Յօդուածը պատրաստեց` ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ

Ժուլիեթ Դաւթեանը ներկայիս պաշտօնավարում է ԱՄՆ Արդարադատութեան – ներգաղթեալների վերանայման գործադիր գրասենեակում` անցկացնելով իր թեկնածուական (PhD) հետազօտութիւնը ընկերային/մշակութային հոգեբանութեան ոլորտում Հայաստանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանում:
Եթէ մանկութիւնը կարեւոր նշանակութիւն ունի մարդու զարգացման համար, քանի որ այն ուղեղի արագ աճի եւ զարգացման շրջան է, որտեղ հիմնական հմտութիւնները` ճանաչողական, ընկերային (սոցիալական), զգացմունքային եւ ֆիզիքական կարողութիւնները կազմւում են էապէս ձեւաւորելով անձի ապագայ ուսումնառութիւնը, վարքը եւ որպէս մեծահասակի ընդհանուր բարեկեցութիւնը` դեռահասութիւնն անկասկած արագ փոփոխութիւնների եւ անձի զարգացման համար ճգնաժամային շրջան է, որը կարող է տեւական ազդեցութիւն ունենալ անհատի կեանքի վրայ: Այս ժամանակահատուածում արագ ճանաչողական աճ ապահովելու համար ուղեղի կառուցուածքի եւ ուղեղի միացման կենսաբանական փոփոխութիւնները փոխազդում են փորձի, գիտելիքի եւ ընկերային փոփոխութիւնների ու պահանջների վրայ:
Կեանքի այս շրջանում զարգացած մտքերը, գաղափարները եւ հասկացութիւնները մեծապէս ազդում են անհատի ապագայ կեանքի վրայ եւ մեծ դեր են խաղում բնաւորութեան եւ անհատականութեան ձեւաւորման մէջ:
Դեռահասութեան տարիքային սահմանները հեշտ չէ սահմանել` հաշուի առնելով այն բարդ կենսաբանական եւ հոգեընկերային զարգացման գործընթացները, ինչպէս նաեւ` տարբեր մշակոյթներում մանկութիւնից հասունութիւն տեղափոխուելու երկարատեւ անցումը: Նոյնիսկ դեռահասութեան սկզբի սահմանումները շատ տարբեր են հաստատութիւնների եւ հոգեբանական դպրոցների միջեւ: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (WHO) դեռահասութիւնը համարում է կեանքի փուլ մանկութեան եւ հասունութեան միջեւ` 10-ից մինչեւ 19 տարեկան: Հոգեբանութեան տարբեր տեսութիւններ եւ դպրոցներ դեռահասութեանը տարբեր սահմանումներ են տուել. այսուհանդերձ Ամերիկեան հոգեբանական ընկերակցութիւնը (APA) դեռահասութիւնը սահմանում է 10-18 տարեկանի միջեւ: Աւելի՛ն. Ամերիկեան մանկաբուժութեան ակադեմիան (AAP) գտնում է դեռահասութեան երեք փուլ` հիմնուած ֆիզիքական եւ մտաւոր/յուզական փոփոխութիւնների վրայ` 10-13 տարեկան` վաղ պատանեկութիւն, 14-17 տարեկան` միջին պատանեկութիւն, 18-21 տարեկան` վերջնագոյն պատանեկութիւն:
Դեռահասութեան ընթացքում հոգեընկերային փոփոխութիւնների ֆիզիքական հիմքերը պարզելու եւ տարիքի հետ կապուած սահմաններ գծելու համար այստեղ կը փորձենք ամենամատչելի եւ դիւրըմբռնելի ձեւով ուսումնասիրել ուղեղի փոխակերպումները եւ դրանց խոր ազդեցութիւնը անձի զարգացման վրայ:
Երեխաների ուղեղը ամենագլխաւոր աճն է արձանագրում, երբ նրանք դեռ շատ փոքր են: Դեռ 6 տարեկանում նրանց ուղեղն արդէն չափահասների ուղեղի չափի մօտ 90-95 տոկոսն է կազմում: Վաղ տարիները ուղեղի զարգացման համար ճգնաժամային ժամանակաշրջան է, բայց ուղեղը դեռ շատ փոխակերպումների միջով է անցնում, որպէսզի կարողանայ որպէս չափահասի ուղեղ աշխատել: Հէնց դեռահասութեան շրջանում է, որ ուղեղի այս փոխակերպումը սաստկօրէն տեղի են ունենում` շարունակելով մինչեւ 25 տարեկան:
Ուղեղի փոփոխութիւնը կախուած է դեռահասների տարիքից, փորձառութիւնից եւ հորմոնների փոփոխութիւններից: Հիմնական փոփոխութիւնն այն է, որ անհատի ուղեղի մտածողութեան եւ մշակման մասում չօգտագործուած կապերը անհետանում են: Միեւնոյն ժամանակ ուղեղի այլ կապերն ամրապնդւում են, ինչը օգնում է բացատրել, թէ ինչո՛ւ դեռահասները աւելի արագ են տեղեկատուութիւնը մշակում, քան երեխաները: Սա ուղեղի աւելի արդիւնաւէտ դառնալու ձեւն է:
Միւս հիմնական փոփոխութիւններից մէկը, որը տեղի է ունենում դեռահասութեան շրջանում, ուղեղի առջեւի հատուածի զարգացումն է` նախաճակատային կեղեւը, որը պատասխանատու է այն բանի համար, ինչ գիտնականներն անուանում են «բարձրակարգ ճանաչողութիւն»: Նախաճակատային կեղեւը պատասխանատու է գործողութիւնների հետեւանքները մշակելու եւ երեխայի մտածելու ունակութեան, խնդիրներ լուծելու եւ զգացմունքները վերահսկելու համար: Ուղեղի այս հատուածում փոփոխութիւնները շարունակւում են մինչեւ 20-ականների սկիզբը: Մէկ այլ ոլորտ, որը շարունակում է զարգանալ դեռահասութեան շրջանում, լիմպիկ համակարգն է: Լիմպիկ համակարգում ընդգրկուած կառուցուածքներից մէկը «ամիգդալա»-ն է` ուղեղի մէկ համակարգային հատուածը, որը պատասխանատու է յոյզերի եւ յուզական արձագանգների համար:
Լիմպիկ համակարգը ներառում է նաեւ «հիպոթալամուս»-ը, որը, ի թիւս այլ բաների, կարգաւորում է մարմնի հորմոնային (կամ էնդոկրին) համակարգը: Նախաճակատային կեղեւի հետ միասին, որն օգնում է կարգաւորել մեր զգացմունքները, այն փաստը, որ «ամիգդալա»-ն եւ «հիպոթալամուս»-ը դեռեւս զարգանում են դեռահասութեան տարիներին, օգնում են բացատրել դեռահասների դիւրազգացութիւնը կամ յուզական պոռթկումները: Ուղեղը զգալի փոփոխութիւններ է կրում դեռահասութեան շրջանում` մօտաւորապէս 11-25 տարեկան հասակում, սակայն ամենաուշագրաւ փոփոխութիւնները տեղի են ունենում 13-15 տարեկանում:
Դեռահասութիւնը կարեւոր ժամանակաշրջան է անձին արժէքներ սովորեցնելու համար, քանի որ այդ ժամանակաշրջանը ինքնաբացայայտման բուռն շրջան է, որտեղ անձը աշխուժութեամբ ձեւաւորում է իր ինքնութիւնը` իր արժէքները դարձնելով այն մեծահասակ դառնալու հիմնարար տարր: Այս ընթացքում նրանք աւելի ընկալունակ են ուսումնասիրելու եւ ամրապնդելու իրենց համոզմունքները ճիշդի եւ սխալի վերաբերեալ, ինչը կարող է էականօրէն ազդել նրանց ապագայ որոշումների եւ կեանքի գործողութիւնների վրայ:
Դեռահասութեան շրջանում արժէքային համակարգի եւ բարոյական զարգացման գործընթացը ոչ միայն օգնում է դեռահասներին ներգրաւուել հասարակութեան մէջ, այլ նաեւ նպաստում է ազնիւ մարդ եւ ամենալաւ առողջութիւնն ապահովելուն:


