«Դրօշակ»-ի Առաջնորդող. Յաղթանակի Եւ Պարտութեան Հնարաւորի Արուեստը

Յետպատերազմեան 2021 թուականը խաղաղութիւն եւ կայունութիւն չբերեց հայ ժողովրդին: Ընդհակառակը, Արցախի վրայ յարձակումը յաղթանակով աւարտելուց յետոյ ազրպէյճանա-թուրքական դաշինքը դրսեւորեց իր ծաւալապաշտական յաւակնութիւններն արդէն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ: Առանց սահմանազատման եւ սահմանագծման պայմանների եւ սկզբունքների ճշգրտման, առանց գործընթացի երկկողմանի մեկնարկի` Ազրպէյճանը միակողմանիօրէն սկսեց նոր սահմաններ հաստատել` սեփականացնելով հայկական բնակավայրերը, ռազմավարական ճանապարհները, բարձունքներն ու դիրքերը, ամրացնել դրանք եւ գրաւուած նոր բնագծերում տեղակայել իր զինուած ուժերն ու զինատեսակները: Աւելի՛ն. թշնամական զոյգը շարունակաբար պնդեց Հայաստանի տարածքով Ազրպէյճանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի տրամադրման պահանջը, խօսեց Սիւնիքի ու Հայաստանի այլ տարածքների` Ազրպէյճանին պատկանելութեան, իր, այսպէս կոչուած, պատմամշակութային կորուստների դիմաց հայկական կողմից տասնեակ միլիառաւոր տոլարների փոխհատուցման մասին, աշխատանքներ տարաւ արտաքին աշխարհում Արցախի հայկական եկեղեցիները որպէս ոչ հայկական ճանաչել տալու ուղղութեամբ եւ այլն:

Հայաստանի պարտուած իշխանութիւններին իր նոր յաւակնութիւնները պարտադրելու նպատակով թշնամին նախկինում եւ առ այսօր իրեն արդարացրած ոճով զուգահեռաբար դիմում էր մշտական ռազմական սադրանքների, սպաննում ու գերեվարում էր հայկական դիրքերում գտնուող զինուորներին, որպէս ճնշամիջոց էր օգտագործում դեռեւս վերջին պատերազմի օրերից իր մօտ պահուող հայ գերիներին:

Այս ամէնին Հայաստանի իշխանութիւնների պատասխանը եղաւ պատասխանից խուսափելը: Զինուած ուժերին եւ ոչ միայն նրանց թելադրուեց չարձագանգել թշնամական ոտնձգութիւններին, չձեռնարկուեցին քայլեր` կազմալուծուած բանակը ոտքի կանգնեցնելու, մարտունակութիւնը բարձրացնելու եւ նոր բնագծերն ամրապնդելու ուղղութեամբ: Ընդհակառակը, Հայաստանի դէմ ուղղուած սադրանքների, յարձակողապաշտ  յաւակնութիւնների պայմաններում յայտարարւում էր բանակը կրճատելու, երկրի պաշտպանութեան գործում վերջինիս իրաւասութիւնները սահմանափակելու մասին: Ազրպէյճանական առաջխաղացումը Հայաստանի տարածքում, ճանապարհների ու բնակավայրերի զաւթումը Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները արդարացնում էին` յայտարարելով, թէ դրանք նախապէս պատկանել են Ազրպէյճանին:

Հայաստանի իշխանութիւնը Ազրպէյճանի նախայարձակ արտաքին քարոզչութեան պայմաններում քայլեր չձեռնարկեց թշնամու կատարած ռազմական յանցագործութիւնների հարցը միջազգային ատեաններում արծարծելու ուղղութեամբ, իսկ այս կամ այն առիթով այդ հարցերին անդրադառնալու ժամանակ անհասկանալի լռութիւն է պահպանւում Թուրքիայի մեղսակցութեան վերաբերեալ:

Աւելորդ է խօսել ողբերգական կացութեան մէջ յայտնուած Արցախի ճակատագրի նկատմամբ Հայաստանի իշխանութիւնների վերաբերմունքի մասին: Արցախը պարզապէս գոյութիւն չունի նրանց օրակարգում, եւ այդ հանգամանքը նրանք ընդգծուած ձեւով փորձում են ակնառու դարձնել նաեւ ազրպէյճանցիների, թուրքերի եւ ուրիշների համար:

Յիշենք այստեղ իշխանութիւնների հրամցրած այն կեղծիքը, թէ նախկիններն էին տարիներ առաջ ծախել Արցախը: Այդ դէպքում ինչի՞ մասին է վկայում նրանց անտարբերութիւնը յօշոտուած Արցախի ներկայի ու ապագայի նկատմամբ, իսկ այժմ արդէն յայտարարութիւններ են արւում թշնամական թիրախում յայտնուած Սիւնիքի հարցում նախկինների մեղքերի մասին:

Զինուորականների վրայ են բարդւում ռազմական ձախողումները` սկսած զօրավարներից մինչեւ շարքային զինուորներ, գերութեան մէջ տառապած զինուորներին Հայաստանում սպառնում են յարուցուող մեղադրանքներն ու բանտարկութիւնը: Սա յիշեցնում է ստալինեան բռնապետութեան մռայլ ժամանակները: Այնինչ ոչ վաղ անցեալում գերագոյն գլխաւոր հրամանատարը յոխորտում էր, թէ ամէն ինչ ինքն է որոշում եւ ունի դրա ոչ միայն իրաւասութիւնը, այլեւ` հնարաւորութիւնը:

Ողբերգական պատերազմից ընդամէնը շաբաթներ անց իշխանական շրջանակները սկսեցին խօսել Թուրքիայի ու Ազրպէյճանի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու, հաղորդակցական ուղիները բացելու, առեւտուր անելու մասին: Սա չի՞ նշանակում արդեօք, որ շաղկապուած են պարտութեան փաստը եւ դրան նախորդած ու յաջորդած իրողութիւնները ներքին ու արտաքին քաղաքականութեան մէջ: Արժէ մտածել այն մտքի շուրջ, որ եթէ անգամ դաւաճանութիւն չի եղել Հայաստանի իշխանութիւնների գործունէութեան հիմքում, ապա լինելու դէպքում նրանք կ՛անէին ճիշդ այն, ինչ որ արել են:

Պատերազմից յետոյ պարտուածի հոգեբանութեամբ, կամազուրկ իշխանութիւնը արտաքին ճակատում դադարեց գործօն լինելուց:

Նա աւելի շուտ փորձում է ճարպկօրէն խուսանաւել արտաքին ուժերի եւ նրանց շահերի միջեւ, իսկ վերջիններիս համար Հայաստանի ղեկավարութիւնն այլեւս քաղաքական կշիռ չունի, եւ նրանք Հայաստանին վերաբերող խնդիրները փորձում են լուծել իրար հետ: Միայն թէ այնքան միամիտ չեն, որ կուլ գնան Փաշինեանի գաւառական խորամանկութեանը եւ ներքաշուեն գործող հակամարտութեան ու անգամ ռազմական գործողութիւնների մէջ, մանաւանդ երբ Հայաստանի ղեկավարն ինքը բնաւ մտադրութիւն չունի իր տրամադրութեան տակ եղած զինուած ուժերով պաշտպանելու սեփական երկիրն ու նրա սահմանները:

Այսինքն ինքն իրեն երկրի իրական ղեկավար պատկերացնող անձը ունակ չէ կամ չի ցանկանում իրականացնել պետութեան ինքնիշխանութիւնը բնորոշող իր թիւ մէկ պարտականութիւնը: Մեր երկրի ապագան որոշւում է դրսում եւ թելադրւում է Հայաստանի իշխանութիւններին, ընդ որում, այդ ամէնը թաքցւում է հայ ժողովրդից, որը մի օր կարող է յայտնուել նոր անակնկալների առաջ, ինչպէս` 2020 թ. նոյեմբերի 9-ին: Հայաստանի իշխանութիւնը զիջումների գնալու պարտադրանքի առջեւ հլու կամակատարի վարքով աւելի է շահագրգռում արտաքին ուժերին հասնելու այստեղ տասնամեակներով կուտակուած խնդիրների հանգուցալուծմանը, ինչպէս եւ տարածաշրջանային նոր վերադասաւորումներին` մեր երկրի հաշուին:

Միւս կողմից` արտաքին ճակատում զիջողականութեամբ Նիկոլ Փաշինեանը փորձում է շահել արտաքին «շահառուների» բարեհաճութիւնը, որպէսզի երկրի ներսում ձեռքերն ազատ լինեն անօրինական ու բռի մեթոտներով հաշուեյարդար տեսնելու իր հակազգային կառավարման դէմ ուռճացող ընդդիմութեան ալիքի հետ: Իրաւամբ էլ, այն պայմաններում, երբ քաղաքակիրթ Արեւմուտքը գովերգում է Հայաստանի ժողովրդավարութիւնը, Նիկոլ Փաշինեանը երկրի ներսում թոյլ է տալիս աղաղակող անօրինականութիւններ, թքել է ժողովրդավարութեան վրայ, որի կարգախօսներով ոչ հեռու անցեալում իշխանութիւնն է նուաճել:

Երէկ նա բողոքի ամենափոքր դրսեւորման դէմ դուրս էր բերում կարմիր պերեթաւորների, բանտարկում էր ընտրեալ պատգամաւորներին, ուժային կառոյցների ծառայողները թեւերը ոլորելով խորհրդարանի դահլիճից դուրս էին հանում իշխանութեանը քննադատող ընդդիմադիրներին, իսկ այսօր արդէն վարչապետը փորձում է ազդել տեղական ընտրութիւնների արդիւնքների վրայ, հետապնդել յաղթող ոչ իւրայիններին, անհիմն ձեւով չեղեալ է յայտարարում այդ ընտրութիւնները, եթէ տուեալ տարածքում իր խմբակը չի յաղթել: Իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանի համար այլեւս միայն փառատենչութիւնը բաւարարելու եւ հարստանալու միջոց չէ, այլ դարձել է պատասխանատուութիւնից խուսափելու թերեւս միակ հնարաւորութիւնը: Ամէնից լաւ միայն նրան է յայտնի պետութեան ու ժողովրդի առջեւ իր կատարած յանցագործութիւնների չափը, եւ նա սարսափում է անխուսափելի պատասխանատուութիւնից: Երբ նա ասում էր, թէ ընտրութիւններում պարտուելու դէպքում ընդդիմութիւնն իրենց ցցի կը հանէր, իհարկէ նկատի ունէր նոր իշխանութեան կայացրած, հետեւաբար եւ օրինական ճանապարհով իրականացուելիք արդարադատութիւնը: Նիկոլ Փաշինեանը կեղծիքներով յաղթեց վերջին ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում: Ուժերի հաւասարակշռութիւնը պահպանելու համար նա դրանից յետոյ էլ անում է ամէն անօրինական քայլ, այդ թւում շանթաժի ու կաշառքի միջոցով իրենից հլու ենթակայութեան մէջ է պահում խմբակիցներին, որոնք այլեւս պատանդ են սեփական առաջնորդի ձեռքում: Ըստ էութեան, երկրի վարչապետը, յենուելով իր անձին ծառայող ուժային կառոյցների վրայ, երկրում գործադրելով անհամարժէք ու անհամաչափ ուժ եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ծաւալելով համատարած հետապնդումներ, ցանկանում է հասարակութեանը ներշնչել, թէ փակել է Հայաստանում իշխանութեանը ինչ-որ բան թելադրելու կամ իշխանափոխութեան հասնելու բոլոր օրինական ճանապարհները: Նիկոլ Փաշինեանի վարքը նման է այն յանցագործի վարքին, որը գնում է «վա պանք»` իրականացրած յանցագործութիւնների համար հատուցումից խուսափելու նպատակով կատարելով նոր յանցագործութիւններ: Նոյն կերպ ձախողուելով արտաքին քաղաքականութեան ասպարէզում` նա այսօր փորձում է իրականացնել արմատական շրջադարձեր Հայաստանի արտաքին կողմնորոշումների եւ զարգացման ռազմավարութեան մէջ:

Փաշինեանը չարաշահել է իր լիազօրութիւնները` առանց խորհրդարանի ու Սահմանադրական դատարանի վաւերացման, ինչպէս եւ հանրաքուէների անցկացման վարելով բանակցութիւններ եւ կայացնելով որոշումներ, զիջելով Արցախի ու Հայաստանի հանրապետութիւնների տարածքները, միայն իր ստորագրութեամբ վաւերացնելով միջազգային պայմանագրեր: Այս եւ երկրի ապագայի համար կենսական կարեւորութեան այլ խնդիրներ լուծւում են ժողովրդից ծածուկ` նրա եւ թերեւս նրան համախոհ նեղ շրջանակի գիտութեամբ: Նրա ցուցումով իշխող մեծամասնութիւնը ձախողում է խորհրդարանական այն նիստերը, որոնց օրակարգերում ընդդիմութեան պահանջով ներառւում են երկրի ամբողջականութեանը, անվտանգութեանը վերաբերող եւ կարեւորագոյն այլ հարցեր:

Արհամարհելով երկրի բարձրագոյն ներկայացուցչական մարմինի, այլ իրաւասու պետական եւ ազգային հաստատութիւնների, քաղաքական-հասարակական շրջանակների կարծիքը եւ ժողովրդի տրամադրութիւնները` Նիկոլ Փաշինեանը բանակցութիւնների սկիզբ է դնում Թուրքիայի ու Ազրպէյճանի հետ` փաստացի արդէն իսկ թուրքերի համար պաշտօնապէս բացելով հայ-ազրպէյճանական յարաբերութիւնների դուռը, պարտութեան ու նահանջի ընթացքի մէջ դէմ յանդիման յայտնուելով թուրքական ու ազրպէյճանական նախապայմաններին: Ոչ մի կասկած չկայ, որ այդ նախապայմանները լինելու են Արցախի հարցից վերջնականապէս հրաժարումն ու Ազրպէյճանի հետ ներկայումս առկայ սահմանների ճանաչումը, թշնամի տէրութիւններին, այսպէս կոչուած, Սիւնիքով միջանցքի (եթէ ոչ` միջանցքների) տրամադրումը, Հայաստանի տարածքների ու նախկին ազրպէյճանաբնակ անքլաւների զիջումը, որոնց էլ կը հետեւեն թուրքական հին պահանջները հայ-թուրքական սահմանի ճանաչման, Ցեղասպանութեան հարցի հետապնդումից հրաժարման վերաբերեալ: Նիկոլ Փաշինեանի, նրա գաղափարական ուսուցիչ Ժիրայր Լիպարիտեանի եւ այլ համախոհների արտայայտութիւնները յուշում են, որ հայկական պետականութեան դէմ ուղղուած այս բոլոր սպառնալիքները միանգամայն իրատեսական են:

Պարտուած եւ քաղաքականապէս կամազուրկ հայ ղեկավարի յայտարարութիւնները տարածաշրջանում, այսպէս կոչուած, «Խաղաղութեան դարաշրջան» բացելու վերաբերեալ իրականում նոր բան չեն. դրանք հայոց պետականութիւնը թուրք-արեւմտեան ազդեցութեանը ենթարկեցնելու այն նոյն պարտուողական գծի շարունակութիւնն են, որը ժամանակին փորձեց իրականացնել ՀՀՇ-ական խմբակը` Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ: Յիշենք նորանկախ երկրում արցախեան ազգային-ազատագրական պայքարի օրերին Լեւոն Տէր Պետրոսեանի խմբակի ծաւալած գաղափարա-քարոզչական արշաւը շրջադարձային 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի պատմութեան` ազգային-ազատագրական պայքարի, կամաւորական շարժման դէմ: Ժամանակի հայկական իշխող ուժը մեղադրւում էր Հայոց ցեղասպանութեան իրողութեան մէջ, մերժւում էին Ա. Հանրապետութեան գործիչները: Ազգային գաղափարախօսութիւնը պիտակաւորւում էր որպէս կեղծ քաթեկորիա, իսկ Հայ դատի հարցը` արկածախնդրութիւն: Լեւոն Տէր Պետրոսեանը, լինելով արցախեան պայքարի առաջնորդը, իր բազմաթիւ ելոյթներում ու յօդուածներում ուրուագծելով քաղաքական փակուղի, քարոզում էր «ամէն գնով» հասնելու Արցախի հարցի լուծմանը եւ հաշտութեան` Ազրպէյճանի հետ: 1997 թ. նոյեմբերի 1-ին լոյս տեսաւ Լեւոն Տէր Պետրոսեանի «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդուածը, որը եւ սկիզբը դարձաւ նրա ասպարէզի աւարտի: Արցախը զիջելու նոյն ծրագրով նա նախագահական ընտրութիւններին մասնակցեց 2008 թուականին եւ դարձեալ ջախջախիչ պարտութիւն կրեց:

Ի դէպ, այս անգամ նրա դաշինքին մաս էր կազմում նաեւ ՀՀՇ-ի մսուրում քաղաքականապէս ձեւաւորուած Նիկոլ Փաշինեանը: Այդ տարիներին դեռեւս սթափ էր ժողովրդի ազգային բնազդը, եւ հանրային միջավայրում իշխում էր ազգային-ազատագրական պայքարի գաղափարը: Լեւոն Տէր Պետրոսեանն իր նորացուած խմբակով մասնակցութեան յայտ ներկայացրեց նաեւ 2021 թուականի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ, թէեւ իր ծաւալած քարոզչութեամբ հեռու էր հիմնական մրցակցութեան ձգտելու յաւակնութիւնից: Ժողովրդի մէջ վախ ներարկելով, թէ «Հայաստան» դաշինքի յաղթանակի դէպքում անխուսափելի է լինելու պատերազմը, նա բնականաբար ճանապարհ էր հարթում Նիկոլի յաղթանակի համար, քանի որ գործող նիկոլական իշխանութեանը այլ իրական այլընտրանք գոյութիւն չունէր: Սիրուած աշակե՞րտ է արդեօք Լեւոն Տէր Պետրոսեանի համար Նիկոլը` դժուար է ասել, շատ հաւանական է, որ ոչ, որովհետեւ, ի տարբերութիւն գաղափարական հօր, վերջինս բռի է, կիսագրագէտ, անհաւասարակշիռ, միաժամանակ իր ուսուցչի պէս ինքնահաւան ու յամառ: Իրականում, «Հայաստան» դաշինքի դէմ պայքարելով, նա փորձում էր փրկել ոչ այնքան Նիկոլին, որքան նիկոլիզմը, ինչն էլ լեւոնիզմի շարունակութիւնն է: Այդ պատճառով էլ այլ ժամանակներում Հայաստանի ճակատագրի համար աղմուկ բարձրացրած ՀՀ առաջին նախագահը լռել է վերջին տարիներին, երբ Հայաստանի ներկան ու ապագան իրապէս վտանգուած են: Փոխարէնը` Նիկոլի թուրքամէտ քաղաքականութեան պաշտպանութեանն է լծուել Լեւոն Տէր Պետրոսեանի գաղափարակից եւ երբեմնի խորհրդական Ժիրայր Լիպարիտեանը: Թուրքամէտների այս խմբակը Նիկոլի քաղաքականութեան համար հասարակական պարարտ հող ապահովելու նպատակով փորձում է համոզել մեզ, թէ ազրպէյճանցիներն ու թուրքերը թշնամի չեն հայ ժողովրդին: Փորձում են համոզել Արցախի եւ հայութեան դէմ սանձազերծուած ցեղասպանական պատերազմից ընդամէնը մէկ տարի անց, երբ ամէն օր թշնամին դիմում է նոր սադրանքների ու սպանութիւնների, սպառնում է պատերազմով, պահանջում է միջանցքներ եւ տարածքներ, որոնք Հայաստանին կը զրկեն երբեւէ ինքնիշխանութեան ձգտելու հնարաւորութիւնից: Պարտուողականների քաղաքական հոսանքը, ինչպէս 30 տարի առաջ եւ ինչպէս մէկ դար առաջ, փորձում է գնալ զիջումների, որոնք կը բաւարարեն թուրքերին ու ազրպէյճանցիներին եւ կը համոզեն հաշտութեան ձեռք մեկնել հայերին: Այդ դէպքում, ի դէպ, աւելորդ կը դառնայ տարածաշրջանում ռուսական զօրքի եւ առհասարակ ռուսական գործօնի դերակատարութիւնը, ինչպէս եւ հիւսիսից կը շրջափակուի ու ամբողջականութիւնը կորցնելու սպառնալիքի տակ կը յայտնուի Իրանը: Այնպէս որ, այս խմբակը շատ աւելի մեծ առաքելութեան է կոչուած: Ինչ վերաբերում է հայկական զիջումներին, ապա լաւ կը լինէր` մեզ համար բացայայտուէր, թէ Հայաստանի իշխանութիւնների համար ո՛րն է այդ զիջումների կարմիր գիծը: Եթէ թուրք-ազրպէյճանական քաղզոյգի համար մէկ տարի առաջ կենսական հարց էր Արցախի բռնագրաւումը, ապա այսօր աւելի կարեւոր հարց է դարձել Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Ստանալով այն` նրանց համար կենսական գերնպատակ կը դառնայ Հայաստանի այլ տարածքներին տիրանալը, որոնք կ՛ապահովեն այս թուրքական երկրների ծաւալապաշտական վերջնական ծրագրերի իրականացումը: Եւ այս դատողութիւնները տեսական ոլորտից չեն, որոնց շուրջ կարելի է բանավիճել նիկոլների ու լիպարիտեանների հետ, այլ աշխարհաքաղաքական իրողութիւններ են, որոնց փոթորիկների մէջ են այսօր Թուրքիայի բոլոր հարեւանները` եւ ոչ միայն նրանք: Թուրքերի դարաւոր բարեկամ Վրաստանը նոյնպէս իր դռները բացեց եղբօր առաջ, իսկ այսօր փորձում է դիմակայել խաղաղ բռնագրաւումին, որն իրականացւում է հիմնականում տնտեսական եւ հաղորդակցական քաղաքականութեան ճանապարհով:

Թերեւս չ՛արժեր շատ ուշադրութիւն դարձնել «պատուէրով երգող» Ժիրայր Լիպարիտեանի նման մէկի դատողութիւններին, սակայն անդրադառնանք նրա մէկ մտքին, որը, ըստ էութեան, ընկած է հայ պարտուողականների գաղափարախօսութեան հիմքում: Լիպարիտեանը, ակնարկելով զիջումների անխուսափելիութիւնը, ասել է, թէ` «Քաղաքականութիւնը հնարաւորի արուեստն է»: Ոմանք, իրենց ձեռնտու ձեւով մեկնաբանելով` Պիսմարկի միտքը, փորձում են ապացուցել, որ քաղաքականութիւնը սահմանափակուած է իր իրականացման հնարաւորութեամբ, այնինչ նոյն միտքը հակառակ կողմից մեկնաբանելով` ստացւում է, որ Պիսմարկը խօսել է հնարաւորութեան սահմաններն առաւելագոյնս ընդլայնելու, անհնարինը հնարաւոր դարձնելու արուեստի մասին: Լեւոն Տէր Պետրոսեանի, Լիպարիտեանի, Նիկոլի գաղափարական նախորդները 1915 թուականին նոյնպէս խօսում էին դիմադրութիւն ցոյց չտալու, թուրքական ջարդերի հետ համակերպուելու մասին: Գաղտնիք չէ ի հարկէ, որ հայոց ազատագրութեան պայքարին այն ժամանակ եւս մասնակցել է ժողովրդի փոքրամասնութիւնը, սակայն անժխտելի է, որ փրկութիւնը եղել է այնտեղ, որտեղ կազմակերպուել է պայքար ու դիմադրութիւն: Հայ ժողովրդի գրեթէ երկուհազարամեայ պատմութիւնը գոյատեւման պայքարի ընթացք է, երբ մեր հերթական վերածնունդները ապահովուել են անհնարինը հնարաւոր դարձնելու արուեստի շնորհիւ: Մեր պատմութեան երկայնքով ձգուող գոյափրկութեան այս գծի ճշմարտացիութեան մասին է շեշտել Դերենիկ Դեմիրճեանը` իր նշանաւոր վէպը վերնագրելով «Վարդանանք» եւ ոչ թէ` «Վասակենք»: Վերջապէս, դարաւոր անէութիւնից յետոյ հայոց պետականութեան վերականգնումը մի սխրանք էր, որը հնարաւոր դարձաւ քաղաքականութեան մէջ անհնարինը հնարաւոր դարձնելու շնորհիւ:

Ազգային վերազարթօնքի, նորանկախ պետականութեան հզօրացման եւ արցախեան յաղթանակի վաւերացման բախտորոշ ներկայ ժամանակահատուածում մենք արամմանուկեանների ժառանգորդների իշխանութեան կարիքն ունէինք, բայց այդ իշխանութիւնը յանձնուեց աւիսնուրիջանեանների ժառանգորդներին:

Հայաստանը դանդաղօրէն գնում է դէպի անկում, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինեանի ետեւից գնում է դէպի պետականութեան վերջնական կորուստ: Պատմութեան այս ընթացքը ետ շրջել կարող են նրանք, որոնք հաւատում են եւ ունակ են անհնարը դարձնելու հնարաւոր, իսկ միւսները պէտք է զսպեն իշխանութիւն լինելու կիրքը եւ քաշուեն մի կողմ: 2022 թուականը պէտք է դարձնել այդ ջրբաժանը, այլապէս յետոյ ամէն ինչ կարող է դառնալ անիմաստ:

«Դրօշակ» թիւ 12 (1661), դեկտեմբեր 2021 թ.

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )