Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անկախութեան Հոգեբանական Ֆենոմենը

Հոկտեմբեր 27, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՆՈՒԷԼ ՄԿՐՏՉԵԱՆ

Եթէ մի հրաշքով հնարաւոր լինէր անցնել երկրից երկիր ու ժողովուրդներին հարցնել, թէ ի՞նչ է անկախութիւնը, համոզուած եղէք` մարդիկ կը դժուարանային պատասխանել այդ հարցին: Անկախութիւնը, նրա դերն ու նշանակութիւնը ազգերի կեանքում պատմաքաղաքական, կրօնամշակութային եւ ընկերային-տնտեսական եւ, վերջապէս, էթնո-հոգեբանական խիստ բազմածալք երեւոյթ է: Չկայ մի այնպիսի համընդգրկուն հայեացք, որով հնարաւոր լինի այն ամբողջացնել: Լաւագոյնը, ինչը որ կարելի է անել, այն է, որ կարող ենք խօսել անկախութեան այս կամ այն կերպին մասին: Տուեալ դէպքում մեզ յուզում են անկախութեան հոգեբանական ընկալումները եւ, ի հարկէ, դրանց արտացոլումները հասարակական վարքի մէջ: Հարցը, թէ ինչո՞ւ են ազգերը ձգտում անկախութեան, յատկապէս` քաղաքական անկախութեան, ունի իր համայնատարած պատասխանը` պահպանել ազգային տեսակը, էութիւնը եւ զարգանալ: Այս խնդիրը տարբեր ազգեր տարբեր կերպ են լուծել եւ լուծում: Որոշ ազգերի համար անխուսափելի է եղել պայքարի ռազմական ճանապարհը, միւսների համար այն դիւանագիտական ուղին է` միջազգային օրէնքների եւ կարգերի իրաւաքաղաքական կարգաւորումներով, յայտնի է նաեւ հոգեւոր, խաղաղ ընդվզման ուղին, Մահաթմայ Կանտիի կիրառած ձեւը Հնդկաստանում եւ այլն: Բոլոր դէպքերում բախտորոշ են եղել պատմական հանգամանքները: Ակնյայտ է մի բան` ազգային տեսակի պահպանութիւնը գերիշխող, բացարձակ նպատակ է բոլորի համար. այլ հարց է, թէ այս կամ այն ազգը ի՛նչ ներքին մղումներով ու արտաքին ուժերի ազդեցութեամբ է դա կեանքի կոչում:

Ամերիկեան յայտնի տեսաբան Հանթինկթոնը իր «Քաղաքակրթութիւնների պատերազմ» արժէքաւոր գրքում մօտաւորապէս այսպէս է ներկայացնում իրավիճակը. «Մահմետականները կարող են դառնալ քրիստոնեաներ, ուղղափառները` կաթոլիկներ, պահպանողակաները` ազատականներ, ժողովրդավարները` միապետականներ, բայց երբեք չինը հոլանտացի չի դառնայ, ռուսը` սպանացի, հայը` թուրք, գերմանցին` արաբ»: Սա պատմութեամբ փաստուած իրողութիւն է: Հարկ է նաեւ նկատել, որ Հանթինկթոնի այս դիտարկումները ներկայումս ինչ-որ չափով հնացած են, աւելի ճիշդ կը լինի ասել` փոխակերպուած: Աշխարհում աւելի բարդ գործընթացներ են տեղի ունենում: Բանն այն է, որ անկլօ-սաքսոնական կենտրոնների կողմից հրապարակ հանուած համաշխարհայնացում փիլիսոփայութիւնը եւ գործընթացները, աշխարհը, աւելի ստոյգ արեւմտեան ու ասիական հատուածը, վերջին երեսուն տարում նետեցին կատարեալ քաոսի մէջ: Այսպէս կոչուած` «ժողովրդավարական արժեհամակարգը» եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան սին պատրանքները ոչ միայն չլուծեցին ազգերի հիմնարար հարցերը, այլեւ ստիպեցին, որ քաղաքական շնականութիւնը եւ լպիրշութիւնը, «համաշխարհային զօռպայութիւնը» դառնան միակ հասկանալի լեզուն բոլոր մեծ ու փոքր տէրութիւնների համար: Մարդկութիւնը, ասես, յետքայլ է անում դէպի բիրտ ժամանակներ: Բոլոր միջազգային կառոյցները, որոնք իբր թէ պէտք է կարգաւորէին պետութիւնների եւ ժողովուրդների հարցերը, բացայայտեցին իրենց լիակատար սնանկութիւնը եւ անպէտքութիւնը: Օրինակ, ՄԱԿ-ը եւ եւրոպական կառոյցներն ամէն օր հրապարակում են ոչինչ չնշանակող բարձրագոչ որոշումներ, որոնք ո՛չ պաղեստինցիների բացայայտ ցեղասպանութիւնն են կասեցնում, ո՛չ կանգնեցնում ռուս-ուքրանական արիւնահեղութիւնը եւ ո՛չ էլ թուրքական ցեղային զտումը եւ վանտալիզմը Արցախում: Այնպէս որ, ապրում ենք մի նոր եւ հրէշաւոր աշխարհում, ու ասես` սրա վերջը չի երեւում:

Եւ այս դէպքում ինչպէ՞ս կարելի է յոյսն ուրիշների վրայ դնել: Ու քանի որ սա է մերկ ճշմարտութիւնը, ուստի անկախութիւնն է այն քիչ թէ շատ յուսալի խարիսխն ու զրահը, այն «Զամբիւղը», որի մէջ կարողանում է ապրել ազգային տեսակը եւ ինքնութիւնը: Եւ եթէ ազգերը տէր չեն կանգնում այս «զամբիւղին», ամէն բան յայտնւում է գոյաբանական վտանգների տիրոյթում:

Արեւելքից եկած մի ճշմարիտ խօսք կայ. «Դու ես պատճառը քո տառապանքների, քո դժբախտութեան ու մեծամտութեան: Ուրիշը պատասխանատուութիւն չի կրում քո ապրումների եւ զգացումների համար: Դու, միայն դու ես քո թէ՛ դրախտը եւ թէ՛ դժոխքը»: Իսկ մեր դիւցազնավէպը, Դաւթի բերանով է՛լ աւելի լակոնիկ է. «Իմ ցեցը իմ անձից է: Էդ իմ սերմն է, որ ինձ սպաննեց»: Թերեւս հայոց իրականութեան վերջին ամենահրէշաւոր իրողութիւնը հէնց այն է, որ ազգովին թոյլ տուեցինք, որ այդ «ցեցը» արթնանայ: Արթնանայ, արթնացնի իր նմաններին ու խժռի ամէն ինչ: Այս թեմային կ՛անդրադառնանք քիչ աւելի ուշ, հիմա փորձենք հասկանալ անկախութեան ընկալման հոգեբանական շերտերից մի քանիսը: Արդէն ասացինք` անկախութեան հոգեբանութիւնը դժուար ձեւակերպելի բան է: Այն մի դէպքում ազգային պատկանելութեան խորքային նոյնականացում է, մէկ այլ դէպքում` ինքնայարգանքի եւ արժանապատուութեան ամուր զգացումը, մէկ այլ պարագայում` բարձր ինքնագիտակցութիւնը եւ ի հարկէ` ինքնավստահ ու անվտանգ ապրելու ձգտումը: Տուեալ երկրի քաղաքական կշիռը աշխարհում խիստ որոշիչ գործօն է: Տարբեր ազգերի մօտ այս ամէնը ունի իր դրսեւորման ուրոյն կերպը: Օրինակ, ռուս մարդուն ասես, որ եթէ նա հազար քիլոմեթր քայլի դէպի արեւելք, դա իրենն է, եթէ արեւմուտք, հիւսիս կամ հարաւ, նոյնպէս իրենն է, այդ ամէնը իր երկիրն է: Սա լսելով` նա հնարաւոր է ասի. «Որ այդպէս է, ես պատրաստ եմ նաեւ զրկանքների մէջ ապրել, որովհետեւ սա իմ անկախ, ինքնիշխան երկիրն է, սա միմիայն իմն է…»: Ահա թէ ինչո՛ւ են ռուսներն այդպէս արագ զօրաշարժի ենթարկւում իրենց հայրենիքի պաշպանութեան խնդրում, սպառնալիքներին դէմ յանդիման: Զոհաբերուելը յանուն այս ամէնի` ռուսական ընկալումներում այլընտրանք չունի: Այստեղ արդէն հայրենիք, անկախութիւն եւ պետութիւն եզրերը միահիւսւում են: Սա ուժեղ զգացում է, որը համեմատաբար թոյլ է արտայայտուած արեւմտեան ազգերի մօտ:

Իտալացին, գերմանացին, ֆրանսացին եւ միւսներն իրենց անկախութեան ապահովման այլ մոտելներ ունեն, նրանք դա փորձում են անել հնարաւորինս ամուր համակարգեր ստեղծելով, սա նաեւ ամերիկեան մօտեցում է: Ասել է թէ` «Անկախութեանը պէտք է տէր կանգնել ոչ թէ յոյզերի եւ բուռն զգացումերի ուժով, ինչպէս ռուսների մօտ է», այլ` ազգին ծառայող պետական համակարգերի օգնութեամբ: Հետաքրքիր են պարսիկները, չիները, քորէացիները, ճափոնացիները, սրանց համար էլ հզօր գործօն է նպատակադրումը այս կամ այն մեծ խնդրի շուրջ, որը կարող է միլիառ մարդու դարձնել մէկ մարդ: Այս ազգերը ամուր կանգնած են իրենց ոտքերի վրայ, նրանք ապրում են իրենց ճշտուած շահերով եւ նպատակներով:

Խնդիրն այստեղ ազգի թուաքանակը չէ, այլ` հաւաքական ինքնագիտակցութիւնը եւ դրան նպաստող հոգեկերտուածքը: Տարիներ առաջ մի զրոյցի ժամանակ ես հարցրի իրանագէտ եւ արեւելեան ազգերի պատմութեան հմուտ հետազօտող Գառնիկ Ասատրեանին. «Այդ ինչպէ՞ս է, որ քրտերը Մերձաւոր Արեւելքի մի քանի երկրներում, ունենալով մօտ 40-45 միլիոն բնակչութիւն, այդպէս էլ չեն կարողանում ստեղծել անկախ պետութիւն»: Նա պատասխանեց. «Նրանց քանակը շատ բան չի որոշում, քանի որ քրտերը նախ` շատ խղճուկ ազգային ինքնագիտակցութիւն ունեն, եւ յետոյ` նրանց նկարագրի եւ վարքագծի մէջ մինչ օրս գերիշխում են ցեղային կամ աւազակային, թալանչիական հակումները: Երբ մի տարածք են նուաճում, մտածում են ոչ թէ ամրապնդուելու, այլ արագ կողոպտելու եւ հեռանալու մասին… Ա՛յ դրա համար էլ միւս պետութիւնները նրանց միշտ օգտագործում են` դիմացը ոչինչ չտալով»: Այս ամէնով հանդերձ, բոլոր ազգերի համար էլ ճակատագրական կարող են լինել առաջնորդները, նրանց գործերը, արարքները եւ մանաւանդ` չարածները: Մի բան է, երբ առաջնորդը անկախութեան գաղափարը շարժման մէջ դնող կարգին, ազգասէր մարդ է, մէկ այլ բան` երբ պատահական, վախկոտ, թշնամիների եւ օտար ուժերի դրածոյ: Պատմութիւնը այսպիսի տխուր կերպարներ եւս շատ է տեսել: Մի բան է, երբ առաջնորդն իր յենարանն է դարձնում ժողովրդի առողջ, քաջարի, մտածող եւ սրտացաւ ուժերին, մէկ այլ բան` երբ ամբոխին, նրա վախկոտ ու թուլամորթ հատուածին: Խնդիրն ընդամէնը այն է, թէ ի՛նչ է խոստանում նա այս ամբոխին:

Ու ցաւալին այն է, որ նրանք կարող են յաջողել իրենց կեղտոտ նպատակադրումների մէջ: Յիշենք Օրուելի յայտնի խօսքերը. «Առաջնորդները, որոնք իրենց ժողովուրդներին բերում են արիւն, ծանր աշխատանք ու տառապանք, արցունք ու դառը քրտինք, օգտւում են մեծ վստահութիւնից, քան` այն քաղաքական գործիչները, որոնք խոստանում են բարեկեցութիւն եւ բարգաւաճում»:

Աւա՜ղ, այդպիսին է ամբոխի էութիւնը: Շատ կարճ ժամանակահատուածում ամբոխի ողորմելի, վախկոտ ու մորթապաշտ հատուածը սկսում է ազդել գործընթացների վրայ նոյնիսկ ոչինչ չանելով: Դեռ ե՞րբ էր ընկերաբանութեան հայր Կիւստաւ Լեպոնն ասել` «Ով կարողանում է ամբոխին գցել թիւրիմացութեան մէջ, դառնում է նրա տիրակալը…»: Սրանք, այսինքն ՔՊ-ական իշխանութիւնները, բարեբախտաբար, չդարձան նոյնիսկ ամբոխի սրտի լիկատար տիրակալ, բայց առայժմ կարողանում են ապականելով առաջ գնալ: Այդպիսին է ցեցի բնոյթը: Հանրայինի եթերից անյայտ ծագմամբ Հայկ Կոնջորեան անունով մի ստահակ յայտարարում է. «Դաշնակցականները գուրգուրում էին Արարատ լեռը, որպէսզի կարողանան Մասիսի նկարներ եւ հայրենասիրութիւն վաճառել սփիւռքին…»:

Պատկերացնում էք, չէ՞, թէ ի՛նչ աստիճանի այլասերուած միտք պէտք է ունենայ մարդը նման բան ասելու համար: Իսկ «գլխաւոր ցեցի» համար այլեւս վայրահաչի սահմաններ չկան: Եւ ամենաահաւորն այն է. «Երբ կեղծ խօսքերը հասնում են իրենց բարձրակէտին եւ յագեցնում օդը, հասարակ մարդը սկսում է հաւատալ, որ ձեռք է բերել մի խիստ կարեւոր բան: Մինչդեռ նրա գլխում ընդամէնը աղբ են լցրել»: Վախի եւ շփոթի մէջ ապրող հասարակութեանը կարելի է կերակրել նաեւ աղբով, ինչը որ ցեցերն անում են: Ռուսների մասին մի հանրայայտ խօսք կայ. «Բացի յիմարներից եւ ճանապարհներից, Ռուսաստանում կայ եւս մէկ փորձանք. այն է` յիմարները ցուցանում են, թէ որ ճանապարհով պէտք է գնան միւսները»:

Սա նաեւ մեզ է պատուհասել: Անկախութեան հոգեբանական հիմքն, ասես, ջախջախուել է, եւ մարդիկ կարծես սկսել են վախենալ բուն անկախութիւնից: Նրանք կորցրել են նպատակը: Մի տաոսական գողտրիկ առակ լաւագոյնս արտայայտում է մեր վիճակը. «Վանական համալիրներից մէկում աշակերտը հարցրեց ուսուցչին.- Ուսուցի՛չ, ինչպէ՞ս հասնեմ իմ նպատակին», ուսուցիչն էլ թէ` «Դեն նետիր քո ունեցած բոլոր աւելորդ բաները»:

– Բայց ես ինչպէ՞ս հասկանամ, թէ ի՛նչն է աւելորդ, ինչը` ոչ:

Ուսուցիչն ասաց, որ կեանքը մի օր դա կը յուշի: Այսպէս օրեր անցան, աշակերտը չէր կռահում, թէ ինչն է աւելորդ: Մի օր նրանք երկուսով գնացին լեռները որսի: Յանկարծ նրանց վրայ յարձակուեց վագրը: Ուսուցիչը հանգիստ մնաց տեղում կանգնած, իսկ աշակերտը լեղաճաք եղած` փախաւ, ընթացքում դէն նետելով սուրը, վրայի վանականի հանդերձանքը: Աշակերտը մի կերպ բարձրացաւ ծառը ու այդ կերպ փրկուեց: Վագրի հեռանալուց յետոյ նա իջաւ, մօտեցաւ ուսուցչին եւ հարցրեց. «Կ՛ասէ՞ք, թէ ինչո՛ւ վագրը յատկապէս իմ ետեւից վազեց, ձեզ անգամ չնկատեց»:

– Վագրը քեզ հետապնդեց, – ասաց նա, – որովհետեւ տեսաւ քո վախը, նոյնիսկ երբ դու նետել էիր քո վրայի աւելորդ բաները: Հէնց այդ վախն է քո ունեցած ամենաաւելորդ բանը:

Այս վախերն են, որ շեղում են մեզ մեր նպատակից, դարձնում խոցելի` հաւանական զոհ: Մեր հասարակութեան մի մեծ հատուած վախենում է ոչ միայն թուրքերից, այլեւ` բուն անկախութիւնից: Եւ սա արտայայտւում է թէ՛ գիտակցուած ձեւերով եւ թէ՛ ենթագիտակցօրէն: Պարզ է, չէ՞, որ այս ուղղութեամբ աշխատում է ՔՊ-ական մի հզօր քարոզչական մեքենայ, որն ուղղորդւում է Անգլիայից, Անգարայից ու Պաքուից:

Ակնյայտ է` Նիկոլը իշխանութեան է բերուել Արցախը հայաթափելու, թուրանական միջանցքը բացելու եւ ռուսներին Հարաւային Կովկասից դուրս հանելու համար: Ահա թէ ինչո՛ւ են ականապատուած նրան իշխանութիւնից հեռացնելու բոլոր ճանապարհները: Նիկոլին հեռացնելը դժուար է այն պարզ պատճառով, որ նա Թուրքիայի ու Ազրպէյճանի ստուերն է Հայաստանում, իսկ ստուերը չի կարելի ջախջախել խօսքով, քարով, մուրճով, կամ որեւէ այլ ձեւով: Կա՛մ պէտք է ստուեր ստեղծող առարկան վերացնես, կա՛մ էլ լոյսի աղբիւրը բերես այն դիրքին, որն այլեւս ստուեր չի առաջացնում: Պետութիւնը, հայրենիքը եւ անկախութիւնը հէնց այդ լոյսի աղբիւրի նշանակութիւնն ունեն: Պէտք է խորութեամբ գիտակցել իրավիճակի օրհասականութիւնը եւ պինդ կառչել մեր անկախութիւնից: Այո՛, արդէն ուշ է, որպէսզի յետ վերադառնանք ամէն բան ճիշտ սկսելու համար, բայց ուշ չէ առաջ գնալը ամէն ինչ ճիշտ աւարտելու նպատակով: Հնարաւորութիւնները բազմապատկւում են, երբ մարդիկ օգտւում են դրանից:

Միշտ յիշէք թունաւոր նետով խոցուած Սասունցի Դաւթի վերջին խօսքերը. «Իմ ցեց իմ անձից է, էդ իմ սերմն էր, որ ինծի սպաննեց»:

Իրական թշնամին թաքնուած է եօթ գոմշի կաշուի ետեւում եւ վախենում է բացէիբաց մեր դէմ կռուել: Նա մեզ ներսից կրծող ցեց է դարձնում մեր սերմը կրող խառնածիններին ու զոմպիներին` ուղեղներն անջատած ու ինքնուրոյն մտածելու, վերլուծելու կարողութիւնն ու մարդկային յատկանիշները կորցրած հայերին:

Ցեց մի՛ դարձէք,
Ցեց մի՛ ծնէք,
Ցեց մի՛ դաստիարակէք:

«Դրօշակ», թիւ 9, 2025թ.

 

Նախորդը

Ցաւակցագիր

Յաջորդը

Պատկերների Ու Բառերի Խաչմերուկում Ինչպէ՞ս Է Ձեւաւորւում Հայկական Քոմիքսի Նոր Պատմութիւնը

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Յանձնառու ՀՕՄ-ականը
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Յանձնառու ՀՕՄ-ականը

Հոկտեմբեր 27, 2025
Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում
Անդրադարձ

Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում

Հոկտեմբեր 27, 2025
Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին
Անդրադարձ

Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին

Հոկտեմբեր 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?