Արցախի Շահերու Պաշտպանութեան Օրակարգով Գումարուած Է ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբերու Եւ Գրասենեակներու Առցանց Խորհրդակցութիւն

ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհրդի նախաձեռնութեամբ օգոստոսի 7-ին գումարուել է ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների առցանց խորհրդակցութիւն: Խորհրդակցութեանը մասնակցել են Հայ դատի Կեդրոնական խորհրդի անդամները, Հայ դատի տարածաշրջանային գրասենեակների, աւելի քան 30 երկրներում գործող Հայ դատի յանձնախմբերի պատասխանատուները եւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից Արցախի շահերի պաշտպանութեանը: Հաշուի առնելով 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծուած նոր իրավիճակը եւ անցած ամիսների զարգացումները` կատարուել են քաղաքական առաջնահերթութիւնների յստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտուած են շուրջ մէկ տասնեակի հասնող ուղղութիւններում, իրազեկման (լոպիստական) գործիքակազմի համալիր կիրառութեամբ յառաջ մղել Արցախի ժողովրդի իրաւունքներն ու օրինական շահերը:

Որոշում է կայացուել յառաջիկայ ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանութեանը` այդ թւում Արցախի Հանրապետութեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի եւ անկախութեան ճանաչմանը, միջազգային յարաբերութիւնների շեշտակի ընդլայնմանը: Նպատակադրուած աշխատանք է կատարուելու նաեւ Արցախում հասունացած մարդասիրական ճգնաժամի յաղթահարման, բռնազաւթուած տարածքներում գտնուող մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրաւունքների պաշտպանութեան, ինչպէս նաեւ ազրպէյճանաթուրքական տեղեկատուական սադրանքների չէզոքացման ուղղութիւններով:

Ներկայումս, առաւել քան երբեւէ, Արցախի մեր հայրենակիցներն առարկայօրէն պէտք է զգան համայն հայութեան զօրակցութիւնը` ստեղծուած ծանրագոյն իրավիճակի յաղթահարման եւ առաւել քան 30 տարի առաջ սկսուած ազգային- ազատագրական պայքարը յաղթական աւարտին հասցնելու համար:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

8 օգոստոս 2021

 

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )