«Ում խղճի վրայ կը մնայ արցախցու խիղճը
մարմնաւորող ղեկավարների դատը»
ՀԱՏԻՍ
Արցախի անցեալ ու ներկայ ղեկավարների դատավարական ճակատագիրը մի ձեւակերպմամբ բնորոշելը անհնարին է:
Եթէ մէկ բառով` նրանք արժանապատուօրէն իրենց վրայ վերցրին արցախահայութեան անփորձանք տեղահանութեան ամբողջ ծանրութիւնը: Ոչ որպէս անձնական ձախողում, այլ` որպէս պատմական պատասխանատուութիւն: Սա ողբերգ էր ու ցաւ ոչ այնքան իրենց համար, որքան` այն խղճի, որին նրանք մարմնաւորում են:
Անհրաժեշտ է յստակ արձանագրել. Արցախի ղեկավարները արցախահայութեան խղճի վրայ չեն մնացել: Ընդհակառակը, նրանք եղել են այդ խղճի մարմնաւորումը: Ազատագրական պայքարը միայն ռազմաքաղաքական գործընթաց չէ, այն խղճի շարժում էր, արժանապատուութեան ապստամբութիւն, ինքնութեան գիտակցում: Այդ պայքարի ընթացքում ձեւաւորուած քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը կրում էր ոչ միայն որոշումների պատասխանատուութիւնը, այլեւ` ժողովրդի գոյաբանական ինքնազգացողութիւնը:
Այսօր նրանց դատում են ոչ թէ որպէս անհատների, այլ` որպէս խղճի կրողների: Դատում են այն գաղափարը, որ ժողովուրդը կարող է իր հողի վրայ ունենալ` իր ձայնը, իր պաշտպանութիւնը, իր պատմական շարունակականութիւնը: Այդ դատը, սակայն, չի մնացել միայն դատարանների պատերի ներսում:
Հայաստանի ներկայ իշխանութիւնները եւս ձեռքերը լուանալով այս իրողութեան վրայ` «առաջ նայելու» հռետորաբանութիւնը հաւասարեցրին անցեալ չունենալու հետ: Իսկ անցեալ չունենալը քաղաքական դիրքորոշում է: Դա ինքնութեան կորուստ է: Ով չի ընդունում իր անցեալը, դատապարտում է իրեն լինել օտար` սեփական ներկայում: Հողը պատմութիւն է:
Իսկ պատմութիւնը չեն մուրում: Պատմութիւնը ապրում են եւ ապրելով` յիշեցնում: Յիշեցնում են, որ ժողովուրդներն ունեն ինքնութեան սեփական անձնագիր: Այդ անձնագրի առաջնորդող էջում նշուած են ոչ միայն ծննդավայրն ու լեզուն, այլ նաեւ` պաշտպանութեան իրաւունքը, արժանապատուութեան սահմանը, գոյութեան օրէնքը: Իսկ այդ անձնագրի սեփականատէրը պէտք է պաշտպանուած լինի հէնց այդ առաջնորդողի բառով ու կէտով:
Այստեղ անխուսափելի է խօսել ժողովրդի մասին` որպէս հաստատութիւն: Ժողովուրդը միայն քուէարկող զանգուած չէ, այն գիտակցող օրկանիզմ է: Իսկ օրկանիզմը, երբ ցաւ է զգում, ունի երեք ճանապարհ` զգալ, հակազդել եւ մտածել բուժման մասին: Սակայն ժամանակակից քաղաքականութեան մէջ երբեմն առաջարկւում է նաեւ այլ «մեթոտ». ցաւի տակ «սրսկուել» մոռացութեամբ, կարճատեւ հաճոյքով, կեղծ «պաշտպանւած լինելով»: Նիկոլ Փաշինեանի ու իր խմբի կողմից բազմիցս բարձրաձայնուած «կանեփային» քաղաքականութիւնը,` որպէս փոխաբերութիւն, դառնում է ինքնապաշտպանութեան կեղծ ձեւ, որ իրականում խորացնում է ինքնութեան հիւանդութիւնը:
Համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ նման դէպքերում քաղաքական ղեկավարների գերեվարումը հազուադէպ է ընկալւում որպէս արդարադատութիւն: Աւելի շուտ այն նմանւում է արտայանձնման` քաղաքական հաշիւների, ուժային հաւասարակշռութիւնների եւ լռութեան պայմանագրերի շրջանակում: Արցախի ղեկավարների պարագայում եւս մենք գործ ունենք ոչ թէ իրաւական, այլ քաղաքական գործընթացի հետ, որտեղ դատը կայանում է ոչ թէ մեղքի ապացոյցների, այլ գոյութեան փաստի դէմ:
Եւ այստեղ հարցը կրկին վերադառնում է մեզ:
Ո՞ւմ խղճի վրայ մնաց այդ դատը:
Թերեւս այն մնաց բոլոր նրանց վրայ, որոնք լռեցին: Բոլոր նրանց վրայ, որոնք «առաջ նայելու» անունով համաձայնուեցին աչք փակել անցեալի վրայ…
Խիղճը մոռացութիւն չի ճանաչում: Այն սպասում է իր ժամանակին` յիշեցնելու, որ ժողովուրդը, որքան էլ` ճնշուած, դեռ կենդանի օրկանիզմ է: Եւ կենդանի օրկանիզմները, ի վերջոյ, կա՛մ բուժւում են, կա՛մ զարթնում: Կախման կէտեր:
Յ. Գ.- Ռուբէն Վարդանեանը կնոջ` Վերոնիկա Ջոնաբենդի հետ հեռախօսազրոյցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալպեր Քամիւի «Ընդվզող մարդը» էսսէից հետեւեալ միտքը.
«Ապագան հնարաւոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցէ անհնար է: Բայց մենք պարզապէս հրաժարւում ենք ընդունել դա: Պէտք է ոչինչ չխնայենք յանուն վերածննդի: Այլ տարբերակ էլ չունենք: Կա՛մ կը վերածնուենք, կա՛մ կը մեռնենք»:
«ԱԼԻՔ»


