Երէկ առաւօտ, Վեկասի մէջ տեղի ունեցաւ 2024-ի 22-րդ կրան փրին, որուն ընթացքին նետերլանտցի վարորդ Մաքս Վերշթափըն, որ պէտք ունէր իր անմիջական մրցակից Լանտօ Նորիսէն աւելի լաւ դիրքի վրայ աւարտելու մրցումը, այդ իրագործումը կատարեց եւ յաջորդական 4-րդ տարին ըլլալով դարձաւ աշխարհի ախոյեան:
Օր մը առաջ, Մերսետեսի վարորդ ճորճ Ռասըլ շահած էր փոլ-փոզիշընը, մինչ Վերշթափըն գրաւած էր 5-րդ դիրքը` Նորիսէն 1 դիրք առաջ:
Մրցումին կեդրոնացումը այդ 5-րդ եւ 6-րդ դիրքերուն վրայ էր, ուր Վերշթափըն – Նորիս զոյգը կը ճակատին:
Նորիս կանուխ մտաւ փիթ սթոփ` անիւները փոխելու, այն յոյսով, որ աւելի առաջ կը հասնի իր մրցակիցէն, սակայն բան չփոխուեցաւ, այլ ընդհակառակն` Վերշթափըն հասաւ մինչեւ 3-րդ դիրք: Սակայն մրցումի վերջին 12-15 շրջաններուն Վերշթափըն աւելի հաշիւով կը վարէր իր ինքնաշարժը եւ իր մրցակիցներուն դէմ պայքար չցուցաբերեց` հանգիստ ձգելով Համիլթընը, Սայնցը եւ Լըքլերը, մրցումը աւարտելով 5-րդ դիրքին վրայ, մինչ Նորիս վերջին շրջանին կակուղ անիւով փորձեց կէտ մը աւելի շահիլ ամէնէն արագ շրջանը կատարելով (եւ յաջողեցաւ)` նկատի ունենալով ինքնաշարժներու ախոյեանութեան կէտերը:
Նորիսի խմբակից Փիասթրի իր «Մաքլարեն»-ով 7-րդ դիրքը գրաւեց, մինչ Վերշթափընի խմբակից Սերխիօ Փերես 10-րդ դիրքը գրաւեց` 1 կէտ շահելով: «Մերսետես»-ի համար 1-2 դիրքերը շատ լաւ էին, ուր Ռասըլ շահեցաւ Վեկասի տիտղոսը, մինչ Համիլթըն 2-րդ դիրքը գրաւեց: «Մերսետես»-ին յաջորդեցին երկու «Ֆեռարի»-ները` Սայնց (3-րդ) եւ Լըքլեր:
Ստորեւ` դասաւորումը
| ԿԷՏ | |
| 1.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 25 |
| 2.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 18 |
| 3.- Քարլոս Սայնց (Սպանիա) | 15 |
| 4.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) | 12 |
| 5.- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) | 10 |
| 6.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) | 9 |
| 7.- Օսքար Փիասթրի (Աւստրալիա) | 6 |
| 8.- Նիքօ Հուլքենպերկ (Գերմանիա) | 4 |
| 9.- Եուքի Ցունոտա (Ճափոն) | 2 |
| 10.- Սերխիօ Փերես (Մեքսիքօ) | 1 |
Ընդհանուր դասաւորում
| ԿԷՏ | |
| 1.- Վերշթափըն | 403 |
| 2.- Նորիս | 340 |
| 3.- Լըքլեր | 319 |
| 4.- Փիասթրի | 268 |
| 5.- Սայնց | 259 |
| 6.- Ռասըլ | 217 |
| 7.- Համիլթըն | 208 |
| 8.- Փերես | 152 |
| 9.- Ալոնսօ | 62 |
| 10.- Հալքենպերկ | 35 |
| Ինքնաշարժներ | |
| 1.- «Մաքլարեն» | 608 |
| 2.- «Ֆեռարի» | 584 |
| 3.- «Ռետ Պուլ» | 555 |
| 4.- «Մերսետես» | 425 |
| 5.- Ասթոն Մարթին» | 86 |


