Ամէն Մի Հայ Հայաստան Է… (Խորը Մտածում Այս Օրերի Համար)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Հայաստա՞ն, թէ՞ հայ. այս մտասեւեռումը յաճախ է զբաղեցնում մեր միտքը: Այդ հարցի պատասխանը կապուած է իւրաքանչիւր հայորդու իմացութեան, գիտելիքների, հայրենասիրութեան, հայասիրութեան, աշխարհաճանաչողութեան հետ: Այնուամենայնիւ, եկէք` պարզենք,  հա՞յն է աւելի կարեւոր, թէ՞ Հայաստանը:

Իսկապէս. ո՞ւմ տալ նախապատուութիւնը, ո՞րն է աւելի կարեւոր. հայ մա՞րդը, թէ՞ իր հայրենիքը: Մենք` բոլորս էլ գիտենք, որ աշխարհի ամենաթանկ էակը մարդն է, մարդ-արարածը:

Բայց ի՞նչ է արւում այսօր ՀԱՅ մարդու հետ, եւ ի՞նչ օրի է նրա հայրենիքը: Առերեւոյթ` երկուսն էլ դատապարտուած են կորստեան, մէկը որպէս հաւաքականութիւն, միւսը հող, տարածք` մշտապէս ասպատակութեան զոհ դառնալու վտանգին ենթակայ:

Մեր առօրեայ հոգսերը, դարդն ու ցաւը թողած` ձեռք ենք մեկնում հայրենիքի մեր քոյրերին, եղբայրներին, բարեկամներին, այնտեղ տարիներ շարունակ լաւ օրուան սպասող, արդէն ընտանիքի տէր դարձած մեր զաւակներին, նոյնիսկ` օտար մարդկանց: Այս ենք մենք` հայերս…

Եւ` ինչո՞ւ ենք մենք այդպիսին, որովհետեւ մենք դեռ է՜ն գլխից, հեռաւոր ժամանակներից  գիտենք, որ առանց հայրենիքի, առանց Հայաստանի հայ չկա՜յ… չի եղել: Իսկ Հայաստան պահողը ոչ միայն այնտեղ ապրող հայն է, այլեւ` աշխարհասփիւռ հայը:

Օտարները աւելի շատ գիտեն հայերի մասին, քան` նրանց հայրենիքի, Հայաստանի մասին: Ապա փորձէք օտարին հարցնել` ո՞վ է հայը: Եթէ քիչ թէ շատ կարդացած մարդ է, կ՛ասի, որ հայերը աշխատասէր, գրագէտ, տաղանդաւոր մարդիկ են, կ՛աւելացնի նաեւ մեր գլխին եկած Եղեռնի պատմութիւնը, վստահ ենք, չի մոռանայ նաեւ այն նպաստի մասին, որ բերում է հայը աշխարհի բոլոր ծայրերում` յայտնի եւ անյայտ արուեստների, գիտութեան, գրականութեան, երաժշտութեան ասպարէզներում:

Ուրեմն հասկացողի համար պատիւ է ՀԱՅ լինելը: Հայ-ը ինձ համար ամէնից առաջ նշանակում է ԱՐԺԷՔ, պատիւ, դարերով ամրագրուած երազանք, արժանապատուութիւն`  նաեւ: Չմոռանանք, որ բարձր արժանապատուութիւն ունենալու առաջին պայմանը հանդուրժողականութիւնն է, մի երեւոյթ, որ բացակայում է Հայաստանի Ազգային ժողովում, ուր չեն դադարում անհարկի վէճերն ու անիմաստ ձաբռտուքները:

Աշխարհը տեսաւ, թէ ինչպէ՞ս Ազգային ժողովի նախագահը մեծ ջանքեր գործադրելուց  յետոյ մի կերպ կարողացաւ կիսատ-պռատ ընթացքով հունի մէջ դնել ժողովի  գործունէութեան «բնականոն» ընթացքը:

Ես այսօր նպատակ չունեմ խօսելու Ազգային ժողովի պատգամաւորներից ոմանց պժգալի պահուածքի, միմեանց  նկատմամբ  բարձրաձայնած փողոցային հայհոյանքների մասին: Միայն թէ ցաւս այն է,  որ «յանցաւոր ազատութեան» շնորհիւ, բազմաթիւ հեռուստակայաններ, ի ցոյց աշխարհի, ցուցադրեցին պարանին փռուած մի շարք պատգամաւորների, «աղտոտ սպիտակեղէնը»:

Քէն-մէն, ոխ-մոխ մէկընդմիշտ պիտի վերանան մեր կեանքից: Մենք մտասեւեռում պիտի որդեգրենք, որ է` ՀԱՅՐԵՆԻՔ: Մեր բոլոր արարքների ու գործողութիւնների միջով, կարմիր թելի նման, սահուն կերպով պիտի անցնի Հայրենիք-Հայաստան գաղափարը:

Գիտենք ի հարկէ, որ Հայաստանից դուրս կան շատ հայեր, որոնք, որտեղ էլ ապրելիս լինեն, իրանց խելքն ու միտքը Հայաստանն է: Նրանք ապրում, շնչում են Հայաստանով, նրա առջեւ  ծառացած  բազմաթիւ մտահոգութիւններով: Նրանցից ամէն մէկը մի Հայաստան է օտարների առջեւ:

Հարցրէք երեսուն եւ աւելի տարիներ առաջ Հայաստանից արտագաղթած իւրաքանչիւր հայորդու, որն ունի տուն-տեղ, լաւ, ապահով աշխատանք, թէ ի՞նչ է մտածում Հայաստանի  մասին: Վստահ եղէք, որ նրանցից շատերը կ՛ասեն, թէ հայրենիքից դուրս ի՛նչ ուրախ կեանք, ի՛նչ երջանկութիւն:

Մենք` արտագաղթածներս, նման ենք գործարանի երկնաքեր ծխնելոյզին, որից գիշեր ու զօր բարա՜կ  ծուխ է բարձրանում: Այդ նոյն` չերեւացող ծուխը մեր ներսում է, մեր հոգում, եւ մշտապէս, անդադար  մխալու է… Մանաւանդ հարիւր տարի անց` ԵՐԿՐՈՐԴ ԵՂԵՌՆԻՑ յետոյ: Բա՛ւ է: Մենք յագեցած ենք հայրենիքի վշտից ու ցաւերից: Սակայն մի՛ փորձէք հիասթափեցնել մեզ, չի ստացուի…

Ճիշդ է, որ, Պարոյր Սեւակի ասածի նման, մենք կէսին ենք հասել, ու երկուսուկէս միլիոնին հազիւ ենք բարեւ ասում, որը վաղը-միւս օր կարող է եւ իջնել երկու միլիոնի, գուցէ եւ պակաս, բայց միեւնոյնն է, մէկ այր ու մէկ կին էլ մնան Հայաստան աշխարհում` որպէս Ադամ եւ Եւա, նոր հայրենիք կը կերտուի, մի նոր Հայաստան:

Այո՛, անկասկած, կարեւոր է եւ հա՛յ մարդը` որպէս անհատականութիւն, որի կարճատեւ կեանքը պիտի որ անցնի առանց անլուր զրկանքների: Սխալ կը լինի մեղադրել նրանց, որոնք ստիպուած լքում են հայրենիքը: Մարդկայնօրէն ամէն ինչ ըմբռնելի ու հասկանալի է: Եւ մենք` տեղացի դարձած նախկին ԱԽՊԱՐՆԵՐՍ, լա՛ւ գիտենք, թէ ի՛նչ ասել է անօթի փորով անկողին մտնելը եւ օրօրոցի մանկանը կաթ չկարողանալ հայթայթելը:

Եւ այդ նոյն` Հայաստանից մի կերպ ճողոպրած մարդիկ, տարբեր երկրներում իրենց գոյութիւնը դժուարութեամբ պահպանելուց յետոյ, վարակւում են մի ծանր հիւանդութեամբ, որի անունն է ԿԱՐՕՏԱԽՏ (Ախտ-ը հասկանալ լաւ իմաստով), որը ժամանակի ընթացքում դառնում է նրանց մարմնի մի մասը, ծուատում է հոգին, զրկում` առողջ բանականութիւնից, դարձնում` մեքենայ, քայլող ռոպոթ:

Այո՛, հայը արտերկրում` որպէս անհատ, ժամանակի ընթացքում կարողանում է որոշակի տնտեսական հենք ապահովել իր ընտանիքի համար` իրեն փրկուած համարելով հայաստանեան մղձաւանջից: Բայց արդեօ՞ք փրկւում է նա որպէս հայ, հա՛յ մարդ, թէ՞ ժամանակի ընթացքում օտար  հոսանքի հետ մոռանալու է ե՛ւ ազգութիւն,  ե՛ւ կրօն, աւանդութիւններ, սրբութիւններ, որոնք իրեն են փոխանցուել մեր պապերից:

Ահա նման մտածումներն էլ մեզ բերում են այն համոզման, որ որպէս հայ մարդ, որքան էլ մենք մեզ արդարացնենք մեր քայլերի համար, միեւնոյնն է, առանց հայրենիքի, առանց Հայաստանի` մենք յորդառատ գետի մէջ ընկած նաւակի ենք նման, որն իր սլանալու ընթացքի մէջ, խփուելով գետի եզերքների ժայռերին, ի վերջոյ ջարդուփշուր է լինելու եւ մնալու է որպէս յուշ` այն մարդկանց համար, որոնք աշխարհից ինքնագոհ, ժպիտը դէմքներին, նաւակը նետեցին յորդառատ գետի մէջ…

Իսկ որո՞նք են այդ մարդիկ, մարդիկ, որոնք «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»: Եւ նրանք այն մարդիկ են, որոնք իրենց հասած երջանկութիւնից արբեցած` մոռացել են ժողովրդին տուած խոստումները: Նրանց անճարակ «գործելակերպի» պատճառով, օրէ օր է՛լ աւելի է դատարկւում Հայաստանը: Մենք այստեղ` օտարութեան մէջ, որքան էլ ապահով կեանք ունենանք, վարենք «Լեքսուս» եւ «Մերսետես» մեքենայ, միեւնոյնն է, մեր միտքը, մեր տեսիլքը մեր հայրենիքն է` երեսնամեայ տառապանքներով լի, մեր հարազատների եւ հայրենակիցների կեանքով հանդերձ:

Ռուս մեծ փիլիսոփայ եւ յեղափոխական գործիչ Չեռնիշեւսկին ասել է.

«Հայրենիքը ամէնից առաջ ժողովուրդն է»: Ճի՛շդ է ասուած` քանակով շա՜տ ժողովուրդների համար:

Չէ`, ախպե՛ր, մեզ համար չէ քո ասածը: Քեզ համար ի՞նչ կայ որ, մէկ-երկու միլիոն աւել-պակաս, թէկուզեւ տասը միլիոն պակասի ռուսական հսկայ կայսրութիւնից, ոչինչ չի պատահի երկրին:

Իսկ մե՞րը. մերն ուրի՜շ է, մենք ուրի՜շ ենք, մեր ամէն մէկը միլիոնի արժէք ունի, եւ ամէն մէկի բացակայութիւնը հայրենիքից` երկրի խարխլման վտանգ է առաջ բերում:

Ուրեմն, ըստ Չեռնիշեւսկու փիլիսոփայութեան, եթէ չկայ ժողովուրդ, չկայ ուրեմն եւ հայրենիք:

Թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում միշտ ժողովրդական լայն խաւերին առաջնորդողի դեր է ստանձնել մտաւորականութիւնը, որի հիմնական մասը, ընդգծուած բարդոյթի ազդեցութեան տակ, շատ անգամ համաձայն չլինելով Հայաստանի վերին իշխանութեան վարած քաղաքականութեան հետ, լռելեայն, առանց կարծիք յայտնելու, դառնում է լուռ խօսնակը պետութեան վարած քաղաքականութեան:

Այստեղից էլ` բոլորիս յայտնի սահմանազատումը, որ գոյութիւն ունի մտաւորականութեան շրջանում, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ` արտերկրում:

Եթէ ժամանակին  որոշ չափով  համախմբուած էր սփիւռքի մտաւորականութիւնը եւ կային «անցեալից մնացած» գրողներ, արուեստագէտներ, որոնք հասու էին ծանրակշիռ աշխատանք ծաւալել ու համազգային հարցերի լուսաբանման շրջանակներում, այսօր նրանց փոխարինելու եկած, հիմնականում սփիւռքի կառոյցներին անծանօթ մեր մտաւորականութիւնը բաժան-բաժան է եղել:

Մարդիկ, գրողներ, մտաւորականներ շուար վիճակի մէջ են, չգիտեն` ո՛ւր գնալ, ո՛ր միութեան անդամ դառնալ: Իսկ դրանց ղեկավարներն էլ նոր անդամներ ներգրաւելու մոլուցքով տարուած` մոռանում են մարդկային բնականոն փոխյարաբերութիւնները, եւ իրենց ազգավնաս գործունէութեամբ, բամբասանքի եւ զազրախօսութեան քուրայում եթէ ոչ թշնամական, ապա անհանդուրժողական մթնոլորտն է՛լ աւելի են թանձրացնում, եւ ստացւում է այնպէս, որ, ինչպէս ժողովուրդն է ասում. «Ձին ու ջորին վիճեցին, մէջտեղում էշը վարի գնաց…»:

Մտաւորականը իր խելքը եւ մտածողութիւնը պիտի օգտագործի միայն բարիք արարելու համար եւ օրինակ պիտի ծառայի հասարակութեան միջին եւ վարի շերտերի համար: Ամէն մի մտաւորական պարտաւոր է գէթ հասարակութեան մէջ իրեն պահել մտաւորականին յարիր կեցուածքով, օրուան համապատասխան հագուկապով, հակառակ պարագային նրան չի կարելի մտաւորական համարել: Խժդժութիւնը, բամբասանքը, մէկը միւսին ստորացնելը (Հայաստանում տարածուած արտայայտութիւն է` «իրար գցել»),  ցաւօք, բուն է դրել մտաւորականութեան շրջանում:

Անհանդուրժողութեան մթնոլորտը գնալով է՛լ աւելի մռայլ է դառնում վերջերս, մինչդեռ այսօր մենք ունենք բազմաթիւ հոգսեր, ազգային ցաւեր: Անշուշտ նման երեւոյթ դիտարկուել է միշտ, սակայն այսօր, բոլոր ժամանակներից  աւելի, մենք պէտք  ունենք միասնութեան, եւ մտաւորականութեան պարտքն է համախմբուել, դէն նետել եսասիրութեան քողն ու համընդհանուր ուժերով առաջնորդել ժողովրդին ճիշդ ուղիով: Հասարակութիւնը լաւ խօսքի, իրադրութիւնների ճշգրիտ գնահատման պատասխանի է սպասում մեր մտաւորականից:

Մտաւորականը խօսքի, բառերի հետ զգուշօրէն ու ազնուօրէն պիտի վարուի, որովհետեւ, ինչպէս պարսիկ բանաստեղծ Սաատին է ասում. «Մարդը կենդանուց տարբերւում  է խօսքի ունակութեամբ, բայց  նրանից  ցածր է, եթէ խօսքն անպատշաճ է օգտագործում»:

Մտաւորականը իր խղճի տէրն է, իսկ այդ խիղճը պիտի լինի մաքուր, անբիծ, առանց խաթարելու իր գոյնը` այս կամ այն տպաւորութեան եւ կամ ազդեցութեան տակ:

«Է՜հ, էլ ի՜նչ հայ` առանց հայաստանեան քար ու ջրի,- կ՛ասէր հայրս,- երկինք խոյացող սարերի, գրեթէ երկնքում ծուարած մեր եկեղեցիների, առանց Արարատի՜…»:

Ուրեմն հայրենիքի ուժը նրա հողի մէջ է, այն հողի, որը չկայ ոչ մի տեղ, երկրագնդի եւ ոչ մի տարածքում: Մենք մեզ միշտ լուսաւորեալ ազգ ենք համարել եւ ենք ի՜սկապէս. ուրեմն պարտաւոր ենք յիշել, որ լուսաւորեալ ազգերի իսկական քաջութիւնը յանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամութեան մէջ է:

Շա՜տ ենք զոհուել, այո՛, մանաւանդ` վերջին երեսուն տարում: Այսպէս կամ այնպէս,  արտերկրում էլ ենք զոհւում, եթէ ոչ ֆիզիքապէս, ապա անպայմանօրէն` հոգեպէս ու բարոյապէս: Զոհուելը մեր խաչն է, զոհւում ենք, որպէսզի նորից յարութիւն առնենք: Ի՞նչ իմանաս, գուցէ եւ վաղը-միւս օր յետընթաց վարքով սփիւռքից քարաւանները կը բռնեն իսկական տան ճանապարհը:  Երանի՜ նրանց, որոնք կը գնան այդ սուրբ ճանապարհով…

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )