Անցեալ դարի 60-ականների նախաշէմին, յուլիսեան տապ օրերից մի օր, երբ ես ծիրանի ծառի վրայ գերհասած (կարծեմ նոր բառ է,- Հեն. ԱՅ.) շալախ որակի ծիրան էի հաւաքում, բակում յայտնուեց մի ամուսնական զոյգ: Հայրիկս անմիջապէս գնաց ընդառաջ ու հրաւիրեց յարմարաւէտ տեղաւորուել հսկայ ծառի շուքի տակ դրուած թախտի (առանց յենակի փայտէ բազմոց) վրայ:
– Հենրի՛կ, տղաս, իջիր ներքեւ, բաւարար է հաւաքածդ ծիրանը, հիմա Մարիետան էլ մի սուրճ կը պատրաստի մեր հիւրերի համար, կ՛ասենք, կը խօսենք,- ասաց հայրիկս:
Իջայ ծառից` առանց հիւրերին մօտենալու, այգու ծորակի տակ ծիրանը մի լաւ լուալուց յետոյ, լի թասը ձեռքիս մօտեցայ հիւրերին:
– Արշա՛կ, ծանօթացիր, Հենրիկն է, փոքր տղաս, կոնսերվատորիայում է սովորում: Կարծեմ քեզ ասել եմ այդ մասին:
– Այո՜, այո՛, գիտեմ, գիտեմ աւելին… իմացայ, որ սեպտեմբերին էլ Լեհաստան է գնալու «Վարշաւեան աշուն» երաժշտական ֆեստիվալին (փառատօն) մասնակցելու:
Մէկ վայրկեան շուարումի մատնուեցինք ամէնքս: Այդ մասին քչերը գիտէին Լռութիւնը խախտեց ինքը` Արշակ (անունը փոխուած է, ժառանգները ողջ են եւ յաճախ են երեւում Դիմատետրում) կոչեցեալը:
– Էդ ինչի՞ զարմացաք, ես` իմ աշխատանքի բերումով շատ բան գիտեմ…, դէ լա՜ւ, հեն ա, Մարիետան սուրճը ձեռին մեզ է մօտենում:
Իբր բան չեղածի պէս «մոռացուեց» միջադէպը: Ես անմիջապէս հասկացայ, թէ ում հետ գործ ունենք:
Հիւրերի գնալուց յետոյ, հրաման արձակելու պէս, հայրիկս ասաց. խնդրում եմ Արշակի ներկայութեան քաղաքականութեան մասին երբեք խօսք չբանալ»:
Որքան մօտենում էր 1965 թուականը, այնքան աւելի յաճախ էին դառնում Արշակի այցելութիւնները: Նրան յաջողուեց ծանօթանալ մեր բոլոր հարեւանների հետ, որոնք նկատելի արգահատանքով էին արտայայտւում նրա մասին: Ինքս էլ առաջին իսկ վայրկեանից չսիրեցի նրան:
Ապրիլ 24-ի նախօրերին Արշակը մեր հարեւաններին յորդորել է մասնակից չդառնալ համաժողովրդական ցոյցին եւ այլանդակ որակումով փնովել Դաշնակցութեանը, որ իբր թէ նրանց սարքած գործն է եւ, ըստ իրեն, վտանգաւոր է մասնակից դառնալը նման զանգուածային ցոյցին, որովհետեւ կառավարութիւնը խստագոյն միջոցներ է ձեռնարկելու ցուցարարների նկատմամբ:
Ապրիլ 24-ից յետոյ Արշակի ոտքը վերջնականապէս կտրուեց թէ՛ մեր տնից եւ թէ՛ մեր թաղից: Սակայն մենք ջերմ յարաբերութիւններ ունէինք նրա աղջկայ ընտանիքի հետ եւ գնալ-գալը անպակաս էր, որոնց ընթացքին մշտապէս բացակայ էր Արշակը: Մի գաղտնիք կար, որ ինձ մշտապէս տանջում էր: Ի՞նչ էր պատահել հայրիկիս եւ Արշակի յարաբերութիւնների մէջ, որ այդպէս լռութեան մատնուեց Քէյ.Ճի. Պի.-ի գործակալի անունը մեր ընտանիքում:
Գաղտնիքը բացուեց հայրիկիս մահից (1988թ.) յետոյ: 2004 թուականին հանդիսաւոր պայմաններում Երեւանում նշուելու էր նշանաւոր պատմաբան, հայագէտ, մատենագէտ, գիտնական Յակոբ Անասեանի ծննդեան 100-ամեակը: Այդ առնչութեամբ, հրատարակութեան էի պատրաստում նրա «Նամակների ընտրանի»-ն: Եւ, ի՞նչ էք կարծում, ի՞նչ գտայ դրանց մէջ. հայրիկիս նամակը` ուղղուած մեր «հերոս» Արշակին: Նամակի բովանդակութիւնը կարդալուց յետոյ, առաջին վայրկեանին ընթերցողին կարող է թուալ թէ դա զուտ անձնական բնոյթ է կրում, սակայն բնաւ էլ այդպէս չէ: Նամակում երկու գործող անձ են, մէկը` իշխանութիւններին ծախուած Քէյ. Ճի. Պի.-ի գործակալ, իսկ միւսը` ճշմարիտ հայրենասէր, Ցեղասպանութեան ճանաչման համար պայքարող հաւատաւոր զինուոր:
Այժմ հայրիկիս` այս օրերի համար չափազանց համահունչ նամակի բովանդակութիւնը: Գրութիւնը ներկայացնում եմ առանց որեւէ միջամտութեան, եղածի պէս:
Երեւան, 4 հոկտեմբերի, 1965թ.
Արշակին
Ես կարող էի չպատասխանել քո գրութեանը (օգոստ. 1965թ.), որը պարզապէս կեղծիք է, բայց, այնուամենայնիւ, որոշեցի մի քանի բառ ասել, որպէսզի չկարծես, թէ սարից-ձորից բերած կցկտուր խօսքերով համոզել ես ինձ: Ես նորից եմ կրկնում` «իմ ժողովրդի դաւաճանողին ես ընկեր չեմ լինի», եւ այդ պատճառով էլ այդ խօսքերը ուրիշ շատերի ներկայութեամբ քո երեսին արտասանելիս` մերժել եմ սեղմել ձեռքդ:
Շատ հետաքրքիր է, որ եթէ ես եւ կամ էլ մէկ ուրիշը ասում է «իմ ժողովուրդը», դու այդ բառով հասկանում ես Դաշնակցութիւնը (ըստ քո նամակի 3-րդ եւ 4-րդ տողերի), եւ այսպէս թէ այնպէս, քեզ իրաւունք ես տալիս լիաթոք հայհոյելու Հայ Ժողովրդին: Թէ ինչպէ՞ս, ես քեզ կը յիշեցնեմ: Կը յիշեցնեմ, թէ ի՞նչը ինչպէ՛ս եղաւ:
Դեռ Եղեռնի 50-ամեակի` ապրիլի 24-ի նախօրեակին դու յաճախակի գալիս էիր մեր եւ հարեւանների տները, եւ չգիտեմ ո՞րտեղից ստացած թելադրանքի համաձայն, անընդհատ պատուիրում էիր, որ ապրիլի 24-ի օրը ոչ ոք տնից դուրս չգայ, թող իր տանը նստի եւ իր
մեռելներին սգայ: Անընդհատ այդ էիր կրկնում: Եւ սակայն քեզ ու քեզ նմաններին չլսեց մեր ժողովուրդը, եւ այդ օրը աւելի քան 300 հազար մարդ (հայ ժողովուրդը) դուրս եկաւ ցոյցի` մէկ անգամ եւս քաղաքակիրթ աշխարհի առջեւ ապացուցելու, որ Հայ Ժողովուրդը երբեք չի մոռանալու թուրքերի կատարած անլուր բարբարոսութիւնը` նրանց ձեռքով կատարուած առաջին Ցեղասպանութիւնը աշխարհում:
Բայց յաջորդ օրը` ապրիլի 25-ին Երեւանում եղան ձերբակալութիւններ, եւ այդ նոյն օրը երեկոյեան ժամը 11-ին+ երբ ես իմ տիկնոջ հետ տուն էի վերադառնում, աւտոբուսում պատահեցի քեզ: Հարբած էիր, քթիդ ծայրը չէիր տեսնում, ծամածռռւած դէմքիդ վրայ շնական ծիծաղով մօտեցար մեզ եւ բարձր ձայնով ի լուր անծանօթ բազմութեան` ասացիր.
– Հը՜, տեսա՞ր հիմա…, հողե՜ր, հողեր էին ասում, տեսա՞ր ինչպէ՜ս են հաւաքում ու բոլորին ծակը կոխում, դրանց բոլորին «…է, բոլորին պիտի…,- այստեղ արդէն անբարոյ, լկտի հրէշաւոր հայհոյանքդ լսեց աւտոբուսում քարացած ժողովուրդը:
(Կարո՞ղ էի որեւէ ձեւով պատասխան տալ այդտեղ: Ի հարկէ` ո՜չ, որովհետեւ Հայ Ժողովրդի պաշտպանութեան համար իմ կողմից արտասանուելիք որեւէ խօսք` քո կողմից, անծանօթ բազմութեան առջեւ պիտի որակուէր, պաշտպանութիւն Դաշնակցութեանը (ինչպէս ցոյց է տալիս քո ներկայ գրութիւնը): Եւ դու մնացիր անպատասխան, «յաղթական»:
Հիմա յիշեցի՞ր քո լիաթոք հայհոյանքը մեր պաշտելի ժողովրդի հասցէին, խուժանի, թուրքավարի հայհոյանքը, այն էլ նրա ամենանուիրական մէկ օրում: Դու քեզ շատ ազատ էիր զգում, որովհետեւ համարում էիր, որ իշխանութիւնները քեզ հետ համաձայն կը լինէին (բայց, քա՛ւ լիցի, ընկ. Զարոբեանը համաձայն չէր լինի): Եւ դրա համար էլ մի քանի օր յետոյ, երբ դու նորից երեւացիր մեր կողմերում, ուզում էիր ողջունել ինձ` ես քեզ մերժեցի:
Ինչ խօսք, որ դու քո պարտականութեան վրայ էիր, քանի որ այդ շրջանում իշխանութիւնները հաշտ աչքով չէին նայում Հայ ժողովրդի ազգային զգացումների ազատ արտայայտութեանը: Դու շատ լաւ էիր կատարում քո պարտականութիւնը ապրիլի 24-ին: Դրանից յետոյ էլ դու շարունակում էիր կատարել քո սեւ գործը` ժողովրդի մէջ տարածելով, թէ այդ ցոյցը «խուլիգանական» տարրերի, ինչպէս նաեւ դաշնակների եւ դաշնակցականամիտ տարրերի գործն էր:
Իսկապէս որ դու քո տարերքի մէջ էիր, որովհետեւ իրօք որ այդ շրջանում իշխանութիւնները փորձում էին նման գնահատական տալ Եղեռնի 50-ամեակին նուիրուած համաժողովրդական այդ շարժմանը` քեզ նմանների օգնութեամբ:
Ես այսօր կարող եմ անվախ խօսել այդ մասին, որովհետեւ իշխանութիւնները մի քանի ամիս շարունակ ժողովրդի այդ գիտակցական շարժումը վարկաբեկելուց յետոյ տեսան, որ սխալ բան էր այդ եւ անցան նրա պաշտպանութեան կողմը: Իսկ դու հիմա դարձեալ քո տարերքի մէջ ես. պաշտպանո՞ւմ են` դու էլ ես պաշտպանում: Այդպէս չէ՞: Եւ այժմ Հայ ժողովրդի հասցէին լիաթոք հայհոյելուց չորս ամիս յետոյ` ինձ գրում ես հայրենասէրի թոնով.
«Հետագայ օրերում, երեւոյթներին ու եղելութիւններին աւելի մօտիկից իրազեկ դառնալուց յետոյ, ես յանգել եմ այն եզրակացութեանը, որ 24-ի ելոյթը` որպէս ժողովրդական կամքի արտայայտութիւն եւ, միաժամանակ, որպէս արձագանգը համահայկական ծաւալով մի նշանակալի ՏԱՐԵԴԱՐՁԻ (Տարելից- այդքան է մարդու գրագիտութիւնը, ի՞նչ կարող ես անել- Հեն. ԱՅ.), անխուսափելի էր, եւ պէ՜տք է, որ տեղի ունենարէ:
Քեզ հակասելով` ես գրում այդ տողերը, որովհետեւ ապրիլի 24-ի օրերին պայքարում էիր նրա դէմ եւ միայն չորս ամիս յետոյ ես ընդունում նրա արդարացի լինելը: Ինչո՞ւ, որովհետեւ հիմա այդպէս է նոր թելադրանքը: Դու փորձում ես ցոյց տալ, թէ այլ ձեւով է առաջացել քո մէջ բեկումը:
– Այդ օրերին,- շարունակում ես,- այսինքն` ապրիլի 24-ի օրերին, առիթ եմ ունեցել մասնակցելու ժողովների, մտքերի փոխանակութեան: Ինձ յայտնի են դարձել 8-10 կազմակերպութիւններ` այդ առթիւ կայացրած որոշումներն ու բանաձեւերը (Գրողների միութիւն,համալսարան եւ այլն) եւ ես կանգնել եմ վերոյիշեալ տեսակէտի վրայ:
Ո՜չ բարեկամ, այդպէս չէ: Արի` ճի՛շդը խօսենք: Դու չես կանգնել «վերոյիշեալ տեսակէտի վրայ», այլ մեր իշխանութեան ողջամիտ ներկայացուցիչները, իսկ քեզ հարկաւոր է եղել այս անգամ էլ դրանից օգտուել, որպէսզի ես եւ ուրիշներ համոզուենք, որ դու մեր ժողովրդի շահերին դաւաճանող չես, այլ ընդունում ես, որ Եղեռնի 50-ամեակը «ժողովրդական կամքի արտայայտութիւն» էր:
Իրականութիւնն այն է, որ դու գիտես շարժուել միայն թելադրանքներով` մի օր այսպէս, մի օր այնպէս: