Հայաստանի պասքեթպոլի ազգային խումբի մարզիչ Ռեքս Քալամեան պիտի աշխատի «Էն. Պի. Էյ.»-ի Միլուոքի Պաքս խումբին հետ:
«Արմէնփրես»-ի հաղորդումով, այս մասին յայտարարեց Հայաստանի պասքեթպոլի ֆետերասիոնը:
«Էն. Պի. Էյ.»-ի 30 տարուան փորձառութիւն ունեցող հայազգի մասնագէտը պիտի դառնայ Միլուոքիի գլխաւոր մարզիչ Տոք Ռիվըրզի օգնականը:
Ռեքս Քալամեանի գլխաւորութեամբ, Հայաստանի ազգային խումբը կը մասնակցի աշխարհի 2027-ի մոնտիալի նախընտրական առաջին փուլին: Հայաստան 22 փետրուարին պիտի կատարէ առաջին մրցումը` Աւստրիոյ դէմ, իսկ 25 փետրուարին կը հիւրընկալէ Ալպանիան:
1995-էն 2003 ան եղած է Լոս Անճելըս Քլիփըրզի օգնական մարզիչ, ապա շարունակած է Տենվըր Նակեթցի (2004-2005), Մինեսոթա Թիմպըրվուլվզի (2005-2007), Սաքրամենթօ Քինկզի (2007-2009), Օքլահոմա Սիթի Թանտըրի (2009-2015), Թորոնթօ Ռեփթըրզի (2015-2018), Լոս Անճելըս Քլիփըրզի (2018-2020), Սաքրամենթօ Քինկզի (2020-2021) եւ Տիթրոյիթ Փիսթընզի (2021-2023) հետ, իսկ 2022-էն սկսեալ Հայաստանի ազգային խումբի մարզիչն է:
Ան 2023-էն սկսեալ եղած է նաեւ Պրուքլին Նեթցի արհեստավարժ մարզիկներու սկաուտ (տաղանդներ փնտռող անձ):