Գիւմրիում այսօր կատարուածը գործող վարչախմբի հերթական յարձակումն է ժողովրդի կամքի դէմ: Ընտրուած քաղաքապետ Վարդան Ղուկասեանի ցուցադրական ձերբակալութիւնը, Գիւմրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետութիւնում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանութիւնը չի հանդուրժում ժողովրդի ընտրութիւնը:
Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր Գիւմրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրութեան մասին: Այսօր այդ մտադրութիւնը վերածուեց բռնի գործողութեան: Յիշեցնենք, որ ՔՊ-ական իշխանութիւնները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանաւորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի եւ այլ համայնքների ընտրուած ղեկավարներին:
Վաղարշապատ խոշորացուած համայնքում նշանակուած ընտրութիւններից առաջ Գիւմրու համայնքապետի ձերբակալութիւնը յստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին. իշխանութիւնը պատրաստ չէ հանդուրժել որեւէ ինքնակառավարում, որեւէ ինքնուրոյնութիւն:
Մենք դատապարտում ենք ժողովրդավարութեան հիմքերի դէմ հերթական յարձակումը եւ դիմում միջազգային կառոյցներին`
Եւրոպական Միութեանը, Եւրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարին, ինչպէս նաեւ Հայաստանում հաւատարմագրուած բոլոր դիւանագիտական ներկայացուցչութիւններին` անմիջապէս արձագանգել ժողովրդավարութեան դէմ իրականացուող համակարգուած արշաւին:
Մենք սատարում ենք գիւմրեցիների մեծամասնութեան` իրենց ընտրութիւնը պաշտպանելու իրաւունքը եւ կոչ ենք անում Գիւմրու աւագանու անդամներին` համախմբուել եւ թոյլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազաւթումը:
Յորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին` ամէնուր մերժել այս իշխանութեանը:
Նիկոլ Փաշինեանը պատերազմ է յայտարարել հայ ժողովրդին: Վստահ եղէք` այդ պատերազմում նա պարտուելու է:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
20 հոկտեմբեր 2025