«ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթ. Ի հարկէ լաւ է, երբ մարդն առողջ է, անփորձանք, յաջողակ, բայց պէտք է միշտ յիշել, որ բանտը, հիւանդութիւնն ու փորձանքն էլ մարդու համար են: Պարզապէս այդ փորձութիւններից ամէն մէկին չի յաջողւում անվնաս դուրս գալ եւ մարդ մնալ: Ոմանք կոտրւում են, ոչնչանում, ստորութիւններ անում, վախից գնում անթոյլատրելի արարքների, կորցնում ապրելու կամքը: Իսկ ոմանք ուժեղացած, երկրորդ շնչառութիւն ստացած են դուրս գալիս:
Կը կարողանա՞յ արդեօք հայ ժողովուրդը 2020-ի սոսկալի պատերազմից, կորուստներից, հոգեկան ու ֆիզիքական ցաւից ազատագրուել, յաղթահարել պարտութեան նուաստացումն ու վերագտնել ապրելու, արարելու կամքը, յայտնի չէ: Կը կարողանա՞ն արդեօք սիւնեաց տղամարդիկ, որոնք չեն նահանջել թշնամու առաջ, չեն վախեցել հակառակորդի գնդակից, նենգ իշխանութիւնների եւ ստորաքարշ իրաւապահների հետ անհաւասար պայքարում յաղթանակած դուրս գալ, մարդ մնալ ու չկոտրուել: Ի վերջոյ նման փորձութիւնների մարդիկ ենթարկուել են բոլոր ժամանակներում:
Շատ աւելի ծանր զրկանքներ են կրել, աւելի դաժան վարչակարգերի ու անյաղթահարելի արգելքների դէմ են պայքարել: Երբեմն յաղթել են, ու շահել են մարդկութիւնը, առաջադիմութիւնը, ժողովրդավարութիւնը: Իսկ երբեմն զոհուել են, կեանքն աւարտել զնտաններում ու աքսորում, կոտրուել ու անհետացել են ասպարէզից: Մեր ազգը թէեւ ամէն զրկանքի դիմացող է, ամէն ինչի հետ հաշտուող ու յարմարուող, սակայն երկարատեւ պայքարի, որպէս կանոն, ունակ չէ: Մեզանում նաեւ անհատ-հերոսների պակաս է եղել մշտապէս: Մարդիկ, որոնք իրենց վրայ կը վերցնեն լուսաւորչի, առաջամարտիկի, սեփական անձով ճանապարհ հարթողի առաքելութիւնը եւ իրենց ետեւից կը տանեն հասարակութեանը: 2018-ին ունէինք առաջնորդ, որի յետեւից գնացինք, հիմա եկել է նոր առաջնորդի եւ նոր պայքարի ժամանակը:



