Այս տարուայ նոյեմբերին լրացաւ հայ գրականութեան վառ դէմքերից մէկի` Եղիշէ Չարենցի մահուան 85-րդ տարելիցը: Հայ հասարակութեան մեծ մասը Չարենցի մասին պատկերացում է կազմել խորհրդային քարոզչամեքենայի հրամցրած «ճշմարտութեան» շրջանակներում, որի համաձայն, Չարենցը «կարմիր» պոէտ է, համոզուած պոլշեւիկ: Տասնամեակներ շարունակ սա էր խորհրդահայ հանրութեան համոզումը, սակայն բնական հարց է ծագում` այդ դէպքում ինչո՞ւ «կարմիր» պոէտ եւ «համոզուած պոլշեւիկ» Չարենցը հալածուեց, կեանքն աւարտեց բանտում սոսկալի պայմաններում:
Չարենցի նկատմամբ «հալածանքները սկսուեցին 1933-ին` «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելանքով: Դրան յաջորդեցին հարցաքննութիւնները, այնուհետեւ նրան վտարեցին Գրողների միութիւնից, հեռացրին զբաղեցրած պաշտօնից, մեկուսացրին
գրական կեանքից, դադարեցրին գրքերի տպագրութիւնը, այդ թւում` Մոսկուայում եւ Թիֆլիսում ռուսերէն թարգմանական ժողովածուները, հռչակեցին քաղաքականապէս անվստահելի անձ, հսկողութեան պայմաններում հրամայեցին քաղաքից չբացակայել, մամուլում քննադատեցին թէ՛ իրեն եւ թէ՛ իր գրական խմբի անդամներին ու համակիրներին, թունաւորեցին կենցաղը, մղեցին ծայրայեղ արարքների, ի վերջոյ, ձերբակալեցին, բանտում հարցաքննութեան փոխարէն` դաժան հաշուեյարդար տեսան նրա հանդէպ, ուր եւ 1937 թ. նոյեմբերի 27-ին աւանդեց հոգին» (1):
Չարենցին յետադիմական նացիոնալիստ էին ներկայացնում եւ այլն: Յատկանշական է Երեւանի «Գրական թերթի» 1937 թ. ապրիլի 23-ի համարում տպագրուած Հայաստանի կոմկուսի ամբաստանագիրը. «Բակունց, Ալազան եւ ուրիշներ գրականութեան մէջ գործել են` որպէս վնասարարներ, որպէս հակայեղափոխականներ, որպէս Թրոցքիստներ եւ դաշնակներ, որպէս միջազգային կապիտալի գործակալներ… Հետագայում Չարենցն ընկնում է հակայեղափոխական-նացիոնալիստների ազդեցութեան տակ:… Նա (Չարենց) ստեղծում է մի գիրք` «Գիրք Ճանապարհի», որ ամբողջապէս գրուած է որպէս հայ
գրականութեան ազգային յատկանիշների խտացման թէորիայի իլլուստրացիա» (2): Այս տխուր պատմութեան վերջակէտը դրուեց այն ժամանակ, երբ Չարենցը միամտաբար վստահեց երկու ընկերների եւ պատմեց այն մասին, որ ժողովածուի բանաստեղծութիւններից մէկում` «Պատգամ»-ում, իւրաքանչիւր տողի երկրորդ տառերով ակրոստիքոս է կազմել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»: Իսկ դա, ինչպէս յայտնի է, «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցութեան նշանաւոր կոչն էր` ժամանակին ասուած նաեւ Նժդեհի շուրթերով, որի նպատակը «Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի» ստեղծումն է: Պատճառը, սակայն, միայն «Գիրք ճանապարհի»-ն չէր. խորհրդային յատուկ ծառայութիւնների ուշադրութիւնից չէր վրիպել նաեւ «Երկիր Նաիրի»-ն, որը լոկ վէպ կամ երգիծանք չէ, այլ` պատմաբանների համար վաղուց շղարշազերծուած վաւերագրութիւն: ««Երկիր Նաիրի». այսինքն` անկախ եւ միացեալ հայրենիք. այս գաղափարապաշտութեան ցմահ ուխտաւորն են Եղիշէ Չարենցը` որպէս ազգային հաւաքական հանճար, եւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը` որպէս ազգային հաւաքական ուժ, ուստի դէպի Նաիրի
տանող ճանապարհին նրանք կամայ-ակամայ պիտի խաչուէին այն կէտում, որ տաճարն էր իրենց հաւատամքի: Ապացոյցը նաեւ «Երկիր Նաիրի»-ն, գրուած` 1921-1924 թթ., Չարենցի ձախ որոնումների ամենաբուռն շրջանում: Ողբերգական, ահեղ, մահացու ճշմարտութիւնը թղթին յանձնելու համար Չարենցը գիտակցաբար պիտի գնար օրուայ ճանապարհով: Ժամանակի գովքն անող անմուսայ երկերի հանգոյցում ոգու կանչով եւ պարտքով յառնում է պոէմանման վիթխարի ասքը` «Երկիր Նաիրի»-ն»:
Վէպի գրական-գեղարուեստական արժէքի շուրջ չծաւալուելու համար խօսենք միայն պատմական անցքերի մասին, որոնց հիմքում Չարենցի ծննդավայր Կարսի անկումն է: Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս ընկաւ Կարսը:
Հարիւր տարուց աւելի հայ գիտական ու քաղաքական շրջանակներին մտահոգող այս հարցի պատասխանն ամփոփուած է «Երկիր Նաիրի» վէպում, որի առաջին գլխում նկարագրելով Կարսի յայտնի բերդը` Չարենցը գրում է. «Անառիկ է այդ բերդը, ամէնքն այդ գիտեն, եւ դաւաճանութիւնն է, նենգ, ստոր, նաիրեան դաւաճանութիւնն է այդ բերդը յանձնել եկուոր սրիկաներին» (4): Այն մասին, որ Կարսն ընկաւ դաւաճանութեան հետեւանքով, յետխորհրդային շրջանի պատմաբանները բազմիցս են խօսել, բայց խօսքը դարձեալ տանք Չարենցին. «… այն ժամանակ, երբ, ինչպէս ասում են` քափ ու քրտինք կտրած` նաիրեան ռազմիկներ էր ուղարկում գրաւուած վայրերը, այսինքն երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտէն, ոչ` տեղական, այսինքն նաիրեան իշխանութիւնը, երբ, միւս կողմից, արդէն ստոյգ լուրեր ունէր ստացած նաիրեան իշխանութիւնը, որ, վերջին հորդաները հաւաքած, թափթփուկ բանակներով մտադրութիւն ունի գրաւուած վայրերը խուժելու Յաւիտենական Հիւանդը, ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դաւաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրութիւն էին քարոզում նաիրեան բանակում եւ խօսում էին հաշտութեան մասին, ո՞ւմ հետ. յաւիտենական ոսոխի ու Յաւիտենական Հիւանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բաւական էր, ինչպէս ասում էր Մազութի Համոն, որպէսզի նա յաւիտենապէս փչէր իր շունչը, եւ նա, ի հարկէ, կը փչէր իր շունչը, եթէ չլինէին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադաւաճան մարդիկ…» (5): Պատերազմում դասալքութիւնից զատ` այդ նաիրուրաց ու նաիրադաւաճան մարդիկ հաշտութիւն ու «խաղաղութիւն» էին
քարոզում հայութեան դարաւոր ոսոխի հետ, եւ այդ «խաղաղութեան» նախապայմաններից մէկը, եթէ ոչ` ամենագլխաւորը, Արեւմտեան Հայաստանից եւ Արեւելեան Հայաստանի` Թուրքիայի հետաքրքրութիւնների տիրոյթում գտնուող տարածքներից հրաժարուելն էր. «Եւ ամէն ինչ լաւ էր գնում, նոյնիսկ կարելի է ասել, որ կատարեալ հանգիստ ու խաղաղութիւն կը տիրէր նաիրեան այդ քաղաքում եւ շրջանում, եթէ չլինէին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադաւաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետութեան հանգիստը: Եւ ո՞վ գիտէ` կը կատարուէի՞ն արդեօք հետագայ դժբախտ ու ահաւոր դէպքերը, եթէ չլինէին այդ ստոր, անպատկառ, նաիրադաւաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ էք` դրանք, այդ ստոր, դաւաճան, անպատկառ մարդիկ դէմ էին «գրաւուած վայրերի» պաշտպանութեան, ինչ-որ խաղաղութիւն էին պահանջում այդ ստոր, դաւաճան, ազգուրաց մարդիկ երբ դեռ չէր գետնահարուած ոսոխը, աւելի՛ն, երբ իր վերջին հորդաները հաւաքած` թափթփուկ բանակներով պատրաստւում էր «գրաւուած վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժուարութիւններով վերջապէս ազատագրուած երկիրը Նաիրի…» (6): Մեր օրերի համար չափազանց ծանօթ այս պատկերն էր Հայաստանում 1920 թ.:
Պետական դաւաճանութիւնը կատարւում էր «խաղաղութեան» օրակարգով, եւ Չարենցը յստակ մատնանշում էր այդ ստոր, նաիրուրաց մարդկանց. «… Եւ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը. մի քանի լղրճուկ սինլքորներ… Եւ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպէս ասացինք… «վերի գլուխը». արիւնարբու մի սկիւթ, ռսացած մի մոնկոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վակոնով հայրենիք վերադարձած` չին զօրքերու եւ անվարտիք աւարաներու օգնութեամբ ներսերում խլել էր արդէն իշխանութիւնն ու յանձնել այն գերմանացիներին` այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տուել էր արիւնարբու Վիլհելմ կայսեր… Ահա՛ թէ ովքեր էին դրանք եւ ահա թէ ո՛վ էր դրանց «ամենավերին գլուխը», այսինքն` ամենամեծ ղեկավարը» (7): Արդէն յետխորհրդային շրջանում կաղապարազերծուած հայ գիտական միտքը պէտք էր բացայայտէր, որ խօսքը պոլշեւիկների մասին էր, որոնց առաջնորդ Լենինը, ինչպէս արդէն գիտենք, թուրք-թաթարական ծագում ունէր (կովկասեան թուրք, արդի եզրութաբանութեամբ` ազրպէյճանցի էր) եւ 1917 թ. հոկտեմբերին իշխանութեան էր բերուել Գերմանիայի կողմից յստակ ծրագրով, ու ամենեւին էլ պատահական չէր, որ 1918 թ. մարտին կնքեց Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը, որով Ռուսական կայսրութեան գրաւած բոլոր տարածքները զիջեց Թուրքիային, յետոյ էլ Ռուսաստանը ներքաշեց հիւծիչ քաղաքացիական պատերազմի մէջ, որում, ի հարկէ ի դժբախտութիւն հայերի, լենինեան ուժերը յաղթանակ տարան` ոչ առանց արտաքին միջամտութեան: Գրեթէ նոյն պատկերն է, ինչ 2018-2020 թթ. Հայաստանում:
Հայաստանում Լենինի թուրքամէտ քաղաքականութեան սպասարկուները հայ պոլշեւիկներն էին, որոնք, «համաշխարհային յեղափոխութեան» անիրական հովերով տարուած, զոհաբերեցին Հայաստանն ու հայկական շահը Քեմալ-Լենին դաշնակցային շահերին: Այդ մասին է վկայում նաեւ Պաքուից նրանց յղուած «Յոյժ գաղտնի» վերնագրուած հեռագիրը, որն այսօր պահւում է Հայաստանի Ազգային արխիւում:
Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (պոլշեւիկների) Կենտրոնական կոմիտէն հրահանգում է կուսակցութեան բոլոր կազմակերպութիւններին` թէ՛ թիկունքում, թէ՛ ռազմական գօտիներում եւ յատկապէս Կարսի գարնիզոն մեկնող պոլշեւիկներին անհատ զինուորների շրջանում եւ առանձին հաւաքոյթներում… ինչպէս նաեւ թռուցիկների միջոցով ծաւալել լայն պրոպագանդա ընդդէմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով` Թուրքիան այլեւս նախկին Թուրքիան չէ եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիւ նպատակներ չունի: Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է եւ պայքարում է իր ազգային ազատութեան համար` ընդդէմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսայի, Յունաստանի): Հանրապետական Հայաստանի յաղթանակը Թուրքիայի վրայ` կը նշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձաւոր Արեւելքում եւ դրանով իսկ կը վտանգի յեղափոխութեան յաղթանակը Անդրկովկասում, ապա նաեւ` Արեւելքի խորհրդայնացումը: Հայ պոլշեւիկ կոմունիստների խնդիրը պէտք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտութիւնը, որով եւ կ՛արագացուի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պէտք է կազմալուծել հայկական կռուող բանակը բոլոր միջոցներով, դրանք են.
ա) կազմակերպել դասալքութիւն եւ ամէն կերպ խանգարել զօրահաւաքին,
բ) ռազմաճակատներում հասկացնել զինուորներին, որպէսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինուորների վրայ, այլ լքելով դիրքերը` վերադառնան թիկունք,
գ) չենթարկուել սպաների հրամաններին եւ հարկ եղած դէպքում ոչնչացնել նրանց:
Այս ամէնի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինուորներին, որ յաղթող թուրքական ասկեարը յեղափոխական ասկեար է, որը ոչ միայն իրեն թոյլ չի տայ որեւէ գործողութիւն պարտուած երկրի վերաբերեալ, այլ կ՛օժանդակի աշխատաւոր հայ ժողովրդին` ազատուելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցութիւնից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետութիւնից ազատուելով` Հայաստանը ընդմիշտ կը կապուի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կը տրուի պատերազմին եւ սովին, ու մշտական ընդհարումներից քայքայուած երկիրը կը լիանայ Ռուսաստանի հացով եւ մասնակիցը կը դառնայ համաշխարհային յեղափոխութեան մեծ գործի:
Ծանօթութիւն.- Գրութիւնը կարդալ սահմանափակ ժողովում եւ կարդալուց յետոյ անմիջապէս այրել: Հայաստանի Կոմ. կուս. Կենտրոնական կոմիտէի անդամներ` Ս. Կասեան, Ա. Մռաւեան, Ա. Նուրիջանեան, Շ. Ամիրխանեան, Ի. Դովլաթեան, Ա. Յովհաննիսեան:
Նո. 218, Պաքու, 1920 ՍԵՊ. 20» (8):
Եւ ահա՛ «Երկիր Նաիրի»-ում Չարենցը պատմում է այս իրադարձութիւնների մասին` հակադրելով նաիրադաւ ու նաիրուրաց պոլշեւիկներին «Նաիրեան գործերի կենտրոնին»` «Ընկերութեանը», ասել է թէ` Դաշնակցութեանը: Չարենցի հերոսը կամայ թէ ակամայ դառնում է Համօ Համբարձումովիչ Աստուածատրեանը (Մազութի Համոն)` նոյն ինքը` ՀՅԴ Կարսի կոմիտէի նախագահ Համբարձում Նոհրադեանը. «Նա եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, հետագայում, հօր մահուանից յետոյ, ղեկավարել է «Լոյս» նաւթարդիւնաբերական ընկերութիւնը` որպէս կառավարիչ, որն ապահովել է նաւթամթերքներով Պաթում-Կարս նահանգը: 1919 թ. Երեւանում մասնակցել է ՀՅԴ Ընդհանուր ժողովին եւ ընտրուել Հայաստանի Քաղաքների միութեան եռանդամ նախագահութեան անդամ» (9): Համբարձում Նոհրադեանի որդին` Գէորգը, զոհուել էր դեռ Ա. Աշխարհամարտի տարիներին Կարսի ճակատում մղուած մարտերի ժամանակ. «…ապր. 12-ին, Մազրայի մօտ, նահանջի ճանապարհը պաշտպանելիս հերոսի մահով մեռաւ Կարսի քաղաքագլխի որդին` կամաւոր Գէորգ Նոհրադեանը» (10): Կարսի դաւաճանական յանձնումից յետոյ Համբարձում
Նոհրադեանը գերի է ընկել եւ տանջամահ արուել թուրքերի կողմից: Մազութի Համոյի մահուան տեսարանը Չարենցն այսպէս է պատկերել. «Բերդը մտնելով, ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդեանին, բժշկին ու Մազութի Համոյին` բերդի ամենաբարձր աշտարակի վրայ, նաիրեան եռագոյնի դողդոջ փայտի մօտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նաիրեան հրամանատարների այս անասելի վիշտը` խորին ակնածանքով մօտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիւ են տուել եւ մեծագոյն շուքով տարել քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիւ են բռնել նրանց, եւ նոյնիսկ ինքը` ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը եւ ցաւակցութիւն յայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՛ ահա մի չտեսնուած վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդեանը, բժիշկը եւ Մազութի Համոն ոսոխի հրամանատարութեան կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգութեամբ յանձնւում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք եւ կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարութեանց: Նրանք` ոսոխի այդ թափթփուկ հորդաները, աջից կախ են անում ընկ. Վառոդեանին, ձախից բժշկին, իսկ մէջտեղից իրան` Մազութի Համոյին, եւ սա չէ դեռեւս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին: Ամենազարհուրելին ու ամենաքստմնելին այն է, որ նրանք` ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասեան մէջտեղը, Մազութի Համոյի գլխավերեւը, ու գրում վրան, երեւակայո՞ւմ էք նաիրեան տառերով.
ՄՀԱՆ որ նշանակում է` «Մազութի Համօ` Արքա Նաիրի»» (11):
Ինչպէս տեսնում ենք, Համբարձում Նորհատեանը, որի կերպարում ամփոփուած է Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը, Հայաստանի ազատութեան ճանապարհին խաչին գամուած այն հերոսն էր, որի չլինելով` չկային, ցնորք ու միֆ էին դարձել նաեւ Նաիրին եւ նաիրեան այն քաղաքը, որ նաիրցի վարպետները բացառիկ ամրութեամբ էին կառուցել, եւ որի վրայ այժմ օտարի դրօշն է ծածանւում, որովհետեւ այլեւս այնտեղ չէ սիրեցեալ ժողովրդին կռուի կոչ յղող ՀՅԴ-ն, ինչպէս նշում է Չարենցը «Երկիր Նաիրի»-ում:
Ահա՛ 1921-1924 թթ. «կարմիր պոէտ» Չարենցի «Երկիր Նաիրի» վէպի համառօտ պատմական ակնարկը, որին լրացնելու է գալիս 1933 թթ. գրուած «Գիրք ճանապարհի»-ն, որում Չարենցը ներառել է նաեւ «Մահուան տեսիլ» շարքը: Այս շարքով նա իր յարգանքի տուրքն էր մատուցում հայ ազգային-ազատագրական պայքարի նշանաւոր գործիչներին` Րաֆֆի, Խրիմեան Հայրիկ, Քրիստափոր Միքայէլեան, Սիմոն Զաւարեան, Ռոստոմ` Ստեփան Զօրեան, Սիամանթօ, Վարուժան, Ահարոնեան, Խաժակ, որոնց շատ յաճախ ստիպուած էր եղել քննադատել խորհրդային մամլիչ մեքենայի գաղափարական ճնշումների տակ: Ասուածի մասին են վկայում հետեւեալ տողերը.
«Ես սրտի փոխարէն ունէի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանօթ էր կեանքում ինձ համար ամենայն վարանում ու մահ,
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մեծ մի բանակ,
Եւ մեր սեւ դրօշի վրայ գրեցի «Հայրենիք կամ մահ»:
Գնացին նոքա, այդ արի զինուորները, Երկիրն Աւետեաց,
Տիրում էր այնտեղ բռնութիւն, ե՛ւ ոճիր, ե՛ւ կեանք անազատ.
Գնացին նոքա` սրբելու մեր դէմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արեամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:
… Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենայ,
Բայց դժբախտ փորձի ժամանակ Արքայից հեռու նա պայթեց,
Եւ խփեց-խորտակեց նա ինձ… Իսկ Արքան կենդանի մնաց,
Եւ, իբրեւ դեւի տրիտուր, նախճիրներ նիւթեց ու ջարդեր…
Եւ մնաց նա կենդանի… Կենդանի նա մնաց… Վա՜յ ինձ…
Աշխարհից հեռացայ ես այսպէս` իմ ուխտը թողած անկատար…
… Եւ յանկարծ մօտեցան նրան երկու այր` դէմքով կաւիճ
Բուսնելով կարծես խաւարից` մօտեցան նրան երկու այր,
Երկու մարդ սեւազգեստ, մռայլ, կրծքներին պղնձեայ նշան.
… Եւ մէկը նրանցից, որ ունէր հայեացքներ` մռայլ փայլով լի-
… Նա շարժում էր այդպէս մի ոսկոր, կրկնելով անյայտ մի անուն
«Հըդայի՜ւն, հըդայի՜ւն, հըդայի՜ւն» ձայնում էր կանչով շառաչուն
… «Խան Բա՜ն օտ, խան բա՜ն օտ, խան բա՜ն օտ»…
Պատմութեանը քիչ թէ շատ ծանօթ մարդու համար պարզ է, որ խօսքը Քրիստափոր Միքայէլեանի մասին է, որ մահափորձ էր կազմակերպում արիւնոտ սուլթան Ապտիւլ Համիտ 2-րդի դէմ եւ զոհուեց ինքնաշէն ռումբի փորձարկման ժամանակ Վիտոշ լերան վրայ, իսկ «Հըդայիւն» եւ «Խան բան օտ» ծածկագրուած բառերից ակնյայտ է, որ խօսքը ՀՅԴ-ի մասին է, որը 1896 թ. կազմակերպել էր Պանք Օթոմանի գրաւումը, իսկ 1897 թ.` Խանասորի արշաւանքը: Ահա այսպէս խորհրդային բռնատիրութեան պայմաններում Չարենցը ապաշխարում է Դաշնակցութեան ու ազգային-ազատագրական պայքարի այլ անուանի գործիչների նկատմամբ իր երբեմնի վերաբերմունքի ու քննադատութեան համար եւ հայ ժողովրդին ներկայացնում իր իրական պատմութիւնը:
Ի հակադրութիւն այս ամէնի` ոմանք յաճախ յիշատակում են Չարենցի «Լենինն ու Ալին» ստեղծագործութիւնը, եւ տրամաբանող անհատը կարող է հարցնել, թէ ինչո՞ւ է հայ Չարենցի ստեղծագործութեան մէջ թուրք Ալին ողբում Լենինի մահը, ոչ թէ, օրինակ, հայ Արմէնը… Պատասխանը յստակ է. Լենինը հայկական հողերը բաժանել էր թուրքերին, վերացրել Հայաստանի` այդքան մեծ դժուարութեամբ ձեռք բերուած անկախութիւնը, եւ բնական է, որ Լենինի ձեռքով հայկական հողերը ստացած թուրք Ալին պէտք էր ողբար նրա մահը, ոչ թէ` հայրենազրկուած հայը: «Այս խոր ըմբռնումն ու ներքին պատկառանքը Չարենցն ունէր Դաշնակցութեան հանդէպ, ինչքան էլ հրապարակաւ չխոստովանէր» (12): Այս ամէնի համար, բնականաբար, Չեկան չներեց Չարենցին, եւ նրան մեղադրեցին ժամանակի ամենամահացու «մեղքերում»` նացիոնալիստ ու դաշնակցական անուանեցին, մինչդեռ Չարենցը պարզապէս մեծ հայրենասէր էր, որն անասելի ցաւ էր ապրում բզկտուած հայրենիքի համար: Իրական Չարենցին պէտք է ճանաչել, բացայայտել ու վերադարձնել հայ ժողովրդին, որպէսզի վերջինս, կարդալով նրա հանճարեղ բանաստեղծութիւնները, կարողանայ ընկալել ոչ թէ դրանց արտաքին կաղապարը, այլ ա՛յն, թէ ի՛նչ է դրուած դրանց հիմքում: Չարենցի բանաստեղծութիւնների տողատակերը հասկանալը չափազանց կարեւոր է հայ հասարակութեան գաղափարական ճիշդ կողմնորոշման համար, որպէսզի Կարսի օրինակով Արցախն էլ կեղծ խաղաղութեանը զոհաբերած նաիրադաւ ու նաիրուրաց մարդկանց պատճառով հերթական անգամ Հայաստան-Նաիրին միֆ ու ցնորք չդառնայ:
Յղումներ
(1).- Գասպարեան Դ., «Ստալինեան բռնաճնշումները եւ հայ գրողների մարդկային ու ստեղծագործական ճակատագիրը», «Գրական թերթ», 17.11.2017, https://www.grakantert.am/archives/10720 (մուտք` 24.07.2022):
(2).- Եղիշէ Չարենց-Սողոմոնեան (1879-1938), «Հայրենիք», մարտ 13, 1974, N 18649, http://tert.nla.am/archive/HGG%20TERT/hayreniq%20boston/1974/1974(18649).pdf (մուտք` 24.07.2022):
(3).- Յովհաննիսեան Ն., Եղիշէ Չարենցը եւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, «Ապառաժ», 04.04.2018, (մուտք` 24.07.2022):
(4).- Չարենց Ե., Երկիր Նաիրի, Եր., 1977, էջ 10:
(5).- Նոյն տեղում, էջ 150:
(6).- Նոյն տեղում, էջ 148:
(7).- Նոյն տեղում, էջ 149:
(8).- ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
(9).- Չիլինգարեան-Նոհրադեան Ն., «Ով է Մազութի Համոն», Եր., 2016, էջ 4:
(10).- Վրացեան Ս., «Հայաստանի Հանրապետութիւն», Եր., 1993, էջ 117:
(11).- Չարենց Է., նշվ. աշխ., էջ 172:
(12).- Յովհաննիսեան Ն., նշու. աշխ.:
Օգտագործուած աղբիւրների եւ գրականութեան ցանկ
ա) Աղբիւրներ
- ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
բ) Գրականութիւն
1.- Չարենց Ե., «Երկիր Նաիրի», Եր., 1977:
2.- Չիլինգարեան-Նոհրադեան Ն., «Ով է Մազութի Համոն», Եր., 2016:
3.- Վրացեան Ս., «Հայաստանի Հանրապետութիւն», Եր., 1993:
գ) Համացանցային նիւթեր
1.- Գասպարեան Դ., «Ստալինեան բռնաճնշումները եւ հայ գրողների մարդկային ու ստեղծագործական ճակատագիրը», «Գրական Թերթ», 17.11.2017,https://www.grakantert.am/archives/10720 (մուտք` 24.07.2022):
2.- Եղիշէ Չարենց – Սողոմոնեան (1879-1938), «Հայրենիք», մարտ 13, 1974, N 18649, http://tert.nla.am/archive/HGG%20TERT/hayreniq%20boston/1974/1974(18649).pdf (մուտք` 24.07.2022):
3.- Յովհաննիսեան Ն., «Եղիշէ Չարենցը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը», «Ապառաժ», 04.04.2018, (մուտք` 24.07.2022):



