ԱՇՈՏ ՇԱՐՈՒՐԵԱՆ
Երջանկայիշատակ Գարեգին կաթողիկոսն իր ամբողջ կեանքն ապրեց անմնացորդ նուիրումով` հանդէպ իր ազգն ու հայրենիքը: Իբրեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս` նա ծաղկեցրեց սփիւռքահայութեան հոգեւոր, մշակութային եւ ազգային կեանքը, դժուարին ժամանակներում մեծապէս սատար կանգնեց լիբանանահայութեանն ու մայր հայրենիքին: Որպէս Ամենայն Հայոց կաթողիկոս, ի թիւս այլ կարեւոր գործերի, նա կարողացաւ ոտքի հանել հոգեւորականութեանը` Յիսուսի օրինակով գնալու դէպի մարդիկ եւ ծառայելու նրանց: Ազգայինին նուիրուածութիւնը երբեք նրան չխանգարեց, որպէսզի միեւնոյն նուիրումով նա ծառայի նաեւ համայն մարդկութեանը` միջեկեղեցական իր բուռն գործունէութեան արդիւնքում համաշխարհային եկեղեցական թատերաբեմի երկնակամարում դառնալով փայլատակող աստղ եւ առաջնորդ: Գարեգին վեհափառը մեծ մտաւորական էր, մեծ աստուածաբան, մեծ հռետոր` օժտուած հոգեմտաւոր բարձրագոյն կարողութեամբ: Դժուար է երեւակայել, թէ որեւէ մահկանացու կարող էր անցնել այսպիսի գերյագեցած ու դժուարին մի ճանապարհ: Թերեւս պատճառն առ հայութիւն եւ մարդկութիւն իր մեծագոյն սէ՛րն էր, իր իսկ ձեւակերպմամբ, «բաշխելիս երբեք չսպառուող եւ ընդհակառակը` աւելացող այն միակ ուժը», որը նրան ուղեկցում էր այդ մեծ գործերում:
Օգոստոսի 27-ը երջանկայիշատակ վեհափառ հայրապետի ծննդեան տարեդարձն է, նա կարող էր լինել 89 տարեկան: Այս կապակցութեամբ ներկայացնենք իբրեւ Ամենայն Հայոց կաթողիկոս նրա առաջին արտագնայ քարոզը, որը տեղի ունեցաւ Թալինի մշակոյթի տանը: Գահակալութիւնից ընդամէնը մէկ ամիս անց, 1995 թուականի մայիսի 5-ին, իբրեւ Քրիստոսի ճշմարիտ հետեւորդ եւ «քաջ հովիւ» լուսահոգին արդէն իր ժողովրդի մէջ էր:
Նրա իմաստուն այս խօսքը չափազանց արդիական է այսօր:
* * *
«Մեր ժողովուրդը յաճախ ասում է. «Ծուռ նստենք, շիտակ խօսենք»: Այսօր սրտիցս, մտքիցս ինչ որ անցնում է, ինչ որ մտածում եմ, ուզում եմ ձեզ հետ միասին բաժանել:
Առաջին. Մենք` իբրեւ հայութիւն, մենք զմեզ ճանաչելու ճիգին մէջ պէտք է խուսափենք չափազանց գերզգայականութիւնից, այսինքն` զգացումով չշարժուել, զգայարանքներով չղեկավարուել: Աստուած մարդուն տուել է մի մեծ ուժ, ուրիշ էակներից անջատող մի հիմնական ուժ: դա միտքն է: Միտքն է մարդուս ղեկավարը: Մարմնի եւ հոգու կառավարիչը միտքն է` բանականութիւնը, տրամաբանութիւնը Հին փիլիսոփաները մարմնի եւ հոգու պատկերացումը տալիս էին` ասելով, թէ նրանք նմանւում են երկու ձիերի` մէկը` սեւ եւ միւսը` սպիտակ, եւ ամէն մէկը հակոտնեայ ուղղութեամբ է գնում: Միտքն է այդ երկու ձիերին կարգի մէջ` ուղիղ ճանապարհին մէջ պահողը: Մենք, իբրեւ ազգ, յաճախ տարուել ենք, սխալուել` միայն ու միայն զգացումներից առաջնորդուած գործելով: Ես ուրիշ ազգերի ճանաչել եմ. մենք չափազանց զգացական ենք եւ մեր միտքը պէտք եղած ձեւով չենք գործածում:
Ասացի, որ առաջինն զգացականութիւնն է` իր չափազանցեալ վիճակի մէջ, երկրորդը` անցեալը գովաբանելու մեր չափազանցեալ եղանակը: Չարենցը գրել է. «Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ, աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ… «Բոլոր ասածները ճիշդ են, բայց բանաստեղծութիւն են: աշխարհումս Արարատից ուրիշ բարձր լեռ կայ: Օրինակ` Հիմալայեան լեռները: Բայց մեզ համար չկայ: «Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ» ասող եւ արտասանող մարդիկ շատ յաճախ չեն կարդում ոչ Նարեկացի եւ ո՛չ էլ Քուչակ: Ի՞նչ իրաւունք ունենք մեր հայրերի անունով հպարտանալու, եթէ իրենք այդ հայրերի հոգին իրենց մէջ չեն կրում: Մենք իրաւունք չունենք մեր հայրերի արածներով միայն հպարտանալու: Դա կը նմանուի մի դրամագլխի, որ մենք շահագործում ենք:
Բարեկամնե՛ր, անցեալը գովելով, ներկայի մէջ մնալով զգայական, անշարժ` դա արդարութիւն չէ:
Ես ճանաչել եմ շատ ազգեր, երբ ուսանող եմ եղել Անգլիայում: 9600 ուսանողների մէջ երեք հայ էինք միայն: Յաճախ հարց եմ տուել ինձ. ինչու նրանք աւելի զարգացած լինե՞ն, եւ մենք այնքան զարգացած չլինենք: Որտեղ է պատճառը՞: Կարդացել եմ նրանց գրականութիւնը, ճանաչել եմ նրանց պատմութիւնը, հաղորդակից եմ եղել նրանց ապրող ղեկավարների հետ` ե՛ւ հոգեւորակա՛ն, ե՛ւ քաղաքական, եւ պետակա՛ն: Ես եկել եմ հետեւեալ եզրակացութեան. նրանք կարգաւորեալ ձեւով են դասաւորում իրենց կեանքը եւ մէկ փիլիսոփայութիւն ունեն: Դա հետեւեալն է. ընդհանուրին շահին մէջն է անհատին շահը, ոչ թէ անհատականին մէջն է ընդհանուրին շահը: Եթէ երբեք ընդհանուր մարմինս առողջ չլինի, իմ թեւը չի կարող երկար առողջ մնալ: Մարմին է ազգը:Այդ մարմինն իր ամբողջութեան մէջ եթէ առողջ չլինի, ես` մի մասնիկս, չեմ կարող այդ վատառողջ մարմնի մէջ առողջ լինել:
Հետեւաբար, ընդհանրական շահը` քաղաքի փողոցը, հրապարակը, այն բոլոր հասարակական շէնքերը, հաստատութիւնները, որոնք կան, իմ տնից վեր պէտք է դասուեն, որովհետեւ դրանք կը պատկանեն ամբողջին, ոչ թէ ինձ: Եթէ երբեք իմը նախընտրեմ, մի օր ընդհանուրի հիւանդութիւնը իմ տանը կը հասնի: Սա շատ պարզ, լափալիսեան ճշմարտութիւն է: Բայց մենք` իբրեւ հայութիւն, պէտք է որ դա ճանաչենք, իբրեւ ազգութիւն` պետականօրէն մտածենք: Գիտէ՞ք, թէ ի՛նչն է պատճառը, որ մենք չենք կարողացել այդ անել. որովհետեւ մենք ուրիշ ազգերի տիրապետութեան տակ ենք ապրել: Հիմա, որ անկախ ենք, հիմա, որ մեր դաստիարակութիւնը, մեր կրթական, դպրոցական կեանքը մենք ենք դասաւորում, պէտք է որ խելացի շարժուենք եւ այս բոլորն անենք` ի սէր մեր հայրենիքի: Վերջում ուզում եմ ասել, որ մեր եկեղեցին միախառնուել է մեր ազգի գոյութեանը: Մեր պետականութիւնը մեր եկեղեցուց անկախ չի եղել: Պատմութիւնը կարդացէք եւ ուշադիր կերպով պատմութեանը հետեւեցէք:
Եղբայրներ եւ քոյրե՛՛ր, մեր եկեղեցին եղել է սնուցիչ մայրը բարոյական ըմբռնումների, հոգեւոր արժանիքների: Եթէ մի ազգի մէջ բարոյական ուժը` առողջութիւնը, տկարանայ, ոչ դրամը մեզ կը փրկի եւ ո՛չ է՛լ զէնքը: Կարեւորը մարդ էակի եւ ազգի առողջութիւնն է` հոգեւոր եւ բարոյական, որ իմաստ կը տայ եւ դրամի՛ն, եւ զէնքի՛ն: Դրամը տուր յիմար մարդու ձեռքը, կը մսխի: Դրամը ուժ չէ, մարդն է ուժը՛: Զէնքը տուր մի ոճրագործի ձեռքը` մարդ կը սպաննի: Բայց զէնքը տուր քաջամարտիկի ձեռքը, որ իր հայրենիքը պաշտպանի, հայրենիքի գաղափարն ունենայ, բարոյական հասկացողութիւն ունենայ, ազգային ըմբռնում ունենայ` նա կը պաշտպանի:
Եթէ կարգ ու կանոնը խառնուի, ներդաշնակութիւնը խառնուի, կեանքը կը քայքայուի: Որպէս պարզ օրինակ` առէք այս շէնքը. սա քարերի կոյտ չէ, այլ ճարտարապետի մտքով դասաւորուած, չափագրուած, շինուած տոկուն շէնք է: Հանես պատը` կ՛ընկնի շէնքը, վերցրու սիւնը` կը քանդուի շէնքը: Ազգն էլ մի համատեղ կառուցուածք է` հոգեկան, ազգային, մշակութային, կրթական, ընկերային, տնտեսական ազդակներով: Եկեղեցին այս մարմինին սիւնն է, ճշմարտութիւնների քարոզիչը:
Մեր եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով եւ բոլոր թեմերով` ե՛ւ այստե՛ղ` հայրենիքում, ե՛ւ արտասահմանու՛մ, պէտք է դառնայ մեր ժողովրդի կեանքի մէջ ներգործող ուժ, գաղափար, ապրում, աղօթք, Աւետարանի քարոզութիւն, այլ ոչ թէ քար, յուշարձան, խաչքար, գմբէթ միայն: Մեր հայրերը իրենց հաւատքն են արտայայտել, իսկ մենք ինչպէս ենք արտայայտում մեր հաւատքն այսօ՞ր: Եկեղեցին նորոգեցիք, ապրէ՛ք: Բայց եկեղեցին պէտք է լցնել, եկեղեցին պէտք է այնպէս ապրել, որ դառնայ մեր ժողովրդի դաստիարակութեան կարեւորագոյն ազդակներից, միջոցներից մէկը:
Հայրենիքը մեր ձեռքով շինենք: Ուրիշը պիտի չգայ, շինի մեզ համար: Երէկ Էջմիածնում ինձ մօտ եկաւ ՄԱԿ-ի ներկայացուցիչը Երեւանում: Նա ինչ պիտի անի՞: Կ՛օգնենք ձեզ, ասաց: Բայց եթէ ես չաշխատեմ, ինքն ինչ կարող է անե՞լ, նրա օգնութիւնը որի համար է՞: Ինչ գեղեցիկ է այն խօսքը՞, որ ասում է. «Դու քեզ օգնի, Աստուած քեզ կ՛օրհնի»: Նաեւ ասուել է. «Աշխատանքը թանձրացեալ աղօթք է»: Աստուծո հանդէպ հաւատարմութեան եղանակն աշխատանքն է, գործը:
Շատ ենք խօսում, ամէն բանի մասին խօսում ենք ու խօսում: Խօսքի առատութեան, խօսքի ճշմարտութեան փաստը, սակայն, գործն է: Գիտէք` Յիսուս ինչ ասա՞ց. «Թէեւ ինձ ոչ հաւատայք, սակայն գործոցն հաւատացէք»: Չես կարող գործին չհաւատալ: Մէկն ասի, թէ «ես մեծ, տաղանդաւոր գրող եմ», բայց ոչինչ չգրի, ի՞նչ արժէք ունի նրա խօսքը: Եթէ մէկին էլ Աստուած տուած լինի սքանչելի ձայնի երաժշտական տաղանդ, բայց նա չերգի, ի՞նչ արժէք կ՛ունենայ այդ տաղանդը: Կը նմանուի մի արեւի, որ ճառագայթ չունի, եւ նման արեւ հնարաւոր չէ երեւակայել: Արեւը եթէ արեւ է, ապա ճառագայթ ունի:
Այսպէս էլ, եթէ մէկն արժէք ունի, այդ արժէքը պէտք է արտայայտի: Գործն է, նուիրումն է, աշխատանքն է, որ այս հայրենիքը պիտի շինէ: Այդ աշխատանքը պէտք է լինի ներդաշնակ, միասնական ուժով` ընդհանուրին շահը, հայրենիքին շահը, եկեղեցու շահն ամէն տեսակի մասնաւոր շահերից վեր դասելով»:
* * *
Գարեգին հայրապետը միայն չորս տարի գահակալեց իբրեւ Ամենայն Հայոց կաթողիկոս, ընդ որում` այդ շրջանի մի զգալի հատուածում նա ծանր հիւանդ էր: Այդ տարիներին իր աստուածատուր առաքելութեան բազմաբովանդակ գործունէութեան կարեւորագոյն բաղադրիչը նրա համար քարոզախօսութիւնն էր, ինչպէս սիրում էր ասել` «մարդու պատրաստութեան գործը», որը սակայն աւարտին չհասաւ:
Հաւանաբար նրա գործը մնաց անաւարտ, որպէսզի այն շարունակուի այսօր, որպէսզի մենք` իբրեւ ժողովուրդ, ի վերջոյ ընթանանք այն միակ նախանշուած ուղիով, որպէսզի ընթանանք Գարեգին Առաջինի գրաւոր խօսքին համահունչ: Այդ ընթացքին մասնակցե՛նք բոլորս, որպէսզի արդէն մէկ տարի անց ունենանք շօշափելի առաջընթաց ու նաեւ ազգովի տօնենք Մեծ Հայի ծննդեան 90-ամեակը: