ՏԱԹԵՒԻԿ ԴԱՒԹԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2024 թ. իրականացուեցաւ «Հայ ուսանողութիւնը Արցախի համար» հետազօտութիւններու մրցանքը, որուն մասնակցեցան մի քանի տասնեակ ուսանողներ աշխարհի տարբեր երկիրներէ: Ծրագրին հիմնական նպատակն է մէկտեղել հայ ուսանողութեան կարողականութիւնը` քաղաքական, տնտեսական, ընկերաբանական, իրաւագիտական, մշակոյթի եւ հետաքննողական լրագրութեան բնագաւառներու մէջ, հմուտ խորհրդատուներու հետ համագործակցիլ եւ արդիւնքները տրամադրելի դարձնել հայանպաստ գործունէութիւն ծաւալող ազդեցիկ հիմնարկներու` արդիւնաւէտ օգտագործման համար:
Կը ներկայացնենք մրցանքին գնահատանքի արժանացած ուսանող Տաթեւիկ Ն. Դաւթեանի (ՀՀ) հետազօտութեան ամփոփագիրը, նիւթ` «Արցախից բռնի տեղահանութեան ազդեցութիւնը Արցախի երեխաների իրաւունքների վրայ», խորհրդատու` Գեղամ Ստեփանեան, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպան:
Ռազմական գործողութիւններին չմասնակցող երեխաների իրաւունքները զինուած հակամարտութեան կամ ռազմական իրավիճակում երաշխաւորուած են «Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանութեան մասին» 1949 թ. Ժընեւի հռչակագրով, ինչպէս նաեւ` 1977 թուականի յունիսի 8-ի թիւ 1 լրացուցիչ արձանագրութեամբ:
2022 թուականի դեկտեմբերի 12-ին սկսուած եւ շուրջ 9 ամիս տեւած շրջափակմանը յաջորդեց 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Ազրպէյճանի լայնածաւալ յարձակումը Արցախի Հանրապետութեան դէմ` աւելի տեսանելի դարձնելով Ազրպէյճանի յանցաւոր նկրտումների վերաբերեալ կանխատեսումները: Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակչութիւնը գտնւում էր հրետակոծութեան տակ, ըստ ԶԼՄ հետազօտութիւնների եւ ականատեսների, Ազրպէյճանի ԶՈՒ-ն կիրառել է հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր:
Արցախում բնակուող շուրջ 30.000 երեխաների իրաւունքներ խախտուած են եղել ինչպէս շրջափակման ընթացքում, այնպէս էլ ռազմական գործողութիւնների սկսման եւ դրան յաջորդող իրադարձութիւնների ընթացքում:
Դէպքերի իրադարձութիւնները յստակ ուսումնասիրելով` կարող ենք եզրակացնել, որ Պաքուի կողմից նախապէս մտածուած է եղել Արցախի Հանրապետութեան դէմ ռազմական գործողութիւնների սկսման ժամը. այն սկսուել է ցերեկը, կէսօրից յետոյ, երբ երեխաներն ու ուսանողները դասի են եղել: Շարունակուող ռմբակոծութիւնները խաղաղ բնակչութեան նկատմամբ միտուած են եղել մեծացնելու խուճապը` երեխաների եւ ծնողների միջեւ կապի հաստատումն անհնար դարձնելով:
Ազրպէյճանի կողմից ռազմական գործողութիւնների պատճառով կան երեխաների սպանութեան արձանագրուած դէպքեր, բազմաթիւ երեխաներ մնացել էին առանց հարազատների եւ առանց տարհանման հնարաւորութեան: Արցախում մարդիկ յուսահատ փորձում էին գտնել իրենց երեխաներին, որոնց հետ կապն ընդհատուել էր: Սեպտեմբերի 20-ի դրութեամբ, վիրաւոր երեխաների թիւը եղել է 13:
Արցախի Սառնաղբիւր գիւղում զոհուել է 5 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը երեխաներ են եղել, որոնք սպաննուել են դպրոցում: Որոշ դիտարկումների ընթացքում պարզ է դառնում, որ երեխաները բախուել են սննդի սահմանափակումների, սանիտարական պայմանների եւ առողջապահական խնամքի անհասանելիութեան, ինչպէս, օրինակ, ռազմական գործողութեան ընթացքում երկու երեխայ ծնուել է նկուղում, իսկ յատկապէս Արցախի սահմանամերձ գիւղերից տարհանուած երեխաները, որոնք ռազմական գործողութեան աւարտից յետոյ չէին կարող վերադառնալ իրենց տները եւ ստիպուած` ապաստան էին գտել Ստեփանակերտի օդանաւակայանում` գիշերում էին դրսում, առանց սնունդի, հագուստի, մաքրութեան պարագաների:
Ազրպէյճանի ռազմատենչ գործողութիւնների պատճառով խախտուել է երեխաների` մայրենի լեզուով խօսելու, իրենց մշակոյթն ու կրօնը պահպանելու իրաւունքը: Արցախի բնակչութեանը բռնի հպատակեցման Ազրպէյճանի նպատակներից մէկն այն էր, որ բնակչութիւնն այլեւս համարկուի Ազրպէյճանին եւ դառնայ Ազրպէյճանի քաղաքացի` կորցնելով իր մայրենի լեզուն, կրօնն ու մշակոյթը:
Բռնի տեղահանման պարագայում, ցաւօք, մասամբ եւս բախւում ենք այս իրաւունքի խախտման դրսեւորումներին, քանի որ ՀՀ-ում Արցախից բռնի տեղահանուածների տեղաբաշխումը չի իրականացւում ըստ համայնքային բաժանման, երեխաները կորցնում են իրենց արցախեան մշակութային առանձնայատկութիւնների պահպանման ու արցախեան բարբառով խօսելու հնարաւորութիւնը:
Արցախում 2023 թուականի սեպտեմբերեան ռազմական գործողութիւնների եւ բռնի տեղահանման ընթացքում խախտուել է 30 հազարից աւելի երեխաների կրթութեան իրաւունք, որոնցից շուրջ 21 հազարը` դպրոցահասակ: Արցախից բռնի տեղահանուած երեխաները ռազմական գործողութիւնների եւ բռնի տեղահանման կազմակերպման ողջ ընթացքում զրկուած են եղել կրթութեան իրաւունքի իրացումից: Այս պահին էլ Արցախից բռնի տեղահանուած դպրոցահասակ 21 հազար երեխաներից ՀՀ մարզերի եւ Երեւանի դպրոցներում ընդգրկուել է դեռ 17 հազարը:
Շուրջ 30.000 երեխաներ ինչպէս շրջափակման ընթացքում, այնպէս էլ ռազմական գործողութիւնների եւ բռնի տեղահանման ընթացքում ենթարկուել են հոգեբանական եւ ֆիզիքական բռնութեան ու վախի:
Երեխաների կեանքին առնչուող գրեթէ բոլոր ոլորտներում Ազրպէյճանի կողմից իրականացուած բռնի տեղահանումը իր ազդեցութիւնն է ունեցել. երեխաները սպաննուել են, վիրաւորուել, հարկադրուած են եղել լքել իրենց տներն ու հայրենիքը, զրկուել կրթութիւնից եւ անվտանգ ու ապահով միջավայրով պայմանաւորուած բոլոր առաւելութիւններից: Շատերը կորցրել են իրենց հայրերին ու եղբայրներին, որոշ դէպքերում` նաեւ մայրերին կամ պապիկներին, որոնք որպէս քաղաքացիական անձինք` սպաննուել են Ազրպէյճանի ԶՈՒ անձնակազմի կողմից:
Տասնեակ զոհերի հարազատներ չէին կարողանում յուղարկաւորել իրենց հարազատներին, ոմանք հարազատների մարմիններն իրենց հետ տեղափոխել են ՀՀ, որպէսզի ազրպէյճանական զինուած ստորաբաժանումները չպղծեն իրենց հարազատների շիրիմները, ինչպէս արուել է դա 2020 թուականից յետոյ Արցախի Հանրապետութեան բռնագրաւուած շրջանների դէպքում: Սա եւս հոգեբանական մեծ սթրես է եղել երեխաների համար, սակայն որոշ դէպքերում հարազատները յուղարկաւորել են իրենց հարազատների մարմինները` չիմանալով, որ գիւղը ժամեր անց պիտի յանձնուի թշնամուն, ուստի այսօրինակ դէպքում երեխաները բախուել են մէկ այլ իրաւունքի խախտման եւ հոգեբանական սթրեսի` այլեւս իրենց հարազատների շիրիմներին այցելելու անհնարինութեան:
Արցախից բռնի տեղահանման պատճառով ընտանիքները կորցրել են ամէն ինչ, եւ յայտնուել` եկամտի աղբիւրի բացակայութեան առջեւ, ինչը իր բացասական ազդեցութիւնն է ունենում երեխաների եւ նրանց ընտանիքների բարեկեցութեան վրայ:
Պատերազմը, բռնի տեղահանումը կործանարար ազդեցութիւն են թողնում նաեւ երեխաների հոգեկան առողջութեան եւ բարեկեցութեան վրայ: Շուրջ 30.000 երեխայ գտնւում է ընկճուածութեան, տագնապի եւ հոգեկան առողջութեան այլ խնդիրների վտանգի ներքոյ` հնարաւոր երկարաժամկէտ հետեւանքներով եւ ազդեցութեամբ:
Չնայած ներկայում Արցախի Հանրապետութիւնում ստեղծուած իրավիճակը բաւարար չէ անվտանգ վերադարձի համար, սակայն միջազգային իրաւունքի մեքանիզմները թոյլ են տալիս Արցախի Հանրապետութեան` իրենց տները լքած բնակիչներին իրացնելու իրենց բնակավայր վերադառնալու իրաւունքը: Արցախի Հանրապետութեան բնակիչներն ունեն ներքին ինքնորոշման իրաւունք, եւ համաձայն Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի, «Առանց արտաքին միջամտութեան ազատ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը, տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը»:


