Ստորեւ կը հրատարակենք ՀՅԴ-ի անդամ, Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախկին նախարար, հայագէտ-պատմաբան Լեւոն Մկրտչեանի` Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրուած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին ներկայացուցած զեկոյցը:
Վստահ եմ, որ սոյն գիտաժողովի ընթացքում գործընկերներս մասնագիտական բարձր մակարդակով կը ներկայացնեն քննարկման առարկայ հիմնահարցերի ողջ թնճուկը: Հարիւրամեակի ընթացքում կատարուել են բազմաթիւ ուսումնասիրութիւններ, տարբեր աշխարհընկալումների, տեսլականի պատկանող, քաղաքականացուած ու ապաքաղաքական գիտնականների, գործիչների ստուար բանակ փորձել է պատասխանել մեր ժողովրդի համար կենսական նշանակութեան հարցադրումներին: Քաղաքական եւ պատմագիտական հսկայական նշանակութիւն ունեցող թեմայի բարդութիւնն նրանումն է, որ մասնագէտները ստիպուած են գնահատել մի ժամանակաշրջան, որ պատմականօրէն դեռեւս չի ամփոփուել: Գործընթացներն, որ սկսուել են հարիւր եւ աւելի տարի առաջ, այսօր իսկ շարունակւում են` ամէնօրեայ ազդեցութիւն ունենալով մեր տարածաշրջանի ժողովուրդների վրայ:
21-րդ դարի քաղաքակրթական բնոյթի սրընթաց փոփոխութիւններն ստիպում են ազգերին կողմնորոշուել վազքի մէջ` երբեմն արմատական յեղաշրջում պահանջելով կենսագործունէութեան բոլոր ոլորտներում: Ընդ որում, իւրաքանչիւր ազգ պարտադրուած է լինում գնահատել միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացներն սեփական փարատիկմայով արժեւորուած: Ազգային ներուժի ծաւալի ճիշդ հաշուարկումը, հաւասարակշռութեան համակարգերում կուտակուած հզօրութեան խելացի կիրառումը դառնում են ազգերի, պետութիւնների կենսունակութեան ապահովման կարեւոր նախապայման:
Տարբեր քաղաքակրթութիւնների, աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի բախումների եւ համագործակցութեան հազարամեակների կենտրոն հանդիսացող մեր տարածաշրջանում այս ամէնն ստեղծում է իրօք անկանխատեսելի զարգացումների համայնապատկեր: Ազդեցութիւնների առկայ բարդ համակարգը հազարաւոր թելերով առնչւում է աշխարհում գործող գրեթէ բոլոր վճռորոշ ուժային կենտրոնների հետ: Կապերը ոչ միայն ուղղահայեաց եւ հորիզոնական են, այլ յաճախ անկանոն բնոյթ են կրում: Մեր տարածաշրջանը թէ՛ քաղաքական, թէ՛ քաղաքակրթական առումով հանդէս է գալիս իբրեւ անկայուն առարկայ` իր գիտական, դասական բնորոշումներով: Ընդ որում, կայունացման գործընթացներն նման զգայուն կէտերում յղի են ոչ պակաս վտանգներով, քան` ընթացիկ անորոշութիւնը: Պատմութիւնը Միջին Արեւելքին երբեմն նուիրել է համեմատական խաղաղութեան շրջաններ, երբ առաջանում է ուժի հաւասարակշռում: Իբրեւ կանոն` այն հենւում է հակադրութիւնների հաւասարակշռման եւ առկայ խնդիրների սառեցման սկզբունքների վրայ: Եղած հակամարտութիւններն ոչ միայն չեն լուծւում, այլ գնալով խորանում եւ քրոնիկական խոցի կարգավիճակ են ստանում: Արդիւնքում, երբ հերթական համաշխարհային ցնցումը քանդում է հաւասարակշռութեան համակարգը, նման տարածքներում կուտակուած հակասութիւնների խորքային շերտերն դուրս նետուելով`վտանգաւոր, պայթիւնավտանգ իրավիճակ են ստեղծում ոչ միայն այդ հատուածի, այլեւ համաշխարհային անվտանգութեան համալիր համակարգի պահպանման առումով:
Հաւասարակշռութեան ձեւաւորումը անկայուն առարկաների կառավարման գլխաւոր ուղղորդիչն է: Անվտանգութեան ապահովման հիմնահարցը այդ տարածքների ժողովուրդների գերխնդիրն է դառնում: Քաղաքական, տնտեսական, հոգեւոր-մշակութային հակադրութիւնները պահանջում են ձեւաւորել գործընթացների կառավարման բաց, առաւել նուրբ համակարգեր` իրականացնելով գործունէութիւն գործունէութեան վրայ: Պատկերաւոր ասած` անկայուն առարկաների կառավարումն, ըստ էութեան, նշանակում է կառավարուող անկայունութիւն:
Պէտք է նկատի ունենալ, որ անկայունութեան հաւասարակշռման գործընթացներն ոչ միայն արտաքին դաշտում են, այլեւ` պետութիւնների ներհասարակական զարգացումներում: Իբրեւ կանոն` այս երկրներում առկայ են` ազգային անվտանգութեան հետ առնչուող հիմնահարցերի սրուած ընկալում, օտար գաղտնի ծառայութիւնների առաւել բազմաբնոյթ եւ աշխուժ աշխատանք, արտաքին ազդեցութիւնների ենթարկուածութեան մեծ աստիճան, քաղաքական, տնտեսական դաշտերի անկատարութիւն եւ այլն: Հասարակութեան մէջ տարիներ շարունակ երկարաձգուող այս իրավիճակն առաջացնում է անկումային, ոչնչապաշտական տրամադրութիւններ: Առաջանում են ներքաղաքական գործօններ, որ հաշուի չառնելու պարագայում ուղղակի սպառնալիք կարող են դառնալ պետութեան համար:
Նշուած խիստ ընդհանուր բնորոշումներից իսկ պարզ է դառնում, որ այսօր առաւել ծանր եւ պատասխանատու մարտահրաւէր է նետուած յատկապէս Հայկական Լեռնաշխարհի, Հարաւային Կովկասի, Իրանի բնիկ ժողովուրդներին: Նրանք նոր ժամանակներում, նոր լոզունգների եւ գաղափարախօսութիւնների բիրտ ճնշման պայմաններում, ստիպուած են իրենց հազարամեայ փորձառութեամբ դիմագրաւել եւ հակակշռել գոյապահպան նշանակութեան հին վտանգներին: Յատկանշական է, որ տարածաշրջանում դեռեւս 1890-ականներից սկսուած նոր ազգերի ձեւաւորման գործընթացներն շարունակւում են յարձակողապաշտ ուժային դրսեւորումներով: Անատոլիական թրքութեան օրինակով արդէն Հարաւային Կովկասում հընթացս յօրինւում են «պատմական հիմքեր», փորձ է կատարւում բնիկ ժողովուրդներից իւրացրած տարածքների, մշակութային-սովորութային ժառանգութեան թալանի միջոցով կառուցելու ,հայրենիքէ եւ անհանդուրժողական, ծայրայեղ ազգայնամոլ գաղափարախօսութիւն որդեգրած պետականութիւն:
Փորձութեան մեծ չափաբաժինը, ցաւօք, կրկին հայ ժողովրդինն է: Քննութեան է ենթարկւում ոգեկան ամրութեան, ազգային համախմբման եւ ինքնակառավարուելու ունակութիւնները: Այժմէական է դառնում սեփական արժէքների եւ հոգեւոր գերակայութեան ապահովելուն միտուած զինանոցի արդիականացումն ու ճիշտ օգտագործումը: Նոր բովանդակութիւն եւ ձեւ է ստանում նաեւ վաղնջական ժամանակներից մեզ ուղեկցող ազատագրական պայքարի տիլեման իր երկու ճիւղաւորումներով.
– Ներսէս Մեծի տեսիլք` իմա՛ օտարի օգնութեամբ ազատագրուելու, հզօր, հոգեհարազատ ազատարարին փարուելու ուղղութիւնը,
– Օտար տիրապետութեան դէմ անվերապահ պայքար մղելու, սեփական հող ու ջրից ուժ ստացող հայ ազգային դիւցազնավէպի` Սասունցի Դաւթի կերպարով մարմնացած ուղղութիւնը:
Անկախ պետականութեան կառուցման 30 տարիների ընթացքում հասել ենք թերեւս ամենապատասխանատու եւ վտանգաւոր եզրագծին: Հասարակութեան մէջ գերակայող յուսահատական պարտուողական տրամադրութիւնները բերել են որակական տեղաշարժի ընդհանուր ընկալումներում: Մասնաւորապէս առկայ է.
ա.- Որոշակի մերժողական վերաբերմունք ոչ միայն վերջին տասնամեակների, այլեւ ընդհանրապէս անցեալի ձեռքբերումների նկատմամբ,
բ.- Զերոյականի մօտ հակազդեցութիւն աշխարհաքաղաքական ահագնացող ցնցումների առաջացրած սպառնալիքների հանդէպ,
գ.- Պետականութեան ձախողման, տնտեսական հնարաւոր փլուզման վտանգի զգացողութեան բացակայութիւն:
Յուսալքութեան ալիքը ժողովրդի մէջ առաջացնում է կրաւորական պայքարի` երկիրը լքելու, օտարին ապաւինելու, սեփական անզօրութիւնն ամրագրելով գոյատեւելու ճանապարհով գնալու տրամադրութիւններ:
Հարիւրամեակի ընթացքում հայ ժողովուրդը մի քանի անգամ ստիպուած է եղել յաղթահարել նման իրավիճակներ: Եւ ազգային յարատեւման բանալի լուծումները գտնուել են անհաւասարակողմ պատասխաններում: Վերայառնման իւրաքանչիւր փուլում դրուել է ոգու բարձրացման, ազգային հպարտութեան, աշխարհում արժանապատիւ ապրելու իրաւունքի վաստակմանն ուղղուած ճիգը: 1915 եւ «Նեմեսիս» գործողութիւն, որ փոխեց հայի կերպարի ընկալումն աշխարհում ու ներազգային կեանքում, Առաջին հանրապետութեան կայացման համար դժուար, թւում է` դատապարտուած պայքար եւ հայոց անկախ խորհրդարանի` ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի տեսլականը, հանրապետութեան անկում եւ Լեռնահայաստանի ազատագրական պատերազմ, ապա` սփիւռքի ձեւաւորում, տարօնականութիւն, ցեղակրօն ուխտ, հայրենակցական միութիւններ, ազգային կառոյցների ձեւաւորում, 1960-70-ականների Ցեղասպանութեան ճանաչման շարժում եւ վրիժառական պայքար: Կարելի է երկար թուարկել այս շարքը: Ընդդիմախօսներն այս ամէնը կարող են համարել վիպապաշտութիւն, ոչ իտէալապաշտ քաղաքականութիւն, կոչել իրատեսութեան, քննադատել եւ մեղադրել արմատականութեան մէջ:
Մեր կարծիքով, իրականութիւնն գոյութենական հարթութեան մէջ է: Հայ ժողովուրդն այս տարածաշրջանում ստիպուած է եղել եւ ստիպուած է հակազդել իր նկատմամբ իրականացուող ծրագրաւորուած ոչնչացման, դուրսմղման դարաւոր քաղաքականութեանը: Մեր հարեւանների օրակարգում բացակայում է կենսունակ եւ ինքնաբաւ Հայաստան տեսնելու տարբերակը: Այն Հայաստանը, որին նրանք «ողորմածաբար» կը համաձայնուեն գոյութեան «իրաւունք» տալ, երբեք չի կարող բաւարարել արժանապատուութիւն ունեցող եւ արժեհամակարգ ձեւաւորած ազգի չափանիշներին:
Թշնամական ուժերի կողմից անքլաւի վերածուած մեր մեծ հայրենիքի փոքր հատուածում պատսպարուած հայութեան բեկորներն այսպիսով է, որ պարտադրուած են պատասխանելու հիմնական հարցին` պէ՞տք է դիմագրաւել հարեւան թրքական պետութիւնների նուաճողական քաղաքականութեանն, ինչո՞ւ եւ ամենակարեւորն` ինչպէ՞ս: Ինչուի եւ ինչպէսի միասնականութիւնն ու փոխպայմանաւորուածութիւնն յստակ է: Կամ մի քիչ արդիական ձեւակերպմամբ` հայ ժողովուրդն արդեօ՞ք ազգ է բառի քաղաքակրթական նշանակութեամբ եւ կարո՞ղ է աշխարհին ներկայանալ իւրայատուկ յղացքով, որ արժանի լինի «failed nation» չկոչուելու, արժանի լինի հայրենիքում ինքնիշխան պետականութիւն կառուցելու: Եթէ` այո՛, ի՞նչ պէտք է անել այդ ճանապարհին:
Աշխարհաքաղաքական ներկայ խորքային գործընթացները եւ հեռանկարային զարգացումներն հաշուի առնող, օտար ազդեցութիւնից զերծ համահայկական ներուժի օգտակար գործադրման ու տիրապետման համակարգի ձեւաւորումն այլընտրանք չունի: Համակարգերն տարբերւում են` հակահամակարգերից նրանով, որ
ա.- Հաւասարակշռուած են եւ կառուցուած հակադրութիւնների պայքարի ու միասնութեան սկզբունքի վրայ`
բ.- Ունեն իրական բովադակութիւն, ուր յստակ սահմանուած են ռազմավարական նշանակութեան խնդիրներն ու մարտավարականը: Այստեղ հնարաւոր չէ մարտավարութիւնն ներկայացնել իբրեւ ռազմավարական առաջադրանք,
գ.- Ձեւը համապատասխանում է բովանդակութեանը ու բխում է վերջինիցս,
դ.- Ներդաշնակ են եւ նպաստում են առաջընթացին, բացառում են աւերելու, քանդելու եւ «նորը» կառուցելու, պոլշեւիկեան մեթոտաբանութիւնը:
Այս համակարգն պէտք է ունենայ ամուր գաղափարախօսական հենք, նպատակի, խնդիրների ու միջոցների ներդաշնակօրէն փոխլրացուող, ճշգրտուած ռազմավարական ծրագրաւորում: Մեր չափումը պէտք է յենուած լինի աշխարհասփիւռ ազգի կարգավիճակի ամրապնդմանն` հայաստանակենտրոն ուղղութեան անվերապահ գերակայութեան սկզբունքով:
Հայոց ազգային գաղափարախօսութեան հենքը ձեւաւորուել է 19-րդ դարի վերջերին սկսուած հայկական յեղափոխութեան տեսլականով եւ արդիական է յատկապէս այսօր: Այն է` հայ ժողովրդի հզօր, ազատ, բարեկեցիկ կենսագործունէութեան ապահովում ամբողջական եւ անկախ հայրենիքի տարածքում: Մշակուած է հայկական շարունակականութեան ապահովման` հանգրուանային ձեռքբերումներով դէպի նպատակ շարժուելու մարտավարութիւնը: Հարկաւոր է արդիականացնել, 21-րդ դարի բարդ ցանցային պահանջներին համարժէք ձեւաւորել արիւնով ու անսահման նուիրումով սրբագործուած յղացքը:
Հայ ազգի լինելիութեանն ուղղուած նպատակների ամրագրմանն զուգընթաց` անհրաժեշտ է յստակ ձեւակերպել ՀՀ-ում, ԱՀ-ում, Ջաւախքում եւ սփիւռքի համայնքներում առկայ մերօրեայ օրակարգերն ու թիրախները`լինեն դրանք քաղաքական, հայապահպան, կրթամշակոյթային թէ ընկերային-տնտեսական բնոյթի: Սա պահանջելու է տքնաջան աշխատանք հետեւեալ ուղղութիւններով.
ա.- Ռազմավարական ծրագրաւորում` հայեցակարգերի, թիրախային եւ ոլորտային նպատակներ հետապնդող ծրագրերի մշակում, համադրում գործնական կիրառման ու գործադրման ժամանակացոյցերի ձեւաւորում,
բ.- Գործամիջոցների եւ գործադրման դաշտերի յստակեցում ու համադրում,
գ.- Մարտավարական նշանակութեան խնդիրների առանձնացում եւ ըստ առաջնահերթութեան դասակարգում,
դ.- Իւրաքանչիւր ծրագրի ենթախորքում հնարաւոր համախոհ եւ հակադիր ուժերի տեղաբաշխման քարտէսի ձեւաւորում,
է.- Տեղեկատուական ընդհանուր, մրցունակ դաշտի ստեղծում, տեղեկատուական-քարոզչական նոր որակի գործառոյթների ձեւաւորում,
զ.- Հայ ժողովրդի կարողունակութեան, գոյքագրում է չորս միջոցներով`
– Մարդկային,
– Կազմակերպական,
– Ֆինանսական,
– Հոգեւոր մշակութային:
Յիշեալ ուղղութիւններով հետեւողական առաջ շարժուելու պարագայում կը կարողանանք ձւաւորել ռազմավարական ծրագրաւորման մեր մեթոտաբանութիւնը, ժամանակակից աշխարհում գնահատել սեփական ներուժը: Յստակ չափորոշիչներով կարելի է իմաստաւորել հայ ազգի տեղն ու դերը, ուրուագծել հնարաւորութիւնների սահմանագծերը: Կարեւոր է ճիշդ կողմնորոշուել յատկապէս գործադաշտերի եւ գործամիջոցների ընտրութեան մէջ: Օտարների կողմից մատուցուող, գեղեցիկ փաթեթաւորուած եւ համընդհանուր քաղաքակրթական արժէքների տեսքով մեզ հրամցուող շատ գործիքակազմերի չհաշուարկուած կիրառումը կարող է յաճախ աւերիչ հետեւանքների յանգեցնել:
Ազգային շահերի հաշուառման վրայ յենուած մեթոտաբանութեան հիմնական խնդիրն նմանատիպ վտանգների չէզոքացումն է, զարգացման սահուն ընթացքի ապահովումը: Այն անհրաժեշտաբար առաջացնելու է արմատական փոփոխութիւն հայութեան հաւաքական աշխարհընկալման մէջ: Պետականութեան բացակայութեան հարիւրամեակներն, ցաւօք, մեծապէս խեղել են ազգային բնաւորութեան շատ յատկանիշներ: Հասկանալի է, որ անհրաժեշտ է երկարատեւ, հետեւողական ճիգ` իրավիճակն արմատապէս եւ որակապէս փոխելու համար: Ինքնիշխան պետականաշինութեան մերօրեայ մարտահրաւէրի յաջողութեան գրաւականն երեք կարեւոր սկզբունքների պահպանումն է.
ա.- Պէտք է արմատապէս փոխել պարտուողական, յարմարուողական մտածելակերպը` գոյապահպան չափումներից անցնելով լինելիութեան մտածողութեանը:Երկիրն իր փոքրութեան պատճառով չունի թիկունք եւ սահման հասկացութիւն: Ըստ այդմ, ինչպէս ՀՀ եւ ԱՀ քաղաքացիներն,այնպէս էլ աշխարհասփիւռ հայութիւնը, պարտաւոր են ձեւաւորել անհամաչափ հակազդեցութեան,սեփական կարեւոր առաքելութեան գիտակցման վրայ յենուած կենսագործունէութիւն:
բ.- Միայն ազատ, իր իրաւունքներին հետամուտ հասարակութիւնն է ի վիճակի պաշտպանելու հայրենիքը:
գ.- Հայաստանն պէտք է արտագաղթող բնակչութիւն ունեցող երկրից վերածուի ներգաղթող հայութեան երկրի: Ընդհանրապէս հայ լինելն պէտք է գրաւիչ լինի ե՛ւ հոգեւոր-բարոյական տեսանկիւնից ե՛ւ պաշտպանուածութեան ու անձնական բարեկեցութեան առումներով
Համահայկական ներուժի գնահատումը հնարաւորութիւն կը տայ հասկանալու հայկական քաղաքակրթական գործօնի հզօր ուժը: Հասկանալու, որ մեր ժողովուրդը ոչ միայն պատմականօրէն, այլեւ ներկայումս եւս համաշխարհային հոգեւոր արժեհամակարգի աշխուժ շինարարներից է` իր որոշակի առաքելութեամբ: Հայ ուժականութեան աստիճանն է, որ կարող է ձեւաւորել այսօրուայ գործնական քաղաքականութիւնը` կրաւորական առարկայի կարգավիճակից աշխուժ իրաւատէրի վերածուելու հնարաւորութեամբ:
Հայաստանում` իշխանութիւնները, ընդդիմութիւնը, ժողովուրդը պիտի հասկանան հայկական ազգային օրակարգի միասնականութիւնն ու փոխլրացուածութիւնը, իսկ սփիւռքում պէտք է ընդունեն, որ երազն իրականութիւն դարձնելու ճանապարհը Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի հզօրացումն ու ամրապնդումն է: Մնացեալ ամէն ինչ պատրանք է եւ չի դիմանայ ժամանակի քննութեանը: