ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

40 տարի առաջ պէյրութահայ հինգ զարմանահրաշ երիտասարդներ` ՎԱՉԷ ՏԱՂԼԵԱՆ, ՍԻՄՈՆ ԵԱՀՆԻԵԱՆ, ԱՐԱ ՔԸՐՃԸԼԵԱՆ, ՍԵԴՐԱԿ ԱՃԷՄԵԱՆ, ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, այլեւս յոգնած մեր պահանջատիրութեան, Հայ դատի հանդէպ ցուցաբերած աշխարհի արհամարհական լուռ վերաբերմունքից, որոշում են Լիզպոնում գումարուող թուրքական դեսպանների խորհրդակցութիւնն օգտագործել եւ աշխարհի ուշադրութեան ներկայացնել Թուրքիոյ գործած մեծագոյն Ցեղասպանութիւնը:
40 տարի առաջ յուլիս 27-ին Փորթուգալի Լիզպոն քաղաքի թուրք դեսպանատան մէջ հայ 5 երիտասարդների անձնազոհութիւնը որքան էլ աշխարհի թրքամէտ դիւանագէտները ներկայացրին որպէս ահաբեկչական գործողութիւն, միեւնոյն է, այն դասուեց հայ ժողովրդի Դատին նուիրուած պայքարների շարքում:
Թէեւ չեմ ուզում այսօր իրենց անունն ու անձնազոհութիւնը նսեմացնել` համեմատելով հայրենիքի հանդէպ այսօրուայ մեր ունեցած անտարբեր վերաբերմունքի հետ, միաժամանակ նաեւ չեմ կարող լռութեան մատնել, չմատնանշել այն մեծ անջրպետը, որը մեզ բաժանում է իրենց սխրագործութիւնից:
Այս օրերին, երբ սփիւռքահայութեան մի հոծ հատուած երախտագիտութեամբ նշում է ազգի նուիրեալ հինգ զաւակների անձնազոհութիւնը, որոնք իրենց երիտասարդ կեանքերը ինքնակամօրէն նուիրաբերեցին մեր ազգի դէմ կատարուած Ցեղասպանութիւնը յաւելեալ անգամ աշխարհի մոռացուած ուշադրութեանը ներկայացնելու, մեր երկրում մի ողջ ժողովուրդ լռութեամբ իր հայրենի տարածքները յանձնում է նոյն ցեղասպանին:
Բայց չէ՞ որ իրենց սխրագործութիւնից յետոյ Արցախի ազատագրման համար ոտքի ելած ողջ հայութիւնը կարողացաւ ազատագրել իր հայրենի Արցախը եւ միաժամանակ անկախանալ:
Աւա՜ղ, մեր հերոսները չտեսան այդ օրը, տարիները կուտակուեցին, սակայն երբեք նրանց չհեռացրին մեզնից:
Այսօր 40 տարի է անցել յուլիս 27-ի Լիզպոնի թուրք դեսպանատան մէջ տեղի ունեցած պայթիւնից, որի ձայնը լսուեց ու արձագանգեց աշխարհի տարբեր երկրներում` սարսափի մատնելով ոչ միայն ոճրագործ թուրք պաշտօնեաներին, այլ նաեւ` թրքամէտ բոլոր դիւանագէտներին:
Բնականաբար ազգային հարցերի արդար լուծումից սարսափող, տարբեր միջոցներով ժողովուրդների մէջ այդ ոգին ոչնչացնող բոլոր պետութիւնները, կանխելու համար իրենց գործած անհամար ոճիրների դէմ պայքարող հերոսների հետագայ քայլերը, ըստ ընդունուած սովորութեան, վարկաբեկելու համար, նրանց որակաւորեցին որպէս ահաբեկիչներ` մոռանալով, որ նրանք քաջատեղեակ լինելով միջազգային հանրութեան մտածելակերպին` իրենց մահից առաջ արդէն արհամարհել էին իրենց տրուելիք այդ անուանումը:
Իրենց անձնազոհութիւնից առաջ իրենք արդէն ազդարարել էին իրենց կոչումը` հայութեան ազատագրական պայքարին իրենց նուիրաբերումը:
Լիբանանահայ հինգ երիտասարդները` Վաչէ Տաղլեան, Սիմոն Եահնիեան, Արա Քըրճըլեան, Սեդրակ Աճէմեան, Սարգիս Աբրահամեան, կրկին անգամ հաստատեցին, որ աշխարհի` իրենց հանդէպ տրուած որակաւորումը բացարձակապէս անարժէք է ազգային մեծագոյն գաղափարների իրագործման առջեւ: Որ` հայ ժողովրդի ոտնահարուած իրաւունքների պաշտպանութիւնը բարձրագոյն նուիրաբերումն է իրենց ծնունդ տուած այն ազգին, որը դեռ խոնարհաբար սպասում է իր Դատի արդար լուծմանը, եւ որի դէմ աշխարհի բարձրագոյն ատեանների արհամարհանքն է իրենց մղել զոհաբերութեան:
Պէյրութի հայկական գերեզմանատանը հանգչող մեր հերոսների` Վաչէ Տաղլեանի, Սիմոն Եահնիեանի, Արա Քըրճըլեանի, Սեդրակ Աճէմեանի, Սարգիս Աբրահամեանի անունները յաւերժօրէն փորագրուեցին մեր ազգային ազատագրական անվերջանալի պայքարի էջերում` կրկին ու կրկին հաստատելով, որ գիտակցական մահը անմահութիւն է:
Իւրաքանչիւր անգամ զգուշօրէն խոնարհուելով ձեր բզկտուած մարմինները ամփոփող կոթողի առջեւ` մտածել եմ, թէ ինչպէ՞ս հայրենի հողից հեռու, Ցեղասպանութիւնից փրկուածների տառապանքով ստեղծուած, քաղաքական անվերջանալի բախումների տակ ճզմուող մի փոքրիկ գաղութում հասակ առնելով, ձեր հայրենի հողն իսկ չտեսած, ապրեցիք ու սնուեցիք հայրենիքով, նրա ապագայով, որ արհամարհելով ձեր շուրջ տարածուած, յատկապէս ձեր երիտասարդ տարիքի կեանքի կանչող հազարաւոր հրապուրանքները` հետապնդեցիք ձեր հողից դուրս գործող թշնամի թուրքի գործիչներին, գիտակցօրէն ձեր երիտասարդ կեանքը նուիրաբերեցիք ազգի մեծագոյն գործին` մեր պահանջատիրութեան ամբողջական յաղթանակին:
Սակայն չիմացաք, որ մեզ իրարից բաժանող տարիներին ձեր պաշտելի երկիրը անկախացաւ, որ` տասնեակ երկրներ ընդունեցին մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնը, եւ որ` մենք անկանգառ շարունակեցինք հայոց իրաւունքներին արդար լուծում տալու ձեր գործը:
Սակայն, ցաւ ի սիրտ, նաեւ ամօթով պիտի յայտնեմ, որ այսօր ձեր 40-ամեայ յիշատակի օրը պիտի չցանկանայի խռովել առանց այդ էլ ձեր խռովայոյզ հոգիները` կարկամած յայտնելով, որ մեր ժողովուրդը ոչ միայն կորցրել է պայքարի իր ոգին, այլ շատ հանգիստ, մի ցնցոտի ղեկավարի հետեւելով, հազարաւոր հերոս որդիների կողմից իր ազատագրած երկիրը յանձնեց թշնամուն:
Որ ձեր հաւատամքին հետեւած եւ հայրենի հողը պաշտպանած 10 հազար երիտասարդների անձնազոհութիւնը նոյնպէս ոտնատակ տալով` դաւաճան թափթփուկների մի խումբ մի ամբողջ ազատագրուած երկիր թուրքին նուիրաբերեց` անամօթաբար այն յայտարարելով ոչ հայկական տարածքներ:
Այսօր մենք արժանի չենք նոյնիսկ խոնարհուելու ձեր շիրիմին, որովհետեւ չկարողացանք ձեր անձնազոհութիւնը իր նպատակակէտին հասցնել:
Ձեր զոհաբերութիւնը խնկարկումն էր մեր ապագայ պայքարի, իսկ մեր ժողովուրդն այսօր չի ուզում պայքարել, նա իր հանգիստը, իր շուրջ եռացող կեանքը չի ուզում զոհել յանուն իր ամբողջական երկրի պահպանումին:
Յատկապէս այսօր, 40 տարիներ յետոյ, հայրենիքի փրկութեան համար մտահոգ իւրաքանչիւր հայի սրտում, ուղեղում ու ականջներում պայթիւնի ուժգնութեամբ արձագանգում, հանգիստ չի տալիս ձեր պատգամը` «ՄԵՐ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ԶԻՆԵԱԼ ՊԱՅՔԱՐՆ Է»:
Ո՞ւր էր թէ լսէր մեր ժողովուրդն ու կեանքի կոչէր ձեր պատգամը, արթնանար թմբիրից, ազատագրէր երկիրը թրքահպատակ թափթփուկներից, պահպանէր երկրի ամբողջականութիւնը:
Վստահ եմ` դուք էլ շատերիս պէս հանգիստ չունէք ձեր հանգստարանում, որովհետեւ հերոսների հոգիները միշտ զգում են այն ամէնը, ինչ կատարւում է իրենց կեանքը ներդրած երկրում:
Ամբողջական հայրենիքին տիրանալու ձեր հաւատքը, Արցախի դրօշի հետ դեռ յուսահատ ծածանւում է հայրենի երկրի յանձնուած տարածքներում` սպասելով կրկին իր ազատագրումին:
Սակայն ինչ էլ լինի, վստահ եղէք, սերունդները յաւէտ պիտ խոնարհուեն ձեր ինքնազոհաբերումի առջեւ, յաւէտ պիտի ապրիք սերունդների մէջ:
Փա՛ռք ու պատիւ` ձեզ ծնած ու դաստիարակած ծնողներին, կազմակերպութիւններին, ձեր անունին, ձեր հերոսութեան, ձեր անյողդողդ կամքին:
26 յուլիս 2023