Պատերազմի առաջին տարելիցի կապակցութեամբ հանրային հարթակներում եւ մամուլում նոր թափ են ստացել պատերազմի, պարտութեան պատճառների եւ մեղաւորներ փնտռելու ու արդարացումներ գտնելու շուրջ շրջանառուող նիւթերը: Ի հարկէ անցած մէկ տարուայ ընթացքում եւս չեն պակասել սխալների որոնումն ու արդարացում պարունակող վկայութիւնները: Ինչ-որ տեղ դա բնական է: Վերջապէս, պարտութիւնն ու կորուստն ահռելի են եւ առաջին հայեացքից` անդառնալի:
Հիմնական պատասխանատուները, բացի նրանից, որ ամէն ջանք ու եռանդ չխնայելով փորձում են արդարացումներ որոնել, գիտակցում են, որ պատմութեան առաջ եւս պատասխան են տալու: Նրանց մօտ «գող` սիրտը դող»-ի հոգեբանութիւնն է տիրում:
Դէպքերի եւ իրադարձութիւնների մանրամասն քննարկումները եւ դրանցում, մեղաւոր գտնելուց բացի, պարտութեան հիմնական պատասխանատուները պաշտպանուած լինելու համար փորձում են գտնել նաեւ գաղափարական հիմնաւորումներ: Արդարացումներ գտնելու այս հանգրուանում ճահճի մէջ ընկածի նմանութեամբ աւելի է բարդանում պատմութեան առաջ պատասխան տալու պարտաւորութիւնը: Ոչ մի կերպ, քան դաւաճանութեամբ` առաջին հերթին ինքն իրեն դաւաճանելով, չի կարելի բացատրել «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» նախադասութիւնը բազմահազար ունկնդիրների առաջ կրկնողից հայկական գիւղերը ազրպէյճանական անուններով յիշատակելը: Սա գաղափարական անկում է:
Ժամանակին Նիկոլ Փաշինեանը այն հարցին, թէ իրենց շարժումը ի՞նչ գաղափարախօսութեան է հետեւում, նշել է, որ իրենք որեւէ «իզմ»-ի չեն հետեւում: Այդպիսով, նա իրեն ձերբազատեց սկզբունքային լինելուց: Երբ գաղափարակիր չես, հնարաւորութիւն ունես այս ճիւղից այն ճիւղը թռչել ճնճղուկի թեթեւութեամբ: Սակայն այդ թեթեւութիւնը երբեք չի ներուել: Պատմութեան ընթացքում շատ անգամ դաւաճանութեան խարան է դաջուել այդ թեթեւամիտների ճակատին:
Պարտութիւնից յետոյ հայ իրականութեան մէջ առկայ գաղափարական անկումը նկատելի է ամէնուր: Յայտարարւում է խաղաղութեան դարաշրջան: Ի հարկէ խաղաղութիւնն ունի իր արժէքը, սակայն հայրենիքի կորուստը յետ բերելու ուղղութեամբ պատերազմը եւս արժէք է եւ առաւել գերակայ արժէք, քան` նուաստացնող խաղաղութիւնը: Չմոռանանք, որ մեր թշնամին 30 տարի իր սերունդներին դաստիարակեց պատերազմի միջոցով իր «հայրենիքի» վերանուաճման ոգով:
Նուաստացուցիչ խաղաղութեան առաջին գաղափարախօսներից մէկը մերօրեայ պատմութեան մէջ եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, որ ասպարէզ նետեց «մեր պաշտպանուածութիւնն անպաշտպանութեան մէջ է» տեսակէտը, արտաքին քաղաքականութեան պետական օրակարգից Ցեղասպանութեան հարցի բացառումը, ինչպէս նաեւ Արցախը որպէս ազրպէյճանական տարածք ճանաչելը: Չմոռանանք 1990-ական թուականներին Արցախի իշխանութիւնների նկատմամբ Լեւոն Տէր-պետրոսեանի արհամարհանքն ու նրա պարտադրանքը Քարվաճառի շրջանի յանձնման ստորագրման հարցում:
ԼՏՊ-ին այցելութիւնը դարձել է Արցախի նախագահի` Երեւան ուղեւորութեան աշխատանքային մշտական օրակարգի մշտական կէտերից մէկը: Վերջերս աւելացել է նաեւ Արցախի իշխանութիւնների այլ ներկայացուցիչների այցը Տէր Պետրոսեանին: Պարտութիւնն արդարացնելու համար այս ընթացքը` կնքահայր որոնելու եւ գաղափարական առաջնորդի փնտռտուքը, չի կարող այլ տեղ տանել, քան` սեփական երդումը դրժելու դաւաճանական ուղի: