Անօրինաբար Պաքուի բանտին մէջ գտնուող Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան ընտանիքին հետ ունեցած հեռաձայնային զրոյցին ընթացքին փոխանցեց միջազգային հանրութեան ուղղուած իր յայտարարութիւնը` իբրեւ նշան կեղծ դատավարութեան դէմ բողոքի.
«19 փետրուարի, 2025թ.
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս յայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացուող դատական ֆարսի (զաւեշտին): Սա իմ պատասխանն է միջազգային իրաւունքի եւ Ազրպէյճանի դատավարական իրաւունքի նորմերի կոպտագոյն խախտումներին: Այն, ինչ կատարւում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարութիւն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհւում է արդար դատաքննութեան իմ իրաւունքը:
«Վերջին մէկ ամսուայ ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Ապրահամ Պերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարեւոր է, որ «դատաքննութիւնը» լինի առարկայական, այլ ոչ թէ նմանակ բնոյթ կրի:
«Ցաւօք, հէնց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղուած է իմ դէմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանուած` կարծիքի արտայայտման ազատութեան եւ քաղաքական մասնակցութեան իմ իրաւունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնեայ հայ բնակչութեան իրաւունքները:
«Չնայած որ Ազրպէյճանը հանդիսանում է Մարդու իրաւունքների եւրոպական պայմանագիրի ու Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացւում է բոլոր կիրառելի իրաւական նորմերի եւ իրաւական ընթացակարգերի կոպտագոյն խախտումներով`
«- Իմ գործը քննւում է ապօրինի ռազմական, ոչ թէ քաղաքացիական դատարանը:
«- Ես չեմ ունեցել լիարժէք հասանելիութիւն մեղադրական եզրակացութեանն ու իմ դէմ ներկայացուած այսպէս կոչուած «ապացոյցներին». ազրպէյճաներէնով գրուած 422 հատոր նիւթերին ծանօթանալու համար ինձ տրամադրուել է ընդամէնը 21 աշխատանքային օր:
«- Ինձ ներկայացուած «մեղադրական եզրակացութիւնը» պաշտօնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրուած չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանութեան մէջ անգամ թոյլ են տրուած այնպիսի սխալներ, որոնք հնարաւորութիւն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացուած մեղադրանքների էութիւնը:
«- Ես զրկուած եմ պաշտպանութեան իրաւունքից. սահմանափակւում է իմ փաստաբան Ապրահամ Պերմանի հասանելիութիւնը գործի նիւթերին, առգրաւուում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրայ: Բացի այդ, իմ միջազգային իրաւաբանական խումբին արգելուել է շփուել կամ հանդիպել ինձ հետ եւ հասանելիութիւն ունենալ գործի նիւթերին:
«- Ինձ թոյլ չի տրւում հրաւիրել պաշտպանական կողմի վկաների եւ բողոք ներկայացնել ընդդէմ այն խախտումների, որոնք թոյլ են տրուել նախաքննութեան եւ դատաքննութեան ընթացքում:
«- Բոլոր նիստերն անցկացւում են գաղտնի եւ հանրութեան համար փակ: Միջազգային լրագրողների եւ միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտւում է:
«Այս «դատաքննութիւնը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչութեանը: Սա հարուած է` ուղղուած մի ողջ ժողովրդի:
«Ես հրաժարւում եմ այս ֆարսին մասնակցելուց:
«Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպութիւններին, իրաւապաշտպաններին, լրատուամիջոցների ներկայացուցիչներին`
«Այս գործընթացը ձեր ուշադրութիւնն է պահանջում: Արդարադատութեան նմանակուած ապօրինութիւնն ու անարդարութիւնն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանգ թողնելը ճանապարհ է հարթելու ապագայ ողբերգութիւնների համար` թշնամանքի ու ատելութեան նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտութեան, օրէնքի ու մարդկայնութեան միջոցով է հնարաւոր տարածաշրջանում արդարութիւն ու խաղաղութիւն ապահովել:
«Ռուբէն Վարդանեան»: