Առնօ Բաբաջանեան` Հայ Երաժշտութեան Համաշխարհային Դեսպանը

ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ

«Օտարը չի յարգի եւ սիրի մի ժողովրդի, որը ինքնուրոյն
պատկեր եւ բովանդակութիւն չունի
»:

 Յովհաննէս Թումանեան

Ամենայն Հայոց բանաստեղծի` հազարամեակների իմաստութիւն արտայայտող  այս պատգամով առաջնորդուեցին 20-րդ դարի հայ մշակոյթի բոլոր ասպարէզների մեծերը` գրականութիւնից մինչեւ կերպարուեստ ու երաժշտութիւն: Նրանք մեր մշակութային ժառանգութիւնն իրենց հոգում կրելով` մեզ տարան դէպի 21-րդ դար:

Առնօ Բաբաջանեան` մէկը հայ դասական  երաժշտութեան այն գագաթներից, որի անուան ու արուեստի առաջ պէտք է խոնարհուէին ամէնուր:

Ուղիղ մէկ դար առաջ` 1921 թուականի յունուարի 21-ին Երեւանում  ծնուեց հայ մեծ կոմպոզիտորներից մէկը` Առնօ Բաբաջանեանը: 1938 թուականին նա մեկնում է Մոսկուա եւ միանգամից ընդունւում է Գնեսինների անուան երաժշտական քոլեճի վերջին կուրս: Այն աւարտելուց յետոյ ընդունւում է Փ. Ի. Չայքովսկու անուան ՄՊԿ (Բ. Մ. Պեռլինի դաշնամուրի դասարան): Բազմաթիւ երաժիշտներ վկայել են, որ  նրա տաղանդը որպէս դաշնակահար.` բացայայտուել է հէնց այդ շրջանում. սիմֆոնիք նուագախմբի հետ Պեթհովենի դաշնամուրային առաջին կոնցերտի կատարմանը ներկայ Լենինկրատի երաժշտանոցի փրոֆէսօր Նաթան Պելերմանը նրա մասին ասել էր.  «Պէտք է յիշել այս երիտասարդի անունը. նրան դաշնակահարի փայլուն ապագայ է սպասում»:

Բայց սա միակ գնահատականը չէր. ընդամէնը 5 տարեկան էր, երբ Արամ Խաչատրեանը, Առնօ Բաբաջանեանին նկատելով, արձագանգում է. «Նա ընտրեալ է»: Այդ պահից կանխորոշուած էր, որ հրաշամանուկը պէտք է երաժշտութեամբ զբաղուի: Դա շրջադարձային է դառնում նրա համար, եւ արդէն 1929 թուականին ընդունւում է Երեւանի պետական երաժշտանոցի կից երաժշտական դպրոցը, որն աւարտելուց յետոյ սովորում է երաժշտանոցում:   Նրա հարուստ ստեղծագործական կեանքի յաջորդ հանգրուանը լինելու էր  է Մոսկուայի երաժշտանոցի դաշնամուրի բաժնում ուսումը շարունակելը` միաժամանակ կատարելագործուելով Մոսկուայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:

1950-1956 թուականներին դասաւանդել է Երեւանի երաժշտանոցում: 1956-ից սկսած ապրելով եւ աշխատելով Մոսկուայում` Առնօ Բաբաջանեանը ստեղծեց երաժշտական հարուստ ժառանգութիւն` երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտութիւն: Նա երբեք չէր մոռանում իր հայ ինքնութիւնը: Եւ իր ստեղծագործութիւններին ծնունդ տալու ժամանակ հնագոյն ակունքներից վեր էր հանում մեր ազգային մեղեդիները, որոնք ճանաչելի են նրա իւրաքանչիւր երաժշտական կտաւի առաջին հնչիւններից: Դա եղել է Արամ Խաչատրեանի խորհուրդը իր սաներին: Երաժշտագէտների բնորոշմամբ` Բաբաջանեանի ստեղծագործութիւնների ոճը ձեւաւորուել է Արամ Խաչատրեանի եւ Սերգեյ Ռախմանինովի ազդեցութեամբ:  Իսկ բաբաջանեանական  արուեստի թերեւս լայն ժողովրդականութիւն վայելող գանձերից են  «հերոսական բալլադը» (1950) եւ դաշնամուրային թրիոն (1952), «Հայկական ռապսոդիան», «Նոկտիւրնը», Ջութակի սոնատը, Ջութակի կոնցերտը,   «Էլեգիան», «Վեց պատկեր»,  «Էքսպրոմտ» …Նրա հռչակաւոր գործերի շարքում յիշենք ձայնի ու նուագախմբի համար գրուած  «Վոկալիզը», որը կոմպոզիտորը նուիրել է   հայ երգչուհի, Կոմիտասի, հայ  հոգեւոր երգերի ու տաղերի կատարող Լուսինէ Զաքարեանին:  Եւ առաջին անգամ հէնց նրա կատարմամբ է այս գործը  հնչել է բազմաթիւ հեղիանակաւոր բեմերում:

Առնօ Բաբաջանեանն  ամբողջ կեանքում յիշեց Արամ Խաչատրեանի սկբունքը. ստեղծագործել` շեշտը դնելով ազգային արմատների վրայ.

-Կարեւոր չէ, թէ ինչպէս կը տատանուեմ տարբեր լեզուների միջեւ, ես մնում եմ հայ, բայց եւրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կը ստիպենք Եւրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտութիւնը: Եւ երբ նրանք լսում են մեր երաժշտութիւնը, մարդիկ վստահօրէն ասում են. «պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցո՛յց տուէք երկիրը, որ այդպիսի արուեստ է ստեղծում,- ասում էր Արամ Խաչատրեանը:

Առնօ Բաբաջանեանն ինքն էլ իր  ստեղծագործութիւններով աշխարին պատմեց Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Եւ ինքն էլ  յետագայում պէտք է ասեր.

-Ինչ էլ որ գրեմ, ստացւում է հայեցի…

«Բնութիւնը մի բառարան է  ժողովրդի համար, ժողովրդական երգերը բնութեան երեւոյթների  եւ պատկերների մի ամբողջ բառարան են»:

Կոմիտաս

…Եւ նա կարդաց այդ բառարանը: Ու ինքն էլ հայ մշակոյթի պատմութեան մէջ մնաց Կոմիտասի  նախանշած ճանապարհով գնացող կոմպոզիտորներից մէկը: 1969 թուականին համայն հայութիւնը աշխարհի չորս ծագերում նշում էր Մեծն Կոմիտասի 100-ամեայ յոբելեանը, եւ ժամանակի մամուլի էջերից մեզ հետ խօսում է նաեւ Առնօ Բաբաջանեանը. «Երեկոյեան Երեւան» եւ «Աւանգարդ» թերթի էջերում կարդում ենք կոմպոզիտորի`  «Հայ ժողովրդի մարգարիտը» վերտառութեամբ անդրադարձը .

«Կոմիտասը մէկ առ մէկ հաւաքել է այն ոսկէ հիւլեները, որ ցրուած էին աշխատաւոր ժողովրդի  եւ առանձնապէս գիւղացիութեան ընդերքում: Ընդ որում  նա ոչ միայն  հաւաքում ու մշակում էր դրանք, այլեւ ջոկում էր իսկական ազգային երգերն ու  մեղեդիները, դրանով  իսկ հաւատալով հայ ժողովրդական մելոսի իւրօրինակութեանը: Բայց ամենագլխաւորն այն է, որ նրան յաջողուեց  հաւաքել  մեր ժողովրդի հոգու հարստութիւնը, որը նրան էր  հասել դարերի խորքից, ինչպէս որ մարգարիտն են հանում ծովի յատակից:

Կոմիտասը ոչ միայն  հանճարեղ կոմպոզիտոր է, խմբերգի մեծ վարպետ, այլեւ իր ստեղծագործութիւնների  փայլուն, անկրկնելի մեկնաբանը:

Կոմիտասը մեր ժողովրդի պատմութեան անկապտելի մասն է:

Բոլոր հայ կոմպոզիտորները շատ բանով են պարտական Կոմիտասին: Մենք սովորել ենք նրա հարուստ ժառանգութիւնով: Երաժշտութեան մէջ իմ առաջին  քայլերը սկսուել են Կոմիտասի  ժողովածուների ուսումնասիրութիւնից: Հայ ժողովրդական երաժշտութեան նկատմամբ անսահման գորովանքը  իմ մէջ  հաստատուել է նրա ստեղծագործութիւնների ճանաչողութեան շնորհիւ: Կոմիտասի անունը մի սրբութիւն է հայ կոմպոզիտորների համար, հայ ժողովրդի համար:

Վաղաժամ մահը  հնարաւոութիւն չտուեց, որ մեծ կոմպոզիտորը իրականացնէր իր ամենամեծ մտայղացումները: Ամէնքին յայտնի է, որ Կոմիտասը օփերա  է գրելիս եղել, կասկածից վեր է , որ նա բազմաթիւ հոյակապ գործեր կը ստեղծէր տարբեր ժանրերով…նա իր երաժշտութեան մէջ մարմնաւորել է իր ժողովրդին, նրա կուլտուրան…»:

Առնօ Բաբաջանեանն ինքն էլ իր ազգի հոգեւոր արժէքների` այդ «Ոսկէ հիւլեների» որոնողն ու գտնողն էր, դրանք վերածնողն ու նոր փայլ հաղորդողը…նայ դարձաւ հայ ազգի պարծանքը` հայ մշակոյթի խորհրդանիշերից մէկը:

Ու աշխարում  սփռուեցին   բաբաջանեանական հնչիւնները
կամ` մի ստեղծագործութեան պատմութիւն

…Երեւանում` Եզնիկ Կողբացի 42/3 հասցէում կայ մի բնակարան, որտեղ  բազմիցս հիւր է եղել Առնօ Բաբաջանեանը: Այստեղ են ապրել հայ մշակոյթի մեծ նուիրեալներ Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանը, ովքեր տասնամեակներ շարունակ պահպանեցին ու աշխարհին մատուցեցին մեր միջնադարեան հոգեւոր երաժշտութեան գանձերը:  Առնօ Բաբաջանեանը, որ անսահման  սիրում էր իր ազգին, ներշնչւում նրա ստեղծած  մշակութային արժէքներից, բարձր էր գնահատում  Լուսինէ Զաքարեանին` միջնադարեան շարականների նրա մեկնաբանութիւնները:

Մոնրէալում լոյս տեսնող «Բուրաստան» ամսագրի 1969-ի  68-րդ համարում կարդում բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ  Վահագն Դաւթեանի`  «Երբ երգում է Լուսինէն»  յօդուածը, որտեղ երգչուհուն այսպէս է բնորոշում.

«…Երգում է Լուսինէն, ու թւում է, թէ միջնադայեան մագաղաթէայ մատէանի լաճուարդով  ու ոսկով, զմրուխտով ու որդան կարմիրով բանուած  մանրանկար է դա, որ յանկարծ փոխուել է հնչիւնի ու երգի եւ սաւառնում է օդում, իր գոյների անխամրելի պայծառութեամբ»:

Երգեց Լուսինէն ու  մարմնաւորեց դարաւոր մի պատմութիւն:

Լուսինէ Զաքարեանի տուն թանգարանում` Գրիգոր Նարեկացու, Շնորհալու շարականների կողքին   հնչում է դարերից յառնող մի ոգեղէն ստեղծագործութիւն` ձայնի ու նուագախմբի համար գրուած  «վոկալիզըէ, որն, ինչպէս արդէն նշել ենք, կոմպոզիտորը նուիրել էր Լուսինէ Զաքարեանին: Ստեղծագործութիւնն հէնց ինքը, ասես,  «միջնադարեան մագաղաթեայ մատեանի լաճուարդով  ու ոսկով, զմրուխտով ու որդան կարմիրով բանուած է մանրանկար» է: Եւ Լուսինէ Զաքարեանի կատրամամբ նրանից արձակուած լոյսը  սփռուեց աշխարհով մէկ:

Լուսինէ Զաքարեանի տուն–թանգարանի տնօրէն Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր, ԵՈՒՆԵՍՔՕ-ի պիոէթիկայի ամպիոնի միջազգային ցանցի հայկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Դաւթեանը, ով Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի ընտանիքի մտերիմն ու  գործընկերն է եղել, պատմել է, թէ Առնօ Բաբաջանեանն ինչպիսի առանձնայատուկ վերաբերմունք ունէր Լուսինէ Զաքարեան-արուեստագէտի հանդէպ:

ՍՈՒՍԱՆՆԱ Դաւթեան-Առնօ Բաբաջանեանը  «Վոկալիզը» գրել էր յատուկ Լուսինէ Զաքարեանի համար: Երբ եկել էր Երեւան, նրանք հանդիպել էին այստեղ` Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի տանը:

Լուսինէն մէկ անգամ լսելով Առնօ Բաբաջանեանի կատարումը եւ նայելով նոթաներին` անմիջապէս սկսել էր երգել: Զարմանալի երեւոյթ էր: Եւ, այո՛, «Վոկալիզը» պէտք է կատարէր միայն Լուսինէ Զաքարեանը: Հետագայում Առնօ Բաբաջանեանն ինքն էլ պէտք է ասեր.

-Լուսինէն երգեց այնպէս, ինչպէս որ ես կ՛ուզենայի, որ ստեղծագործութիւնը կատարուէր:

Արուեստագէտները շատ բարձր էին գնահատում միմեանց, շատ լաւ էին զգում միմեանց արժէքը: Մի բան, որ մեր օրերում չենք տեսնի: Եւ նաեւ սրանում էր նրանց մեծութիւնը:

Մեր թանգարանի կայքում մի արժէքաւոր լուսանկար կայ, որտեղ մի միջոցառման ժամանակ Լուսինէ Զաքարեանն ու Առնօ Բաբաջանեանը նստած են կողք կողքի:  Դա եւս մեր թանկ մասունքներից է:

…Տարիներ առաջ` 2003 թուականին «Շողակաթ» հեռուստաընկերութեամբ եթեր է հեռարձակուել մի արժէքաւոր հաղորդում «Նուիրեալ անձեր» խորագրով: Եւ մեր անուանի արուեստագէտները պատմում են Լուսինէ Զաքարեանի մասին`  բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի, կոմպոզիտոր, մանկավարժ Էդուարդ Միրզոյեանը, հոգեւոր երգիչ, մանկավարժ, շարականագէտ, ծիսագէտ, բանասէր, գրաբարի մասնագէտ Խորէն Պալեանը, բանաստեղծ Լեւոն Միրիջանեանը, դաշնակահարուհի Մարիաննա Յարութիւնեանը, մանկավարժ Նինա Յարութիւնեանը…

Մաեսթրոյի` Էդուարդ Միրզոյեանի խօսքում  աւելի են ուրուագծւում Առնօ Բաբաջանեանի եւ Լուսինէ Զաքարեանի կերպարները.

ԷԴՈՒԱՐԴ Միրզոյեան – Ես երջանիկ եմ, որ նրա հետ հանդէս եմ եկել, նուագակցել եմ իրեն` ոչ միայն իմ գործերը, այլեւ դասական ստեղծագործութիւնները կատարելու ժամանակ`  ե՛ւ Կոմիտաս, ե՛ւ մեր հոգեւոր երաժշտութիւնը, ե՛ւ եւրոպական երաժշտութիւնը…

…Առնոն շատ էր սիրում Լուսինէին: Ասում էր` «Լուսինէն հանճարեղ երգչուհի է»:  Եւ  մինչեւ անգամ ունի իր մակագրութիւնը` որպէս հանճարեղ երգչուհու:

Հնչում են «Վոկալիզ» ստեղծագործութեան առաջին նոթաները…եւ էկրանին երեւում է հանճարեղ կոմպոզիտորի ` մեծ  երգչուհուն ուղղուած  ռուսերէն ընծայականը.

«Իմ ամենասիրելի երգչուհուն` հանճարեղ Լուսինէ Զաքարեանին` լաւագոյն մաղթանքներով  եւ  սիրով`

Առնօ  Բաբաջանեան.
19/VIII 1981»։

Եւ այս  հանճարեղ ստեղծագործութեան պատմութիւնը շարունակում է Խորէն Պալեանը.

ԽՈՐԷՆ Պալեան-Առնոն զանգեց Մոսկուայից եւ ասաց.

-Լուսինէ ջան, շուտով գալու եմ: Մի հատ երգ եմ գրել յատուկ քո ձայնի համար:

Ընդամէնը 1-2 օր էր, ինչ Հաաստանում էր, նոթաներով եկաւ մեր տուն:  Եւ նստեց, նուագեց: Լուսինէն ընդամէնը մի անգամ լսեց եւ ասաց.

-Երգե՞մ:

Առնոն ասաց.

-Կարո՞ղ ես երգել:

Լուսինէն ասաց` այո՛:

Ու սկսեց երգել, կարծես արդէն մի քանի տարի երգել էր այդ երգը…Առնոն էլ, գիտէք, առանց ապրումի երբեք չէր նուագում. նա էլ դաշնամուրի աստուածն էր: Երբ երգը վերջացաւ, ես էլ զարմացայ` նախ երաժշտութեան հարստութեան վրայ, զարգացման վրայ: Գիտէք , որ «Վոկալիզ» է կոչւում` առանց բառերի:  Փորձեցի նոյնիսկ Առնոյին առաջարկել, որ գուցէ բառե՞ր յարմարեցնենք: Առնօն ասաց.

-Խորէն ջան, ես «Վոկալիզ» եմ գրել: Երեւի «Վոկալիզ» աւելի ճիշդ է:

Յետոյ հասկացայ, որ այդ երգն առանց բառերի` «ա»-ով աւելի լաւն էր:

ԼԵՒՈՆ Միրիջանեան-երգու՜մ էր, ասես, աղօթելիս լինէր: Եւ, իսկապէս, աղօթում էր` այդ երգի մէջ դնելով իր ամբողջ էութիւնը, իր իղձերը, երազանքները, իր մարդկային ամբողջ անհատականութիւնը…

…Եւ երգեց Լուսինէ Զաքարեանը: Ստեղծագործութեան ծնունդից մէկ տարի անց` 1982–ին Կենտրոնական հեռուստատեսութեամբ տօնական եթեր էր. «կապոյտ օգոնեօկէ հաղորդման հիւրը եղել են Առնօ Բաբաջանեանն ու Լուսինէ Զաքարեանը: Կենտրոնական հեռուստատեսութեան եւ ռատիոյի էստրադային-սիմֆոնիք նուագախմբի հետ Լուսինէ Զաքարեանը երգում է  բաբաջանեանական չքնաղ ստեղծագործութիւնը: Իսկ դիրիժողը Առնօ Բաբաջանեանն է: Այդ արժէքաւոր տեսագրութիւնն առ այսօր պահւում է Ռուսաստանի պետական Ռադիօհեռուստատեսութեան ֆոնտում…

«Իմ ամբողջ կեանքի ընթացքում նա մեծ դեր խաղաց». Առնօ Բաբաջանեան

…1978 թուականի «Գարուն» ամսագրի  4-րդ` օգոստոսեան համարը ընթերոցողի առաջ բացւում է պատմական արժէք ներկայացնող հետաքրքրաշարժ յօդուածներով:  Եւ ահա աչքի է զարնում Առնօ Բաբաջանեանին նուիրուած` այսօր արդէն թանկ մասունք դարձած հարցազրոյցը` «Երջանկութիւն է, երբ երգդ դառնում է ժողովրդի կեանքի մասնիկը» վերտառութեամբ: Կարդում ենք ու կինոժապաւէնի պէս մեր աչքի առաջ յառնում է կոմպոզիտորի կեանքը` առաջին քայլերից մինչեւ համաշխարհային ճանաչում…  Իսկ  այդ առաջին քայլը սկսուել էր մի մանկական ստեղծագործութիւնից, որը կոչւում էր «Պիոնէրական քայլերգ». այդ ստեղծագործութեան առիթով կոմպոզիտորը  լուսաւոր ու թանկ յիշողութիւններ ունէր`  կապուած մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի հետ, որի մասին պատմել է ինքը  Առնօ Բաբաջանեանը:

-Հայրս ու Չարենցը լաւ ընկերներ էին: Նա յաճախ  էր գալիս մեր տուն, երբեմն ինձ խնդրում էր որեւէ ժողովրդական երգ նուագել: Այդպիսի մի այցելութեան ժամանակ հայրս ասաց, որ երգ եմ յօրինել: Չարենցը նուագել տուեց, պահանջեց նոթաները եւ հատ-հատ խոշոր տառերով մակագրեց` «Տպագրել հազար օրինակ, Եղիշէ Չարենց»:

Չարենցի շնորհիւ քայլերգը լուսանկարիս հետ միասին տպագրուեց: Միւս ստեղծագործութիւններս շատ ուշ են տպագրուել,-տարիներ անց յիշելու էր Առնօ Բաբաջանեանը:

Ապագայ մեծ կոմպոզիտորին առաջին նկատողներից ու գնահատողներից մէկը հայ գրականութեան հսկան էր` Եղիշէ Չարենցը: Գուցէ սա եւս մի նախախնամութի՞ւն էր, որ Առնօ Բաբաջանեանը հետագայում կեանք էր պարգեւելու բազմաթիւ հռչակաւոր բանաստեղծների գործերին: Առնօ Բաբաջանեանի  երաժշտութեան շնորհիւ բազմաթիւ թատերական ներկայացումներ ու ֆիլմեր եւս դարձան մշակոյթի մնայուն գանձէր:

-Հայրս երաժշտութեան մոլի երկրպագու էր եւ լաւ երաժիշտ, կարողանում էր գրեթէ բոլոր գործիքները նուագել, ես շատ փոքր էի, բայց նա հաւանաբար կանխազգացել էր երաժշտութեան հանդէպ  իմ հակումը եւ ահա մի օր բակից տուն գալով`  սենեակի մէջտեղում ֆիզհարմոն տեսայ: Այդ տարիներին, երբ տներում երաժշտական գործիքները հազուադէպ էին, դա հրաշքի  պէս մի բան էր, եւ նրա հնչիւններն էլ կախարդական էին թւում:

Հարցազրոյցը վարող թղթակցին պատմութիւնն, ասես, կախարդանք է թւում: Եւ շտապում է միջամտել կոմպոզիտորի լոյսով առլեցուն խօսքին… Ու շարունակւում է  երկխօսութիւնը.

-Յիշեցնում է  «Ժան Քրիստոֆը». Նրան թւում էր, թէ դա կախարդական արկղ է, սքանչելի պատմութիւններով լեցուն…:

-Սկսեցի  նուագել: Տարիներ յետոյ, երբ մեր բարեկամները իրենց  երեխաների երաժշտական ունակութիւնները ստուգելու եւ խորհրդի համար ինձ էին դիմում , ասում էի` հայրիկին ցոյց տուէք, թող որոշի:

Բախտորոշն, այնուամենայնիւ, ուրիշ հանգամանք էր: Մանկապարտէզ էի յաճախում` Երեւանի յատուկենտ մանկապարտէզներից մէկը: Ամէնօրեայ զբօսանքի ժամին դաստիարակչուհին ասաց, որ բակ չենք գնալու, որովհետեւ Մոսկուայից եկել է մի հօրեղբայր` մեր լսողութիւնը ստուգելու: Արտակարգ հետաքրքիր էր` այդ ի՞նչ հօրեղբայր է, ինչպէ՞ս է  ստուգելու…Եկաւ, երեւի շատ էինք փոքր, դրա համար մեր աչքին հսկայ երեւաց: Ստուգեց: Ռուսերէն լաւ էի հասկանում, մայրս ռուսերէնի   ուսուցչուհի էր, դաստիարակչուհուն ասաց. «Այս տղային հարկաւոր է երաժշտական կրթութեան տալ»: Եկայ տուն, ուրախացած  ասացի, որ մոսկուացի հօրեղբայրն ասել է` երաժշտութիւն սովորեմ: «Մենք առանց քո հօրեղբօր էլ գիտենք այդ»,-ասաց հայրս:

Ընդունուեցի Ղանթարի դիմաց գտնուող Երեւանի երաժշտական միակ հաստատութիւնը: Դաշնամուր էի նուագում: 10-15 տարի անց, երբ հանդիպեցի մանկապարտէզի իմ դաստիարակչուհուն` Էլլա Քացախեանին, հետաքրքրուեցի, թէ ո՞վ է էր Մոսկուայից եկած կոմպոզիտորը.

-Արամ Խաչատրեանն էր:

…Հետագայում Առնօ Բաբաջանեանն Արամ Խաչատրեանի հետ բազմաթիւ հանդիպումների եւ շփումների առիթ էր ունենալու:Բայց  «գարունիէ ընթերոցողի ու այսօր նաեւ մեզ համար թերեւս ամենատպաւորիչը  այս դրուագն է եղել.

-1938թ. Մոսկուայի հայկական մշակոյթի տանը կազմակերպուած համերգին մասնակցում  էին Մոսկուայի, Լենինկրատի հայազգի երիտասարդ կոմպոզիտորները: Երեւանից երկուսով էինք` Ալեքսանդր Յարութիւնեանը ու ես: Այդ  ժամանակ էլ ծանօթացանք  համերգին ներկայ Արամ Խաչատրեանի հետ: Ես հարցրեցի մեր մանկապարտէզը գալու մասին: Յիշեց: Ասաց, որ Ասքանազ Մռաւեանն էր խնդրել գնալ Երեւան եւ ստուգել երեխաների լսողութիւնը: Կեանքում Երեւանում չէր եղել, եկաւ, 1927 թուականին էր: Յետոյ ժպտաց.   «Ուրեմն իմ ձեռքը քո գլխին է եղել»:

…Իմ բոլոր առաջին  ստեղծագործութիւնները կրում էին Խաչատրեանի ազդեցութիւնը: Իմ ամբողջ կեանքի ընթացքում նա մեծ դեր խաղաց: Հիմա, երբ նա չկայ, ես ինձ որբացած  եմ զգում, ինչպէս , երբ կորցնում ես հորդ, կարեւոր չէ, քո որ տարիքում: Բոլորս որբացաք:

Թղթակիցը  դարձեալ դիմում է կոմպոզիտորին.

-Դուք Երեւանում չէք, բայց մի տարօրինակ օրինաչափութեամբ Ձեր ներկայութիւնը միշտ զգալի է այնտեղ: Առաջիկայում ե՞րբ էք պատրաստւում Հայաստան գալ:

-Մի միջադէպ պատմեմ. վերջերս վատ զգացի: Սիրտս էր: Եկաւ շտապ օգնութիւնը: Արգելեցին քայլել, ստիպեցին պառկել պատգարակին, որպէսզի տեղափոխեն հիւանդանոց: Ճար չկար, անյարմար էի զգում: Դէմքս ծածկել էի, որ չճանաչեն: Բայց չգիտեմ ո՞ր անպիտանն էր տեսել, լուրը հասել էր Երեւան: Մի քանի օր հեռախօսը դադար  չունէր:

Հայաստան կը գամ ամռանը: Հայրենիքում  չլինելու համար մի տարին չափազանց շատ է, սկսում եմ տեղս չգտնել: Հայաստանում են իմ ստեղծագործութեան ակունքները, հայկական է իմ երաժշտութեան «առոգանութիւնըէ: Ի վերջոյ, ես Հայաստանի կոմպոզիտորների միութեան անդամ եմ…

…Առնօ Բաբաջանեանն ու իր երաժշտութիւնը  Հայաստանի ձայնն ու ոգին էր աշխարհում: Նրա աշխարհը այսպէս էր զգացել եւ  բացայայտել նաեւ անուանի բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ Վահագն Դաւթեանը ու   կոմպոզիտորին նուիրուած բազմաթիւ յօդուածներից մէկում գրել էր այս տողերը.

«Առնօ Բաբաջանեանի տաղանդը բնածին էր ու բնատուր, սակաւ ընտրեալներից  էր նա: Բնութեան շռայլ պարգեւն էր, տրուած մեզ ու նաեւ` աշխարհին:

… Եւ նա չխարխափեց այդ ճանապարհին, քանի որ իր հայեացքի դէմ անսխալ  ուղենիշ ունէր` Արամ Խաչատրեանի գործն ու փորձը, որ հայ դարաւոր երաժշտութեան աւանդոյթները համաշխարհային երաժշտական մշակոյթի նորագոյն միտումներին առնչուելու մի իսկական դպրոց էր: Առնօ Բաբաջանեանը նախ այդ դպրոցի սանը եւ ապա` նրա աներեր սիւներից մէկը դարձաւ»:

…Առնօ Բաբաջանեանի 100-ամեակն է այս տարի: Ու աշխարհի բեմերում շարունակում են հնչել նրա հայեցի ու հայաշունչ ստեղծագործութիւնները, որոնք այլեւս աշխարհինն են: Իր ստեղծագործութիւններն ամէնից շատ կատարուողներից են, եւ սա յարատեւ ընթացք է:

Ունենալով այսպիսի մեծութիւն` որպէս ազգ պարտաւոր ենք բոլոր ասպարէզներում նշանաւորել այս յոբելեանը: Սակայն առայժմ ամէն ծրագիր իրականացւում է մի խումբ նուիրեալ արուեստագէտների նախաձեռնութիւններով: Մինչդեռ Առնօ Բաբաջանեանը մեր մշակոյթի այցեքարտերից մէկն է ամբողջ աշխարհում, որի յոբելեանը պէտք է նշուէր պետական մակարդակով:

«Միշտ մի կարեւոր նպատակ եմ ունեցել…որ հայ կոմպոզիտորների
գործերը եւս ճանաչելի դառնան աշխարհին». Ռուբէն Կոսեմեան

…Քանատաբնակ ջութակահար, մենակատար եւ մանկավարժ  Ռուբեն Կոսեմեանը հայ մշակոյթի նուիրեալ զինուորներից է, հանդէս է եկել աշխարհի հեղինակաւոր   նուագախմբերի հետ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրանում, Միացեալ Նահանգներում, Քանատայում, Մեքսիքայում, Թայուանում, Մալայզիայում, Ռուսաստանում եւ Վրաստանում եւ այլուր:

Նա իր համերգների ծրագրում մշտապէս ընդգրկում է հայ կոմպոզիտորների գործերը: Աշխարհի բոլոր բեմերում հնչեցնում է հայ մշակոյթի գանձերը:   Մեր մեծերի հետ կապուած ամէն յոբելեանը նա դարձնում է կարեւորագոյն  իրադարձութիւն` նաեւ եւրոպացի արուեստասէր հասարակութեան համար:

Յիշենք Ռուբէն Կոսեմեանի` Սանթ Փեթերսպուրկում լոյս տեսած ջութակի եւ դաշնամուրի համար փոխադրութիւնների առաջին ժողովածուն` նուիրուած Կոմիտասի 150-ամեակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ․ Լիստի, Պ․ Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի ստեղծագործութիւնների փոխադրութիւնները («Պլանյետա Մուզիքի» հրատարակչութիւն, Ռուսաստանի Դաշնութիւն): Ժողովածուն եւ դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահարուհի Նատալեա Մնացականեանը:

Վերոնշեալ ժողովածուն  բաղկացած է լինելու չորս մասից, որի երկրորդ մասն այս տարի  նուիրուելու է Առնօ Բաբաջանեանի 100-ամեայ յոբելեանին: Եւ այդ չորս մասերն ընդգրկելու են մէկ ձայնասկաւառակ եւ  դրանում ներառուելու են ընտրուած գործեր` Կոմիտաս, Բաբաջանեան, Ռախմանինով, եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:

Մեծ կոմպոզիտորի 100-ամեայ յոբելեանի առթիւ  արուեստագէտը  ծրագրում է ձայնագրել եւս մի սկաւառակ, որտեղ տեղ են գտնելու Առնօ Բաբաջանեանի, Էդուարդ Միրզոյեանի, Գագիկ Հովունցի, Էդուարդ Բաղդասարեանի  ստեղծագործութիւնները: Նրա հետ զրուցել ենք Առնօ Բաբաջանեանի յոբելեանական տարուան նուիրուած իր ծրագրերի եւ սպասուող ձայնասկաւառակի մասին:

-Առնօ Բաբաջանեանը հասարակութեան լայն շրջանակներին յայտնի է իր երգերով եւ մի շարք ֆիլմերում հնչող գործերով: Բայց դրանք իր ստեղծագործական ժառանգութեան շատ փոքր մասն են կազմում: Իրականում նա  դասական երաժշտութեան հսկայ է: Նա մեծութիւն է ե՛ւ որպէս կոմպոզիտոր, ե՛ւ որպէս դաշնակահար: Նրա իւրաքանչիւր ստեղծագործութիւնը մի չտեսնուած երեւոյթ է: Նա ստեղծում էր համաշխարհային մշակոյթի գոհարներ` չնայած իր առողջական խնդիրներին,- ասում է արուեստագէտը:

Ռուբէն Կոսեմեանը Առնօ Բաբաջանեանի կերպարի ու ֆենոմենի ամենավառ արտայայտութիւններից մէկը հետեւեալն է համարում.

-Նա վիտուոզ դաշնակահար էր: Առաջին գործը, որ ճանաչում էր բերելու Բաբաջանեանին, նրա «Վաղարշապատի պարն» էր (գրառումը` Կոմիտասի), որը դաշնամուրային մշակմամբ մի նոր ճանապարհ բացեց երաժշտութեան մէջ,- ասում է Ռուբէն Կոսեմեանը:

Իսկ մեր անուանի դաշնակահարուհի,  երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988),  Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆէսօր (1989)  Սվետլանա Նաւասարդեանը Առնօ Բաբաջանեան- կոմպոզիտորին ու դաշնակահարին  այսպէս է բնութագրել.

«Արքայական դաշնակահար էր, առասպելական: Համակ ապրում էր դաշնամուրի առաջ: Բաբաջանեանական հիւթեղ, դիւթիչ ձայնը, թւում էր, գալիս էր դաշնամուրի հոգու խորքերից, ձեռքերն էլ` ինչպէս առիւծի թաթէր, ուղղակիօրէն ստեղների շարունակութիւնն էին: Շլափայլ վիրտուոզ` դաշնամուրը կարծես խաղալիք լինէր հսկայի ձեռքերում: Ոգեշունչ արտիստ` խորաթափանց, յուզառատ. ինչպէ՜ս էր կարողանում ենթարկել իրեն փոթորկալի տեմպերամենտը, որչափ կատարեալ էր չափ ու ձեւի մէջ ու թեթեւ…երանելի այն թեթեւութեամբ, որն ուղեկիցն է մշտական ճշմարիտ կատարեալի…»:

Յիշատակման են արժանի նաեւ մեր միւս նշանաւոր արուեստագէտի` թաւջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980) Մեդէա Աբրահամեանի խօսքերը.

-Լեհաստանեան ճամբորդութիւնների ժամանակ Առնօ Բաբաջանեանը նուագում էր ոչ միայն իր ստեղծագործութիւնները, այլեւ Շոփենի, Տեպիւսիի, Ռախմանինովի երկերը: Նուագում էր անթերի, եւ ինձ զարմացնում էր նրա ձախ ձեռքը, որն առանձնանում էր պոլիֆոնիկ հատուածներում, անխափան տեխնիկան, հնչիւնը, դրա արտասովոր մասշտաբային հնչողութիւնը:

Հեռուստատեսութեան, ինչպէս նաեւ ռատիոյի արխիւում անգին մասունքի պէս պահպանուել են Առնօ Բաբաջանեանի` իր իսկ ստեղծագործութիւնների  բազմաթիւ կատարումները, որոնք այսօր ունկնդրելու բարեբախտութիւնն ունենք: Իսկ նրա ժառանգութիւնն այնքան անընդգրկելի է, որ դրանք ամբողջութեամբ վեր հանելու եւ սերունդներին մատուցելու համար կատարուող ամէն մի աշխատանք միշտ էլ մեծ կարեւորութիւն ունի:

Ռուբէն Կոսեմեանն Առնօ Բաբաջանեանի 100-ամեայ յոբելեանին նուիրուած հանդէս է գալու մի քանի համերգներով, որտեղ հնչելու են կոմպոզիտորի ստեղծագործութիւնները: Եւ հայ երաժշտասէրները Ա. Բաբաջանեանի «Capriccio»-ն ունկնդրելու են Ռ. Կոսեմեանի փոխադրութեամբ:

-Այդ ստեղծագործութիւնը փոխադրելու, ձայնագրելու եւ տպագրելու իրաւունքը ստացայ կոմպոզիտորի որդուց` Արա Բաբաջանեանից, ով «Առնօ Բաբաջանեան» ֆոնտի հիմնադիր-ղեկավարն է: Եւ ես շնորհակալ եմ նրան` ինձ այդ հնարաւորութիւնն ընձեռելու համար:

Հէնց այդ ստեղծագործութիւնը`   «Capriccio»-ն նուիրելու եմ Առնօ Բաբաջանեանի 100-ամեակին: Նպատակս նրա յոբելեանը նշանաւորելն է: Միւս գործը, որ ձայնագերլու եւ ներկայացնելու եմ, Սեն-սանսի Ջութակի համար 3-րդ կոնցերտն է: Դա  ունի հետաքրքիր նախապատմութիւն. 20-րդ դարի մեծանուն ջութակահարներից Եաշա Հէյֆեցը ժամանակին այս ստեղծագործութիւնն իր կոլեկցիայից յանձնել էր Ուաշինկթընի գրադարանին: Նա երբեք չի ձայնագրել այդ գործը: Նրա   տղան ապրում է Աւստրալիայում եւ արուեստագէտի հեղինակային իրաւունքի ու ժառանգութեան պահպանութեան հարցերով անձամբ է զբաղւում: Եւ հիմա ինձ թոյլ է տուել, որպէսզի ես կատարման ժամանակ օգտագործեմ Հէյֆեցի ռեդակցիան (չնայած ` տպագրուած չի եղել մինչ օրս):

Յ. Հէյֆեցն այն արուեստագէտն էր, որի համար երաժշտութիւնը չէր ճանաչում ոչ քաղաքական, ոչ էլ միջպետական սահմաններ: Եւ ես ուզում եմ ցոյց տալ, որ Առնօ Բաբաջանեանի ստեղծագործական ժառանգութիւնը  եւս  չի ճանաչում սահմաններ: Սա վկայել են նաեւ իր ժամանակի միւս մեծերը: Յիշենք    Տմիտրի Շոստակովիչի կողմից  նրան տրուած այս բնութագիրը.

-Առնօ Յարութիւնի Բաբաջանեանը մեր դարաշրջանի անուանի եւ տաղանդաւոր երաժիշտներից է: Նա օժտուած է մեծ կոմպոզիտորական շնորհներով: Նրա դաշնակահարի տուեալներն արժանի են ամենաբարձր դրուատանքի: Նա բազմակողմանի եւ հիմնաւոր կրթութիւն ունեցող երաժիշտ է:

Ռուբէն Կոսեմեանն իր այս մօտեցումներով  եւս մէկ անգամ բացայայտում է այն ճշմարտութիւնը, որ Առնօ Բաբաջանեանը հաւասարապէս կանգնած է 20-րդ դարի բոլոր երեւելի արուեստագէտների կողքին: Եւ իւրաքանչիւր համերգի ծրագրում եւ ձայնասկաւառակում  հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններն ընդգրկելը  մեր արժէքները մատուցելու եւ դրանք ճանաչելի դարձնելու կարեւոր ձեւերից են:

– Այս տարի Սպանիայում լոյս է ընծայուել նաեւ հերթական ձայնասկաւառակը, որտեղ ընդգրկել եմ Մարիօ Կաստելնու-Տեդեսկոյի, Կլոդ Դեբիւսժի, Էռնեստ Բլոխի, Մորիս Ռաւելի  ստեղծագործութիւնները եւ  Էդուարդ  Հայրապետեանի յայտնի գործերից մէկը` Ջութակի եւ ալտի համար կրկնակի կոնցերտը: Այս վերջինը կատարել եմ «Ալան Յովհաննէս» կամերային նուագախմբի հետ: Ես տարիներ առաջ` մինչեւ Կանադա մեկնելս  այն կատարել եմ հայրիկիս` ալտահար, մենակատար, անսամպլիստ, սիմֆոնիկ նուագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմեանի հետ: Նա Կոմիտասի անուան պետական լարային քառեակի ալտահարն է (1990 թուականից): Ինձ համար մեծ առիթ էր իր հետ նուագելը: Դիրիժորը Մերուժան Սիմոնեանն էր, ով միաժամանակ բանաստեղծ էր, նպաստել էր մեր մշակոյթի զարգացմանը: Ցաւօք, նա այս տարի հեռացաւ կեանքից` չդիմանալով մեր երկրին պատուհասած այս ծանր վիճակին: Ես հիմա  այդ ստեղծագործութիւնը եւս ներառել եմ ձայնասկաւառակի մէջ` ի յիշատակ Մերուժան Սիմնոնեանի`  այդ հայրենանուէր  ու ազնիւ արուեստագէտի:

Արուեստագէտի արժէքաւոր գործերից է նաեւ այս տարի Ճապոնիայում լոյս ընծայուած ձայնասկաւառակը, որն ամբողջութեամբ ընդգրկում  է Վոլֆգանգ Ամադէուս Մոցարտի  ստեղծագործութիւնները:

-Անցեալ տարի էլ Պեթհովենի 250-ամեակն էր: Լոյս է ընծայուելու  բոլոր 10 սօնատները, որոնց մի մասն արդէն ձայնագրել եմ: Մնացածի հետ կապուած աշխատանքներն ընթացքի մէջ են:  Սակայն ինձ համար միշտ ամենասպասուած պահը հայ կոմպոզիտորների գործերը ձայնագրելն է: Ես Կանադայի քաղաքացի եմ ու հայ եմ: Եւ այդ պատճառով երբեք չեմ կարող անտեսել հայ արուեստն ու մեր արժէքները:  Ուզում եմ աշխարհին  ճանաչելի դառնան  մեր արժէքները, մեր կոմպոզիտորների գործերը,   որ իրենց համար մի մեծ եւ ուրոյն աշխարհ բացայայտեն:

Եւ այս նուիրական գործը կեանքի կոչելու դժուարին աշխատանքները արուեստագէտն  իրականացնում է շնորհաշատ դաշնակահարուհիներ Նատալեայ Մնացականեանի եւ Մարգարիտա Գրիգորեանի հետ համագործակցութեամբ:

Նշենք, որ Ռուբեն Կոսեմեանի հայրը` Ալեքսանդր Կոսեմեանն Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ է: Լինելով  մեր ժամանակների մեծագոյն արուեստագէտներից մէկը` Ալեքսանդր Կոեմեանն իր  աւանդն է բերել միջնադարեան հայ հոգեւոր երաժշտութիւնը վեր հանելու, փոխադրելու նուիրական գործում (նրա ձայնագրութիւնները մտնում են Հայաստանի Պետական Ռատիոյի Ոսկէ ֆոնտի մէջ): Ռուբեն Կոսեմեանն հայրիկից ստացաւ նաեւ մեր ազգային մշակոյթը գնահատելու առաջին դասերը:  Եւ լինելով տոհմիկ երաժիշտ եւ մանկավարժ` Ռուբեն Կոսեմեանն իր կարեւոր առաքելութիւնն է համարում հայ մշակոյթը պահպանելը, աշխարհով մէկ տարածելը եւ նոր սերնդին փոխանցելը:

Ռուբէն Կոսեմեանը շարունակում է իր աշխատանքները` հանրահռչակելու հայ մշակոյթն ամբողջ աշխարհում: Եւ այդ գործը կատարում է մեծ նուիրումով: Սակայն նրան տխրեցնում է այն փաստը, որ վերջին տարիներին, ասես, միտումնաւոր ու յատուկ ծրագրուած պետական մակարդակով անտեսւում է հայ մշակոյթը , այն ամէնը, ինչ կապուած է ազգային ժառանգութեան հետ:

-Մշակոյթը մեր գլխաւոր սիւնն է, որը պէտք է հոգածութեան արժանանայ պետական մակարդակով: Նայելով այսօրուայ իրողութիւններին` տեսնում ու զգում եմ, որ այսպէս շարունակուելու դէպքում մենք կը կորցնենք մեր դարարիր ժառանգութիւնն ու արուեստի արժէքները: Սա չի կարելի  թոյլ տալ:   Առնօ Բաբաջանեանի 100-ամեակը կարող էր դառնալ մեր երկիրն աշխարհում ներկայացնելու մի կարեւոր իրադարձութիւն: Մշակոյթը մեծ ուժ է  նաեւ ազգին ներկայացնելու՛  համար,- համոզուած է Ռուբէն Կոսեմեանը:

Առնօ Բաբաջանեանի 100-ամեայ  յոբելեանը կարեւոր առիթ է բոլորիս համար` մեր արժէքներն ու ինքներս մեզ աւելի լաւ ճանաչելու, մեծ կոմպոզիտորին  տասնամեակների հեռուից նորովի բացայայտելու եւ մեր ազգային ակունքներին հաւատարմութեան երդում տալու համար, քանի որ մեր ժամանակների ծանր  մարտահրաւէրին  դիմադրելու համար պէտք է զինուենք մեր հոգեւոր զէնքերով` որպէս ազգ մեր պատմական ուղին շարունակելու համար:

Նրա ժառանգութիւնը եւս այդ հոգեւոր զէնքերից է, որի ուժն ու արժէքը գիտէին նաեւ իր ժամանակի պետական այրերը. 32 տարեկանում մեծանուն կոմպոզիտորի մօտ ախտորոշեցին  սպիտակարիւնութիւն: Հարազատները նրանից թաքցնում էին:  Երբ, ի վերջոյ, իմանում է այդ մասին, խիստ վրդովուում է:  1960-ական թուականների վերջին խորհրդային կառավարութիւնը ֆրանսիական բժշկութեան յայտնի դէմքերից մէկին հրաւիրում է պետական բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի հիւանդ կնոջը բուժելու համար: Երբ այս մասին յայտնի է դառնում Առնօ Բաբաջանեանի մտերիմ ընկերներից մէկին` նոյնպէս մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյեանին. մաեստրոն  անմիջապէս դիմում է Հայաստանի ԿԿ կենտրոնական կոմիտէի առաջին քարտուղար Անտոն Քոչինեանին: Վերջինս զանգահարում է Մոսկուա եւ խնդրում, որ եկած բժիշկը Առնոյին էլ զննի: Ի պատասխան, նրան յայտնում են, որ բժիշկը մէկ խորհրդատուութեան համար 2000 տոլար է վերցնում: Անտօն Քոչինեանն առանց վայրկեան իսկ տատանուելու արձագանքում է, որ իրենք Բաբաջանեանի համար պատրաստ են միլիոններ  էլ վճարել: Ահա թէ ինչ է նշանակում, երբ իրական արժէքների թիկունքին ամուր պետութիւն է կանգնած… Ֆրանսիացի բժշկի նշանակումների եւ  բուժման շնորհիւ կոմպոզիտորը յաղթահարում է մահաբեր հիւանդութիւնը` նման ծանր ախտորոշմամբ ապրելով եւս 30 տարի…

…Առնօ Բաբաջանեանը մահացաւ 1983 թուականին` նոյեմբերի 11-ին: Հանգչում է Երեւանի քաղաքային պանթէոնում: Այսօր սերունդների առաջ մեր պարտքը նրա աճիւնը Կոմիտասի անուան պանթէոն տեղափոխելը պէտք է լինի, որովհետեւ նա մեծ էր աւելի, քան հասցրեցին բացայայտել: Եւ որքան շատ ժամանակներ անցնեն, նա հորիզոնի պէս աւելի է մօտենալու մեզ…Առնօ Բաբաջանեանը ազգային ակունքներից եկող համաշխարհային երեւութ է, որ  շարունակելու է սերունդներին պարգեւել լոյս, սեր` դէպի կեանքն ու Մարդը:

 

 

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )