Շուշի Կամ Անուսադիր Գեներալների Սովորական Պատմութիւնը

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Մենք տանուլ տուեցինք այս մի ճակատամարտը: Չնայած` մէկ-մէկ մտածում եմ, որ այդպիսի բան չկայ, որ մենք ուղղակի չէինք կարող, ուզում եմ ասել` դրա իրաւունքը չունէինք, այսինքն չենք պարտուել: Խօսքն, ի հարկէ, պարտուողների մասին չէ: Եւ սա ամենեւին էլ նրանց առաջին պարտութիւնը չէ: Օրինակի համար եմ ասում, 92-ին ընդամէնը մի քանդուած Ստեփանակերտ էր մնացել, մի քանի փոքր-մոքր գիւղ, մէկ-երկու եկեղեցի… Բայց պարտուող չկար… Ձեռքերը բարձրացնող չկար… Հա, գեներալ էլ չկար, ոչ մի ուսադիր… ոչ մի մետալ ու շքանշան… Մենք էինք, մերոնցով… Մեր բոլոր բարբառները խառնուել, դարձել էին մէկը… Մենք մեր մէջքը տուել էինք մեր հազարամեայ տան պատին ու կռւում էինք… Զարկուողն էլ դաւաճան էր, բա ո՜նց, եղբա՛յր, էլի քիչ էինք, էլի պակաս էինք, էլի ոչինչ չէր հերիքում… էլի նահանջի տեղ չկար…

Իմ Ռուբէն պապը 41-ին թողեց երեք անմայր երեխաներին ու կամաւոր մեկնեց ճակատ: Ասում են` այնքան հպարտ էր, այնքան հպարտ էր կանգնել գիւղամիջում, որ թւում էր արդէն վերադարձել է յաղթանակի բարիքները համագիւղացիներին առատօրէն բաժանելու: Բայց չվերադարձաւ պապս: Իսկ երբ մօրս հարցնում էի նրա մասին, մայրս միայն արտասւում էր…

92-ին էլ ճակատ մեկնողի հպարտութիւնը ոտից գլուխ ողողել էր Ռուբէն պապիս Մհեր թոռանը… Ասում են` պատկերը նոյնն էր, ոչ մի տարբերութիւն, ոչ մի պակաս գոյն ու գիծ: Ուղղակի նոյն ժապաւէնը մենք հաւաքուել, դիտում էինք նորից ու նորից…

Մհերն էլ չվերադարձաւ… Շուշի եւ տասնեակ գիւղեր ու քաղաքներ ազատագրած անուսադիր մարտիկը… Հրադադարին ընդամէնը մի քանի օր էր մնացել… Չէ, Մհերը ուսադիրներ չունէր, բայց Մհերը գեներալ էր… Կարմիր, հաստ ժապաւէնով, մեծ-մեծ աստղերով… Ռուբէն պապս էլ էր գեներալ… Փոքրիկ-փոքրիկ, երկիր մոլորակից դուրս Սզնէք գիւղից 41-ին մեկնած եւ նեմեցի ռազմաճակատում մնացած տղամարդկանցից իւրաքանչիւրը:

Վերադարձող համարեա չկար, հէնց այդ «համարեա»-ներից մէկի ասած` տղամարդու նմանուող մի քանի կիսատ-պռատ, աւերուած շինութիւն:

Ո՞վ կը համարձակուի ասել, որ` պապս պարտուել է, որ` Մհերը տանուլ է տուել, որ` Սզնէքը մոլորուել է պատմութեան ոլորապտոյտ ճանապարհներին… որ` ես նման պատմութիւններով պարզապէս մխիթարում եմ ինքս ինձ, որ` ես այդպէս փորձում եմ… պատկերացնո՞ւմ էք, չմեռնել…

Բան չունեմ ասելու, մեր յաւերժական թշնամին Սզնէք գիւղի դաշտերով ու անտառներով եկել-հասել է Շուշի, ե՛ւ մատ է թափ տալիս երկրի վրայ, ե՛ւ ծաղրում է, աւերում-քանդում… ոտնատակ տալիս Շուշիիս նրբանցքները, նեղլիկ ու հազարագոյն փողոցներում ապրող իմ մանկութիւնը: Յետո՞յ… Էլ ի՞նչ կարող է անել թուրքը, որ Շուշիում մեծացած Նորեկ անունով հայ մարդը զարմանայ…

Էլի պապիս ասածը` հինչքան թորքը էս հողէն իրեսին ման կեա, աշխարհքս մաքրվլական չի…

Նաեւ խորհուրդների երկրում, հէնց բերդաքաղաքում, թօփ ու թուանկով զինուած հօրս խօսքը` էս ըրեւին տակէն կա՛մ մունք պիտի ինինք, կա՛մ էլ էդ շան տղեքը… Եւ հինչքան մտածում, դուզը մեր ինիլնայ: Էսա կը տեսնաք… Մեռնիմ, թա սոտմ ասում…

Եւ հայրս երբեք տանուլ չտուեց, թուանկով եկան, թուանկով դրանց առաջն արաւ, դանակով եկան, դանակով գնաց եկողի վրայ, ծիծաղելով մտան մեր տարածքը, ծիծաղելով փռեց… Յաճախ մենակ, ընդամէնը մի քանի հոգով, մէկը` տասի դէմ… Մեռնեմ, թէ սուտ եմ ասում:

Այնպէս որ, հիմա էդ տանուլ տուողը առաջին անգամը չէ, որ տանուլ է տուել, սովոր է նա, օրինակի համար, ի վիճակի չէ յաղթել, օրինակի համար, չգիտի` ի՛նչ փառաւոր բան է յաղթելը… Հիմա չասե՞մ, որ միայն պարտուած յաղթողը կարող է այդ անճոռնի ճօճուող մատը ջարդելու ցանկութիւն ունենալ, որ` միայն յաղթողն է վիրաւորանքից պատեպատ զարկուողը, միայն նա է ի վիճակի հոտոտել ցաւը, չարչարանքը եւ պատրաստուել նոր խիզախումի` չմտածելով անգամ, որ ինքը մենակ է էս մեծ ու կործանման արժան աշխարհում, որ` ինքը դեռ վէրքեր ունի չսպիացած, որ` իրեն ոչ մէկն արդէն լուրջ չի ընդունում…

Չասե՞մ` թքած… չասե՞մ` ինձ բան ասողի…

Թաքցնելու բան չկայ, 88-ից այս կողմ երբեք այսքան ծանր չի եղել, ինձ այսպէս ամէն օր չեն կարողացել վիրաւորել, այսքան թոյլ ու անօգնական չեն համարել…

Ո՞վ է մեղաւորը… Թող ոչ մի զոհ չպահանջուի ինձնից բացի… ո՞վ է ապաշխարողը… լինէր այդ եզակի մէկը` այսօր երկիրս այսքան դժուար չէր շնչի… չկայ, չի լինելու… Գոնէ մէկը հաւատո՞ւմ է մեղաւորի անսպասելի խիզախումին: Չփնտռենք: Մենք ժամանակի խնդիր ունենք… Ժամանակը մեզնից առաջ է… Ուշացողի առաջ փակուելու են վերադարձի բոլոր ճանապարհներն ու արահետները, եւ ոչ մէկը նրան չի ճանաչելու…

Ի՞նչ ասեմ, էլի տղաներից եմ ամաչում, զարկուածներից, մարմնի կէսը մի կերպ խրամատից բերածներից, առանց մետալի ու շքանշանի ապրողներից… Եթէ ուզում էք իմանալ, էլի միայն նրանք գիտեն մեղաւորի տեղն էլ, դաւաճանի տեղն էլ, չուշացողի տեղն էլ… Ա՛յդ նրանք են, որ տանուլ չտուեցին, որ` ինձ օգնում են ապրել եւ երբեք, երբեք չեն սովորեցնում սիրել… ոչ էլ պարտադրում են…

Չէ, եղբա՛յր, արդէն այնքան ենք ետ նայել, որ չգիտենք առջեւում ո՞վ կայ եւ ի՞նչ է մեզ սպասում:

Շուշիում, 60-ականներին էր, երբ հայրս ինչ-որ անհասկանալի շորերի մէջ փաթաթած տուն բերեց իր երրորդ երկփողանին, մայրս, վախեցած, ընդամէնը մի քանի բառ դրեց սեղանին հպարտօրէն մեկնուած հրացանի կողքին` ի՞նչ ենք անելու…

– Մըզըրայ եկողին մաման լիցիցնանընք… Մինը ինձ, մինը Նորեկին, մինն էլ` Հովիկին…

Պատկերացնո՞ւմ էք` ես ընդամէնը տաս տարեկան էի, իսկ եղբայրս` ինը… Իսկ հայրս ո՛չ քաղաքականութեամբ էր զբաղւում, ո՛չ բակում հաւաքուող տղամարդկանց քննարկումներին էր մասնակցում, ո՛չ էլ պատմութեան հաստափոր դասագրքերն էր ուսումնասիրում: Հայրս ամէն օր պատրաստւում էր մեզ համար դեռեւս անհասկանալի մի իրարանցումի… հայրս պաշտպանում էր մեզ, եւ ոչ մէկը չէր համարձակւում վիրաւորել մեզ, կռուի բռնուել մեզ հետ, նայել մեր տան կողմը… նման բան չէր կարող լինել… գիտէ՞ք` ինչո՛ւ, ասեմ, որովհետեւ թուրքը գիտէր հօրս զինանոցի մասին…

Է՜հ, ընդամէնը մի քանի օր է մնացել, մայիսի 9-ին, առաւօտեան, ես հագնելու եմ իմ` յատուկ այդ օրուայ համար տարիներ առաջ պատրաստուած հանդերձը, ուզում եմ ասել` արդէն մի քանի անգամ այն ինձ հետ գնացել հասել է Շուշի, հա, հագնելու եմ այդ հանդերձը եւ գնալու եմ ուղիղ յուշահամալիր… պապիս հետ զրուցելու, Մհերիս լսելու… իմ բանակի համար եւ ներողութիւն եմ խնդրելու այնտեղ հանգչող իմ ցեղակիցներից, որ այս անգամ չեմ կարողանում հասնել բերդաքաղաք…

Եւ ասելու եմ` երանի՜ ձեզ, տղե՛րք, որ չիմացաք` ի՛նչ բան է պարտութիւնը, որ… երեւի ուրիշ ոչինչ…

Կարծում եմ, ունեմ դրա իրաւունքը, եւ տղերքն էլ ինձ սպասելու են…

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )