ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Եւ այսպէս, յունիսի 12-ին լրացաւ Արցախի շրջափակման կէս տարին, կամ. այլ կերպ ասած, Արցախի շրջափակումը հատեց տարուայ հասարակածը:
Այսօր արդէն աւելի քան վեց ամիս է, ինչ մենք` Արցախի աւելի քան 120 հազար բնակիչներս, ապրում, գոյատեւում ենք լիակատար պաշարման պայմաններում` իւրօրինակ կեթթոյում, Ազրպէյճանի կողմից արգելափակուած ու կտրուած լինելով մայր Հայաստանից եւ մնացեալ աշխարհից: Եւ եթէ մինչ վերջերս երկրի իշխանութիւնների, Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենեակի եւ Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսաստանեան զօրակազմի համատեղ ջանքերով յաջողւում էր քիչ թէ շատ դեղորայք ու սննդամթերք ներկրել Արցախ, նուազագոյնս լուծել առողջապահական խնդիրներ` Հայաստանի բուժական հաստատութիւններ ուղարկելով ծանր հիւանդների, ապա յունիսի 15-ից Պաքուն, ի յաւելումն Հայաստանի սահմանին` Տեղ գիւղի մօտակայքում իր նիւթած սադրանքի, դա էլ է կասեցրել` արգելելով անգամ ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի մեքենաների երկկողմ երթեւեկը Բերձորի միջանցքով:
Ամիսներ ի վեր արցախցիներս փորձում ենք միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել այն ակնյայտ իրողութեան վրայ, որ` Արցախի աւելի քան 30 հազար երեխաները եւս, ինչպէս որ մնացեալ աշխարհի մանուկները, նոյնպէս ունեն ապահով ապրելու եւ զարգանալու իրաւունք, որ Արցախի մատաղ եւ երիտասարդ սերունդները` բարւոք պայմաններում ուսանելու, կրթութիւն ստանալու եւ այն շարունակելու իրաւունք, ինչը պարբերաբար խախտւում է Հայաստանից Արցախ մուտք գործող ելեկտրական հոսանքի եւ կազի մատակարարումներն Ազրպէյճանի խափանարար գործողութիւնների հետեւանքով դադարեցուելու պատճառով: Որ այստեղ եւս մարդիկ ունեն առողջութեան վերականգնման բարդ խնդիրներ, որոնց լուծումը հնարաւոր է միայն Հայաստանի եւ այլ երկրների առողջապահական հաստատութիւններում: Փորձում ենք աշխարհի հանրային, քաղաքական, ուժային կենտրոններին, գերտէրութիւններին, այդ թւում` ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ պետութիւններին հասկացնել, որ Ազրպէյճանը կոպտօրէն խախտում, ոտնահարում է տարածաշրջանում հրադադարի եւ կայուն խաղաղութեան հաստատմանը կոչուած 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան առանց բացառութեան բոլոր կէտերը, ի լրումն նաեւ ՄԱԿ-ի բարձրագոյն դատական ատեանի` Արդարադատութեան Լա Հէյի միջազգային դատարանի փետրուարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ ժամանակաւոր միջոց կիրառելու պահանջի մասին, ըստ որի, Ազրպէյճանը պարտաւորւում է իր ստանձնած պարտականութիւններով ապահովելու փոխադրամիջոցների եւ մարդկանց անխափան տեղաշարժը միջանցքով` երկու ուղղութիւններով: Բայց ահա Ազրպէյճանը շարունակում է լկտիաբար ու անպատիժ անտեսել բոլոր այդ իրաւունքներն ու իրաւական պահանջները` ապօրինի արգելափակելով Բերձորի միջանցքը, որն անցեալ տարուայ դեկտեմբերի 12-ից առ այսօր դադարել է արցախցիներիս համար ծառայել որպէս «կեանքի ճանապարհ»:
Միջանցքի արգելափակումը, որ Ազրպէյճանն ի սկզբանէ որպէս թէ իր երկրի բնակչութեան հանրային պահանջ ու հանրային բողոքի ձեռնարկ իրագործում էր Պաքուից պետականօրէն յատուկ այդ նպատակով` ամենատարբեր խոստումների գնով Շուշի-քարին Տակ խաչմերուկ բերուած կեղծ «բնապահպանների» ջանքերով, ամիսներ անց` ապրիլի 23-ից սկսած արդէն կեանքի է կոչում Բերձոր քաղաքի մերձակայքում` Հակարի գետի կամրջի վրայ հապշտապ տեղադրուած վերահսկիչ անցակէտի միջոցով, ընդ որում` կառուցուած ռուսաստանեան խաղաղապահների հէնց քթի տակ, նրանց տեղակայման վայրից մի քսան մեթր հեռաւորութեամբ:
Ի դէպ, որպէս ուշագրաւ իրողութիւն նշենք, որ Շուշի-Քարին Տակ խաչմերուկի ազրպէյճանական, այսպէս կոչուած, «հանրային բողոքի ձեռնարկը» նոյնպէս իրականացուել էր դարձեալ ռուս խաղաղապահների քթի տակ, առանց վերջիններիս կողմից որեւէ, թէկուզեւ ցուցադրական դիմադրութեան ու արգելքի, ինչի լիարժէք իրաւունքը նրանք ունէին:
Խորհելու տեղիք է տալիս դարձեալ մէկ յատկանշական իրողութիւն. Հակարիի վերահսկիչ անցակէտը Պաքուն սկսել է տեղադրել, երբ Հայաստանի վարչապետն իր հերթական ելոյթներից մէկում պնդել էր, որ պաշտօնական Երեւանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ազրպէյճանի կազմում` հիմք ընդունելով այն համատեղ յայտարարութիւնը, որ ընդունուել էր 2022 թուականի հոկտեմբերի 6-ին Փրակայում` Ֆրանսայի նախագահի եւ Եւրախորհրդի նախագահի նախաձեռնութեամբ կայացած «Եւրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Այդ հանդիպմանը, ինչպէս յայտնի է, Հայաստանն ու Ազրպէյճանը հաստատել են իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը` նշելով, որ դա հիմք կը հանդիսանայ սահմանազատման հարցերով յանձնաժողովների աշխատանքների համար: Ըստ երեւոյթին Հայաստանի վարչապետը կա՛մ անտեղեակ էր եւ կա՛մ գիտակցաբար, ինչն աւելի իրատեսական է, անտեսել էր, որ Ալմա-Աթայի նոյն այդ հռչակագիրը նախ չունի եւ ոչ մի միջազգային իրաւական ուժ, եւ ապա Հայաստանն այն ստորագրել էր թուով 10 էական վերապահումներով հանդերձ, որոնք վերաբերում են յատկապէս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:
Հետագայում Հայաստանի վարչապետը քանիցս անդրադարձել է այդ հանդիպման արդիւնքներին, եւ Լեռնային Ղարաբաղն Ազրպէյճանի կազմում ճանաչելու մասին նրա հերթական յայտարարութիւնը հնչել է` հէնց Հակարիի կամրջի վրայ ազրպէյճանական վերահսկիչ անցակէտ տեղադրուելու նախաշեմին: Կարծում եմ` այդ իրողութիւնների պարունակում դժուար չէ ենթադրել, որ թէ՛ ազրպէյճանցի կեղծ «բնապահպանների» ձեռնարկը Շուշիի մերձակայքում եւ թէ՛ անցակէտի տեղադրումը Հակարիի կամրջի վրայ նախապէս պայմանաւորուած գործողութիւններ էին, որոնք կատարուել են մի կողմից Պաքու-Անգարա զոյգի նախաձեռնութեամբ, միւս կողմից` Հայաստանի գործող ղեկավարի անմիջական համաձայնութեամբ, ապա եւ` Եւրամիութեան ղեկավարութեան խրախուսմամբ, ու վերջապէս` Ռուսաստանի թոյլտուութեամբ: Այսինքն կատարուել է, ըստ էութեան, հակաարցախեան, հակահայկական համատեղ գործարք, որին, ցաւօք, աշխուժ մասնակցութիւն է ունեցել, որքան էլ դա մեզ` հայերիս համար տարօրինակ եւ արտառոց հնչի, նաեւ Հայաստանի գործող վարչախումբը:
Այդ գործարքի մասնակիցներից Պաքուի եւ Անգարայի պահուածքը, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանելու կարիք չունի: Դեհ, թշնամին մնում է թշնամի, այլ կերպ չէր կարող վարուել` ինչ շղարշի տակ էլ փորձի քօղարկել իր իրական նկրտումները: Թէկուզ ի՛նչ քողարկելու ու թաքցնելու մասին կարող է խօսք լինել, երբ պաշտօնական Պաքուն ամէն մի պատեհ, թէ անպատեհ առիթով անթաքոյց ցուցադրում է գիշատիչ գազանի իր վերաբերմունքը` ամբողջովին զաւթել Արցախը եւ ցեղասպանութեան ենթարկել նրա ժողովրդին` բնաջնջելով կամ բռնի տեղահանելով, ասել է թէ` հայրենազրկելով մեզ բոլորիս:
Որքան հասկանալի, նոյնքան եւ տարակուսելի է եւրոպական քաղաքական համայնքի` Եւրամիութեան, ՕԹԱՆ ռազմական դաշինքի ղեկավարութեան եւ այդ միջազգային կառոյցների անդամ առաջատար երկրների, նաեւ Միացեալ Նահանգների պահուածքն ինչպէս Արցախի ճակատագրի նկատմամբ, նոյնպէս եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանման հարցում: Հասկանալին այն է, որ այդ արեւմտեան երկրների գերխնդիրը Ռուսաստանի դուրս մղումն է իր աւանդական ազդեցութեան գօտուց` Հարաւային Կովկասից` Անդրկովկասից, որտեղ նրա վերջին ուժային յենակէտերը ներկայումս միայն Հայաստանում է եւ Արցախում: Տարածաշրջանից դուրս մղելով Ռուսաստանին` հաւաքական Արեւմուտքը ձգտում է, որպէս ազդեցութեան գօտու, ինքը մենիշխան հաստատուի ու տիրի այստեղ, այսպէս ասած` Ռուսաստանի փորի տակ: Ինչո՞ւ չէ, այո՛, առաջին հերթին սեփական ռազմական խարիսխների տեղադրմամբ, որոնք, անշուշտ, կը գործեն Ռուսաստանի դէմ, ապա եւ` ռազմական նշանակութեան այլ կառոյցների ներկայութեամբ ու անկաշկանդ գործունէութեամբ:
Հաւաքական Արեւմուտքի միւս գերխնդիրը Ազրպէյճանի ուժանիւթի` նաւթի եւ գազի պաշարներին լրիւ տիրապետելն է: Թէկուզեւ դրանց առիւծի բաժինն արդէն իսկ` տասնամեակներից ի վեր գտնւում է արեւմտեան նաւթակազային ընկերութիւնների տնօրինման ներքոյ: Չմոռանանք, որ ռուս-ուքրանական առճակատման պատճառով հսկայական չափով նուազել են կազի մատակարարումներն Արեւմուտք, ինչն արեւմտեան տնտեսութեանը սպառնում է վիթխարի նիւթական կորուստներով` թէ՛ գիւղատնտեսութեան եւ թէ՛, մանաւանդ, արդիւնաբերութեան բնագաւառներում: Էլ չեմ ասում, որ Եւրոպան տարուայ ցուրտ եղանակներին, յատկապէս ձմրանը, սաստիկ մրսում է ռուսական կազի պակասի կամ բացակայութեան պատճառով: Եւ ահա եթէ ոչ ամբողջական, ապա իր մարմինը թէկուզ փոքր- ինչ չափով ջերմացնելու հնարաւորութիւնը, որպէս փրկութեան օղակ, տեսնում է ազրպէյճանական կազի մատակարարումներում: Չնայած դա նոյնպէս լիարժէք փրկութիւն չէ: Մանաւանդ Պաքուն խոստանում է տարիներ անց ընդամէնը կրկնակի անգամ աւելացնել Եւրոպա արտահանուող իր կազի մատակարարումը, ինչը շատ ու շատ քիչ է եւրոպական սուր կարիքների համար: Ի հարկէ, այլ կերպ` ինչպէս. խնդրի լուծման նպատակով Պաքուն եւրոպական համայնքից պահանջում է լրացուցիչ տասնեակ միլիառների տոլարի ներդրումներ բնական կազի արդիւնահանումը եւ մատակարարումը մինչեւ 2027 թուականը խոստացուած չափով աւելացնելու համար: Մի խօսքով, չարչիական առեւտուր, խորհրդային «12 աթոռ» յայտնի կատակերգութեան հերոսի ասած` առաւօտեան փողը տուր, երեկոյեան աթոռները կը ստանաս, կամ մերօրեայ տարբերակ` Ղարաբաղը տուր ինձ, բնական կազս քեզ տամ: Եւ քանի որ Եւրոպան այս պահին իր առկայ բոլոր միջոցները` փող, զէնք ու զինամթերք, Միացեալ Նահանգների հրամայական ուղղորդմամբ, որպէս խամաճիկ պետութիւնների հաւաքականութիւն, շարունակաբար տրամադրում է Ուքրանիոյ միջոցով Ռուսաստանի դէմ «Մինչեւ վերջին ուքրանացին» կարգախօսով մղուող ամերիկեան պատերազմում յաղթելու համար, հետեւապէս պահանջուող չափով լրացուցիչ գումար չունի ազրպէյճանական կազի դիմաց, ուստի եւ համաձայնում է երկրորդ տարբերակին, այն է` կազի դիմաց Լեռնային Ղարաբաղը յանձնել Ազրպէյճանի գիշատչական յօշոտմանը: Ինչ խօսք, այդպէս շատ աւելի էժան է նստում Պաքու-Եւրոպա կազամատակարարման քաղաքական-տնտեսական գործարքը, որի արդիւնքում եւ գառներն են ողջ մնում, եւ` գայլը` կուշտ: Հասկացաք անշուշտ` գառները մրսկան եւրոպացիներն են, գայլը` Ազրպէյճանը:
Ի հարկէ կարող էք հարցնել` իսկ ո՞ւր մնացին ժողովրդավարութեան արեւմտեան արժէքները` մարդու հիմնարար իրաւունքներ եւ ազատութիւններ, ազգերի ինքնորոշման իրաւունք, մարդկութեան դէմ յանցագործութեան` ցեղասպանութեան կանխարգելում ու պատժում եւ այլն, եւ այլն, արժէքներ, որոնցով ողողուած են ՄԱԿ-ի կանոնադրութիւնն ու տասնեակ տարաբնոյթ միջազգային հռչակագրերը եւ որոնցով պէտք է առաջնորդուեն աշխարհի առանց բացառութեան բոլոր պետութիւնները, էական չէ` մեծ. թէ փոքր, հզօր, թէ թոյլ, զարգացած, թէ թերզարգացած, ճանաչուած, թէ տակաւին չճանաչուած: Այո՛, ո՞ւր մնացին:
Պատասխանեմ. ոչ մի տեղ էլ չեն մնացել: Կամ այլ կերպ` մնացել են նոյն գրոտ-մրոտ թղթերի վրայ: Բայց ու՞մ են պէտք այդ թղթերը: Ի վերջոյ, դրանք պարզապէս հեքիաթներ են, որ սովորաբար մեծահասակ գրողները գրում են երեխաների համար, եւ որոնք, իրենց ընդհանրութեան մէջ, կոչւում են ոչ այլ կերպ, քան` սոսկ մանկական գրականութիւն: Իրական կեանքը շատ աւելի դաժան ու հրէշաւոր է, շատ աւելի գիշատչական, խաբեբայական ու խարդախ, քան` մանկութեան տարիներին մեր կարդացած հեքիաթների հրէշները, գայլերն ու աղուէսները: «Ուժեղի մօտ միշտ թոյլն է մեղաւոր»: Այս ճշմարտութեանը հանդիպել եմ 19-րդ դարի ռուս անուանի առակագիր Իվան Կը Ռիլովի «Գայլն ու գառը» առակում, որը հրաշալի թարգմանել էր հայ նոյնպէս անուանի առակագիր Խնկօ Ապերը: Առակս զինչ կը ցուցանէ այո՛, մեղաւոր չհամարուելու համար պէտք է ձգտես ուժեղ լինել: Բայց կայ նաեւ մէկ այլ կենսական ճշմարտութիւն` «Ուժն է ծնում իրաւունքը», որը տիրում էր մեր` հայերիս, մտքում ու սրտում, մեր վճռական գործողութիւններում`, այո՛, 90-ական թուականներին` արցախահայութեան ագային-ազատաագրական պայքարի պատերազմական շրջանում: Այդ ճշմարտութեան գիտակցմամբ է, որ կարողացանք յաղթել մեզնից քանիցս ուժեղ ու զինավառ թշնամուն: Յաղթեցինք, բայց, աւա՜ղ, յանիրաւի մոռացութեան մատնեցինք 1994-ից յետոյ: Մոռացանք ու չարաչար պատժուեցինք 2020-ի աշնանային պատերազմում:
Լա՛ւ, անցնենք առաջ: Իսկ հիմա փորձենք հասկանալ Ռուսաստանին: Ինչու՞ այդպէս վարուեց մեզ հետ: Նախ` թոյլ տուեց, գուցէ եւ օգնեց, որ պարտուենք 44-օրեայ պատերազմում: Թէկուզեւ ունէր ազդեցութեան բոլոր լծակները, որպէսզի չսկսուի պատերազմը եւ կամ` աւելի վաղ` հէնց առաջին իսկ օրերից դադարեցնել տալ պատերազմը, այլ ոչ թէ սպասէր, որպէսզի թուրք-ազրպէյճանական յորդաները եւ միջազգային ահաբեկչութեան խմբաւորումները մուտք գործէին հայոց սրբութեան սրբոց Շուշի բերդաքաղաք, ու նոր միայն կանգնեցնել տար ռազմական գործողութիւնները: Մենք` հայերս չէ, որ ասում ենք, այլ ռուս որոշ իրատես քաղաքագէտներն են ասում` Լեռնային Ղարաբաղը չէր կարող տանուլ չտալ այդ պատերազմում, որ իր դէմ մղում էին երեք պետութիւններ` Ազրպէյճանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Արդիւնքում, ասում են նրանք, Ռուսաստանն է պարտուել, իսկ յաղթել են Ազրպէյճանն ու Թուրքիան: Ապա շեշտում են` 1796 թուականից ի վեր` աւելի քան 220 տարի, թուրքական զինուորի ոտք չի դիպել այդ տարածքներին, իսկ հիմա թուրքական զինուորականներն են մերոնց` ռուսների հետ միասին մերձակայ տարածքից իրավիճակի դիտարկում իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` թուրքերը` «Բայրաքթար»կոչուող անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնց կիրառմամբ 44-օրեայ պատերազմում ռմբահարում, ոչնչացնում էին հայկական ռազմական սարքերը ու հայ զինուորներին, իսկ ռուսները` շրջայցեր կատարող մեքենաներով: Ասուածի մէջ գուցէ եւ չափազանցութիւն կայ պատերազմական գործողութիւններին Ռուսաստանի անմիջական մասնակցութեան կապակցութեամբ: Ամէն դէպքում ակնյայտ է, որ ` 2020-ի աշնանը ռուսական զօրքերը չեն կռուել մեր դէմ: Բայց որ Ռուսաստանը մատը մատին չի խփել իսկոյն եւեթ դադարեցնելու համար այդ անհաւասար եւ հայերիս համար աղէտալի պատերազմը, անժխտելի փաստ է: Իսկ դա ինքնին այլ բան չի նշանակում, քան մեղսակցութիւն` յանցագործութեանը:
Ի հարկէ, անկախ դրանից, մենք դարձեալ շնորհակալ ենք Ռուսաստանին, որ թէկուզ շատ մեծ ուշացումով, թէկուզ Հադրութի, Շուշիի, մեր երկու հարիւր գիւղական բնակավայրերի, ընդհանուր առմամբ` Արցախի Հանրապետութեան տարածքի երեք քառորդի կորստից յետոյ, բայց, այնուամենայնիւ, դադարեցնել տուեց պատերազմը եւ պատերազմող կողմերին պարտադրեց ստորագրել նոյեմբերի 9-ի, ինչ խօսք, հայերիս համար չարաբաստիկ եռակողմ յայտարարութիւնը, յաջորդ օրն իսկ իր խաղաղապահ զօրախումբը մտցնելով Արցախի մնացեալ տարածք: Մենք դարձեալ շնորհակալ ենք Ռուսաստանին, որ իր խաղաղապահ առաքելութիւնը, չնայած` անցած աւելի քան երկուսուկէս տարում թոյլ տուած անժխտելի թերացումներին, սկսած Արփագեադուկ եւ Խծաբերդ գիւղերից մինչեւ Քարագլուխ ու Սարիբաբ բարձունք, որոնք լրիւութեամբ կամ մասամբ յանձնուեցին մեր թշնամուն, այնուամենայնիւ, կարողանում է այս կամ այն չափով պահպանել յարաբերական կամ այլ կերպ` փխրուն խաղաղութիւնը պատերազմից յետոյ մեզ բաժին մնացած այս երկուսուկէս հազար քառակուսի քիլոմեթր տարածքում: Մենք շնորհակալ ենք ռուսաստանեան խաղաղապահ զօրախմբին, որ փորձում է շրջափակման այս երկար ու ձիգ ամիսների ընթացքում փոքր ի շատէ մեղմել օրըստօրէ ահագնացող մարդասիրական ճգնաժամը` գրեթէ ամէնօրեայ դրութեամբ Հայաստանից հարիւրաւոր թոնաներով սննդամթերք ներկրելով Արցախ, իսկ երբեմն նաեւ, ի լրումն Կարմիր խաչի ջանքերի, աջակցելով ծանր հիւանդների տեղափոխմանը Հայաստանի բժշկական հաստատութիւններ: Կարելի է եւ այլ թուարկումներ անել:
Բայց բանն այդ չէ: Բանն այն է, որ, ռազմաքաղաքական իրադարձութիւնների զարգացմանը համընթաց, օրըստօրէ յարաճուն վտանգ է սպառնում հարաւկովկասեան տարածաշրջանում, որոշակիօրէն` Հայաստանում եւ Արցախում, ռուսական ներկայութեանը, ինչը հազիւ թէ բխում է Ռուսաստանի իսկ աւանդական աշխարհաքաղաքական շահերից: Ի վերջոյ, կարելի է ենթադրել, որ այն տիղմը կամ ճահիճը, որի մէջ Ռուսաստանին ներքաշել է հաւաքական Արեւմուտքը` Միացեալ Նահանգների միահեծան առաջնորդութեամբ, հարկ եղած ռազմաքաղաքական պայմաններ սադրելով, որպէսզի Մոսկուան ստիպուած լինի յատուկ նշանակութեան գործողութիւն կամ` միով բանիւ, պատերազմ ձեռնարկել իր վաղեմի դաշնակից ու բարեկամ Ուքրանիայի տարածքում, կարող է եւ տարածականօրէն ընդլայնուել` ընդգրկելով նաեւ Հարաւային Կովկասի տարածաշրջանը: Այո՛, Վրաստանն առայժմ զգուշաբար չեմուչեմ է անում Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատ բացելու արեւմտեան յարաճուն հորդորներին: Բայց մինչեւ ե՞րբ այդպէս` Թիֆլիսիում անգամ չգիտեն: Ազրպէյճանը, չդադարեցնելով աւանդական սիրախաղերը Քրեմլինի հետ, հոգով ու սրտով, նաեւ զէնք ու զինամթերքի մատակարարումներով, կամաւորական գրոհայինների առաքմամբ վաղուց ի վեր Ուքրանիայի հետ է եւ յարմար պահի է սպասում բացայայտ առճակատման անցնելու համար` ծաւալապաշտօրէն աչքը տնկած եթէ ոչ ամբողջ Տաղստանի, ապա նրա հարաւային հատուածի վրայ` Դերբենդ քաղաքով հանդերձ: Հայաստանը եթէ հակառուսական որեւէ այլ քայլի էլ չդիմի, ապա երկրից ռուսաստանեան զօրական ուժի դուրսմղմամբ գուցէ իր երկու հարեւաններին ոչ համահաւասար, բայց, այնուամենայնիւ, թէկուզ միայն իր այդ պահուածքով մասնակցած կը համարուի Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատի բացմանը: Կարծում եմ, որ զուր չեն կամ զուտ ժամանցային չեն վերջին շրջանում ամերիկեան եւ բրիտանական բարձրաստիճան զինուորականների յաճախակի դարձած այցերը Երեւան եւ հանդիպումները Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Ինչ խօսք, ոչինչ աննպատակ չի արւում: Ի հարկէ մենք չէ, որ այս ամէնը բացատրենք Մոսկուային: Մոսկուան ինքը, յուսանք, ի վերջոյ հաստատապէս կը գիտակցի, կը հասկանայ այդ վտանգները:
Մայր Հայաստանի, աւելի ճիշտ` Հայաստանի գործող իշխանութիւնների դիրքորոշումն Արցախի հարցում, էն գլխից ասեմ, որ այդ դիրքորոշումը ծայրից ծայր չի բխում թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի եւ թէ՛ առհասարակ, համայն հայ ժողովրդի շահերից: Անգամ Հայաստանի ընտրազանգուածի` մեծամասնութիւն կազմող այն ստուար, ըստ իս, մոլորեալ հատուածի շահերից, որի քուէներով 2021-ի յունիսի 21-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում վերարտադրուել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան իշխանութիւնը: Մի կուսակցութիւն, որի առաջնորդի հրապարակաւ ասուած ոչ մի խօսք կամ խոստում չի համապատասխանում իրականութեանը, պարզապէս մոռացութեան է մատնւում իր կողմից ու չի իրականացւում: Խորհրդարանական ընտրութիւնների ներկայանալով Արցախի ու նրա ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ ինքնիշխանութեան պաշտպանութեան կարգախօսով, այդ կուսակցութիւնն արդէն Արցախը ծանր բեռ է համարում Հայաստաանի շալակին, ինչպէս որ 1990-ականների երկրորդ կէսին համարում էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը: Այսինքն Արցախ կոչուող այդ բեռից թօթափուելու