Ալիշանեան Մի Նոր Գիտական-Գրական Կոթող

ԳԷՈՐԳ ՏԷՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Մաշտոցեան Մատենադարան

Ղեւոնդ Ալիշան, «Նամականի», երեք հատորով, հատոր առաջին (1840-1870), հատոր երկրորդ (1871-1889), հատոր երրորդ (1890-1901), աշխատասիրութեամբ` Հ. Վահան ծ. վրդ. Օհանեանի, խմբագիր` Վարդան Դեւրիկեան, Մխիթարեան հրատարակչատուն, հտ. Ա., Երեւան, 2020, ԺԶ.[1], 782 էջ, հտ. Բ., Երեւան, 2021, 800 էջ, հտ. Գ., Երեւան, 2021, 532 էջ:

Մեծադիր երեք հատոր, 2130 էջ ընդհանուր ծաւալով, որ պարունակում է 1840-1901 թթ. ընթացքում Ղեւոնդ վրդ. Ալիշանի գրած 2275 նամակ` բնագրագիտական եւ աղբիւրագիտական խնամքոտ մշակումով եւ ծանօթագրութիւններով: Սա արդիւնաշատ վարդապետի գիտական եւ գրական մեծարժէք մի նոր կոթող է, որ նաեւ ունի նրա մեծ վաստակի հետ կապուած շատ հարցերի պատասխանները, այսինքն բացայայտում է նրա բազմանուն եւ բազմատեսակ գործերի յղացքի եւ իրագործման քայլերն ու ընթացքը: Այսուհետեւ Ալիշանի գործերի լայնածաւալ ասպարէզներին վերաբերող գիտական շատ հարցերի պատասխանները որոնելու եւ գտնելու ենք այս հատորների մէջ: Այս եռահատորն արդիւնքն է Վահան ծ. վրդ. Օհանեանի տարիներ տեւած հսկայական, տքնաջան աշխատանքի, ուստի եւ, բնականաբար, սա դասական հայագիտութեան գանձարան մուծած նրա մնայուն վաստակ-աւանդն է:

Ամենայն բարեխղճութեամբ[2] եւ մանրամասն թուարկելով իրենից առաջ արուած աշխատանքը` Ալիշանի նամակների այլոց (Սուրէն Շտիկեան, Պիոն Յակոբեան, Կիւրեղ վրդ. Քիպարեան, Սահակ վրդ. Ճեմճեմեան, Մարտիրոս Մինասեան) հրատարակութիւնները (հտ. Ա., էջ Ե.), աշխատասիրողն ամփոփել է. «Ալիշանի մինչեւ այժմ տպագրուած նամակներու ընդհանուր թիւը չի գերազանցեր 250-ը: Ալիշանի «Նամականի»-ի ներկայ եռահատոր հրատարակութիւնը ընդհանուր հաշուարկով կ՛ընդգրկէ 2278 նամակ, գրուած (1840-1901) տարիներուն» (հտ. Ա., էջ Զ.):

Եռահատորի մէջ նամակների բաշխման համարային պատկերը հետեւեալն է. հտ. Ա. նամակք Հմր 1-708 (էջ 1-666), հտ. Բ. Հմր 710-1675 (էջ 5-681), հտ. Գ. Հմր 1566-2166 (էջ 5-345). եւ 14 միաւոր կաղապարային-յանձնարարելի «Տապանագիրներ» (էջ 345-350). երեք հատորում` 708 + 966 + 601 = 2275 միաւոր նամակ (աշխատասիրողի նշած 2278-ից երեքով պակաս[3]): Այսպիսով, նախկինում հրատարակուած 250 նամակ համեմատուել են իրենց հիմք-բնագրերի հետ եւ ի նորոյ տպուել անհրաժեշտ սրբագրութիւններով. իսկ 2025 միաւոր հրատարակուել են առաջին անգամ. յիրաւի` հսկայական աշխատանք, որ արժանի է մի՛միայն շնորհակալութեան:

Ալիշանի նամակների մեծ մասը գտնւում է Ս. Ղազարի դիւանում (այսպիսիների սկզբում աստղանիշներ են դրուած). պատճառն այն է, որ տարբեր տեղերում գտնուած իր միաբան եղբայրներին ուղղուած նամակներն ի վերջոյ վերադարձուել են Վենետիկի մայրավանք: Ապա` «Բացի Ս. Ղազարի հաւաքածոյէն, Ալիշանէն նամակներ կը պահուին Վիեննայի Մխիթարեան դիւանի, Մաշտոցեան մատենադարանի, Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի, Ս. Փեթերսպուրկի` Ռուսաստանի Ազգային գրադարանի, [Արեւելեան ձեռագրերի հիմնարկի], Վենետիկի Biblioteca Marciana-ի գրատան, Պոսթընի Դաշնակցութեան արխիւի, R. Biblioteca Nazionale Centrale di Firenze-ի, Archivio Istituto Veneto di Scienze, Lettere ed Arti-ի (Venezia), Bibliothèque Nationale de France-ի, Bibliothèque de l’Institut de France-ի, Paris, Biblioteca dell’Accademia Naz. dei Lincei e Corsiniana-ի, [Միլանոյի] Veneranda Biblioteca Ambrosiana-ի եւ նախկին Խորհրդային Միութեան գիտութիւններու ակադեմիայի Ս. Փեթերսպուրկի (Լենինկրատ) եւ ԽՍՀՄ Գիտութիւններու ակադեմիային առընթեր Ասիոյ ժողովուրդներու հիմնարկի Ս. Փեթերսպուրկի (Լենինկրատ) հաւաքածոներուն մէջ» (հտ. Ա., էջ Զ-Է.), նաեւ` առանձին անհատների մօտ[4]:

Համարեա բոլոր այս տեղերից Հ. Վահան ծ. վրդ. Օհանեանը մեծ ջանքերի եւ անհուն համբերութեան գնով ստացել է նամակների պատճէնները եւ գիտական լաւագոյն մշակումով իրագործել շատ արժէքաւոր այս հրատարակութիւնը: Ցաւալի է, որ իր հասցէատէրերից` «դիմացիններէն ստացած նամակները Ալիշան դժբախտաբար չէ պահած» (էջ Է.), այլապէս կարելի էր յուսալ շատ ցանկալի` նամակ-պատասխան կարգով կամ ստացած նամակների առանձին հրատարակութիւն:

Ալիշանի հասցէատէրերը թէ՛ հայեր են եւ թէ՛ այլազգիներ` իր ժամանակի մտաւորական-հայագէտներ, որոնց մի մասի անունները թուարկուած են «Նամականի»-ի Ա. հատորի սկզբում (հտ. Ա., էջ Ե., Է.), իսկ բոլորինը` վերջին հատորի «Անձնանուններու ցանկ»-ում (հտ. Գ., էջ 445-508). միայն թէ նախընտրելի էր հասցէատէրերի անուններն այստեղ որեւէ ձեւով, ասենք` աստղանիշերով, զատորոշել նամակներում յիշատակուած անուններից: Միաժամանակ, գուցէ համակարգչային եղանակով դասաւորած լինելու պատճառով, այս ցանկում թուարկուած են նախ լատինատառ անունները (էջ 445-455), ապա` հայատառերը (էջ 455-508), մինչդեռ նկատի ունենալով գրքի հայերէն լինելը, ճիշդը հակառակ կարգն էր` նախ հայատառ անունները, ապա` լատինատառերը[5]: Իսկ «Տեղանուններու ցանկ»-ում (հտ. Գ., էջ 508-527) անունները միայն հայատառ են:

Ընթերցողի համար կարեւոր-նկատառելի տեղեկութիւն է հետեւեալը. իր միաբանակիցներին «ուղղուած շատ մը նամակներու հասցէատէրերը անյայտ են: Կարելի է մօտաւորապէս կռահել կամ ենթադրութիւններ ընել նամակի բովանդակութենէն կամ պարունակէն` առանց ստոյգ ըլլալու» (հտ. Ա., էջ Է.): Աշխատասիրողը ենթադրութիւններ անելուց խուսափել է, ուստի այս տեսակ շատ դէպքերում ճշգրտումներ պէտք է անեն նամակներում շօշափուած խնդիրների հետազօտող ընթերցողները:

Ալիշանի նամակները, որոշ բացառութեամբ[6], գիտական բովանդակութիւն եւ նոյնպիսի արժէք ունեն, այսինքն արծարծում են «բանասիրական, պատմագիտական, դրամագիտական բազմաթիւ հարցեր, որոնք մեծ արժէք կը ներկայացնեն հեղինակին գրական-լեզուաստեղծագործական դիմանկարը յստակօրէն պատկերացնելու առումով» (հտ. Ա., էջ Է.): Այլ կերպ` նամակներն Ալիշանի գրական եւ գիտական երկերի անմիջական շարունակութիւն-մասերն են. ըստ այսմ աւելացնենք` նոյն նամակները նրա քննարկած խնդիրների հետազօտողների համար կարեւոր աղբիւրագիտական արժէք ունեն: Այսուհետեւ շատ դէպքերում ճշգրտուած են լինելու այն հիմքերը, որոնց վրայ կառուցուած են Ալիշանի շատ եզրայանգումներ, որոնց աղբիւրների յղումներ իր գործերի մէջ յաճախ չկան: Անձնապէս մեզ համար առաւել կարեւորն այն է, որ նամակների մէջ բացայայտուած են իր լայնակտաւ կամ փոքրածաւալ գործերում «յիշատակուած գիրքերը կամ օգտագործուած տեղեկութիւնները, ձեռագիրներու յիշատակարանները, որոնք գլխաւոր հիմքը կազմած են իր պրպտումներուն» (հտ. Ա., էջ Ը.): Առաւել թանկարժէք են բազմաթիւ նամակների մէջ առկայ` եւրոպական երկրներում եւ տարբեր այլ վայրերում եղած հայերէն ձեռագրերի մասին Ալիշանի հարցրած եւ յայտնած տեղեկութիւնները, որոնց համադիր քննութիւնն այս «Նամականի»-ի շնորհիւ դառնում է ներկայիս մեր ձեռագրագիտութեան կարեւոր անելիքներից մէկը:

Շատ կարեւոր է նաեւ հետեւեալը. նամակների մէջ առկայ են մտքեր ու գաղափարներ, որոնք այնուհետեւ արտայայտուել-իրագործուել են իր երկերի մէջ, բայց առաւել կարեւորն այն է, որ կան նաեւ շատ ուշագրաւ ու հեռանկարային այնպիսի դիտարկումներ, որոնք մնացել են նամակների մէջ. այդպիսիք ապագայ հետազօտութիւնների մեկնակէտ-ուղենիշներ են, որոնց առաջնորդութեամբ մեր երիտասարդ մասնագէտները վստահաբար կարող են եւ անպայման պէտք է կարեւոր արդիւնքների յանգեն:

Յիշենք, որ սովորաբար հեղինակներն առաւել անկեղծ են լինում իրենց նամակներում, ապա հաստատենք, որ նոյնն առաւել ընդգծուած ձեւով վերաբերում է Ալիշանին. այսինքն այս նամականին բացայայտում է նրա հոգին, կեանքի ընթացքը, ապրած բերկրանքներն ու տառապանքները, որոնք մեր ժողովրդի 1840-1901 թուականների պատմութեան արտացոլքն են: Միով բանիւ` այս եռահատորը Ղեւոնդ Ալիշան վարդապետի էութիւնն է` բաց եւ յստակ, առանց քողի կամ շղարշի:

«Նամականի»-ն շատ կարեւոր է նաեւ «Մխիթարեան միաբանութեան ժամանակագրութեան պատմութիւնը լաւագոյնս ուսումնասիրելու տեսանկիւնէն, մասնաւորապէս` ծանօթանալու առաքելավայրերու մէջ կատարուած գործունէութեան մանրամասներուն եւ հոն պաշտօնավարող միաբաններու անուններուն եւ թուականներուն կամ իրենց հետ շփում ունեցող անհատներու» (հտ. Ա., էջ Է.):

Նամակների չափ կամ նրանց հաւասար արժէք ունեցող ենք համարում աշխատասիրողի առատ, տեղին եւ հմտալի ծանօթագրութիւնները, որոնք, ցաւօք, տեղադրուած են ոչ թէ տողատակերին, այլ` հատորների վերջերում, որը գրքի սահուն ընթերցումը դժուարացնող հանգամանք է: Ամէն տարուայ նամակներին վերաբերողները համարակալուած են 1-ից սկսուող առանձին թուահամարներով, երբեմն շատ ընդարձակ են եւ լուսաբանում են տարաբնոյթ, բազմաթիւ հարցեր, որոնք վերաբերում են թէ՛ Ալիշանի գործերին եւ թէ՛ միաբանութեան ընդհանրական խնդիրների: Այսպէս` հտ. Ա., էջ 666-782, հտ. Բ., էջ 681-799, հտ. Գ., էջ 350-406. ընդհանուր հաշուով զբաղեցնում են հատորաշարի 293 էջ (117+119+57): Այս մեծարժէք ծանօթագրութիւններից շատերը եւս ապագայ կարեւոր ուսումնասիրութիւնների մեկնակէտ են լինելու:

Միաբանութեան պատմութեան տեսակէտից շատ արժէքաւոր է «Ալիշանի «Նամականի»-ին մէջ յիշուող բոլոր Մխիթարեան հայրերու անունները» (հտ. Ա., էջ Ը.) ընդգրկող եւ «Մխիթարեան միաբանութեան անդամներ» անուանուած ցանկը (հտ. Գ., էջ 407-431). առաջին անունն է` «Ագոնց Ստեփանոս Գիւվէր (1739-1824)», վերջինը` «Քուշներեան Հ. Քերովբէ վրդ. (1841-1891)»: Շատ արդար եւ իրաւացի է, որ խտիր չկայ` մարդիկ անդամ են եղել Վենետիկի թէ Վիեննայի ճիւղի. Վիեննայի է, օրինակ, էջ 411. «Գալեմքեարեան Հ. Գրիգորիս վրդ. (1862-1917)», կամ ուրիշներ ինչ որ հանգամանքների թելադրանքով հեռացել են միաբանութիւնից, օրինակ` էջ 407-8. «Այվազովսքի (Այվազեան) Հ. Գաբրիէլ վրդ. (1812-1880)», էջ 415. «Զոհրապեան Հ. Յովհաննէս վրդ., Կ. Պոլսեցի (1756-1829)», էջ 421. «Ճիզմէճեան-Գազէզեան Հ. Յարութիւն վրդ. (աւազանի անունով` Ստեփան Թէրզեան) (1845-1916)® Գրական անունով ծանօթ է որպէս Նորայր Բիւզանդացի», եւ այլն:

Այս ցանկի համառօտ կամ երբեմն որոշ չափով ընդարձակ կենսագրական ամփոփոյքները գուցէ ինչ որ չափով կան «Բազմավէպ»-ի կամ «Հանդէս Ամսօրեայ»-ի տարբեր տարիների տարբեր էջերում, բայց այստեղ ի մի բերուած 193 (եթէ ճիշդ ենք հաշուել) կենսագրականների փաստը մտածել է տալիս, որ արժէ կազմել Մխիթարեան միաբանների կենսամատենագիտական մի բառարան, ուր ընդգրկուած կը լինեն գրական-գիտական հետք թողած բոլոր անհատները: Պէտք է վստահ լինենք, որ, բացի օգտակար տեղեկատու լինելուց, այդ բառարանը եւս գիտական նոր հետազօտութիւնների լաւ հիմք է լինելու:

Բանաստեղծ-բանասէր-պատմաբան Ալիշանի գրաբար, գրաբարախառն աշխարհաբար կամ զուտ աշխարհաբար նամակները, իրենց երբեմն ուշագրաւ` հեղինակի ստեղծած բառագանձով եւ արձակ խօսքի բանաստեղծականութեամբ հանդերձ, կարեւոր նիւթ ունեն նաեւ լեզուաբանական ու գրականագիտական հետազօտութիւնների համար (հմմտ. հտ. Ա., էջ Ը.):

Օգտակար է նաեւ նամակների մէջ հեղինակի գործածած «Օտար բառեր եւ արտայայտութիւններ» ցանկը (հտ. Գ., էջ 432-7), ուր գրուած են նախ լատինատառ` ֆրանսերէն եւ իտալերէն բառերը, ապա հայատառերը` «թրքերէն» եւ «Հայերէն հազուադէպ օգտագործուող բառեր»-ը:

Հետեւում է «Պատկերներ» խորագրուած 19 նկար` Ալիշանի տարբեր տարիների դիմանկարներ, գիտական զանազան ընկերութիւնների անդամութեան վկայականների պատճէններ (հտ. Գ., էջ 438-444):

Մնացած մանրամասները, որոնց չանդրադարձանք, ընթերցողը կարող է կարդալ «Հ. Վահան ծ. վրդ. Օհանեան, Վարդան Դեւրիկեան» ստորագրուած «Յառաջաբան»-ում (հտ. Ա., էջ Թ.-ԺԶ.), որ ունի այսպիսի ենթավերնագրեր. «Կեանք ամփոփուած նամակներու մէջ», «Ալիշան եւ հայագիտութեան շարք մը հարցեր», «Տեղեկութիւններ պատմաաշխարհագրական հատորներու մասին», «Կեանքի վերջին շրջանը»:

* * *

Այս հրատարակութիւնը մենք համարում ենք շարունակութիւն Մխիթարեանց Վենետիկի դիւանի նիւթերի հիման վրայ 1974-2000 թթ. ընթացքում «Հայագիտական մատենադարան «Բազմավէպ» շարքում Սահակ վրդ. Ճեմճեմեանի հրապարակած շատ արժէքաւոր հետեւեալ գրքերի[7].

  1. Հ. Ներսէս Սարգիսեանի ուղեւորութիւնը դէպի Փոքր եւ Մեծ Հայք (1843-1853), 1974, 94 էջ:
  2. Հ. Ղեւոնդ Ալիշան` տեսուչ Փարիզի Մուրատեան վարժարանի (1858-1861), 1980, 101 էջ:
  3. Մխիթար աբբահօր հրատարակչական առաքելութիւնը, 1980, 349 էջ:
  4. Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն, 1981, 59 էջ:
  5. Հ. Միքայէլ Չամչեան եւ իր Հայոց պատմութիւնը, 1983, 69 էջ:
  6. Գէորգ դպիր Տէր Յովհաննիսեան (Պալատեցի) եւ Մխիթարեանները, 1984, 139 էջ:
  7. Նոր նիւթեր Սարգիս արք. Սարաֆեանի մասին, 1985, 90 էջ:
  8. Յովհաննէս Պատկերահան (1695-1758), 1987, 61 էջ:
  9. Յովհաննէս Պատկերահան, Նամականի (1695-1758), 1988, 283 էջ:
  10. Հայ տպագրութիւնը եւ Հռոմ (ԺԷ. դար), 1989, 207 էջ[8]:
  11. Նախիջեւանի հայոց վարժարանը եւ Հռոմը, 2000, 270 էջ:

Առաւելը. գիտենք, որ Մխիթարեան վանքերի դիւաններում կան գիտական կարեւորութիւն ունեցող բազմաթիւ փաստաթղթեր (շատերի արժէքը միջնադարեան գրական երկերից պակաս չէ), եւ քանի որ աշխատասիրողը նաեւ յուսադրող խոստում[9] ունի, ուստի մենք էլ ունենք հետեւեալ շատ ջերմ ցանկութիւն-խնդրանքը. արժէ, որ նա նաեւ շարունակի ու բազմահատոր մատենաշար դարձնի հետեւեալ արժէքաւոր գիրքը` «Հ. Ղեւոնդ Տայեան. Մխիթարեան (հրատ.), Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար, 1707-1773. Ի ծագմանէ ուխտիս մինչեւ ցբաժանումն Թրեստեան հարց, Վենետիկ, Մխիթ. տպ., 1930, 6 չհ., 352 էջ»:

* * *

«Նամականի»-ի բոլոր հատորների տիտղոսաթերթերին կարդում ենք նոյնական հետեւեալ տողերը.

«Կը հրատարակուի ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութեան աջակցութեամբ: Գիրքը հրատարակութեան է երաշխաւորել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի գիտական խորհուրդը® Գիրքը վաճառքի ենթակայ չէ», իսկ վերջին երեսներին` «Տպագրուել է «Ոսկան Երեւանցի տպագրատուն-հրատարակչութիւն»-ում® տպաքանակը` 300 օրինակ»:

Արուած հսկայական աշխատանքի, առաւել եւս` ապագայում գրքի անպայման ենթադրելի լայն գործածութիւն ունենալու հեռանկարի համեմատ տպաքանակի 300 օրինակը վստահաբար խիստ անբաւարար է, ուստի եւ ցանկալի է, որ բոլոր հատորների համակարգչային տարբերակները համացանցում դրուեն ազատ, անվճար գործածութեան`

«Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ»:

[1] Առաջաբանի էջահամարները, հակառակ Մխիթարեան աւանդոյթի, լատինատառ են` I-XVI. սրանք յիշատակում ենք հայերէն համարժէքներով` Ա.-ԺԶ.: Եւ ընդհանրապէս` նախընտրաբար շարադրանքիս մէջ, այս հրատարակութիւնը յղում ենք հատորահամար եւ էջահամար ձեւով:

[2] Մերօրեայ գրքերի բազմավրիպակութեան ընդհանուր անմխիթար հենքի վրայ այս հսկայածաւալ հրատարակութիւնը համարեա անվրիպակ է, որ աշխատասիրողի խնամքոտ աշխատանքի վկայութիւնն է:

[3] Առաջին եւ երկրորդ հատորների միջեւ վրիպմամբ մոռացուած է 709-րդ համարը, երրորդ հատորում կրկնուած են նախորդում արդէն առկայ 109 համարներ (1675-1566). հսկայածաւալ գործի առաջին հատորը գրելիս երեք թուի սխալն անմեղադրելի է:

[4] Համեմատաբար փոքր առաջաբանում աշխատասիրողը բաւական մանրամասն ներկայացրել է հրատարակուած նամակների արժանիքները, ուստի նկատի ունենալով գրքի բաւական փոքր` ընդամէնը 300 օրինակ տպաքանակ ունենալը, «Նամականի»-ի գիտական-գրական արժէքները ներկայ շարադրանքի ընթերցողին ներկայացնում ենք նոյն առաջաբանից մի փոքր աւելի յաճախ քաղումներ անելով:

[5] Ուրախալի է, որ անունները թուարկուած են ընդունուած դասական-ճիշդ ձեւով. միջնադարինը անուն-մականուն («Մովսէս Խորենացի»), նորերը` ազգանուն-անուն («Սեդրակեան (Սեդրաքեան) Արիստակէս արքեպիսկոպոս»):

[6] Գիտական կարեւորութեան առումով սակաւարժէք նամակներ էլ կան, սակայն այդպիսիք էլ արժէքաւոր են հեղինակի աշխատանքների ընթացքը եւ կազմակերպման մանրամասները ներկայացնելու առումով (ասենք` իր «Սիսուան»-ի մէջ դրուելիք նկարների կամ քարտէսների պատրաստութեան պատուէր-հրահանգներ եւ նմանիք). «Ուրիշներ աւելի պարզ նկարագիր ունենալով` կը քննարկեն ամէնօրեայ հարցեր, դպրոցական, վարչական, տնտեսական, միաբանական, կրօնական, ընտանեկան եւ այլն» (հտ. Ա., էջ Է.):

[7] Գրքերը թուարկել ենք տպագրութեան տարիների կարգով. չենք գրել տպագրավայրի նոյնական` «Վենետիկ – Ս. Ղազար» անունը:

[8] Շատ արժէքաւոր այս եւ յաջորդ գրքերը գրուած են առաւելապէս ըստ Վատիկանի Հաւատասփիւռի (Propaganda fidei) դիւանի փաստաթղթերի: Առաջինի Զ. գլուխը (էջ 124-172) ունի նաեւ առանձին հրատարակութիւն` «Մարսիլիոյ հայկական տպարանը (300-ամեակի առիթով) 1685-1985, Վենետիկ – Ս. Ղազար, 1986, 66 էջ»:

[9] «Սերովբէ Ալիշանի Ղեւոնդ Ալիշանին ուղղուած նամակները պիտի տպագրենք առանձին հատորով» (հտ. Ա., էջ ԺԱ.):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )