ԻՐԻՆԱ ՍԱՖԱՐԵԱՆ
Ուղիղ մէկ տարի է անցել հայ-ազրպէյճանական 44-օրեայ պատերազմից, որն աւարտուեց Հայաստանի, Ազրպէյճանի եւ Ռուսաստանի միջեւ կնքուած եռակողմ համաձայնութեամբ: Հարաւային Կովկասում նոր իրականութիւն է` Արցախի Հանրապետութիւնը կորցրեց իր տարածքների 75 տոկոսը, ներառեալ` Հադրութի եւ Շուշիի շրջանները, որոնք ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ին մաս էին կազմում եւ երբեք Խորհրդային Ազրպէյճանի կազմում չեն եղել: Այն, ինչ ունենք այսօր` հազարաւոր զոհեր եւ վիրաւորներ, հազարաւոր ներքին տեղահանուած մարդիկ եւ ռուս խաղաղապահներ Արցախում:
Եւ չնայած այս ամէնի` կեանքը շարունակւում է, բազմաթիւ երիտասարդ զոյգեր ամուսնանում եւ շատ հաստատակամ են տրամադրուած սկսել ամէն ինչ զերոյից:
Այս պատմութեան մէջ մենք կ՛անդրադառնանք այն զոյգերին, որոնք գտան միմեանց պատերազմի ծանր օրերին, զոյգ կազմեցին, ոմանք ամուսնացան եւ զաւակներ ունեցան, միւսները պատրաստւում են նշանադրութեան, սակայն բոլորին միաւորողը ուժն է ու սէրը:
Սա պատմութիւն է ամենակարող սիրոյ մասին, որը օգնեց գոյատեւել պատերազմի ժամանակ եւ յատկապէս` յետպատերազմեան քաոսում:
Նարինէ եւ Սերգէյ
Նարինէ Արզումանեանը սրտաբան է, Արցախի Մարտունու շրջանից եւ ապրում է Երեւանում: Սերգէյ Արամեանը ուրոլոգ է Երեւանից, ում արմատները նոյնպէս Արցախից են:
Նարինէի եւ Սերգէյի սիրոյ պատմութիւնը` Նարինէի մեկնաբանութեամբ.
Սեպտեմբերի 28-ին` պատերազմի երկրորդ օրը, հօրս հետ միասին մեկնեցինք Արցախ: Ես մնացի Մարտունիում եւ սկսեցի աշխատել տեղի հիւանդանոցում: Յաջորդ օրը շատ ծանր վիրաւոր ունեցանք հիւանդանոցում, ում բերեց մի երիտասարդ, որը ապագայում պէտք էր դառնար ամուսինս:
Պարզուեց, որ մենք նոյն դասարանում ենք սովորել 6 տարի եւ աշխատել ենք նոյն հիւանդանոցում, սակայն նախկինում երբեք չենք հանդիպել: Հետագայում, Սերգէյի ընկերը ինձ կը պատմի, որ երբ նրանք եկել էին հիւանդանոց վիրաւոր զինուորին տեղափոխելու, Սերգէյը նրանց ասեց, որ նրանք նորից կը վերադառնան: Ընկերը զարմացած հարցրեց, թէ` ինչո՞ւ, եւ վերջինս պատասխանեց, որ սիրահարուել է:
Հիւանդանոց տանող ճանապարհը, որտեղ ես էի գտնւում, շատ վտանգաւոր էր, սակայն Սերգէյը յաջողացնում էր ինձ այցելել ամէն օր, նա ինձ համար կոնֆետներ էր բերում եւ միշտ հարցնում, թէ ինչպէ՞ս եմ ինձ զգում: Բնականաբար միշտ ասում էի, որ լաւ եմ, սակայն դա շատ հեռու էր իրականութիւնից: Մի օր ես նոյնիսկ կարողացայ Սերգէյին ծանօթացնել իմ հայրենի Մարտունի քաղաքի հետ: Որոշ ժամանակ անց մենք սկսեցինք երկուսով վիրաւոր զինուորների տեղափոխել Երեւան, եւ հէնց այդ ճանապարհն էր, որը միաւորեց եւ աւելի մտերմացրեց մեզ: Ես հիացած էի, թէ որքան ճկուն եւ հանգիստ էի դարձել Սերգէյի հետ, քանի որ ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թէ որքան դժուար ու յամառ բնաւորութեան տէր մարդ եմ: Օր օրի մենք աւելի մտերմացանք եւ արդիւնքում հասկացանք, որ պէտք է միասին շարունակենք մեր կեանքի ուղին: 10 ամիս է անցել մեր ծանօթութիւնից, սակայն այդ 10 ամիսները 100 տարի արժեն երկուսիս համար: Այժմ մենք շարունակում ենք մեր օրդինատուրան Մոսկուայում, ամէն մէկս` մեր ուղուածութեամբ: Ապագայում ծրագրում ենք` ինչքան հնարաւոր է շատ բալիկներ ունենալ եւ մեր ունեցած ողջ ուժն ու գիտելիքներն ուղղել ծնկի բերուած հայրենիքը ոտքի կանգնեցնելու նպատակին:
Մարինէ եւ Շանթ
Շանթ Չարշաֆչեանը Լոս Անճելըսից է, Միացեալ Նահանգներ: Մարինէ Կարապետեանը լեզուաբան է, Սարդարապատից:
Նրանց սիրոյ պատմութիւնը Շանթի մեկնաբանութեամբ.
Ես Երեւանում էի, երբ իմացայ պատերազմի գոյժը, սակայն դրանից մէկ օր առաջ ես հանդիպեցի իմ ապագայ կնոջը: Սեպտեմբերի 26-ին ես գնացել էի Տաւուշ` «Գութան» ազգագրական երգի-պարի փառատօնին մասնակցելու համար, որտեղ եւ հանդիպեցի Մարինէին: Մարինէն Գարեգին Նժդեհի պատկերով շապիկ էր հագած, որը միանգամից գրաւեց իմ ուշադրութիւնը, քանի որ Նժդեհը իմ ամենասիրելի հայ հերոսներից մէկն է: Մենք զրոյցի բռնուեցինք, եւ պարզուեց, որ բացի Նժդեհից, դեռ շատ աւելի ընդհանուր նախասիրութիւններ ունենք: Պատերազմի յաջորդ օրը ես որոշեցի խոստովանուել Մարինէին, որ հաւանել եմ նրան, քանի որ վստահ չէի, թէ ի՛նչ կարող է պատահել մեզ հետ այդ ժամանակ: Այդպէս սկսուեց մեր սիրոյ պատմութիւնը, սկսեցինք ընկերութիւն անել եւ հոկտեմբերի կէսերին նշանադրուեցինք եւ մեկնեցինք Արցախի սահմանամերձ Աղաւնօ գիւղ, որը Արցախը կապում է մայր Հայաստանին: Պատերազմի ժամանակ մարդիկ եւ յատկապէս երեխաները շարունակում էին այնտեղ ապրել, եւ այդպէս մենք որոշեցինք մարդասիրական աջակցութիւն ցուցաբերել նրանց: Քանի որ Մարինէն լեզուաբան է, նա սկսեց երեխաների հետ պարապել եւ նոյնիսկ ամենածանր ռմբակոծութեան ժամանակ նա մնում էր հանգիստ եւ շարունակում էր օգնել բոլորին` ում կարող էր: Պատերազմն աւարտուեց, մենք անցանք բազում փորձութիւնների միջով եւ 2021 թուականի ամռանը որոշեցինք ամուսնանալ: Մենք ամուսնացանք եւ տեղափոխուեցինք Արցախի Մարտունու շրջան, քանի որ հէնց այստեղ տեսանք այն մարդկանց, ում հետ կը ցանկանայինք կիսել նրանց առօրեայ դժուարութիւնները եւ որոշեցինք զարգացնել տեղի գիւղատնտեսութիւնը: Վերջերս ծնուեց մեր առաջնեկը` Մարալը, եւ մենք ապրում եւ ծրագրում ենք ապրել եւ աշխատել այստեղ` Արցախում:
Անի եւ Մերուժան
Անի Պօղոսեանը Երեւանից է, նա հոգեբան է: Մերուժան Սարգսեանը Արմաւիրի մարզի Մուսա Լեռ գիւղից է:
Նրանց սիրոյ պատմութիւնը` Անիի մեկնաբանութեամբ.
Պատերազմի ժամանակ ես կամաւոր հիմունքներով թերապիաներ էի իրականացնում Արցախից եկած երեխաների հետ եւ որպէս հոգեբանի` իմ ընկերները միշտ ինձ նշում էին Ֆէյսպուքում մարդկանց օգնելու եւ վերջիններիս անհրաժեշտ խորհուրդներ տալու համար: Այսպէս ես ծանօթացայ իմ ապագայ ընկերոջ հետ, որ դիմեց ինձ` նրան օգնելու համար: Քանի որ ես աշխատում էի հիմնականում պատանիների հետ, սկզբում ես մերժեցի նրան, սակայն յետոյ, երբ նա սկսեց ինձ պատմել պատերազմի պատճառով նրա մօտ առաջացած խնդիրների մասին, ես որոշեցի այնուամենայնիւ օգնել նրան: Մէկ ամիս շարունակ մենք աշխատում էինք առցանց, եւ ես ցուցումներ էի տալիս Մերուժանին, թէ ինչպէս յաղթահարի բոլոր դժուարութիւնները եւ խնդիրները, որոնք նա ունէր այդ պահին: Մէկ ամիս անց Մերուժանը ինձ ժամադրութեան հրաւիրեց եւ խոստովանեց, որ ես նրա համար չափազանց մտերիմ ու հարազատ մարդ եմ դարձել, եւ այդ զգացմունքը փոխադարձ էր, քանի որ ես նոյնպէս նոյնն էի զգում: Երկու ամիս տեւեց նախքան մենք կարողացանք լուծել Մերուժանի խնդիրները, եւ դա հէնց մեր սէրն է, որը օգնեց նրան արագ ապաքինուել:
Պատերազմից յետոյ մի բան հաստատ փոխուեց, եւ դա նոյնն է Հայաստանում ապրող 95% մարդկանց համար: Ես կ՛ասէի` դա այն զգացումն է, որ դու պէտք է ապրես այստեղ եւ հիմա, եւ այսօրուայ գործը վաղուան պիտի չթողնես:
Մենք մեր ապագան տեսնում ենք վառ գոյներով: Ես ծրագրում եմ բացել իմ մասնաւոր կենտրոնը, որտեղ ես հոգեբանական աջակցութիւն կը տրամադրեմ դեռահասներին եւ Մերուժանը օգնում է ինձ սկսել այդ գործը: Ապագայում ծրագրում ենք նշանուել, ինչից յետոյ` ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Ամենակարեւորը` մենք պատրաստւում ենք դաստիարակել մեր երեխաներին հայրենիքի հանդէպ մեծ սիրով, որպէսզի նրանք իմանան իրենց տեղն ու դերը իրենց հայրենիքում, որպէսզի նրանք ունենան նպատակներ եւ կարողանան հասնել դրանց:
Էլինա եւ Մարտուն
Էլինա Բալասանեանը ուսանող է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշէն գիւղից: Մարտուն Աբրահամեանը Հայաստանի Արթիկ գիւղից է:
Էլինայի եւ Մարտունի սիրոյ պատմութիւնը` Էլինայի մեկնաբանութեամբ.
Երբ պատերազմը սկսուեց, ես գնում էի աշխատանքի: Դա առաւօտեան 7:30 էր: Ես անմիջապէս զգացի, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ինչ-որ բան կար կապոյտ երկնքում, սակայն ես չէի կարող պատկերացնել, որ դա պատերազմ է: Քանի որ ես շատ եմ սիրում բնութիւնը եւ յաճախ էի աշխատանքից յետոյ գնում Շուշի` բնութեան գրկում հանգստութիւն գտնելու համար, այդ օրը նոյնպէս ես ինձ հետ ունէի ամէն անհրաժեշտ բան` տաք հագուստ, ջուր եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Իմ քոյրերը Ստեփանակերտում էին, սակայն եղբայրս եւ ծնողներս գիւղում էին ապրում: Ես կարողացայ գնալ իմ գիւղ եւ իմ ծնողներին ու այլ մարդկանց տեղափոխել Ստեփանակերտ, որտեղ մենք բոլորս ապաստան գտանք Ստեփանակերտի Սուրբ Աստուածամօր Հովանու մայր եկեղեցում[1]: Ես հոգ էի տանում տարեցների եւ երեխաների մասին ապաստարանում, սակայն երբ մայրս հիւանդացաւ, մենք ստիպուած էինք տեղափոխուել Երեւան, եւ այնտեղ ես շարունակեցի օգնել տեղահանուած մարդկանց եւ հէնց այդ ժամանակ էլ հանդիպեցի իմ ապագայ ամուսնուն, որ նոյնպէս օգնում էր մարդկանց: Ամուսնուս խօսքերով, դա սէր էր առաջին հայեացքից, սակայն ես այդ ժամանակ միայն մտածում էի Արցախի ապագայի եւ իմ ընտանիքի մասին: Մի քանի օր անց Մարտունը խօսեց ինձ հետ, խոստովանեց , որ շատ լուրջ մտադրութիւններ ունի ինձ հետ կապուած, եւ որ մենք պէտք է հասուն մարդկանց պէս պահենք մեզ: Ահա թէ ինչպէ՛ս սկսուեց մեր սիրոյ պատմութիւնը: Նոյեմբերի 13-ին` հրադադարի պայմանագիրը կնքելուց յետոյ, մենք երկուսով գնացինք Ստեփանակերտ եւ նշանադրուեցինք այն նոյն եկեղեցում, որտեղ ես ապաստան էի գտել պատերազմի ժամանակ:
Պատերազմը ստիպեց մեզ մտածել յաւերժական արժէքների մասին: Մենք ուրախ էինք, որ մենք չենք կորցրել միմեանց, ընդհակառակը գտել ենք: Եւ մենք պէտք է գնահատենք մեզ տրուած իւրաքանչիւր վայրկեան: Սեպտեմբերին ծնուեց մեր բալիկը: Դա Աստծոյ օրհնութիւն է` գտնել սէր եւ ընտանիք ստեղծել այս քաոսում: Ապագայում մենք պատրաստւում ենք վերադառնալ Արցախ եւ ապրել այնտեղ:
[1] Պատերազմի յայտնի լուսանկարներից մէկը, որտեղ երիտասարդ կինը երեխաների հետ դաս է անում մոմի լոյսերի ներքոյ, հէնց այնտեղ էր արուած, եւ հերոսուհին հէնց Էլինան է:
Լուսանկարի հեղինակ` ԿԱՐԷՆ ՄԻՐԶՈՅԵԱՆ