Սոյն թուականի յուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Էրտողանը հրապարակայնօրէն յայտարարեց. «Ինչպէս մենք մտանք Ղարաբաղ ու Լիպիա, նոյն կերպ կարող ենք մտնել Իսրայէլ: Չկայ պատճառ, թէ ինչո՛ւ մենք պէտք չէ դա անենք»: Ազրպէյճանի պաշտօնական ներկայացուցիչները անհամաձայնութեամբ եւ անթաքոյց դժգոհութեամբ հակադարձեցին «աւագ եղբօր» այս յայտարարութեանը: Արդեօ՞ք սա առիթ չէր, որ Հայաստանի իշխանութիւնը եւս որոշ գնահատականներ ներկայացնէր միջազգային ահաբեկչական քոալիսիոնի ցեղասպանական ոճրագործութեան այս ինքնաբացայայտման վերաբերեալ: Ի հարկէ համապատասխան առիթը ընձեռուել էր, բայց այն օգտագործելու համար Հայաստանի իշխանութիւնը պէտք էր լինէր գոնէ Ազրպէյճանի իշխանութեան չափ քաղաքականապէս որձ, եւ ինքնուրոյն: Միւս կողմից` ծանօթ գործելակերպ է, երբ Հայաստանի իշխանութիւնն իրեն խուլի տեղ է դնում, երբ անհրաժեշտ է հակադարձել, երբ ոտնձգութիւններ են թոյլ տրւում իր ներկայացրած պետութեան եւ ժողովրդի դէմ: Իրականում նման յայտարարութիւնները, ազրպէյճանցիներից ոչ պակաս, անյարմար վիճակում են դնում Հայաստանի իշխանութեանը` «խաղաղասիրական, եղբայրական» մտայնութիւնների եւ մոլորութիւնների համար:
Յիշենք, որ 2020 թուականի պատերազմից յետոյ Հայաստանի իշխանութիւնը ծպտուն չհանեց Թուրքիայի վճռորոշ դերակատարութեան մասին, թէեւ տիրապետում էր բազմաթիւ ակնյայտ փաստերի: Ընդհակառակը, երկու շաբաթ չանցած` ՔՊ-ականները խանդավառուած յայտարարում էին, թէ այլեւս ոչինչ չի խանգարում Թուրքիայի հետ տնտեսական եւ քաղաքական աշխուժ գործակցութեան համար: Ակնյայտօրէն այդ քաղաքականութեան նախագիծը հաստատուած էր վաղուց, եւ թերեւս միայն Արցախի անկախ գոյութեան փաստն էր խանգարում հայութեան թիկունքում կայացուած այդ դաւադիր գործարքի իրագործմանը: Յարաբերութիւնների գործնականացման երկրորդ օրինակը վերաբերում է հէնց Ազրպէյճանին: Համաձայն իր խոստովանութեան, դեռեւս 2018 թուականին Փաշինեանը «իմացել էր», որ Արցախը լինելու է Ազրպէյճանի կազմում: Մենք տեսնում ենք ներդաշնակուած գործողութիւններով այս ծրագրի գործարկումը նշեալ շրջանից մինչեւ 2020 թուականի պատերազմ եւ դրանից յետոյ:
Փաշինեանը, օրինակ, մինչեւ պատերազմը հասարակութեան «ականջում եփում էր» այն միտքը, թէ գլխաւորը Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ու մարդկային իրաւունքներն են, յայտարարում էր, որ պատերազմում պարտութիւնը դեռեւս պարտութիւն չի նշանակում, այնուհետեւ մերժեց կէսից պատերազմը դադարեցնելու եւ ազատագրուած տարածքների յանձնման դիմաց Արցախը պահպանելու Ռուսաստանի նախագահի առաջարկը: Նա աւելի շատ տարածքներ յանձնեց ոչ թէ պատերազմի ստեղծած իրողութիւնների, այլ բանաւոր պայմանաւորուածութիւնների հիման վրայ, ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչեց Արցախը Ազրպէյճանի մաս, մատը մատին չխփեց սեփական իշխանութեամբ եւ միջազգային հարթակներում պաշտպանելու համար ամիսներ շարունակ շրջափակման մէջ գտնուող արցախցիներին, 2023 թուականի սեպտեմբերի 19-ին անմիջապէս յայտարարեց, թէ Հայաստանը ոչ մի միջամտութիւն չի ունենայ Արցախի նկատմամբ սկսուած յարձակումին, իսկ այնուհետեւ արիւնալի յարձակումի մէջ ներքաշուած արցախահայութեան վերաբերեալ յայտարարեց, թէ վերջինիս ֆիզիքական վտանգ չի սպառնում: Այնուհետեւ, զուգահեռաբար, Ալիեւը Ազրպէյճանում, իսկ Փաշինեանը Հայաստանում ձեռնարկեցին Արցախի տարբեր մակարդակի քաղաքական-վարչական ղեկավարների, բարձրաստիճան զինուորականների հալածանքն ու ձերբակալութիւնները: Ալիեւը Պաքուից, իսկ Փաշինեանը Երեւանից ամէն փորձ գործադրում են փաստելու համար, թէ Արցախի հարց այլեւս գոյութիւն չունի, Փաշինեանը շատ վաղուց մոռացել է Արցախ բառը եւ փոխարինել այն Ազրպէյճանի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղ եզրով, ցայսօր նա որեւէ հանդիպում չի ունեցել Հայաստանում գտնուող Արցախի ոեւէ ղեկավարի հետ` վախենալով, թէ Ազրպէյճանին դուր չի գայ, նա ձախողում է Արցախի հարցի հետապնդմանն ուղղուած ցանկացած միջոցառում Հայաստանում, եւ դրա վերջին փաստը համապատասխան հրահանգով պետական եւ այլ կազմակերպութիւնների մերժումն էր դահլիճ տրամադրել ազգային ուժերին` Արցախի անկախութեան օրը նշելու համար:
Ազրպէյճանի ղեկավարութիւնը յայտարարում է, թէ Հայաստանի հետ խաղաղութեան հասնելու համար պէտք է տեղի ունենայ սահմանազատում եւ սահմանագծում կոչուած հայկական տարածքների միակողմանի զիջումների գործընթացը, եւ Փաշինեանը իրականացնում է սա, Ազրպէյճանը յայտարարում է, թէ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար պէտք է լուծարուի ԵԱՀԿ Մինսքի խումբը, փոխուեն Հայաստանի Անկախութեան հռչակագիրն ու սահմանադրութիւնը, եւ նոյնը կրկնում է Հայաստանի իշխանութիւնը: Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն լռում է, երբ Ազրպէյճանը Հայաստանի տարածքը ներկայացնում է որպէս «Արեւմտեան Ազրպէյճան», այլեւ շտապում է ժխտել Հայոց ցեղասպանութիւնը, խեղաթիւրել Հայոց պատմութեան դասագրքերը` յօգուտ Թուրքիայի եւ Ազրպէյճանի: Հայաստանի իշխանութիւնը պապանձուած է, երբ Ազրպէյճանն օրը ցերեկով Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն… թերեւս հաստատելու համար իրենց խառնախմբից մէկի խօսքը, թէ աւելի լաւ է լինել թուրքի շուն:
Ըստ aravot.am կայքէջի նոյն օրուայ հրապարակման, 2024 թուականի յուլիսի 30-ին, Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին «Վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանման անհրաժեշտութիւնը եւ յայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը համարում է ի վնաս Հայաստանի եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մէջ»:
Խամենէին շեշտել է, որ օտարները պէտք չէ սահմանափակումներ ստեղծեն հարեւանների հետ յարաբերութիւնների համար, եւ յաւելել է, որ երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովւում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով: Նա ընդգծել է, որ` «Երկու երկրների միջեւ համագործակցութիւնը հաստատակամօրէն կը շարունակուի` հիմնուած սահմանուած շահերի վրայ եւ այլոց քաղաքականութիւնից անկախ»: Ի՛նչ է պատասխանել սրան Հայաստանի ղեկավարը, յայտնի չէ, իսկ յայտնի չէ, որովհետեւ նա ընդունակ չէր Հայաստանի ինքնիշխանութեան եւ շահերի վերաբերեալ նոյն ոգով արձագանգել դիմացինին: Ըստ էութեան, սա ոչ թէ երկխօսութիւն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետութեան փաստական առաջնորդի զգուշացումը Հայաստանի ղեկավարին` յատկապէս շեշտելով, որ Հայաստանի իշխանութիւնը պարտաւոր է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականութիւնը, որ` իրենք տեղեակ են, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների գաղտնի պայմանաւորուածութիւնների մասին եւ դէմ են լինելու դրա իրագործմանը, որ` օտար տէրութիւնները պէտք չէ թելադրեն եւ սահմանափակեն Հայաստանի իշխանութիւններին` վարելու անկախ, ինքնուրոյն քաղաքականութիւն հարեւանների հետ: Սրան էլ Իրանի առաջնորդը յաւելել է այն դասը, որից, դժբախտաբար, հեռու է Հայաստանի խամաճիկ ղեկավարը. «Երկրների անվտանգութիւնն ու խաղաղութիւնն ապահովուում է սեփական ուժերին եւ մերձաւորներին ապաւինելով»:
Շատ յայտարարութիւններ, տեսակէտներ, որոնք հնչում են Ռուսաստանից, նոյնպէս պէտք է ընկալել որպէս յիշեցումներ եւ զգուշացումներ Հայաստանի իշխանութեանը: Օրինակ` այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստւում լքել Անդրկովկասը, եւ Հայաստանի իշխանութիւնը թող չփորձի իրենց փոխարէն այստեղ տեղաւորել ՕԹԱՆ-ական ուժերի: Օրինակ` այն մասին, թէ ինչպէս եռակողմ, այնպէս էլ երկկողմ մակարդակով եղել են մի շարք գրաւոր եւ բանաւոր յայտարարութիւններ ու պայմանաւորուածութիւններ, որ Զանգեզուրով պէտք է անցնեն ճանապարհներ եւ ոչ` միջանցքներ, եւ դրանք պէտք է գտնուեն Հայաստանի գերիշխանութեան ներքոյ, որոնց վրայ գտնուող մաքսակէտերն էլ կը վերահսկուեն Հայաստանի եւ ապա Ռուսաստանի մաքսատների կողմից: Այս մասին մէկ-երկու տարի առաջ խօսում էր նաեւ Նիկոլ Փաշինեանը, սակայն արեւմտեան «հովանաւորների» թելադրանքով այս ծրագիրը մերժւում է, եւ դրա փոխարէն, ժողովրդից գաղտնի, Հայաստանի իշխանութիւնը համաձայնուել է միջանցքի գաղափարի հետ, որը կը վերահսկեն ազրպէյճանցիները եւ գուցէ թուրքերը: Այս մասին հնչել են վերջինների ներկայացուցիչների յայտարարութիւնները, եւ այս դէպքում էլ Հայաստանի իշխանութիւնը որդեգրել է խուլ ձեւանալու քաղաքականութիւնը:
Ակնյայտ է, որ Հայաստանի այս իշխանութիւնը հաստատուել է երկրում որպէս արեւմտեան նախագիծ, շարունակում է ծառայել Հայաստանը ազրպէյճանա-թուրքական եւ արեւմտեան շահերի ֆորփոսթի վերածելու քաղաքականութեանը: Այդ քաղաքականութիւնը ներկայումս դարձել է աւելի յարձակողապաշտ եւ տինամիք` կապուած ուքրանական ճակատում ռուսական ուժին հակակշռելու նպատակի հետ: Արեւմտեան նոյն տէրերի թելադրանքով Հայաստանի իշխանութիւնը երկիրը վերածում է երկրորդ Ուքրանիայի, երբ ինքը ո՛չ այդ հնարաւորութիւնը եւ ո՛չ էլ «դուխն» ունի որեւէ դիմակայութիւն կազմակերպելու համար: Իրականում այդ նախագիծը ծառայում է շատ աւելի ընդհանուր ծրագրի` Միջին միջանցք անուանուած հաղորդակցական եղած եւ նոր ուղիների տնօրինմանը, որոնց կայացմամբ մէկ կողմից` պէտք է չէզոքացուի Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսական եւ քաղաքական ազդեցութիւնը, միւս կողմից` Միջին միջանցքով Արեւմուտքը իրար կը շաղկապի Եւրոպան եւ Ասիան, կը տնօրինի այս տարածաշրջանը քաղաքականապէս, ինչպէս նաեւ` այստեղ գտնուող բնական հարուստ եւ հազուագիւտ պաշարները:
Սա ի հարկէ նոր ծրագիր չէ, այլ նախագծուել է դեռեւս խորհրդային տարիներին, սակայն այժմ գործնականացման փուլ է մտել, յատկապէս` վերջին տասնամեակների ու տարիների աշխարհաքաղաքական փոփոխութիւններից յետոյ: Ինչ վերաբերում է որոշակիօրէն Հայաստանին վերաբերող հատուածին, ապա մէջբերենք մէկ միտք Եգոր Լիսովենկոյի յօդուածից, որը հրապարակուել է («Ռիթմ Եւրազի»-ի) կայքէջում, սոյն թուականի օգոստոսի 7-ին. «Ուաշինկթընը աշխուժօրէն ձգտում է իր վերահսկողութեան տակ վերցնել Հայաստանի եւ Ազրպէյճանի տարածքով, այդ թւում, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքով բեռների տարանցման հարցի լուծումը: Դ. Օ՛պրայընը (ԱՄՆ արտաքին գործերի նախարարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական) («Դրօշակ») նշել է` Պաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան հասնելը եւ փոխադրամիջոցների նոր հաղորդակցութիւնների բացումը, որոնք թոյլ կը տային ստեղծել առեւտրային երթուղ` շրջանցելով Ռուսաստանը, կարեւոր նշանակութիւն ունեն ոչ միայն Հարաւային Կովկասի երկրների, այլեւ տարածաշրջանի այլ պետութիւնների համար: Ակնյայտ դարձաւ` Ուաշինկթընն ամէն ինչ անելու է, որպէսզի այն երթուղին, որը պէտք է Ազրպէյճանը միացնի Նախիջեւանին Հայաստանի հարաւով, այնուհետեւ Թուրքիայի հետ չյայտնուի ՌԴ ազդեցութեան տակ»:
Գերուժերի մրցակցութեան այս դաշտում օգտագործուող գործիքի դեր է յատկացուել Հայաստանին` նրա իշխանութիւնների քաղաքական կախումների եւ նոյնչափ քաղաքական տգիտութեան պատճառով: Նախորդող իշխանութիւններին գրեթէ 30 տարի յաջողուեց Հայաստանը զերծ պահել մեծ քաղաքականութեան մէջ ոտատակ ընկնելուց եւ գործակցել բոլոր գործընկերների հետ` խուսափելով ոեւէ մէկի կողմից ընդդէմ մէկ ուրիշի գործելուց: Երիտասարդ դուրսպրծուկները անհայրենիք ու ընչաքաղց առաջնորդի հետ փորձեցին մտնել հակառակ խաղի մէջ եւ իրենց թանկ ծախել: Փոխարէնը` նրանք կործանեցին Արցախն ու սպառնալիքների հողմապտոյտի մէջ նետեցին Հայաստանը, իսկ իրենք յայտնուել են մի իրավիճակում, երբ խաղի դաշտը գնալով նեղանում է, մրցակից բեւեռներից իւրաքանչիւրը պահանջում է յստակ կողմնորոշում` դա փաստող իրական քայլերով: Միաժամանակ կողմերից իւրաքանչիւրը նրանց պէս էժան ապրանքի դիմաց չի ցանկանում վտանգել իր շահերը եւ զսպել Հայաստանի կոկորդից բռնած թուրքազրպէյճանական քաղաքական զոյգին:
Ի՞նչ է անում այս դառը ճաշը եփած Հայաստանի ղեկավարը` հեծանիւ է քշում եւ զուարճանում է: Սրանով նա ի՞նչ է ցանկանում ասել, որ ինքը անհոգ է, յատկապէս իրեն յուզող միակ հարցի` իշխանութեանը սպառնացող մարտահրաւէրների դիմաց: Իրականում նա փաստում է, որ անելիք չունի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործընթացների մէջ, որոնցում Հայաստանը վերածուել է առեւտրի էժան առարկայի, իսկ Հայաստանը ներկայացնողը` անարժէք խամաճիկի, որին պարզապէս տեղեակ են պահում իր իշխանութեանը պատկանող երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին:
Հեծանիւ քշելը, թերեւս, իրեն գժի տեղ դնելու երկրի ղեկավարի հարազատ հնարքի մի դրսեւորումն է, երբ չի իմանում, թէ ի՛նչ անել: Նա ի հարկէ փորձում է իրեն կարեւորել` տպաւորութիւն ստեղծելով, թէ Հայաստանի խաղաղութիւնը կերտելով է զբաղուած, կամ թէ երկիրը տանում է դէպի Եւրոմիութիւն: Նա փորձելու է տպաւորութիւն ստեղծել, թէ ինքը մեծ քաղաքականութեան մէջ դերակատար է, եթէ յաջողուի Հայաստան բերել Ֆրանսայի նախագահին, կամ հիւր գնալ, օրինակ, Քանատայի վարչապետին եւ յոյս ունի, թէ իր փչած փուչիկներով դեռ հիացողներ կը լինեն Հայաստանի սուտ մտաւորականների եւ ազգային արժանապատուութիւնը կորցրած ամբոխի շարքերում: Հայաստանի իշխանութիւնը առեւտրի է հանել երկիրը` դիմացը մուրալով քաղաքական հովանաւորութիւն եւ իշխանութիւնը պահպանելու երաշխիք: Երկրի համար ճակատագրական մարտահրաւէրների յանդիման այս իշխանութիւնը իրեն հակառակորդ է տեսնում սեփական ժողովրդին, քանի որ իր իշխանութեան նկատմամբ եղած հիմնական խնդիրը հէնց նա է: Մեր ապրած պատմական ժամանակը հնարաւորութիւնների եւ կորուստների ժամանակահատուած է: Այնուամենայնիւ, ոեւէ անհատ կամ ուժ չի կարող որոշել մի երկրի ճակատագիր, եթէ իր աթոռը յենուած չէ որոշակի զանգուածի ուսերի վրայ: Հայ ժողովուրդի այսօրուայ պայքարը գլխաւորաբար ինքն իր հետ է` ինքնակործանո՞ւմ, թէ՞ ինքնափրկութիւն: Ո՞ր ճանապարհն է ընտրելու մեծամասնութիւնը: