ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով երկբեւեռ աշխարհակարգի վերացումը մի շարք տարածաշրջաններում յանգեցրեց աշխարհաքաղաքական նոր իրողութիւնների` մրցակցային հնարաւորութիւն ստեղծելով այն երկրների համար, որոնք նոր աշխարհակարգում ազդեցութեան եւ գերակայութեան յաւակնութիւններ ունեն: Այդ երկրների շարքում առաջատարի անվիճարկելի դիրք ունեցող Չինաստանի համար յատկապէս վերջին տասնամեակներում ռազմավարական կարեւորութիւն են ստացել Մերձաւոր Արեւելքի (ՄԱ) եւ Հիւսիսային Ափրիկէի (ՀԱ) երկրների հետ յարաբերութիւնները, որոնք հիմնուած էին չմիջամտութեան քաղաքականութեան վրայ: Յօդուածում դիտարկւում են «Արաբական գարուն»-ի առաջ բերած մարտահրաւէրների ու հնարաւորութիւնների ազդեցութիւնը տարածաշրջանում Չինաստանի վարած քաղաքականութեան վրայ:
Չինաստանի տեղն արաբական աշխարհում
մինչ «Արաբական գարուն»-ի մեկնարկը
Տարածաշրջանում Փեքինի գլխաւոր մրցակիցն ԱՄՆ-ն է, ինչն ինքնին պայմանաւորում է ՉԺՀ-ի մերձաւորարեւելեան քաղաքականութեան բովանդակութիւնն ու բնոյթը: Խնդիրն այն է, որ ՉԺՀ-ն իր արագ աճող տնտեսութեան համար պահանջուող նաւթային պահանջարկի 50%-ը, հակառակ ուժանիւթի ներկրման աղբիւրների տարորոշման ուղղութեամբ գործադրած ջանքերին, ապահովում է ՄԱ-ից ներկրուող նաւթի հաշուին, որի միայն 30%-ը` Իրանից եւ Սէուտական Արաբիայից: Միջազգային ուժանիւթային գործակալութեան համաձայն, ՉԺՀ-ը ներկայիս, 50%-ի փոխարէն, իր նաւթի պահանջարկի 70%-ը 2015թ. կը ներկրի այլ, յատկապէս ՄԱ-ի երկրներից: Հետեւաբար ՄԱ-ի երկրների ուժանիւթային հատուածում չինական նաւթային ընկերութիւնների համար ամուր դիրքերի ապահովումը ՉԺՀ-ի մերձաւորարեւելեան քաղաքականութեան գերակայ ուղղութիւնն է:
Սակայն Չինաստանի ուժանիւթային «մեծ պահանջարկն» ԱՄՆ-ի, ինչպէս նաեւ Արեւմուտքի այլ երկրների կողմից սպառնալիք է դիտւում համաշխարհային ուժանիւթային շուկայի կայունութեանն ու ընդհանուր նաւթագազային աշխարհաքաղաքական հաւասարակշռութեանը, այսինքն` մեծ քանակութեամբ ուժանիւթ սպառող երկրների կենսական շահերին: Աւելի՛ն. Չինաստանի տնտեսութեան տինամիք աճը նաւթի գների բարձրացման, ուժանիւթային պաշարների համար մղուող պայքարի սրման, շրջակայ միջավայրի աղտոտման եւ ընդհանուր տաքացման պատճառ է համարւում:
Պէտք է նկատել, որ Չինաստանը միակն է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներից, որը սերտ գործընկերային յարաբերութիւններ ունի մի կողմից ՄԱ-ում ԱՄՆ-ի աւանդական գործընկերների` արաբական չափաւոր վարչախմբեր ունեցող Եգիպտոսի, Սէուտական Արաբիայի, Քուէյթի, Քաթարի, ԱՄԷ-ի, Օմանի եւ այլ երկրների հետ, միւս կողմից` Ուաշինկթընի հետ «բարդ յարաբերութիւններ» ունեցող երկրների` Սիրիայի, Սուտանի, Լիպիայի, Իրաքի եւ Իրանի հետ: Փեքինն ուժանիւթային եւ առեւտրատնտեսական շահեր ունի նաեւ ՀԱ-ի արաբական երկրներում: ՉԺՀ-ի եւ այդ երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, գիտամշակութային, արհեստագիտական, յատկապէս ուժանիւթային ոլորտներում հաստատուած սերտ համագործակցութիւնը նպաստում է ՉԺՀ-ի համար ռազմավարական կարեւորութիւն ներկայացնող տարածաշրջանում վերջինիս ներկայութեան ու ազդեցութեան ընդլայնմանը:
ՄԱ-ի երկրների զգալի մասը` թէ՛ ԱՄՆ-ի դաշնակիցները եւ թէ՛ վերջինիս հետ «բարդ յարաբերութիւններ» ունեցող երկրները, Չինաստանին դիտում են տարածաշրջանում Ուաշինկթընի ազդեցութեանը հակազդող գործօն: Վերջիններս Փեքինի հետ կիսում են ԱՄՆ-ի ընդհանուր տիրապետութիւնը եւ իրենց ներքին գործերին Արեւմուտքի միջամտութիւնը սահմանափակելու ընդհանուր ցանկութիւնը, յատկապէս` այնպիսի հիմնախնդիրներում, ինչպիսին մարդու իրաւունքների խախտումների մէջ մեղադրանքներն են: Փեքինը պատրաստ է աջակցել այդ երկրների տնտեսութիւնների ազատականացման հետ կապուած գործընթացներին` վերջիններիս հնարաւորութիւն ընձեռելով շրջանցել ԱՄՆ-ի ճնշումները քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղութեամբ: Փեքինը կիսում է արաբական աշխարհի ժողովրդավարացումն ու անհրաժեշտ բարեփոխումները սեփական նախաձեռնութեամբ եւ իսլամական քաղաքակրթութեան վրայ հիմնուած արժեհամակարգերին, իրողութիւններին եւ ազգային շահերին համապատասխան իրականացնելու ուղղութեամբ արաբական վարչախմբերի զբաղեցրած դիրքորոշումը:
ՉԺՀ-ը ձգտում է տարածաշրջանի հետ յարաբերութիւններ զարգացնել ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ դիւանագիտական ձեւաչափով` արաբական պետութիւնների հետ համագործակցելով Չին-արաբական համագործակցութեան համաժողովի, Պարսից ծոցի արաբական պետութիւնների համագործակցութեան խորհրդի եւ Չին-ափրիկեան համագործակցութեան ֆորումի շրջանակներում: Չինաստանը կայուն երկկողմ յարաբերութիւններ է զարգացնում ոչ միայն տարածաշրջանի ռազմավարական նշանակութիւն ունեցող երկրների, այլ Չինաստանի համար ուժանիւթային եւ ռազմավարական կարեւորութիւն չներկայացնող երկրների հետ: Փեքինը ձգտում է ՄԱ-ում հնարաւորինս ընդլայնել իր տնտեսական ներկայութիւնը տարածաշրջանի երկրների հետ առեւտրային կապերի զարգացման միջոցով: Չինաստանը շահագրգռուած է ոչ միայն ՄԱ-ի երկրների տնտեսութիւններում հնարաւորինս մեծ ներդրումներ իրականացնելու մէջ, ընդ որում` առանց քաղաքական նախապայմանների, այլեւ խրախուսում է սեփական տնտեսութեան մէջ մերձաւորարեւելեան, յատկապէս արաբական երկրների կողմից իրականացուող մեծ դրամագլուխների ներդրումները:
Փեքինն աստիճանաբար ընդլայնում է իր հնարաւորութիւնները ոչ միայն իր մերձաւորարեւելեան քաղաքականութեան ամրապնդման, այլեւ տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրայ իր ազդեցութեան միջոցների ընտրութեան հարցում: 2000-ականների սկզբներից ի վեր Չինաստանը սերտ կապեր հաստատեց ՄԱ-ի առաջատար երկրների հետ` գլխաւորապէս իր երկարատեւ աշխարհաքաղաքական յաւակնութիւններին հասնելու նպատակով:
ՉԺՀ-ը նման քաղաքական եւ տնտեսական յաջողութիւնների է հասել նուազագոյն միջոցներով` միաժամանակ ձեռնպահ մնալով բարձր հռետորաբանութիւնից եւ ցուցադրական գործողութիւններից: 2011թ. սկզբից ի վեր ՀԱ-ում եւ ՄԱ-ում ծաւալուած իրադարձութիւնների պատճառները չին փորձագէտներն իրենց նախնական գնահատականներում հիմնականում պայմանաւորում էին ՀԱ-ի եւ ՄԱ-ի երկրների քաղաքական համակարգերով ու ընկերային հակասութիւններով, ինչպէս նաեւ` տնտեսութեան եւ աշխատանքի զբաղուածութեան բարդ իրավիճակով, մշակութային ու կրօնական հիմնախնդիրներով, արտաքին միջամտութեամբ եւ այլ գործօններով: Չին փորձագէտների համաձայն, այդ «պայթիւն»-ը երկար ժամանակ կուտակուած հին խնդիրների հետ մէկտեղ ի դերեւ հանեց տարածաշրջանում զարգացման մոտելի ձեւափոխութեան միտումներն ու անխուսափելիութիւնը:
Չինաստանը բախուեց արագ փոփոխուող զարգացումների հետ եւ ստիպուած էր ըստ այդմ վերանայել իր արտաքին քաղաքականութիւնը: Սակայն Փեքինին մտահոգում էին ոչ միայն այդ երկրների հետ իր յարաբերութիւնների հեռանկարի հետ կապուած խնդիրներն, այլեւ` մերձաւորարեւելեան զարգացումների վարակիչ անդրադարձը սեփական երկրում: Փեքինը մտավախութիւն ունէր, որ միջազգային հանրութեան կողմից արաբական երկրների նկատմամբ մարդասիրական ձեւակերպումով միջամտութեան հնարաւորութիւնը նախադէպ կը ծառայի հետագայում Չինաստանի ներքին գործերին միջամտելու համար: Այդ պատճառով Փեքինի արձագանգը ծաւալուող իրադարձութիւններին երկբաղադրիչ էր. անյապաղ միջոցներ ձեռնարկուեցին Չինաստանի ներսում հնարաւոր զարգացումների կանխարգելման եւ ներքին կայունութեան ապահովման, ինչպէս նաեւ արաբական աշխարհում իր աճող տնտեսական եւ քաղաքական շահերի պաշտպանութեան ու ՉԺՀ-ի հնարաւոր տնտեսական կորուստների նուազեցման ուղղութեամբ:
ՉԺՀ-ի նախագահ Հու Ծինթաոն 2011թ. փետրուարին նահանգային եւ նախարարական մակարդակի պաշտօնատար անձանց հետ հանդիպման ընթացքում պահանջեց լուծել «առկայ խնդիրները (բնակարանային հարկերի, սննդամթերքի եւ ելեկտրական հոսանքի գների բարձրացման հետ կապուած), որոնք կարող են վտանգել հասարակութեան ներդաշնակութիւնն ու կայունութիւնը», ժողովրդին առաւել որակեալ ընկերային ծառայութիւններ մատուցել եւ բարելաւել համացանցի տեղեկատուութեան կառավարումը` «հասարակական կարծիքն ուղղորդելու նպատակով»: Խնդիրն այն է, որ համացանցի միջոցով երկրի բնակիչներին կոչ էր արւում իրականացնել «Յասմիկի յեղափոխութիւն»` իշխանութիւններին ներկայացնելով «սննդի, բնակապահովման, աշխատանքի, արդարութեան, ազատութեան, ժողովրդավարութեան, քաղաքական բարեփոխումների, բազմակուսակցական կառավարման եւ այլ» պահանջներ:
Փետրուարին չին իրաւապահները ստիպուած եղան ցրել Չինաստանի մէկ տասնեակից աւելի քաղաքներում, այդ թւում` Փեքինում ու Շանկհայում, չարտօնուած ցոյցերը, որոնց ընթացքում ձերբակալուեց հարիւրից աւելի գործիչ: Իշխանութիւնները սահմանափակեցին զանգուածային բողոքներով համակուած երկրներից ստացուող փողոցային ելոյթների վերաբերեալ լրահոսը: Անկասկած, վերոնշեալ երկրների եւ չին ցուցարարների հնչեցրած դժգոհութիւնների միջեւ բազմաթիւ ընդհանրութիւններ կային, սակայն Փեքինին յաջողուեց խիստ վերահսկողութիւն սահմանել ԶԼՄ-երի, համացանցի եւ այլ ֆորումների նկատմամբ, ինչը բարդութիւններ ստեղծեց զանգուածային ցոյցերի կազմակերպման համար:
Ակնյայտօրէն յորդորելով զանգուածներին չենթարկուել Արեւմուտքի սադրանքներին, չինական յայտնի վերլուծական կենտրոնները հանդէս եկան «Արեւմտեան դաւադրութեան վերաբերեալ նախազգուշացումներով, որի նպատակն է զարգացող Չինաստանի թուլացումը` գործի դնելով Ուաշինկթընի ռազմավարական լծակները` արժէքային համակարգն ու փափուկ ուժը»:
Անշուշտ ՀԱ-ում ու ՄԱ-ում բողոքի ցոյցերն ու յեղաշրջումները լուրջ փորձութիւն դարձան նաեւ Չինաստանի արտաքին քաղաքականութեան համար, որի հիմքում չմիջամտութեան հայեցակարգն էր: Այդ սկզբունքը Փեքինը համարում է իր արտաքին քաղաքականութեան անկիւնաքարը (ոչ միայն ՄԱ-ում)` այն համարելով գլխաւոր երաշխիք տարածաշրջանային եւ ընդհանուր կայունութեան պահպանման գործում` միաժամանակ մտքում ունենալով «Չինաստանի ներքին գործերին չմիջամտութեան» իր պահանջները Թայուանի ու Թիպեթի հիմնախնդիրների առնչութեամբ:
Այդ պատճառով «Արաբական գարուն»-ի սկզբում Փեքինը հետամուտ էր իր աւանդական «նստիր եւ սպասիր» մարտավարութեանը` ձգտելով հնարաւորինս զերծ մնալ որեւէ գնահատականից` սահմանափակուելով միայն հակամարտող կողմերին ուղղուած հաշտութիւն կնքելու եւ խաղաղութիւնը վերականգնելու կոչերով: Փեքինը գերադասում էր հեռու մնալ ՄԱ-ի վերակազմաւորման գործում որեւէ աշխուժ դերակատարութիւնից եւ ԱՄՆ-ի հետ ուղիղ առճակատման հնարաւորութիւնից: Միաժամանակ Փեքինի նախնական կրաւորականութիւնը պայմանաւորուած էր ինչպէս տարածաշրջանի հեռաւորութեամբ, այնպէս էլ ընթացիկ գործընթացների վրայ ներգործելու Փեքինի ոչ բաւարար ներուժով: ՄԱ-ի եւ ՀԱ-ի իրադարձութիւնները Փեքինի համար դարձան միաժամանակ թէ՛ մարտահրաւէր եւ թէ՛ հնարաւորութիւն` տարածաշրջանում սեփական դիրքերի պահպանման եւ ամրապնդման տեսանկիւնից:
(Շար. 1)