Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անփարատ Կորուստ

March 13, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Դժբախտաբար, մենք հնուց անտի, աւելի քան երկու հազար տարի, փոքր ածու ենք եւ զօրութեամբ տկար, իսկ մեր անհատականութիւններն էլ, որոնք ազգ եւ ժողովուրդ են պահում եւ պատիւ են բերում ժողովրդին, այսօր թուով այնքան քիչ են, որ դեղին յուսահատութիւն է իջնում վրադ: Այդ նրանց ուսերի վրայ է պահւում մեր մշակոյթի եւ գրականութեան, ասել է, թէ մեր ազգային գիտակցութեան բարձր առաստաղը: Եւ երբ նրանցից մեկնումէկը հեռանում է կեանքից, իր տեղը մնում է անլցելի մի դատարկութիւն եւ իր հեռացումը դառնում է անփարատ կորուստ:

Մարտի 3-ին Պէյրութում կեանքից հեռացաւ հանրային ու մշակութային յայտնի ու ճանաչուած գործիչ Յարութիւն Նագուլեանը, որն ինձ համար ճիշդ այդպիսի մի եզակի անհատականութիւն էր: Մասնագիտութեամբ եւ աշխատանքով նա բժիշկ էր, էութեամբ, նկարագրով ու խառնուածքով` արուեստագէտ: Մարդը ծնուել էր արուեստագէտ լինելու աւելի ճիշդ` արուեստագէտ էր ծնուել, բայց կեանքի հանգամանքների թելադրանքով ու պարտադրանքով դարձել էր բժիշկ: Բժշկութիւնը` բժշկութիւն, Նագուլեանը իրականում բանաստեղծ էր, արուեստաբան եւ նկարիչ: Պատանի Յարութիւնը բանաստեղծութեամբ մտաւ հայ գրականութեան ասպարէզը եւ այնտեղ իր պատուաւոր ներկայութեամբ մնաց մինչեւ կեանքի վերջը:

1962 թուականին Յարութիւնը սփիւռքահայ մի խումբ պատանիների հետ եկաւ Հայաստան ուսանելու Երեւանի պետական բժշկական ինստիտուտում: Երեւանում Յարութիւն Նագուլեանը ապրեց աւելի քան ութ տարի, եւ այդ տարիները ապրեց բուռն ու հեւքոտ կեանքով: Հոգով ու սրտով արուեստին սիրահարուած պատանի Յարութիւնը շատ շուտով յայտնուեց երեւանեան բոհեմի մէջ, եղաւ Լեւոն Ներսիսեանի եւ ընտիր նկարիչների ու արուեստագէտների` Մինասի, Արտօ Չաքմաքչեանի, Օննիկ Մինասեանի, Ռոբերտ Էլիբեկեանի, ուրիշների առօրեայ ընկերն ու մտերիմ բարեկամը: Մի երկու տարի չանցած երիտասարդ Յարութիւնը արդէն անուանի գրողների, բանաստեղծների ու արուեստագէտների կրտսեր ընկերն ու բարեկամն էր, նրանց հետ սեղան նստեց ու վեր կացաւ: Այդ կեանքն ու միջավայրը Յարութիւնի համար գեղարուեստի իսկական ակադեմիա եւ համալսարան եղան: Այդ ութ տարում նա խորապէս ներշնչուեց Հայաստանի հողով, իր մէջ հայաստանեան աւիշ եւ կենսանիւթ գոյացաւ, հայաստանեան արիւն վազեց իր երակներում: Յարութը, մեր սիրելի Նագուլը, ինչպէս նրան անուանում էին մտերիմ ընկերները, այլեւս ուրիշ մարդ էր:

1970 թուականին Յարութիւն Նագուլեանը աւարտեց բժշկական հիմնարկը եւ մեկնեց Լոնտոն` այնտեղ իր բժշկական կրթութիւնը շարունակելու:

Լոնտոնից երիտասարդ արուեստաբան Յարութիւնը մի քանի յօդուած գրեց եւ հրապարակեց յանիրաւի չգնահատուած Երուանդ Քոչարի, Յարութիւն Կալենցի, Սարգիս Փարաջանեանի մասին: Եւ սովետական գաղափարական անողոք մեքենան անմիջապէս շուռ եկաւ լոնտոնեան ուսանողի դէմ: «Հայրենիքի ձայն» եւ միւս լրագրերը իրենց գաղափարական ծանր հրետանիով եւ թնդանօթներով կրակի տակ առան Յարութիւն Նագուլեանին: Տարիներ անցան, եւ կեանքն ու ժամանակը ցոյց տուեցին, որ երիտասարդ արուեստաբանը ամենեւին էլ երկրի թշնամին չէր եւ ճիշդ էր ու արդարացի: Այսօր Քոչարը, Կալենցը, Փարաջանեանը արժանի թանգարաններ ունեն, եւ դրանք շատ սիրուած ու յայտնի թանգարաններ են:

Յարութը Լոնտոնից վերադարձաւ Պէյրութ, եւ շատ շուտով դարձաւ ճանաչուած ու փնտռուած բժիշկ, զբաղուեց իր մասնագիտական գործով, բայց էութեամբ, նկարագրով ու խառնուածքով մնաց արուեստագէտ, ոտից գլուխ արտիստիկ անձնաւորութիւն:

Յարութի տունը Պէյրութում արուեստի ու գրականութեան իսկական սալոն էր, սալոն ֆրանսիական իմաստով: Իր դռնից մտնում էիր, այլեւս ուրիշ հող էր, դու այլեւս Հայաստանում էիր: Հայ նկարիչների գործերի ընտիր հաւաքածու ունէր, որ վկայում էր ոչ միայն արուեստագէտի եւ արուեստաբանի իր բարձր ճաշակը, այլեւ իր սէրը Հայաստանի, հայութեան եւ հայ արուեստի հանդէպ: Իր ժամանակակից ընտիր նկարիչների ընկերն էր, եւ շատերը սիրով նուիրել էին նրան իրենց լաւագոյն կտաւները: Յարութը փաստօրէն իրեն շրջապատել էր Հայաստանով, իր տան պատերը շնչում էին Հայաստանի օդով: Նա հեռուից հեռու միշտ ուշադիր հետեւում էր Հայաստանի գրական-մշակութային կեանքին, ապրում էր այդ կեանքի իրողութիւններով, ըմբոստ յօդուածներ էր գրում, ամէն կերպ օգնում եւ սատարում էր Պէյրութ այցելած հայ նկարիչներին (ես սա չեմ մանրամասնելու):

Հայաստանից Պէյրութ հասած ամէն մի գրող կամ արուեստագէտ անպայման հիւրընկալւում էր Յարութի տանը: Յարութը մի տեսակ դարձել էր Հայաստանի մշակութային դեսպանը Պէյրութում: Ինքն ու իր ազնուական տիկինը` մեր բոլորի սիրելի Էմման, առանձնակի սիրով ու բաւականութեամբ էին իրենց տանը ընդունում Հայաստանից եկած մարդկանց: Յարութը Հայաստանի պակաս ունէր, շնչահեղձ էր լինում առանց Հայաստանի, իսկ Հայաստանից եկուորները իրենց հետ Հայաստան էին բերում, երեւանեան կեանքի մաս էին բերում, եւ Յարութը փոխւում էր ողջ էութեամբ:

Իբրեւ արուեստագէտ, իբրեւ գրող, իբրեւ հարուստ ներաշխարհի տէր անհատ Յարութը ասելիք ունէր, որ չէր սպառւում: Նա լի էր ասելիքով եւ ձգտում էր կատարեալ ինքնարտայայտութեան: Բանաստեղծութիւն էր գրում, որովհետեւ բանաստեղծ էր: Իր բանաստեղծութիւնները ցրուած էին մամուլի էջերում:

Նկարում էր, որովհետեւ նկարիչ էր եւ լաւ նկարիչ էր, ընտիր նկարիչ: Նկարչութեամբ էլ ասելիք ունէր եւ ասում էր, իր հարուստ, գեղեցիկ, գունավառ ներաշխարհն էր փոխադրում կտաւներին:

Շատ էր սիրում հայկական գորգերը, ողջ կեանքում ուսումնասիրել էր գորգարուեստը եւ մանաւանդ հայկական գորգարուեստը: Տարիներ շարունակ ուշագրաւ գրառումներ էր արել, բաւական ծաւալով, մօտ 150 էջ, հետաքրքրական շարադրանք ունէր: Համոզում էի, որ նստի եւ ամբողջացնի, պատրաստի գիրք էր:

Միշտ կարող էր իր նկարների ընտիր պատկերագիրքը հրատարակել, բայց դա էլ չարեց… Ըստ երեւոյթին, տարիների հետ մարդու մէջ եսասիրական մղումներն ու ձգտումները աստիճանաբար մարում են…

Վերջին տարիներին բանաստեղծութեան երեք գիրք հրատարակեց` «Requiem» (2017), «Ճերմակ պատուհան» եւ «Սաղմոսներ» (երկուսն էլ` 2020): Մեր կեանքի ժամանակը, մեր իրականութեան ժամանակը, ցաւօք, գրքի ու բանաստեղծութեան ժամանակ չէր, այլապէս իր պոէտական խօսքը` հայեցի, յախուռն, կրքոտ, ուժական, պէտք է ունենար իր արժանի արձագանգը: Անտիպ մնացին իր բազմաթիւ գրութիւնները, մամուլի էջերում ցրուած բանաստեղծութիւնները, «Վան Կոկ» դրամատիկական պոեմը, որից միայն հատուածներ են տպագրուել զանազան հանդէսներում:

Յարութիւն Նագուլեանը հանրային կեանքի մարդ էր: Երկար տարիներ Հայկազեան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ էր եւ իր կարեւոր դերակատարութիւնն ունէր համալսարանի կեանքում, մանաւանդ համալսարանի կրթական-մշակութային առօրեան կազմակերպելու, մշակութային ծրագրերը իրականացնելու գործում:

Հանրային-համայնքային հաւաքներին եւ ձեռնարկներին իր մասնակցութիւնն ու ներկայութիւնը միշտ պատուաւոր էր ու իմաստաւոր:

Անկարելի է չխօսել իր մարդկային նկարագրի մասին: Յարութը նուրբ ճաշակ եւ արուեստի բարձր զգացողութիւն ունեցող մարդ էր, նրբակիրթ խօսքի տէր, բոլորի հետ? միշտ պատշաճութեամբ եւ նրբավար: Իր նկարագրի, իր պահուածքի, մարդկանց հետ յարաբերուելու իր կերպի մէջ զարմանալի արիստոքրատիզմ կար, եւ ինքն էլ եղաւ ու մնաց ոգու արիստոքրատ, առանց ցուցանքի ու ցուցադրանքի, ապրեց ազնուականօրէն համեստ, պարզ եւ միշտ ջանաց լինել ու մնալ աննկատ:

Յարութիւնը ոտից գլուխ շաղախուած էր հումըրով, իր հումըրը իւրօրինակ էր` մեղմաձայն ու մեղմախօս: Այլոց թերութիւնները երբեք չտեսաւ, նուրբ հումըրով սիրեց իր ընկերների մանր թուլութիւնները, գրեթէ աննշմար հեգնանքով նայեց մերժելի մարդկանց կենսակերպին ու կեանքի մերժելի կողմերին:

Իր հեգնանքի հիմնական թիրախը ինքն էր, ես չգիտեմ մէկ այլ մարդու, որ ինքն իր մասին խօսէր միշտ անթաքոյց հումըրով ու հեգնանքով:

Շատ, շատ էր սիրում իր ընկերներին, սիրում էր իրեն շրջապատել մտերիմ մարդկանցով, իր սիրելի ընկերներով: Սիրով ու գուրգուրանքով էր վերաբերւում իր մտերիմներին ու բարեկամներին, սիրով ու նրբավարութեամբ հոգ էր տանում նրանց համար, անում էր աւելին, քան կ՛անէին արիւնակիցն ու հարազատը: Միայն Սեդա Կանաչեանի հետ Էմմայի եւ Յարութիւնի բարեկամութիւնը այնքան շատ բան է ասում նրանց ճանաչողներին: Երբ Հայաստան, Երեւան էր գալիս, այստեղ էլ տարուած էր մերձաւորների հոգսերով` մէկի ուսման վարձը, միւսի բժշկութեան վճարը, երրորդի բնակարանի վարձը, չորրորդի…

Նա իր հրաւէրքների ամէն օրը ընկերների ու բարեկամների համար դարձնում էր տօնական օր, դարձնում էր բարձր տրամադրութեան, հումըրի, ուրախութեան եւ ցնծութեան օր: Դա իր նկարագրի, իր կերպարի անկապտելի յատկութիւնն էր:

Ժպտադէմ, կենսուրախ, լոյս ճառագող իր նկարագրի ետեւում միշտ լրջախոհ, ես կ՛ասէի` ծանրախոհ ու լրջակեաց մարդն էր, խորհող ու ներհուն անհատը, ինչը ինքը խնամքով թաքցնում էր: Նա շատ խորունկ հայ էր, ինձ համար` իսկական հայ մարդու տիպար:

Յարութը կարդացած եւ կարդացող մարդ էր: Գիրք կարդացող եւ չկարդացող մարդկանց միջեւ անդունդ կայ, ահռելի պարապութիւն: Ինքը ի հարկէ, մտաւորական մարդ էր, թէեւ մեզ սիրով ձեռք էր առնում` այս հայաստանցի միաւորականները…

Ուղղակի ապրում-այրւում էր մեր պատմութեամբ, մեր ճակատագրով, մեր ժողովրդի բախտով: Մենք երբեմն շատ երկար խօսում-զրուցում էինք, եւ ես յետոյ զարմանքով ինքս ինձ հարցնում էի` սա նո՞յն մարդն է, իմ գիտցած ամէն օրուայ նոյն զուարթախօս-զուարթախոհ Յարո՞ւթը…

Ի՜նչ ծանր տարաւ Պէյրութին պատահած աղէտը, ուղղակի կոտրուեց: Հայաստանին պատահածի մասին էլ չեմ ասում, ժամերով խօսում էինք, ինքը ուղղակի անճանաչելի էր, ջախջախուած, ճնշուած, թեւաթափ եղած, յուսահատ…

Հայաստանի հանդէպ իր սէրը ուրիշ էր, եզակի, աննման, Յարութին պատշաճող, Յարութին վայել…

Ցաւով, ափսոսանքով եւ աւաղանքով եմ գրում ես այս տողերը. մի վայրկեանում ամէն ինչ յուշ դարձաւ եւ անդառնալի անցեալ: Եւ միայն կորուստի ցաւը մնաց: Ուրեմն ներիր եւ արտօնիր իմ կցկտուր, վշտախառն հրաժեշտի այս խօսքը եւ իմ եղբայրական արցունքները քո վերջին ճանապարհին, սիրելի Յարութ, սիրելի ընկեր, սիրելի Նագուլ…

4 մարտի 2021

 

 

Նախորդը

Ան Պիտի Ապրի Իր Գործերի Մէջ

Յաջորդը

Յուշագրական Կարգով. Արթոն` Բժիշկը, Գեղանկարիչը, Հայրենապաշտը, Ազգանուէրը (Նագուլեանի Պայծառամիշտ Յիշատակին)

RelatedPosts

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.