Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնւում են նրանք ճի՛շդ ժամանակին:
Եւ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հօրից ու մօրից ծնուած`
Սերում են նրանք եւ ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք եւ ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք եւ ա՛յն պատանուց,
Որ սիրահարուեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգի են ծախում,
Միայն թէ անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փոյթ, թէ սատկեն ժամանակից շուտ:
Անվտանգ` ինչպէս հրդեհն արեւի,
Անվնաս` ինչպէս օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետութիւններին
Մինչեւ իսկ իրենց կամքի հակառակ:
Արքաների հետ խօսում են «դու»-ով,
Եթէ, ի հարկէ, լսում են նրանց,
Իսկ թէ չեն լսում` մէ՜կ է, չե՛ն լռի,
Կը խօսեն նոյնիսկ իրենց կօշկի՛ հետ:
Ով սահմանում է նոր օրէնք ու կարգ`
Յայտարարւում է եւ օրէնքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժուար ու մեռնում են հեշտ:
(«Մարդը ափի մէջ»)
Պարոյր Սեւակ`
Շողացող Մի Լոյս
Պարոյր Սեւակի ծնունդը` մեր կեանքի, մեր մշակոյթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղաւ ճշմարտապէս մի պայծառ «եղիցի լոյս»: Նա իր ողջ կեանքով ու ստեղծագործութեամբ դարձաւ շողացող մի լոյս մեր կեանքում: Ահա այսպէս ճշմարտուեց, թէ «լոյս եղեւ» մեր կեանքում մի անգամ եւս:
Նա իբրեւ գիտնական, իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ հայրենասէր, բայց մանաւանդ իբրեւ ստեղագործող բանաստեղծ եղաւ շատ քչերից մէկը, պայծառ մի աստղ նոր ծագած, հայոց նոր կեանքի երկնակամարին վրայ, ուրիշ աստղերի կողքին:
Նա մի բարի սիրտ էր, գեղեցկօրէն բարի` զարդարուած բազում առաքինութիւններով, մի բարոյական նկարագիր, վճիտ ու վճռական: Բայց մա՛նաւանդ նա մեծ բանաստեղծ էր, երկրպագու գեղեցիկի եւ յօրինող գեղեցկութիւնների, ներդաշնաւորումների:
Պարոյր Սեւակն այնպիսիներից եղաւ, որ պիտի ապրի ա՛յնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահ ժողովուրդներից մէկն է աշխարհի վրայ:
Մենք բոլորս եւ բոլոր հայերը, որ ի Հայաստան եւ որ ի սփիւռս աշխարհի, հաւատում ենք հաստատապէս, թէ ո՛չ, «Զանգակատունը անլռելի» երբե՛ք չի լռելու այլեւս: Նա միշտ պիտի հնչի եւ գուցէ աւելի հզօր, աւելի հզօր վաղը, քան այսօր: Նախ` որովհետեւ Պարոյր Սեւակ ճշմարիտ, մեծատաղանդ ստեղծագործող էր, եւ նրա գործը անմահ է անկասկած: Գալիք ժամանակներում, նոր սերունդները առաւել պիտի գնահատեն նրան, իբրեւ մեր ստեղծագործող մեծամեծներից մէկի: Բայց նաեւ մի ուրիշ պարագայ, մի ուրիշ հանգամանք պէտք է ընդգծենք, «Զանգակատունը անլռելի» երբեք չի լռելու, որովհետեւ «Անլռելի զանգակատուն»-ը լոկ Պարոյր Սեւակի անձի կամ ստեղծագործող անձնաւորութեան սեփականութիւնը չէր, այլեւ եղաւ հայ ժողովուրդի հոգու ամենավաւերական, ուժգին արտայայտութիւնը: Եւ աւելին տակաւին, Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»-ը բարձրացաւ այն պատուանդանի վրայ, որ բնորոշում է մեր վերջին յիսուն եւ աւելի տարիների կեանքը, Հայաստանի եւ հայ ժողովուրդի վերածնուած կեանքը: Այդ «Անլռելի զանգակատուն»-ը հնչել սկսեց հէնց Սարդարապատի զանգերով. Հայաստանի վերածննդով, յիսուն եւ աւելի տարիների ընթացքում կատարուած աշխատանքով, պայքարով, ստեղծագործութիւններով: Այդ պատուանդանի կառուցմանը մասնակցեցին բոլոր հայերը` շինականներից, բանուորներից սկսեալ մինչեւ մեր գիտնականները, մեր մտաւորականները, մեր դաստիարակները, մեր պետական գործիչները, եւ մինչեւ հանճարեղ Եղիշէ Չարենց: Ահա այդ բոլորը հանդիսացաւ այն հիմքը ամուր, որի վերեւ կոթողուեց Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն»-ը: Այսպիսով աւելի իմաստաւորւում է ու արժեւորւում Պարոյր Սեւակի անմահ գործը` իբրեւ բիւրեղացումը հայ ժողովուրդի վերջին յիսուն եւ աւելի տարիների կեանքի, պայքարի, ստեղծագործութիւնների, յոյսերի եւ տեսիլքների: Ահա թէ ինչու, հետեւաբար, «Անլռելի զանգակատուն»-ը պիտի հնչի ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը, ե՛ւ յաւիտեան` ի փառս հայ ժողովուրդի, ի փառս հայ բանաստեղծութեան, բայց մա՛նաւանդ` ի փառս Պարոյր Սեւակի հանճարի:
Փառք եւ լոյս եւ սէր եւ պաշտամունք մեծ բանաստեղծի անթառամ յիշատակին:
ՎԱԶԳԷՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Խօսք Պարոյր Սեւակի յիշատակին (հատուածներ):
«Բագին», յունիս-յուլիս, 1972



