեան Եւ Ուժանիւթի Ճգնաժամ

March 24, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
«Ալիք» օրաթերթի խմբագիր

Ժամանակակից միջազգային անվտանգութեան համակարգում ծովային հաղորդակցութիւնների եւ ուժանիւթի մատակարարումների անվտանգութիւնը դարձել է ընդհանուր կայունութեան առանցքային բաղադրիչներից մէկը: Մերձաւոր Արեւելքում սրուող հակամարտութիւնները յատկապէս ընդգծում են այն հանգամանքը, որ ռազմավարական նշանակութեան ծովային «խեղդուող կէտերը» կարող են վերածուել համաշխարհային տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերի կենտրոնների: Իրանի դէմ ռազմական գործողութիւնների խորապատկերին, որոնցում առանցքային դեր են խաղում Միացեալ Նահանգները եւ Իսրայէլը, միջազգային անվտանգութեան միջավայրը կանգնած է մի իրավիճակի առջեւ, որտեղ տարածաշրջանային ռազմական հակամարտութիւնը արդէն ձեռք է բերել ընդհանուր տնտեսական եւ ռազմավարական ճգնաժամի յատկանիշներ: Այդ գործընթացի առանցքում գտնւում է Հորմուզի նեղուցը` համաշխարհային ուժանիւթի  մատակարարումների համար կենսական նշանակութիւն ունեցող ծովային անցուղին, որի շուրջ զարգացող ռազմական եւ քաղաքական լարուածութիւնը բացայայտում է ժամանակակից ընդհանուր ուժանիւթային եւ ծովային առեւտրի համակարգի խոցելիութիւնը: Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծուած իրավիճակը միաժամանակ ցոյց է տալիս նաեւ ռազմավարական սխալ հաշուարկների, անհամաչափ պատերազմի եւ ընդհանուր տնտեսական փոխկապուածութեան բարդ համադրութիւնը, որը կարող է յանգեցնել միջազգային յարաբերութիւնների համակարգային ճգնաժամի:

Հորմուզի նեղուցը աշխարհագրական առումով կապում է Պարսից ծոցը Հնդկական ովկիանոսի հետ եւ հանդիսանում է համաշխարհային ուժանիւթի շուկայի կարեւորագոյն ռազմավարական հանգոյցներից մէկը: Նեղուցի լայնութիւնը տատանւում է 33-60 քմ, ինչն այն դարձնում է ոչ միայն աշխարհագրական, այլեւ ռազմավարական առումով խիստ խոցելի ծովային անցուղի: Համաշխարհային նաւթի զգալի մասը, ինչպէս նաեւ հեղուկացուած բնական գազի խոշոր ծաւալներ արտահանւում են հէնց այս նեղուցով դէպի Ասիայի, Եւրոպայի եւ այլ տարածաշրջանների ուժանիւթի շուկաներ: Այս հանգամանքը Հորմուզի նեղուցը դարձնում է համաշխարհային տնտեսութեան առանցքային գումակային հանգոյցներից մէկը, եւ դրանում նաւագնացութեան խափանումը անմիջապէս ազդում է ուժանիւթի շուկաների կայունութեան վրայ: Նեղուցի ռազմավարական նշանակութիւնն առաւել ընդգծւում է այն փաստով, որ այն հանդիսանում է միակ ծովային ելքը Պարսից ծոցի խոշոր նաւթային արտահանողների համար, եւ դրա փակումը կամ նոյնիսկ նաւագնացութեան սահմանափակումը կարող է յանգեցնել ուժանիւթի մատակարարումների կտրուկ կրճատման: Հետեւաբար այս նեղուցի անվտանգութիւնն արդէն երկար ժամանակ դիտարկւում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային անվտանգութեան խնդիր:

Սակայն վերջին ռազմական եւ քաղաքական զարգացումները` ԱՄՆ-Իսրայէլ գործողութիւնների եւ Իրանի արձագանգի համատեքստում, ցոյց են տալիս, որ տուեալ կարեւոր աշխարհաքաղաքական տարածքում տեղի են ունեցել մի շարք լուրջ սխալ հաշուարկներ: Դրանք առաւելապէս պայմանաւորուած են ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ծրագրողների գնահատականներով, որոնք մշակել են Իրանի դէմ ռազմական գործողութիւնները` թերագնահատելով հնարաւոր տարածաշրջանային հետեւանքներն ու հակամարտութեան սրման պայմաններում Իրանի արձագանգի եւ ռազմավարական կարողութիւնների ներուժը: Այս սխալ հաշուարկներից առաջինը վերաբերում է Իրանի կողմից կիրառուող անհամաչափ ռազմավարութեան թերագնահատմանը: Իրանը, չունենալով ծովային գերակայութիւն կամ արհեստագիտական առաւելութիւն ԱՄՆ-ի նկատմամբ, երկար ժամանակ զարգացրել է այնպիսի ռազմական մարտավարութիւն, որը նպատակ ունի հակառակորդի գործողութիւնները կաթուածահար անել եւ անընդունելի չափի հասցնել ծովային հաղորդակցութիւնների վտանգը: Այս ռազմավարութիւնը հիմնուած է այն գաղափարի վրայ, որ նոյնիսկ սահմանափակ միջոցներով հնարաւոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նաւագնացութիւնը դառնում է չափազանց վտանգաւոր:

ԱՄՆ ռազմավարական ծրագրաւորման մէջ եւս մէկ կարեւոր սխալ հաշուարկ կապուած է Հորմուզի նեղուցի խոցելիութեան գնահատման հետ: Թէեւ ԱՄՆ ռազմածովային ուժերը արհեստագիտական եւ ռազմական գերազանցութիւն ունեն, սակայն Հորմուզի նեղուցի աշխարհագրական առանձնայատկութիւնները այն դարձնում են բաւականին բարդ տարածք` լիարժէք վերահսկողութիւն իրականացնելու համար: Նեղուցի սահմանափակ լայնութիւնը, ափամերձ տարածքների մօտ լինելը եւ ծովային հաղորդակցութեան բարձր աշխուժութիւնը ստեղծում են այնպիսի պայմաններ, որտեղ նոյնիսկ փոքր միջադէպերը կարող են արագ վերածուել լայնածաւալ ճգնաժամերի: Միեւնոյն ժամանակ միջազգային ծովային անվտանգութեան մեքանիզմների արդիւնաւէտութեան նկատմամբ չափազանց մեծ վստահութիւնը կարող է դիտարկուել որպէս ռազմավարական սխալ: Ընդհանուր նաւագնացութեան համակարգը հիմնուած է առեւտրային նաւերի ազատ տեղաշարժի եւ միջազգային ծովային իրաւունքի վրայ, սակայն ռազմական հակամարտութեան պայմաններում այդ համակարգը կարող է կորցնել իր գործունակութիւնը:

Իրանի կողմից որդեգրուած ռազմավարութիւնը Հորմուզի նեղուցի նկատմամբ հիմնականում հիմնուած է «ծովային մուտքի խափանման» սկզբունքի վրայ, որը միջազգային ռազմավարական գրականութեան մէջ յաճախ բնութագրւում է որպէս Sea Denial մօտեցում: Այս ռազմավարութեան նպատակը ոչ թէ նեղուցը ամբողջութեամբ փակել կամ դրա նկատմամբ լիակատար ռազմական վերահսկողութիւն ապահովելն է, այլ` ստեղծել այնպիսի անվտանգային միջավայր, որտեղ նաւագնացութիւնը դառնում է անկանխատեսելի եւ վտանգաւոր նաւերի համար: Իրանը այս նպատակին հասնելու համար օգտագործում է մի շարք ռազմական եւ արհեստագիտական գործիքներ, ներառեալ` ափամերձ հրթիռային համակարգերը, ծովային ականները, անօդաչու թռչող սարքերը եւ արագընթաց փոքր նաւակները, որոնք կազմաւորուած են խմբային յարձակումների ձեւաչափով: Այս մեթոտները համեմատաբար ցածր ծախսատար են, սակայն կարող են լուրջ խնդիրներ ստեղծել անգամ արհեստագիտական առումով առաւել զարգացած նաւատորմերի համար:

Այս ռազմավարութեան արդիւնաւէտութիւնը պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ միջազգային առեւտրային նաւագնացութիւնը մեծապէս կախուած է ապահովագրական եւ ֆինանսական վտանգների գնահատումից: Նաւագնացութեան ոլորտում նոյնիսկ սահմանափակ ռազմական սպառնալիքը կարող է յանգեցնել ապահովագրական վճարների կտրուկ աճի, ինչի պատճառով միջազգային առեւտրային նաւատորմները սկսում են խուսափել վտանգաւոր երթուղիներից: Նման իրավիճակ արդէն նկատուել է Կարմիր ծովում, որտեղ Եմէնի հութիների գործողութիւնները յանգեցրին այն բանին, որ բազմաթիւ միջազգային նաւատորմներ սկսեցին փոխել իրենց երթուղիները` շրջանցելով վտանգաւոր տարածաշրջանը: Սա ցոյց է տալիս, որ նոյնիսկ սահմանափակ ռազմական գործողութիւնները կարող են ունենալ անհամաչափ տնտեսական հետեւանքներ:

Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծուած իրավիճակը անմիջապէս անդրադառնում է միջազգային ուժանիւթային շուկաների վրայ: Նաւթի եւ բնական կազի համաշխարհային շուկաները չափազանց զգայուն են մատակարարումների ցանկացած խափանման նկատմամբ, յատկապէս` այն դէպքերում, երբ խօսքը վերաբերում է ռազմավարական տարածաշրջանների, ինչպիսին Պարսից ծոցն է: Նեղուցով անցնող նաւթի մատակարարումների նոյնիսկ մասնակի կրճատումը կարող է առաջացնել գների կտրուկ աճ, ինչպէս նաեւ խուճապային արձագանգ` ուժանիւթի շուկաներում: Պատմականօրէն նման իրավիճակ արդէն դիտուել է 1973 թուականի նաւթային ճգնաժամի ժամանակ, երբ ուժանիւթի  մատակարարումների սահմանափակումները յանգեցրին համաշխարհային տնտեսական լուրջ ցնցումների: Սակայն ներկայիս ընդհանուր տնտեսութիւնը շատ աւելի փոխկապակցուած է, եւ դրա պատճառով ազդեցութիւնը կարող է լինել նոյնիսկ աւելի լայնածաւալ:

Ուժանիւթի շուկաների անկայունութիւնը իր հերթին անմիջապէս ազդում է համաշխարհային տնտեսութեան վրայ: Նաւթի գների բարձրացումը արդէն մեծացրել է արտադրական եւ փոխադրումների ծախսերը, ինչն առաջացրել է գնաճային ճնշումներ բազմաթիւ երկրներում: Բացի այդ, մատակարարման շղթաների խաթարումը արդէն ազդել է արդիւնաբերական արտադրութեան վրայ` յատկապէս այն երկրներում, որոնք մեծապէս կախուած են ներմուծուող ուժանիւթից: Ասիայի խոշոր տնտեսութիւնները, որոնք հանդիսանում են Պարսից ծոցի նաւթի հիմնական սպառողները, արդէն բախուել են ուժանիւթային անվտանգութեան լուրջ խնդիրների: Միեւնոյն ժամանակ Եւրոպայի ուժանիւթի շուկաները աստիճանաբար զգում են այս ճգնաժամի ազդեցութիւնը յատկապէս այն պայմաններում, երբ համաշխարհային ուժանիւթային համակարգը գտնւում է վերափոխման փուլում:

Հորմուզի նեղուցի շուրջ լարուածութիւնը նաեւ փոխում է ծովային անվտանգութեան աշխարհագրութիւնը` տեղափոխելով ռազմական եւ ռազմավարական մրցակցութիւնը դէպի Հնդկական ովկիանոս: Եթէ նեղուցով նաւագնացութիւնը դառնայ չափազանց վտանգաւոր կամ սահմանափակուած, միջազգային առեւտրային նաւատորմները ստիպուած կը լինեն օգտագործել այլընտրանքային, յաճախ աւելի երկար եւ ծախսատար երթուղիներ: Այս գործընթացը յանգեցնում է Հնդկական ովկիանոսի որոշ հատուածներում նաւագնացութեան աշխուժութեան աճի եւ ծովային անվտանգութեան նոր մարտահրաւէրների առաջացման: Միեւնոյն ժամանակ մեծ տէրութիւնները մեծացնում են իրենց ռազմածովային ներկայութիւնը այդ տարածաշրջանում` պաշտպանելու իրենց առեւտրային նաւերը եւ ապահովելու ծովային հաղորդակցութիւնների անվտանգութիւնը:

Այլընտրանքային երթուղիների օգտագործումը, սակայն, կապուած է մի շարք վտանգների հետ: Այս դէպքում նաւերը կարող են ստիպուած լինել շրջանցել Ափրիկէի հարաւային հատուածը` անցնելով Բարեյուսոյ հրուանդանով (Cape of Good Hope) կամ Մոզամպիքի նեղուցով (Mozambique Channel): Այս երթուղիները զգալիօրէն երկարացնում են ճանապարհը, ինչի պատճառով աճում են վառելիքի ծախսերը եւ առաքման ժամկէտները: Բացի այդ, որոշ հատուածներում ծովահէնութեան եւ այլ անօրինական գործողութիւնների վտանգը շարունակում է մնալ բարձր, ինչը լրացուցիչ վտանգներ է ստեղծում միջազգային առեւտրի համար: Այս հանգամանքները կարող են աւելի մեծացնել ընդհանուր առեւտրի վրայ ճգնաժամի ազդեցութիւնը:

Ծովային անվտանգութեան միջավայրի վատթարացումը աւելացնում է ռազմական միջադէպերի եւ սխալ հաշուարկների հաւանականութիւնը: Ժամանակակից նաւագնացութիւնը մեծապէս կախուած է տարբեր արհեստագիտական համակարգերից, ներառեալ` ինքնաշխատ նոյնականացման համակարգերը եւ արբանեակային ուղղութեամբ: Սակայն ռազմական հակամարտութեան պայմաններում այս համակարգերը յաճախ ենթարկւում են խափանումների կամ դիտաւորեալ միջամտութիւնների, ինչը դժուարացնում է նաւերի շարժի վերահսկումը եւ մեծացնում պատահական բախումների վտանգը: Միեւնոյն ժամանակ կեղծ դրօշի օգտագործումը կամ նաւերի ինքնութեան քողարկումը կարող է աւելի բարդացնել իրավիճակը` ստեղծելով անորոշութիւն եւ շփոթութիւն միջազգային ռազմածովային ուժերի շրջանում:

Այս բոլոր գործօնները միասին կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պատճառով Հնդկական ովկիանոսը վերածւում է նոր թատերաբեմի` մեծ տէրութիւնների մրցակցութեան եւ հնարաւոր ռազմական բախումների համար: Ռազմածովային ուժերի աճող ներկայութիւնը, միջազգային առեւտրային նաւերի ուղեկցման գործողութիւնները եւ տարածաշրջանային անվտանգութեան աճող լարուածութիւնը կարող են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նոյնիսկ փոքր միջադէպերը կարող են արագ վերածուել լուրջ դիմակայութեան: Այս համատեքստում յատկապէս կարեւոր է այն հանգամանքը, որ տարածաշրջանում գործում են միաժամանակ մի քանի խոշոր ռազմածովային ուժեր, որոնց միջեւ համակարգուածութեան բացակայութիւնը մեծացնում է մագլցումի վտանգը:

Ընդհանուր առմամբ, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծուած իրավիճակը յստակ ցոյց է տալիս, որ նոյնիսկ սահմանափակ ռազմական միջոցներով կիրառուող անհամաչափ ռազմավարութիւնը կարող է ստեղծել համաշխարհային մակարդակի տնտեսական, քաղաքական եւ անվտանգային ազդեցութիւն, ինչը ընդգծում է ժամանակակից միջազգային համակարգի խոցելիութիւնը ռազմավարական ծովային հաղորդակցութիւնների նկատմամբ: Միեւնոյն ժամանակ այս ճգնաժամը բացայայտում է այն վտանգները, որոնք կարող են առաջանալ ռազմավարական սխալ հաշուարկների պատճառով, ներառեալ` ուժանիւթային  մատակարարումների խափանումը, միջազգային առեւտրի խաթարումը եւ ծովային անվտանգութեան միջավայրի վատթարացումը, որոնք միասին կարող են ստեղծել ընդհանուր անկայունութեան նոր փուլ:

Հետեւաբար Հորմուզի նեղուցի շուրջ զարգացող ճգնաժամը պէտք է դիտարկել ոչ միայն որպէս տարածաշրջանային ռազմական հակամարտութեան հետեւանք, այլ նաեւ` որպէս ընդհանուր անվտանգութեան եւ տնտեսութեան համակարգային մարտահրաւէր: Այս իրավիճակը ցոյց է տալիս, որ ժամանակակից աշխարհում ռազմավարական ծովային անցուղիները շարունակում են ունենալ նոյնքան կարեւոր նշանակութիւն, որքան` ուժանիւթի պաշարների կամ ռազմական ուժը: Եթէ այս ճգնաժամը չկարգաւորուի իրականութեան վրայ հիմնուած արդիւնաւէտ դիւանագիտական մեքանիզմների միջոցով, այն կարող է վերածուել աւելի լայն միջազգային հակամարտութեան, որի հետեւանքները կը զգացուեն ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլեւ` ամբողջ համաշխարհային տնտեսութիւնում եւ միջազգային յարաբերութիւնների համակարգում:

17 մարտ 2026

Նախորդը

Խօսք՝ Քառասունքի, Յարգանքի Ու Երախտիքի (Սարգիս Մահսէրէճեանի Յիշատակին)

Յաջորդը

Կեանք-Պարգեւը

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.