Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Խաղաղութեան Միֆն Ու Իրարամերժ Տրամաբանութիւնները

Սեպտեմբեր 8, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ նախագահի միջնորդութեամբ Ուաշինկթընում կայացուած համաձայնութիւններին անմիջապէս յաջորդեց ՔՊ-ականների, նրանց արբանեակ ուժերի ու ֆէյք հասցէատէրերի խանդավառ գրոհը: Վերեւից նախապէս թելադրուած այս քարոզչական բեմադրութիւնը փորձ էր տպաւորութիւն ստեղծելու, թէ Նիկոլ Փաշինեանը մեծ յաջողութեան է հասել, նոյնիսկ «պալատամերձ» արուեստագէտներից մէկը վարչապետի «ուաշինկթընեան սխրանքը» հաւասարեցրեց Նժդեհի կողմից Սիւնիքը պահելու քաջագործութեան հետ: Մի քանի օր անց նոյն տրամադրութիւնը խաղալով` Նիկոլ Փաշինեանը փորձեց այդ մեծ «աչքալուսանքը» փոխանցել մամուլի ասուլիսի ճանապարհով, համոզելով իր ունկնդրին, որ հայ ժողովուրդը օգոստոսի 8-ից ապրում է բոլորովին այլ իրականութեան մէջ, այսպէս կոչուած, խաղաղութեան դարաշրջանում: Ակնյայտ է, որ 7 տարուայ անփառունակ կառավարումից յետոյ Նիկոլն ու նիկոլականներն աւելի լաւ բան չունեն ընտրական քուէի դիմաց ծախելու ժողովրդին, քան` խաղաղութեան վերջնական հաստատման մասին պատրանքը: Ինչպէս այս մասին Նիկոլն ակնարկեց նոյն ասուլիսում, ինքը դեռ շատ կը խօսի այդ մասին, եւ պարզ է, որ մինչեւ ընտրութիւնները ինքն ու իր սազանդարներն անընդհատ փորձելու են խլացնել ժողովրդի ականջները այս յանկերգով:

Եթէ անգամ չխորանանք Ուաշինկթընում քննարկուած հարցերի մէջ, ամենացցուն փաստն այն է, որ երկրների միջեւ խաղաղութեան ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրուել, թէեւ, ըստ Ալիեւի հրապարակային յայտարարութիւնների, առկայ փաստաթղթերի բոլոր պայմանները թելադրուած են եղել իրենց կողմից, եւ Հայաստանի ղեկավարն անվերապահօրէն ընդունել է դրանք: Այնուամենայնիւ, Ուաշինկթընում ընդամէնը նախաստորագրուել է խաղաղութեան պայմանագրի նախագիծը, ինչը նշանակում է, որ այն մնում է իրաւաբանական ոչ մի ուժ չունեցող եւ պարտաւորութիւն չթելադրող թղթի կտոր: Հասկանալով, սակայն, որ մինչեւ Հայաստանում տեղի ունենալիք ընտրութիւնները այլեւս աւելին չի կարող ակնկալել Ալիեւից, Փաշինեանը փրփուրից կառչած խեղդուողի պէս որոշել է հայ ժողովրդի վրայ ծախել նախաստորագրուած թղթի կտորը: Մէկը, որ պատերազմում խայտառակ ձախողուեց` թշնամուն զիջելով նրա կողմից ոչ միայն զաւթուած, այլեւ չգրաւուած տարածքներ, սակայն շատերին համոզեց, թէ այդ տարածքները նախկինները յանձնել էին իրենից առաջ, թերեւս ակնկալում է, որ նոյն մարդկանց վրայ կը կարողանայ ծախել նաեւ կեպելսեան այս մեծ սուտը:

Իսկ ի՞նչ հերոսական ձեռքբերման մասին է խօսքը, եթէ անգամ ենթադրենք, թէ Նիկոլին յաջողուէր հասնելու յիշեալ պայմանագրի վաւերացմանը:

Պատմութիւնը վկայում է, որ աւելի քան հարիւր տարի Սիւնիքի ճանապարհին տիրանալու ձգտումը եղել է փանթուրանիզմի եւ նրա թիկունքում կանգնած բրիտանացիների տարածաշրջանի աշխարհաքաղաքական գերնպատակներից մէկը:

1918 թուականին Ա. Հանրապետութեան հիմնադիր եւ ներքին գործոց նախարար Արամ Մանուկեանը Երեւանում բանակցում էր Խալիլ փաշայի հետ: Թուրք զօրահրամանատարը նոյնիսկ կատարում է Արամի որոշ ցանկութիւնները, օրինակ` Արամի թելադրանքով Բաշ Գառնիի ձորերից հեռացւում են զինուած թաթար պաշիպոզուքները, որոնք նեղութիւն էին պատճառում տեղի բնակչութեանը, կամ` Խալիլը սովեալ Հայաստանին է թողնում 25.000 փութ ցորեն: Խալիլը յայտնում է, որ անգամ Ղարաբաղը պատրաստ են զիջելու, միայն թէ հայերն իրենց տան Մեղրիի ճանապարհը: Այստեղ Արամը կտրուկ մերժում է, եւ սրանով բանակցութիւններն աւարտւում են: Թուրքերի եւ ազրպէյճանցիների այս ռազմավարական երազանքը չմարեց նաեւ խորհրդային տասնամեակների ընթացքում, յայտնի է, որ կայսրութեան վերջին շրջանում այդպիսի խնդրանքով Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարէն Դէմիրճեանին է դիմել Հայտար Ալիեւը, բայց Դէմիրճեանը եւս ազգային ու պետական մտածողութեամբ օժտուած գործիչ էր, հայ ժողովրդի կենսական շահերին դաւաճանել չէր կարող եւ նոյնպէս մերժել է այդ առաջարկը:

Հայաստանի անկախութեան շրջանում ճանապարհի նկատմամբ հետաքրքրութիւնը սկսում է աճել նաեւ Արեւմուտքի մօտ, քանի որ այն, ինչին ցանկանում էր հասնել թուրքազրպէյճանական դաշինքը` որպէս Նախիջեւանը Ազրպէյճանին կապող, միաժամանակ Թուրքիան Ազրպէյճանին ու Միջին Ասիային կապող փանթուրանիզմի ճանապարհ, միաժամանակ դառնում էր ՕԹԱՆ-ի միջանցք: Այդ տարիներին շրջանառութեան մէջ դրուեց ամերիկացի քաղաքական գործիչ եւ վերլուծաբան Փոլ Կոպլի առաջարկը, որը ենթադրում էր Լաչինի միջանցքը Հայաստանին զիջելու փոխարէն` Ազրպէյճանին զիջել, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքը: Մինչ թուրք-բրիտանական դրածոների իշխանութեան գալը` Հայաստանի բոլոր իշխանութիւնները մերժել են նաեւ այս ծրագիրը, թէեւ տարբեր բանակցութիւնների ժամանակ արծարծուել է Հայաստանի լիարժէք պատկանելիութեան եւ վերահսկողութեան ներքոյ Ազրպէյճանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցական կապը վերականգնելու մասին:

Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ական իշխանախումբը, չգիտես` ի՛նչ վերերկրային իրաւասութիւններ վերապահելով իրենց, Արցախը ծախելուց յետոյ այս անգամ Մեղրու` զուտ հայկական պատկանելութիւն ունեցող տարածքով անցնող ճանապարհի կառավարումը յանձնեցին (արտապատուիրակեցին) ամերիկացիներին: Իրեն յատուկ ստախօսութեամբ ու շնականութեամբ Նիկոլ Փաշինեանը տարածքի այս յանձնումը նախապէս համեմատել էր «Զուարթնոց» օդակայանն արտաքին կառավարման յանձնելու անհամեմատելի օրինակի հետ: Միաժամանակ Ազրպէյճանը ստացել է Նախիջեւանի հետ անխոչընդոտ կապի իրաւունք: Սա չի՞ նշանակում արդեօք, որ հայկական եւ նոյնիսկ վերահսկողութիւն իրականացնող ամերիկեան կողմը իրաւունք չեն ունենալու կանգնեցնելու եւ զննելու այդ ճանապարհով անցնող որեւէ գնացք: Հարցերի եւ մանրամասների ողջ համալիրի մէջ շատ բան հայ ժողովրդի համար մնում է մութ:

Դատելով նախադէպերից` մենք լրջագոյն մտահոգութիւնների պատճառ ունենք այս հարցում, քանի որ Հայաստանի, այսպէս կոչուած, թաւշեայ, ժողովրդավարական իշխանութիւններն արդէն եօթ տարի բանակցում եւ գրաւոր կամ բանաւոր յանձնառութիւններ են ստանձնում` դրանք թաքցնելով ժողովրդից: Միւս կողմից` այլեւս ակնյայտ է, որ Հայաստանի ճակատագիրը տնօրինողներն ի վերջոյ ընդունում են Ազրպէյճանի ցանկացած պահանջը: Այստեղ յիշենք Իլհամ Ալիեւի այն յայտարարութիւնը, որ Զանգեզուրի միջանցքով անցնելիս ազրպէյճանցին պէտք չէ տեսնի որեւէ օտար մաքսաւորի դէմք: Միւս կողմից, եւ այստեղ ընդհանրացնելով, կարելի է համոզուած ասել, որ Նիկոլին իրեն ենթարկեցրած Ալիեւը խաղաղութեան պայմանագիրը դեռ երկար չի ստորագրելու` անընդհատ աւելացնելով ու խորացնելով իր նորանոր պահանջները:

Նիկոլ Փաշինեանը խաղարկելով խաղաղութեան հաստատման սուտը` հասաւ այնտեղ, որ յայտարարեց, թէ պետական պիւտճէում պաշտպանական նպատակով նախատեսուող ծախսերը յաջորդ տարի եւ ընդհանրապէս աւելացնելու անհրաժեշտութիւն տրամաբանօրէն չկայ այլեւս: Ակնյայտօրէն հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների եւ դրանց զարգացման հարցում Փաշինեանի եւ Ալիեւի տրամաբանութիւնները հակասում են իրար: Ալիեւն, օրինակ, կարծում է, որ ցանկացած պահի նոր պատերազմը կարող է սկսուել, եւ այդ պատճառով աւելացնում է ռազմական ծախսերը, բանակի վերազինումն ու մարտունակութիւնը:

Ի՞նչ վերջնական խաղաղութեան մասին կարող է խօսք լինել, եթէ Ուաշինկթընեան խաղաղութեան բանակցութիւններից ընդամէնը օրեր անց ազրպէյճանական զինուած ուժերը դիրքային նոր առաջխաղացում իրականացրեցին Ջերմուկում, էլ չասած, որ Ազրպէյճանը ոչ թէ պատրաստւում է դուրս գալ, այլ աւելի է ամրապնդում դիրքերը Հայաստանից գրաւած տարածքներում: Ի՞նչ խաղաղութեան մասին կարող է խօսք լինել, եթէ գնալով ոչ թէ նուազում, այլ աւելի բարձրագոչ է դառնում Ազրպէյճանի նախագահի ռազմատենչ հռետորաբանութիւնը, Պաքւում շարունակւում է Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեան խայտառակ դատավարութիւնը, բացարձակօրէն մերժւում է ճանաչել իրենց բնօրրանի նկատմամբ արցախահայութեան իրաւունքների հարցը, իսկ Արցախում ամէն օր ոչնչացւում են հայութեան պատմական, հոգեւոր ու մշակութային հետքերը:

Դրա դիմաց Հայաստանի ղեկավարութիւնը վախից մերժում է յաղթանակ բառի գործածութիւնն առհասարակ, Նախիջեւանը թուրքավարի անուանում է Նախճուան, ազրպէյճանցիներից աւելի կատաղօրէն պայքարում է Արցախի եւ արցախցիների իրաւունքների համար ձայն բարձրացնողների դէմ` չգրգռելու համար ազրպէյճանցիների զայրոյթը: Ակնառու է, որ հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների հարցում եթէ Ալիեւի տրամաբանութիւնը բխում է Ազրպէյճանի շահերից, ապա Փաշինեանի տրամաբանութեան հիմքում իր եւ իր թայֆայի շահերն են: Մի շարք անգամներ ազգային ուժերի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինեանին եւ նրա խմբակիցներին հարցրել են, թէ կարո՞ղ են Ազրպէյճանի օգտին արուած զիջումների դիմաց նշել ինչ-որ զիջում, որ կատարել է Ազրպէյճանը Հայաստանի նկատմամբ:

Իշխանական խմբակը մշտապէս պապանձուել է եւ չի կարողացել ոչինչ ասել: Այնպէս որ, Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ ընթացող բանակցութիւններն ու պայմանագրերի կնքումը այլ բան չեն, քան` միակողմանի զիջումների գործընթաց: Ով կասկած կ՛ունենայ այս հարցում, թող փորձի յիշել, թէ հայկական կողմի` 20 թուականից սկիզբ առած բազմաթիւ տարածքային զիջումների դիմաց Ազրպէյճանը երբեւէ կատարե՞լ կամ խօսե՞լ է իր կողմից արուող զիջման մասին: Նոյն կերպ ազրպէյճանական ոեւէ պաշտօնեայ, Փաշինեանին հակառակ, երբեք չի խօսել երկու երկրների տարածքների չափերի մասին: Այս առիթով անդրադառնանք խնդրին առնչուող եւս մէկ միֆի: Հայաստանի իշխանութիւնը փորձում է իր տարածքով Ազրպէյճանին անխոչընդոտ երթեւեկ տրամադրելու զիջումը իբր թէ հաւասարակշռել այս գործընթացի փոխադարձութեամբ: Իսկ հաւատո՞ւմ է ոեւէ մէկը, որ Հայաստանը եւ նրա բնակչութիւնը ազատ եւ անվտանգ երթեւեկութեան հնարաւորութիւն կը ստանան Ազրպէյճանի տարածքով:

Եթէ մարդիկ այս հեռանկարը պէտք է համեմատեն անդառնալիօրէն անցած ժամանակների նախադէպի հետ, ապա յիշեցնենք, որ այն ժամանակ խորհրդային կայսրութեան սահմաններում էին ապրում բոլորը, եւ մետրոպոլիան էր ապահովում բոլոր տեսակի, այդ թւում նաեւ հաղորդակցական կապերի ազատութիւնը, օրինականութիւնն ու ապահովութիւնը ողջ կայսրութիւնում: Իսկ եթէ ցանկացած փաստաթղթի ստորագրումից յետոյ (ինչն առհասարակ որեւէ կաշկանդիչ ուժ չի ունենում ո՛չ թուրքերի եւ ո՛չ էլ ազրպէյճանցիների համար), Ազրպէյճանի տարածքով անցնող հայերն այդպէս էլ տեղ չհասնեն, դրա համար որեւէ պատասխանատուութիւն ոխերիմ հարեւանը վստահաբար չի կրելու: Վկայութիւնը` Արցախի նկատմամբ դեռ երէկ իրականացուած ցեղասպանութիւնն է: Այնպէս որ, նրանք, որոնք նման փափաքներ ունեն, ճիշդ կ՛անեն օր առաջ հրաժարուեն այդ անուրջներից:

Համաշխարհային աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի, տարածաշրջանի ու մեր ճակատագրի հետ կապուած բախտորոշ ժամանակաշրջանում Նիկոլի եւ ՔՊ-ականների գլխաւոր հոգսն այսօր դարձել են առաջիկայ ընտրութիւնները: Փաշինեանը ներխմբակային եւ ներքաղաքական նախապատրաստութիւնների մէջ է` միաժամանակ անընդհատ խոչընդոտելով, կանխելով մինչեւ ընտրութիւնների նախօրեակը ազգային ուժերի աշխուժ գործունէութիւն իրականացնելու հնարաւորութիւնը: Ազգային ուժերի նկատմամբ վերջին շրջանի հետապնդումները, քաղաքական աշխուժ կեանքից մեկուսացուածների կալանքի ժամկէտների երկարաձգումները եւ նոր հետապնդումների, դատական գործընթացների ու ձերբակալութիւնների հաւանականութիւնը բացատրւում է նաեւ առաջիկայ ամիսներին քաղաքական դաշտի հնարաւոր աշխուժութիւնը վիժեցնելու ցանկութեամբ: Ինչպէս համոզուեցինք, Փաշինեանը դրսում փորձում է լուծել իր վերարտադրութեան երաշխիքների խնդիրը, այդ թւում նաեւ` երկրի ներսում սանձարձակ ու անօրինական գործունէութեան համար:

Փաշինեանը գալիք ընտրութիւնների հետ է կապում իր հետագայ ճակատագիրը եւ յանուն նպատակի գնում է «վա պանք»` չխորշելով զոհաբերելու ե՛ւ մարդկանց ե՛ւ երկրի ճակատագիրը` բոլոր հակառակորդների գլխին դամոկլեան սրի պէս կախելով բռնի իշխանափոխութեան կասկածանքով բանտարկութեան սպառնալիքը: Նա ամէն օր աւելի ու աւելի դժուարացնում է իրենից յետոյ Հայաստանն ու Արցախը փրկելու հնարաւորութիւնը:

Փաշինեանը սրանով նաեւ ազգային ուժերին կանգնեցնում է սեփական անելիքն օր առաջ յստակեցնելու պարտադրանքի առաջ:

«ԴՐՕՇԱԿ» թիւ 8, 2025 թ.

 

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի Այս Տարուան 8-րդ Թիւը

Յաջորդը

Թենիս. Սապալենքա Շահեցաւ «Եու. Էս. Օփըն»-ը

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?