1990 թուականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններում, Հայաստանի Գերագոյն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականութեան ստեղծման գործընթացի մեկնարկը: Թէեւ կային քաղաքական տարաձայնութիւններ, Անկախութեան հռչակագիրը ընդունուեց խորհրդարանական եւ արտախորհրդարանական գրեթէ բոլոր ուժերի ներգրաւմամբ ու միասնականութեամբ: Այն ամրագրեց հայոց անկախ պետականութիւնը վերակերտելու քաղաքական, պատմական, իրաւական, տնտեսական եւ մշակութային հիմնասիւները:
Մէկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականութեամբ ամրագրուեց անկախութիւնը: Հռչակագիրը դարձաւ մեր պետականութեան օրէնսդրութեան հիմքը եւ արժանի տեղ գտաւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախաբանում` որպէս նորանկախ պետութեան արժէքային առանցքը, որ ենթակայ չէ փոփոխման:
Անկախութեան ճանապարհը հեշտ չէր. Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում մեր ժողովուրդն իր ուսերի վրայ կրեց պատերազմի, ընկերային ու տնտեսական ծանրութիւնների բեռը, դիմագրաւեց փորձութիւններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախութիւնը:
Վերջին տարիներին, յատկապէս 2018 թուականից յետոյ, մէկ առ մէկ խարխլուեցին մեր պետականութեան հիմքերն ու Անկախութեան հռչակագրում ամրագրուած դրոյթները: Ի պատասխան Անկախութեան հռչակագիրը Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան նախաբանից հեռացնելու թշնամական պահանջներին, Հայաստանի գործող իշխանութիւնները յայտարարեցին Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացի մեկնարկի մասին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախութեան հռչակագիրը մեր միասնականութեան հիմքն է: Այն նկարագրում է մեր պետութեան բնոյթն ու համահայկական յանձնառութիւնը: Դա մեր ծննդեան վկայականն է, որի հանդէպ ոտնձգութիւնը յարձակում է պետականութեան հիմքերի վրայ:
Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրութիւններից եւ տարաձայնութիւններից, մեր պարտքն է պաշտպանել հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգութիւններից:
Հաւատարիմ մնալով անկախութեան գաղափարին եւ դրա մէջ ամրագրուած համազգային նպատակներին, պէտք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանութիւններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը եւ անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրաւական պետութիւն կերտելու կամքը: Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետութեան կենսունակութեան երաշխիքը:
Այսօր` Հայաստանի Անկախութեան հռչակագրի 35-ամեակի օրը, խոնարհւում ենք անկախութեան համար զոհուածների յիշատակի առջեւ եւ վերահաստատում մեր անմնացորդ նուիրումը` հայոց անկախ պետականութեան ամրապնդման գործին:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
23 օգոստոս 2025