2020 թուականի սեպտեմբերի 27-ի պատերազմը փոխեց ուժերի դասաւորուածութիւնը տարածաշրջանում: 44 օր տեւած պատերազմը սկիզբն էր Արցախի` արդէն իսկ կանխորոշուած, կորստի: Սակայն Արցախը պայքարում էր, դիմադրում: Արցախի բանակը փաստացի մենակ էր թուրք-ազրպէյճանական բազմահազարանոց բանակի դէմ, նոր սպառազինութեամբ եւ վարձկաններով զինուած թուրք-ահաբեկիչների դէմ: Հայաստանը ռազմական դրութիւն յայտարարեց, զօրահաւաք էր, Արցախում` ռազմադաշտը թէժ էր:
Յամառ պայքար, դիմադրութիւն, թշնամու անհաւասար ուժերի դէմ, Արցախի բանակը ճեղքուեց, թիկունքից դարպասները բացուած էին… Հադրութը ընկաւ, ապա` Շուշին…
Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով դադարեցուեցին ռազմական գործողութիւններն Արցախում, Արցախի զգալի հատուածը բռնազաւթուեց:
Հինգ հազար զոհ, բազմաթիւ անյայտ կորած, գերեվարուած, տեղահանուած ժողովուրդ, 4 տարի անց` ազրպէյճանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին:
Պատերազմի հետեւանքներն աղէտալի էին հայ ժողովրդի համար:
Հայկական կողմը կորցրեց Արցախի զգալի մասը: Պայմանագրի ստորագրման գիշերը Ռուսաստանը մօտ 2 հազար խաղաղապահ եւ 470 միաւոր զինուորական սարքեր ուղարկեց Արցախ: Ռազմական գործողութիւնների դադարեցման մասին պայմանաւորուածութիւնների պահպանման վերահսկողութեան համար ռուսական դիտակէտերը տեղակայուեցին Արցախի եւ Ազրպէյճանի սահմանի, ինչպէս նաեւ Հայաստանն ու Արցախը միացնող Բերձորի միջանցքի երկայնքով:
Տեղահանուած մի շարք արցախցիներ յետ վերադարձան` իրենց ապագան կապելով Արցախի յետ: Սակայն 2023-ի պատերազմը վկայեց, որ խաղաղապահների ներկայութիւնն անգամ յետ չի պահում Ազրպէյճանին իր բռնազաւթման քաղաքականութիւնից, 2023-ին ունեցանք ամբողջական Արցախի հայաթափում, նոր ցեղասպանութիւն եւ գաղթ:
Առայսօր տարբեր գնահատականներ են հնչում 44-օրեայ պատերազմի շուրջ, սակայն դէպքերի ընթացքն, ականատեսների վկայութիւններն ու իրողութիւնները յուշում են, որ ամէն ինչ կանխորոշուած էր, պայմանաւորուած, միայն մեր զինուորների յամառ պայքարի ու հերոսութեան շնորհիւ` Արցախը դիմադրեց 44 օր:
Յաւե՛րժ փառք մեր հերոսներին: