Պարսելոնայի նախկին յառաջապահ Լիոնել Մեսսի, որ այժմ Ինթեր Մայեմիի մարզիկ է, 21-րդ դարու լաւագոյն ֆութպոլիստը ընտրուեցաւ ըստ «Ի. Էս. Փի. Էն.» մարզական հրատարակութեան:
Երկրորդ դիրքը գրաւեց Ռէալ Մատրիտի նախկին յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ, որ այժմ Նասր ակումբի մարզիկ է: 3-րդ դիրքը գրաւած է Արսենալի եւ Պարսելոնայի նախկին մարզիկ Թիերի Հանրի:
Մեսսի 520 մրցում կատարած է Պարսելոնայի հետ 17 տարուան ընթացքին` նշանակելով 474 կոլ: 2 տարեշրջան խաղալէ ետք Փարիզ Սեն Ժերմենի հետ (58 մրցում, 22 կոլ) ան 2023-ին միացաւ Ինթեր Մայեմիին, ուր 18 մրցում կատարած է նշանակելով 13 կոլ:
2005-էն ի վեր Արժանթինի ազգային խումբի անդամ Մեսսի 187 մրցում կատարած է` նշանակելով 109 կոլ:
Քրիսթիանօ Ռոնալտօ Սփորթինկ Լիզպոնի հետ սկսելէ ետք 17 տարեկանին միացած է Մանչեսթըր Եունայթըտին եւ կատարած 196 մրցում` նշանակելով 84 կոլ, հակառակ ծայրի յառաջապահ ըլլալուն: 24 տարեկանին ան միացած է Ռէալ Մատրիտին, ուր 9 տարուան ընթացքին կատարած է 292 մրցում` նշանակելով 311 կոլեր: 2018-ին միացած է Եուվենթուսին, ուր 3 տարեշրջան բոլորելէ ետք կատարած է 98 մրցում` նշանակելով 81 կոլ: Ապա ան վերադարձած է Մանչեսթըր Եունայթըտ, մէկուկէս տարեշրջան ետք մեկնած Սէուտական Արաբիա` Նասր, ուր կատարած է 47 մրցում` նշանակելով 49 կոլ: 2003-էն ի վեր մաս կը կազմէ Փորթուգալի ազգային խումբին, կատարած է 212 մրցում` նշանակելով 130 կոլ:
Թիերի Հանրիի 3-րդ դիրքը գրաւելը քիչ մը տարօրինակ էր` նկատի ունենալով, որ ան բնաւ չէ ընտրուած տարուան մարզիկը ՖԻՖԱ-ի կողմէ: Ան 2003-ին Բ. դիրքը գրաւած է «Պալոն տ՛օր»-ի եւ ՖԻՖԱ-ի տարուան լաւագոյն մարզիկի մրցանակներուն, Փաւել Նետվետի (Չեխիա եւ Եուվենթուս) եւ Զինետին Զիտանի (Ֆրանսա եւ Ռէալ Մատրիտ) ետին յաջորդաբար «Պալոն տ՛օր»-ի եւ ՖԻՖԱ-ի տարուան մարզիկի մրցանակներուն:
Հանրի, որ եղած է Մոնաքոյի կրտսերներէն, 22 տարեկանին մեկնած է Իտալիա` միանալով Եուվէին, սակայն 16 մրցումներ կատարելէ ետք լքելով Եուվէն միացած է Արսենալին, որուն հետ 8 յաջող տարիներ բոլորած է` կատարելով 254 մրցում եւ նշանակելով 174 կոլ: Ապա միացած է Պարսելոնային 2007-ին եւ 3 տարեշրջանի ընթացքին կատարած 80 մրցում` նշանակելով 35 կոլ: Ան իր ասպարէզին վերջին 4 տարիները անցուցած է Նիւ Եորք Ռետ Պուլզին հետ, ուր 122 մրցումներու ընթացքին նշանակած է 51 կոլ: Ֆրանսայի ազգային խումբին հետ ան մասնակցած է 1997էն 2010` կատարելով 123 մրցում եւ նշանակելով 51 կոլ:
Ստորեւ կը ներկայացնենք «Ի. Էս. Փի. Էն.»-ի ընտրած լաւագոյն 10 մարզիկները (21-րդ դարու).
1.- Լիոնել Մեսսի (Արժանթին)
2.- Քրիսթիանօ Ռոնալտօ (Փորթուգալ)
3.- Թիերի Հարի (Ֆրանսա)
4.- Զինետին Զիտան (Ֆրանսա)
5.- Լուքա Մոտրիչ (Խրուաթիա)
6.- Քիլիան Էմպափէ (Ֆրանսա)
7.- Անտրես Ինիեսթա (Սպանիա)
8.- Չաւի Հեռնանտես (Սպանիա)
9.- Ռոնալտօ Նազարիօ (Պրազիլ)
10.- Ռոնալտինիօ (Պրազիլ)