անհրաժեշտութիւն են տեսնում: Աւելի՛ն. նոյն այդ կուսակցութեան առաջնորդը` հերթական անգամ վարչապետ կարգուած Նիկոլ Փաշինեանը, ներկայումս ամէնուրեք` դրսերում, թէ Հայաստանում, բացէիբաց յայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը` Լեռնային Ղարաբաղի ներառմամբ հանդերձ եւ կամ, ինչպէս վերջերս յայտարարել է նրա կուսակից, արտաքին գործերի նախարար կոչեցեալ Արարաթ Միրզոյեանը, Արցախի ժողովուրդը Հայաստանին մանտատ չի տուել պաշտպանելու իր իրաւունքները:
Դա, խոստովանենք, լկտիութեան աստիճանից դուրս է արդէն, որ հաւասարազօր է ազգային դաւաճանութեան: Այո՛, հէնց այս դաւաճանութեան, շեշտում եմ` բաւական նախապատրաստուած ու համակարգուած դաւաճանութեան հետեւանքով է, որ մենք պարտուել ենք 44-օրեայ պատերազմում, աւելի ճիշդ` պարտուել ենք ոչ թէ մենք` արցախցիներս եւ մեզ հետ միասին ողջ հայ ժողովուրդը, այլ առաջին հերթին` Հայաստանի գործող ապազգային վարչախումբը, այդպիսով իսկ աղէտեալ վիճակի հասցնելով մեզ բոլորիս` ամբողջ հայ ազգին: Եւ հիմա, երբ ամէնօրեայ լրահոսում հանդիպում եմ պաշտօնական Երեւանի թոնթորանքներին` ուղղուած միջազգային հանրութեանը, թէ Ազրպէյճանի մեղքով մարդասիրական աղէտ է սպառնում Լեռնային Ղարաբաղի հայերին, ակամայ յանգում եմ այն մտքին, որ այդ թոնթորացող քաղաքական խամաճիկներն արդէն հատել են լկտիութեան սահմանները եւ մուտք գործել լպիրշութեան ծիրի մէջ: Ինչպէ՞ս չասեմ` ողբամ զքեզ մայր Հայաստանի մոլորեալ ընտրազանգուած, քո ընտրած ղեկավարութեամբ: Այն ղեկավարութեամբ, որ գործուն, անմիջական մասնակիցն է ներկայումս Արցախի ժողովրդին սպառնացող մարդասիրական ճգնաժամի եւ աղէտի: Այո՛, Ազրպէյճանի եւ Թուրքիայի առաջնորդներին` իր իրական տէրերին ու պատուիրատուներին համահաւասար:
Բայց, այնուամենայնիւ, կայ մի լոյսի շող, որ անձամբ ինձ յուսավառում է, դա թշնամական պաշարման սեղմ օղակի մէջ յայտնուած Արցախի ժողովրդի դիմադրողականութեան ուժն է` անսպառ, կամային, լուսաւոր, վաղուայ օրուայ նկատմամբ հաւատով ու վստահութեամբ, պայքարի ոգով լեցուն: «Արցախը աստուածային սուրբ հող է,- ինձ ասում են շա՜տ ու շա՛տ արցախցիներ,- մեզ պարտուել չկայ, ի վերջոյ չարը կը խափանուի ու բարին կը յաղթի, յաղթանակը մերը կը լինի»: Ուստի համոզուած եմ` սա մանկական հեքիաթ չէ, որ սովորաբար աւարտւում է չարի նկատմամբ բարու յաղթանակով: Սա արցախեան իրականութիւն է: Զուր չէ արցախցի լուսահոգի գրող Միքայէլ Յարութիւնեանը մօտ 60 տարի առաջ` 1964 թուականին գրուած իր «Զուարթ երգ» բանաստեղծութեան մէջ ամենայն վստահութեամբ հաստատել. «Աստուած էլ է ղարաբաղցի»:
Այնպէս որ, ինձ այլ բան չի մնում անելու, սիրելի բարեկամներ, քան ձեզ հետ միասին ասել` Ամէն:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար