Թարգմանեց` ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆԸ
Այնթապի քաղաքապետ Ֆաթմա Շահինը նշել է. «Պէյ» թաղամասը «Ալաչաթ» ենք դարձնելու»: Պատմաբան Ուչաները եւ ճարտարապետ Կիրիշքենը կարծում են, որ թաղամասը դիմազրկուել է «բարեկարգման» անուան տակ:
ՃԻՀԱՆ ՕԶԹԻՒՐՔ
Այնթապի պատմական Պէյ թաղամասում «փողոցների բարեկարգման» անուան տակ իրականացուող միջամտութիւնների վերաբերեալ փորձագէտները նշել են, որ թաղամասը դիմազրկւում է:
Թաղամասը, որը քաղաքի հնագոյններից է եւ իր անունը ստացել է այստեղ ապրած պէյերից, հիւրընկալել է նաեւ տարբեր հաւատքի համայնքների:
Պատմաբան Մուրատ Ուչաները հակադարձել է քաղաքապետ Ֆաթմա Շահինի` «Պէյ թաղամասը «Ալաչաթ» ենք դարձնելու» խօսքերին: Շեշտելով, որ իրականացուած աշխատանքները նպատակ ունեն ոչնչացնել թաղամասի յիշողութիւնը, Ուչաները յայտնեց, որ թաղամասը բարեկարգման անուան տակ դիմազրկուել է: Ճարտարապետ Օզկիւր Կիրիշքենը նշեց, որ Պէյ թաղամասի յարդարման յաւելումները էժանացրել եւ արժեզրկել են այդ վայրը:
«Պատմական կառուցուածքը խաթարւում է»
Յայտնելով, որ 2005 թ.ի վեր Պէյ թաղամասում արուածը նպատակ ունի մոռացնել թաղամասի անցեալը, Ուչաները տուեց հետեւեալ տեղեկութիւնը.
««Փողոցների բարեկարգման նախագիծը», որը մեկնարկել է 2005 թ. ԵՄ-ի աջակցութեամբ, մեզ բոլորիս յոյս ներշնչեց, որ մաշուած պատմական ցանցը կը վերականգնուի իր սկզբնական տեսքով` առանց որեւէ վնասի: Բայց այն, ինչ տեսանք իրականացման ընթացքում, հիասթափեցրեց մեզ: Երբ նախագիծն աւարտուեց, արդիւնքը չէր տարբերւում այն սարահարթերից, որտեղ ժամանակին նկարւում էին Հոլիվուտեան ժապաւէնները: Շէնքերի արտաքին պատերը մաքրուել են կեղտից. մաքրման այս գործընթացում սխալ գործելաոճը պատճառ է դարձել շէնքերի կառուցման մէջ օգտագործուող կրաքարի քաղցկեղի վերածուելուն, ինչպէս ասում էին հին վարպետները, իսկ պատը, որից ամենանորը կառուցուել է 110-120 տարի առաջ, երէկ կառուցուածի տեսք է ստացել:
«Դարձեալ այս ծրագրի շրջանակներում «բարեկարգման» անուան տակ հանուել ու դէն են նետուել շէնքերի տանիքները, եւ չօգտագործուելով բնօրինակին պիտանի նիւթեր` նորերն են կառուցուել: Հիմա կ՛ասէք` ի՜նչ գեղեցիկ են վերանորոգուել տանիքները: Չնայած դրանք նորացուել են, բայց նոր տանիքները տեխնիկայի համաձայն չեն կառուցուել, եւ համապատասխան նիւթեր չեն օգտագործուել, ուստի առաջին անձրեւի ժամանակ չեն կարողացել կատարել իրենց պաշտպանիչ գործառոյթը, եւ անձրեւաջրերը գրեթէ ամբողջովին սկսել են քանդել շէնքերը: Մի խօսքով, «փողոցների բարեկարգման նախագիծը», որի հետ մենք մեծ յոյսեր էինք կապում, վերածուել է պատմական կառուցուածքի վերացման»:
«Թաղամասի անցեալն անտեսուած է»
Անդրադառնալով այսօր իրականացուած աշխատանքներին` Ուչաները շարունակեց խօսքը.
«Իշխանութիւնները, որոնք ասում էին, թէ նպատակ ունեն թաղամասին գեղագիտական եւ գեղարուեստական տեսք հաղորդել, անցեալ տարի տեղադրուած մետաղական կեղծ արձաններով եւ մէկ-երկու ամիս առաջ տեղադրուած զամբիւղներով, գիտակցաբար կամ անգիտակցաբար, Պէյ թաղամասը դիմազրկել են: Սա Ալաչաթըն չէ. վայրն անշուշտ իրեն յատուկ գեղեցկութիւնն ունի: Լսել եմ նաեւ, որ նպատակ կայ այն արուեստի փողոցի վերածելու: Բայց նկատի ունենալով փորձը` ես նոյնիսկ չեմ կարող պատկերացնել, որ արուեստը եւ արուեստագէտները կարող են գոյութիւն ունենալ նման անառողջ միջավայրում: Սա հարիւրամեայ Պէյ թաղամասն է: Հապճեպ անտեսել միջավայրի ինքնութիւնը, որը ձեւաւորուել է հարիւրաւոր տարիների ընթացքում, փորձել այն նմանեցնել մէկ այլ վայրի, նշանակում է անտեսել նրա անցեալը»:
«Ապրելակերպը եւս պահպանուող տարածքի մի մասն է»
Ճարտարապետ Օզկիւր Կիրիշքենը նշելով, որ Պէյ թաղամասը կարեւոր տեղ ունի Այնթապի համար, ասաց.
«Պէյ թաղամասը իւրայատուկ դիրք ունի քաղաքի մշակութային համայնապատկերում, քանի որ այն հազուագիւտ օրինակ է, որտեղ կարելի է ամբողջական կերպով դիտարկել Կազիանթեպի մշակութային եւ ճարտարապետական պատմութիւնը: Շուրջ 20 տարի իրականացուող պահպանողական-վերականգնողական աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցուել, եւ իմ կարծիքով` իրականացուել է վերականգնման գործընթաց, որն իր ֆիզիքական բնութագրերով կարելի է անուանել «յաջող»: Այնուամենայնիւ, պահպանման ժամանակակից ըմբռնման մէջ շէնքը եւ քաղաքային միջավայրը միայն ֆիզիքական նորացում չեն ցուցաբերում: Միայն քարէ պատերը, ատաղձագործութիւնը եւ փորագրութիւնները չեն, որ վերականգնուելու եւ պաշտպանուելու են. շրջանի մշակութային պատմութիւնը, ապրելակերպը եւ ընթացիկ կեանքը եւս համարւում են պահպանուող տարածքի մաս:
«Պատմական միջավայրում շէնքերը, ճանապարհները, անցումները եւ այլ ֆիզիքական տարրեր միահիւսուած են մարդկանց, հասարակութեան եւ կեանքի հետ, եւ ակնկալւում է, որ յատկապէս այս կապն ընդգծուի եւ առաջին գիծ մղուի: Պէյ թաղամասում իրականացուած վերականգնողական աշխատանքներում թաղամասի գունեղ ու բազմամշակութային անցեալի հետքեր չեն երեւում: Այնուամենայնիւ, այստեղի կեանքին աջակցող եւ այստեղ իսկապէս ապրելու թաղամաս ստեղծելու հեռատեսութիւնն ի սկզբանէ չի եղել:
«Զբօսաշրջիկների եւ հարսանեկան լուսանկարիչների համար»
«Պէյ թաղամասը կենդանի պահելու ճանապարհը թաղամասն առեւտրայնացնելն էր` այն վերածելով մի տեսակ շուկայի: Շրջապտոյտների ծրագրերով մի քանի ժամով թաղամաս շրջագայութեան եկող տեղացի զբօսաշրջիկները եւ հարս ու փեսայի թեկնածուները, որոնք այնտեղ են իրենց հարսանեկան լուսանկարների համար, անշուշտ բաւարար չեն լինի Պէյ թաղամասում իրական եւ շարունակական կեանքի համար: Քննարկման առարկայ զբօսաշրջային արձանները եւ մակերեսի յարդարման ամենավերջում աւելացուած տարրերը յարդարման տարրեր են, որոնք տեղադրուած են հէնց իմ նշած այս անհոգութիւնը քողարկելու եւ տեղն աւելի գրաւիչ ու սպառուող դարձնելու համար: Մեծ յաջողութիւն կը լինի, որ ցանկութեան դէպքում դրանք հանուեն ու հեռացուեն»:
Թաղամասի կարճ պատմութիւնը
Պատմաբանը Ուչաները կիսուել է Պէյ թաղամասի պատմութեան մասին հետեւեալ տեղեկութիւններով. «Պէյ թաղամասը` Քայաճըք թաղամասը, թուագրւում է մեմլուքեան ժամանակաշրջանով, այսինքն տարբեր աղբիւրներում նշւում է, որ այն սկսուել է 13-րդ դարի կէսերից: Այս աղբիւրներից հասկանում ենք, որ թաղամասի առաջին բնակիչները եղել են այդ ժամանակ կամ դրանից առաջ քաղաք եկած մահմետական թուրքմէնները: Բացի այդ, թաղամասի հարեւանութեամբ մեմլուքների ժամանակաշրջանում կառուցուած Էյուպօղլու մզկիթի առկայութիւնը հաստատում է այս աղբիւրների ճշմարտացիութիւնը: 18-րդ դարի շարիաթի դատարանի արձանագրութիւններում տեսնում ենք, որ մինչեւ այդ դարի կէսերը թաղամասի գրեթէ բոլոր բնակիչները մահմետական էին: Թահրիրի մատեանների եւ շարիաթի գրանցամատեանում նշւում է, որ թաղամասի ազգային եւ կրօնական ինքնութիւնը սկսեց փոխուել, երբ մինչեւ 1740 թ. քաղաքի արեւելքում ապրած հայերը գաղթեցին քաղաքից արեւմուտք, եւ ժամանակի ընթացքում թաղամասի բոլոր բնակիչները հայերը դարձան: Հայկական աղբիւրներում նշւում է, որ 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դար` դարի առաջին տասնհինգ տարիներին, Պէյ թաղամասում բնակուել են բարձր խաւի հայերը: Բացի այդ` Անատոլիայում առաջին իգական քոլեճը` Ամերիկեան իգական քոլեճը 1866 թ., եւ առաջին բողոքական հայկական եկեղեցին` Քայաճըք եկեղեցին` 1855 թ., բացուել են այս թաղամասում: Փաստ է, որ բոլորս էլ գիտենք, թէ ինչպէ՛ս 1922 թ., երբ վերջին հայը ստիպուած եղաւ լքել Այնթապը, շրջակայքի բարձր խաւի ընտանիքները բնակութիւն հաստատեցին հայերի տներում, որոնք բնութագրւում էին որպէս լքեալ գոյք: Թաղամասը, որտեղ մարդիկ, որոնց կարող ենք անուանել քաղաքային ազնուականներ, ապրում էին մինչեւ 1970-ականների սկիզբը, սկսեց կորցնել իր հմայքը երկաթէ եւ պեթոնէ շէնքերի կառուցմամբ»:
https://bianet.org/haber/tarihi-bey-mahallesinin-hafizasi-yok-ediliyor-286723
«Ակունք»