ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ
Նա ծնուել էր Լիբանանում, 1935 թուականի մարտի 10-ին, սփիւռքի բազմամեայ մանկավարժ եւ հասարակական գործիչ Յարութիւն Պալեանի ընտանիքում: 1946 թուականին նրանց ընտանիքը հայրենադարձուելու էր Հայաստան, եւ նրանց կեանքի այդ դրուագը ճակատագրի պարգեւ էր լինելու մի ամբողջ ազգի համար: Խորէն Պալեանը աւարտելու էր Ս. Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանը, 1955 թուականի դեկտեմբերին մայր տաճարում ձեռնադրուելու էր սարկաւագ: Իսկ 1961 թուականին Վազգէն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրուելու էր կուսակրօն քահանայ: 1962 թուականին Օշականում պաշտպանելու էր վարդապետական աւարտաճառ եւ ստանալու էր վարդապետական չորս աստիճաններ: Խորէն Պալեանը կարող էր լինել եկեղեցական նշանաւոր գործիչ, համալրել նաեւ եպիսկոպոսաց դասը: Սակայն Խորէն Պալեանին վիճակուած էր դառնալ մեր միջնադարեան շարականներն աշխարհին ներկայացնողը: Իսկ Լուսինէ Զաքարեանի պէս ոգեղէն անհատականութեան հետ ամուսնութիւնը դառնալու էր մեր մշակութային կեանքի եւս մի գանձ, մի երեւոյթ: Խորէն Պալեանը միջնադարեան ճգնաւորների պէս ամբողջ կեանքում միջնադարեան ձեռագրերից պեղեց ու վեր հանեց շարականները: Ու ինքն էլ դրանց կատարողն էր. շուրջ 1800 շարական, որը նրա բացառիկ ֆենոմենի դրսեւորումն էր:
Հոգեւոր երգիչ, մանկավարժ, շարականագէտ, ծիսագէտ, բանասէր, գրաբարագէտ Խորէն Պալեանը այս տարուան մարտի 10-ին կը դառնար 87 տարեկան:
Եզնիկ Կողբացի 42/3: Ահա այս հասցէում երկար տարիներ` մի յարկի տակ ապրել ու ստեղծագործել են երկու առինքնող արուեստագէտներ` Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը, որոնք եղան հայ միջնադարեան հոգեւոր երգի պահապանն ու սերունդներին փոխանցողը: Քանի՜ քանի՛ հանճարեղ արուեստագէտների են հիւրընկալել այս տան պատերը, որոնք ամենայն ժամ լսել են հայ հոգեւոր երգի նուիրեալների կատարումները, նրանց աղօթքները:
Մօտ երեք տարի առաջ այս հասցէում բացուեց «Լուսինէ Զաքարեան» տուն-թանգարանը, որը սրբազան երկիւղածութեամբ պահում ու պահպանում է Լուսինէ Զաքարեան-Խորէն Պալեան զոյգի երկար տարիների մտերիմ ընկեր, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, ԵՈՒՆԵՍՔՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի (Հայֆա) հայաստանեան մասնաճիւղի վարիչ Սուսաննա Դաւթեանը (ի դէպ, Հայաստանում փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր երեք կին դոկտոր կայ, որոնցից մէկը նա է), մի նուիրեալ հայուհի, որ երկար տարիներ նուագակցել է Խորէն Պալեանին, երբեմն-երբեմն էլ` նաեւ Լուսինէ Զաքարեանին (բուհերում, գործարաններում, շրջկենտրոններում): Անցէք այս հասցէով եւ ամէն պահի կը լսէք սերունդների համար արժէք դարձած երկու մեծագոյն արուեստագէտների ձայնը, նրանց կատարումները, որոնք ապրեցնում են ամէն հայի:
Ս.թ. թ. մարտի 10-ին, Խորէն Պալեան-Լուսինէ Զաքարեան զոյգի տանն էին հիւրընկալուել գիտնականներ, արուեստագէտներ` նրանց հոգեւոր ներկայութեամբ նշելու Խորէն Պալեանի տարեդարձը: Ոգեղէն մթնոլորտով յագեցած յուշ-երեկոյ էր: Ներկայ էին հոգեբարձուների խորհրդի անդամներ` Գուրգէն Մելիքեանը, Էդիկ Աւետիսեանը, Արծրուն Աւագեանը, Սամուէլ Մուրադեանը, Սամուէլ Միքայէլեանը, ինչպէս նաեւ` հանրայայտ օփերային երգչուհի Յասմիկ Պապեանը, Խորէն Պալեանի մօտ ընկեր Ահարոն Արեւշատեանը, Խորէն Պալեանի սաները, որոնք այսօր կայացած դասախօսներ են եւ եկել էին իրենց յարգանքի տուրքը մատուցելու իրենց Ուսուցչին:
Որպէս մեկնարկ` պաստառին ցուցադրուեց տարիներ առաջ Խորէն Պալեանի հարցազրոյցներից մէկը, որը վարել էր հաղորդավար, լրագրող Համլետ Ղուշչեանը: Ազդեցիկ էր տարիների հեռուից լսել Խորէն Պալեանի ամէն մի բառը: Լուսինէ Զաքարեանի մահից անցել էր ընդամնէը մի քանի տարի, իսկ Խորէն Պալեանը շարունակում էր երազել, որ իրենց տունը դառնայ Լուսինէ Զաքարեանի տուն -թանգարան: Իսկ ինքը, ինչպէս ասել է բազմաթիւ հարցազրոյցներում, ապրում էր, որ ապրեցնի Լուսինէին:
Խորէն Պալեանի ժառանգութիւնն ապրում է նաեւ գրքերում. հոգաբարձուների խորհրդի անդամ Երուանդ Տէր Խաչատրեանը կազմել է «Խորէն Պալեան. լոյս ի լուսոյ» գիրքը, որն ընդգրկում է Խորէն Պալեանի դասախօսութիւնները, նրա հարցազրոյցները, ինչպէս նաեւ` «Ժամակարգութիւնք Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» աշխատութիւնը: Գիրքը լոյս է տեսել «Գուրգէն Մելիքեանի` Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամ»-ի հովանաւորութեամբ: Այսօր սպասւում էր նաեւ գրքի շնորհանդէսը: Բայց, քանի որ գրքի կազմող, առաջաբանի հեղինակ եւ այս շնորհակալ գործը կատարած Երուանդ Տէր Խաչատրեանը բացակայում էր երկրից, գրքի շուրջ քննարկումները կազմակերպուելու են առաջիկայում: Եւ յուշ-երեկոն պարուրուած էր Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի մասին յիշողութիւններով, հոգեւոր երաժշտութեան շուրջ գեղեցիկ զրոյցներով:
Նշենք, որ թանգարանը մինչ օրս չունի պետական հովանաւորութիւն: Սակայն անցնող երեք տարիների ընթացքում, կարող ենք ասել, իրականացել է Խորէն Պալեանի երազանքը. թանգարանը հասցրել է կայանալ` շնորհիւ նրա նուիրեալ տնօրէնի` տիկին Սուսաննա Դաւթեանի ջանքերի: Նա իր խորին երախտագիտութիւնը յայտնեց այն նուիրեալներին, որոնք մշտապէս թանգարանի կողքին են, առաջին հերթին` Խորէն Պալեանի եղբօրորդի, բժիշկ Րաֆֆի Պալեանին (ում ջանքերի շնորհիւ ստեղծուեց թանգարանը) եւ չմոռացաւ նշել նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Գուրգէն Մելիքեանի ներդրումը, որոնց շնորհիւ տնօրէնը կարողանում է իրականացնել թանգարանի նուիրական ծրագրերը, այդ թւում` Լուսինէ Զաքարեանի անուան հանրապետական առաջին մրցոյթը` «Տենոր» միջազգային միութեան հետ համատեղ:
Յիշատակման է արժանի թանգարանի տնօրէնի խօսքից հետեւեալը.
– Ամէնից առաջ ուզում եմ երախտագիտութիւնս յայտնել դոկտոր Րաֆֆի Պալեանին. եթէ թանգարանն այսօր կայ, գործում է, նրա շնորհիւ է: Րաֆֆի Պալեանը որպէս ազգի մեծի` Խորէն Պալեանի արժանի եղբօրորդի` իրականութիւն դարձրեց նրա տարիների երազանքը:
Ուզում եմ առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնել փրոֆեսէօր Գուրգէն Մելիքեանին , ում հովանու ներքոյ թանգարանը կարողանում է կազմակերպել Լուսինէ Զաքարեանի անուան մրցոյթը, որի յաղթողները դառնում են Լուսինէ Զաքարեանի անուան կրթաթոշակառուներ:
Այստեղ ներկայ է հոգաբարձուների խորհրդի մեր միւս նուիրեալը` Էդիկ Աւետիսեանը` Րաֆֆի Պալեանի ընկերը: 2016-18 թթ. ընթացքում Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի բնակարանը նրա հոգատար հսկողութեամբ նորոգուեց. վերականգնուեց հոգեւոր-մշակութային այս օճախը:
Շնորհակալութիւն եմ ուզում յայտնել Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի օճախի բարեկամ Սամուել Միքայէլեանին, ով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամ է, այլեւ Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի սանիկն է:
Մշտապէս թանգարաի կողքին են գրականագէտ, փրոֆեսէօրներ, Արծրուն Աւագեանը եւ Սամուէլ Մուրադեանը:
Ահարոն Արեւշատեանը եղել է Խորէն Պալեանի մտերիմ ընկերը եւ ինքն էլ երգում է շարականներ…
Տիկին Սուսաննա Դաւթեանի այս խօսքերին Ահարոն Արեւշատեանը ջերմօրէն արձագանգեց.
– Նա, որ եղել է Խորէն Պալեանի ընկերը, 1800 չէ, բայց մի քանի շարական հաստատ կ՛իմանայ…
Եւ կատարեց Գրիգոր Նարեկացու շարականներից մէկը:
Լուսինէ Զաքարեանի թանգարանը արդէն երկրորդ տարին անընդմէջ կազմակերպում է նաեւ մրցոյթ, որի յաղթողները դառնում են Լուսինէ Զաքարեանի անուան կրթաթոշակառուներ: Եւ այս խրախուսական քայլով երաժշտական հաստատութիւնների ուսանողներին մղում են դէպի հայ հոգեւոր երգը, որ դրանք շարունակեն հնչել սերունդների շուրթերին` իրենց մշտապէս մեծ Ուսուցիչ ունենալով Լուսինէ Զաքարեանին եւ Խորէն Պալեանին: Յուշ-երեկոյի ընթացքում հանդէս եկան նաեւ այն ուսանողները, որոնք այս տարուայ մրցոյթի յաղթողներն էին: Եւ դա խոստմնալից էր, որ նոր սերունդը շարունակում է դարերի խորքից եկած մեր մշակոյթի կրողը լինել:
Լեզուաբան, արեւելագէտ, իրանագէտ, հասարակական գործիչ, քայլող առասպել, բանասիրական գիտութիւնների թեկնածու Գուրգէն Մելիքեանի տիկին Սուսաննա Դաւթեանին ուղղուած խօսքերը գալիս են վկայելու, որ «մէկ ծաղկով գարուն», այդուհանդերձ, գալիս է.
– Ո՞վ է ասում, թէ անհատները հարց չեն լուծում: Սխալւում են: Սուսաննա, եթէ չլինէիր դու, չէր լինի այս գործող, ապրող, մշտապէս շնչող թանգարանը: Դու քո հոգու պարտքը կատարելով` ամէն պահ վառ ես պահում Խորէնի ու Լուսինէի յիշատակը, որի համար յատուկ մեր խորին շնորհակալութիւնն ու խոնարհումը քե՛զ,- ընդգծեց փրոֆեսէօրը…
Բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Սամուէլ Մուրադեանն ասում է.
– Նրանք երեւոյթ էին` ամէն մէկը իւրովի, միմեանց լրացնող: Նրանք կարողացան հայ հոգեւոր երգը դուրս բերել եկեղեցու խորաններից ու դարձնել բեմական արժէք, ցոյց տուեցին մեր ժողովրդին իր հոգեւոր երաժշտութեան գանձերը: Յիշում եմ, որ տարիներ շարունակ պետութեան կողմից արգելուած էին այդ երգերը կատարելը, արգելուած էր անգամ «Կիլիկիա» երգը… բայց Խորէն Պալեանը կատարեց այդ երգը: Յետոյ նա ԵՊՀ բանասիրութեան բաժանմունքի ուսանողներից ստեղծեց «Հայ տոհմիկ» երգչախումբը, որը բազմաթիւ ելոյթներով հանդէս է եկել Հայաստանի տարբեր շրջաններում եւ Արցախում: Որքա՜ն էր նա ոգեւորուել, որ ազատագրուել էր Արցախը: Ու ես յիշում եմ, թէ ինչպէս իր հետ գնացինք Արցախ: Նա իր ստեղծած երգչախմբով շրջեց մեր բոլոր հնավայրերը եւ հայ տոհմիկ երգը տարաւ դէպի ժողովուրդը:
… Խորէն Պալեանն ապրեց` ապրեցնելով միջնադարեան հայ հոգեւոր երգը: Նա մեր միջնադարեան շարականների բերանացի իմացողն ու տարածողն էր, որ ազգային գանձերը դուրս հանեց եկեղեցու պատերից, հանեց ու վերադարձրեց ժողովրդին: Եւ մենք դրանք սրբազնօրէն պահողը պիտի լինենք` որպէս փարոս մեր անցնելիք ճանապարհներին: Դրանցում մեր գոյատեւման հենքն է` ընդդէմ արդի աշխարհի հոգեւոր մարտահրաւէրների:
Շնորհաւոր տարեդարձդ, սերունդների Ուսուցիչ, միջնադարեան հայ հոգեւոր ժառանգութեան բացառիկ նուիրեալ…
10.03.2022թ.
Երեւան