Համապարփակ Զեկոյց` Հարաւային Կովկասում
Խաղաղութեան Միջանցքի
Առաջարկման Գործընթացքի Վերաբերեալ
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերին բռնկուած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արիւնալի պատերազմը 45 օր անց Ռուսաստանի միջնորդութեամբ աւարտուեց նոյեմբերի 9-ին, 9 կէտերից կազմուած եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ:
Համաձայնագրի վերջին կէտը, որը վերաբերում է Նախիջեւանից` Ազրպէյճանի Հանրապետութիւն հաղորդակցական ճանապարհի ստեղծմանը, ինչը, ըստ համաձայնագրի, անցնելու է Հայաստանի միջով, փորձագիտական շրջանակների բուռն քննադատութիւնների է արժանացել, որտեղ հարցն իր բոլոր կողմերով ուսումնասիրելու անհրաժեշտութեան կողքին, յատուկ զգայնութեամբ է շօշափւում Իրանի շահերին առնչուող անմիջական ազդեցութեան պատճառով:
Չնայած համաձայնագրի մանրամասները դեռ պարզ չեն, ներառեալ` միջանցքի դրոյթը (ձեւակերպումը հեղինակինն է, խմբ.), այնուամենայնիւ պարզ չէ, թէ որտե՛ղ եւ ե՛րբ է այն կառուցուելու եւ ինչպէ՛ս պիտի շահարկուի: Փորձագէտների մեծամասնութիւնը այն կարծիքին է, որ միջանցքն իր բացասական ազդեցութիւնն է թողնելու ինչպէս Իրանի ու Հայաստանի, այնպէս էլ ԵԱՏՄ-ի հետ գործակցութեան ու կապերի վրայ:
Նոյն կապակցութեամբ Կովկասի հիմնախնդիրների հարցերով հետազօտողներ` Շոայիպ Պահմանը եւ Սէյէտ Մոհամմատ Ռեզա Տամաւանտին այլ կարծիք ունեն նշուած «միջանցքի» ստեղծման վերաբերեալ, միեւնոյն ժամանակ նման երեւոյթի գոյութիւնը օգտակար գնահատելով տարածաշրջանային համագործակցութեան զարգացման տեսանկիւնից` հանդէս եկան այլ միջանցքների ստեղծման առաջարկով:
Այսպիսով, առաջին անգամ «Խաղաղութեան միջանցք» ստեղծելու հարցը շօշափուել է նոյեմբերի 14-ին, ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազօտութիւնների հաստատութիւնում «Անվտանգութիւն եւ շահեր` Հարաւային Կովկասում» խորագրով երկու հետազօտողների համատեղ զրոյցի ժամանակ: «Tasnim News Agency»-ն անդրադառնալով նշուած նիստին` իր հրապարակած յօդուածով մանրամասներ է ներկայացրել առաջարկուած նախագծի մասին, ինչը նոյնութեամբ Տամաւանտին ներկայացրել է առանձին յօդուածով, որը տրամադրել է «ԱԼԻՔ»-ին:
«Կովկասի հարցերով փորձագէտներից երկուսի համատեղ զրոյցի առարկան «Հարաւային Կովկասի տարածաշրջանում անվտանգութիւնն ու շահեր»-ն էր: Շոայիպ Պահմանը եւ Սէյէտ Մոհամմատ Ռեզա Տամաւանտին «ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազօտութիւնների հաստատութիւնում» հանդիպմանը վերլուծելով Հարաւային Կովկասում, ի մասնաւորի ԼՂ-ում պատմական հակամարտութիւնների ձեւաւորման գործընթացը, ստեղծուած իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում են տարածաշրջանային դերակատարների միջեւ անվտանգութեան եւ շահերը վերասահմանելու հայեցակարգում Շոայիպ Պահմանի կարծիքով, հին տարաձայնութիւնները հարթելով է, որ դէպի տեւական խաղաղութիւն շարժուելու հնարաւորութիւն կը տայ բոլոր կողմերին` փոխշահաւէտ լուծումների հասնելու եւ շահաւէտ մթնոլորտում համագործակցութիւն ծաւալելու համար: Իսկ, որպէս տարածաշրջանային լարուածութիւնը կարգաւորելու արդիւնաւէտ միջոց` Տամաւանտին կարեւորեց հինգ` Հայաստան, Ազրպէյճան, Թուրքիա, Վրաստան եւ Իրան երկրների բարձր տարողութեամբ տնտեսական հնարաւորութիւնները տարածաշրջանում տնտեսական միութիւն ստեղծելու համար:
Պահմանի կարծիքով, որքան աճելու առիթներ ունենան տարածաշրջանի հինգ երկրների միջեւ առեւտրի հնարաւորութիւնները, այնքան քիչ կը լինեն հակամարտութիւնների թափն ու առկայ տարակարծութիւնները: Փորձագէտը կայունութեան ու տեւական խաղաղութեան հաստատման ճանապարհներից մէկը համարեց տարածաշրջանի երկրների միջեւ ուժանիւթային գծերի շահարկումն ու դրանց բազմազանեցում, քանի որ կողմերը կը փորձեն զբաղուել անվտանգութիւնը պահպանելով` սեփական ուժանիւթային գծերը ապահով դարձնելու համար:
Տամաւանտին իր հերթին անդրադարձաւ տարածաշրջանի երկրների ներդրումների եւ համատեղ համագործակցութեան անհրաժեշտութեանը` զարգացմանն անհրաժեշտ ենթակառուցուածքների ստեղծման համար, որոնք, փորձագէտի հաւաստմամբ, ծրագիրն իրագործուելու դէպքում Հարաւային Կովկասը կը դարձնեն նոր Հարթլանտ (դրախտավայր):
Ըստ նրա, Հարաւային Կովկասում հակամարտութիւնների զգալի մասը ծագել է տարածաշրջանային դերակատարների միմեանց պահանջները չճանաչելու եւ կարիքների ու հնարաւորութիւնների ընկալման բացակայութեան բերումով: Շոայիպ Պահմանն անդրադառնալով ԼՂ-ի վերջին պատերազմին` արձանագրեց, որ տարածաշրջանային համագործակցութեան զարգացման գործին սատարելն այն միակ միջոցն է նման լարուածութիւնները կանխելու համար, որի գծով էլ կայ սպասելիք` Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, նման ծրագրերով ու նախաձեռնութիւններով հանդէս գալով` աջակցել կայունութեան հաստատմանը տարածաշրջանային լարուածութիւնները մեղմելու նպատակով:
Տամաւանտին անդրադառնալով Ազրպէյճանի Հանրապետութեան, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրուած համաձայնագրին` նշեց, որ փաստաթղթով նախատեսուած Հայաստանի տարածքից` Նախիջեւան-Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ հաղորդակցութեան կապի ստեղծման կէտի հետ կապուած կայ մտահոգութիւնների առիթ` Իրան-Հայաստան սահմանի հնարաւոր շրջափակման վերաբերեալ, այդուամենայնիւ ստեղծուող իրավիճակից արդիւնաւէտ օգուտ կարող է քաղել տարածաշրջանային ապրանքափոխանակումները, որոնք տարածաշրջանում անհրաժեշտ է ստեղծել նաեւ նմանօրինակ այլ հատուածներում: Տամաւանտին այսօրինակ միջանցքներն անուանելով «Խաղաղութեան միջանցք»` դրանց առկայութիւնն անհրաժեշտ համարեց կայուն խաղաղութիւն հաստատելու եւ լարուածութեան թուլացման, ինչպէս նաեւ` պետութիւններին ու ազգերին մերձեցնելու գործում ունեցող դերի պատճառով:
Նիստի աւարտին դոկտ. Շոայիպ Պահմանը «Խաղաղութեան միջանցք»-ի ստեղծման անհրաժեշտութիւնը դիտարկելով որպէս կառուցողական առաջարկ` յոյս յայտնեց, որ տարածաշրջանի հինգ երկրների կարողութիւնների եւ պահանջների իրականութեան վրայ մշակուած «Տարածաշրջանային համագործակցութեան եւ զարգացման համապարփակ ծրագիրը» Իրանի Իսլամական Հանրապետութեան օրակարգում տեղ գտնելով` ներկայացուի Հարաւային Կովկաս տարածաշրջանի հինգ երկրներին»:
Իսկ այդ հանդիպումից երկու օր անց (երկուշաբթի, նոյեմբեր 16-ին), Իսլամական Ազատ համալսարանում տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ երկրի գերագոյն առաջնորդի տեսակէտների վերաբերեալ գիտաժողով, որի ընթացքում Շոայիպ Պահմանը վերահաստատեց նոյն այս առաջարկը: «Նուրնիուզ» լրատուական կայքն անդրադառնալով Պահմանի ելոյթին` կարեւորել է ելոյթի այն հատուածը, որը վերաբերում էր միջանցքի խնդրին, հետեւեալ տողերով.
«Վերջին տարիներին Ազրպէյճանը Նախիջեւանի հետ տարածքային կապ է հաստատել Իրանի տրամադրած ճանապարհով, ընդ որում` անվճար կարգով: Մնում է հասկանալ, թէ ինչո՞ւ է Պաքուն որոշում կայացրել այդ ճանապարհը տեղափոխելու իր թշնամու տարածք: Եթէ ցանկանում ենք հարցը դիտարկել միայն դրական տեսանկիւնից` այն համարելով տարածաշրջանի բոլոր երկրների համար փոխշահաւէտ իրավիճակ, ապա այս միջանցքի ստեղծումը, հնարաւոր այլ միջանցքների հետ միասին, կարող է համարուել տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու նախերգանք:
Մէկ այլ առիթով Տամաւանտին պատասխանելով ԻՍՆԱ-ին` անուղղակիօրէն շօշափել է «Խաղաղութեան միջանցք»-ի համար առաջարկուող վայրին: Լուրը հրապարակուել է երեք օր անց` ուրբաթ, ապանի 30-ին: ISNA-ի հրապարակմամբ, Տամաւանտին իրավիճակը պարզաբանել է հետեւեալ կերպ.
Եթէ նախատեսւում է միջանցք ստեղծել Ազրպէյճանի Հանրապետութեան տարածքը Նախիջեւանին միացնելու համար, ապա տարածաշրջանում հնարաւոր է ստեղծել այլ միջանցքներ, այդ թւում` Մակու-Նախիջեւան-Հայաստան միջանցքը, որոնք կարող են օգտագործուել հաւասարակշռութիւն ստեղծելու համար:
«ԱԼԻՔ» օրաթերթը նոյնպէս հրապարակում է մի հարցազրոյց, որտեղ Տամաւանտին անդրադարձել է ծրագրի նախապատմութեանը: Նա այդ հարցազրոյցում նշել է.
«2017-ին հարաւ-հիւսիս միջկառավարական նշանակութեամբ մայրուղու կարեւորութիւնը շեշտելու համար առաջարկեցի Ազրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի հաղորդակցման ուղիները միաժամանակ օգտագործուեն համատեղ, իսկ այն անուանել էի «Կովկաս` կապող օղակ»: Այդ ժամանակ տարածաշրջանում տիրող պայմանների պատճառով հնարաւոր չէր առաջարկել Իրանի, Նախիջեւանի եւ Հայաստանի միջանցքների օգտագործումը, բայց այժմ Նախիջեւանի միջանցքի ստեղծումով դէպի Ազրպէյճանի Հանրապետութիւն, թւում է, որ Իրան, Նախիջեւան, Հայաստան միջանցքները ստեղծելու խնդիր չի լինելու, քանի որ դա միջանցք է, որը լինելու է բազմակողմ եւ խաղաղութեան վրայ հիմնուած գործընկերութեան եւ համագործակցութեան հաշուին:
Այդքանից յետոյ, վերջապէս, Շոայիպ Պահմանը եւ Սէյէտ Մոհամմատ Ռեզա Տամաւանտին հերթական համատեղ զրոյցի ընթացքում պատմեցին այս ծրագրի մասին որոշ մանրամասնութիւններ: Այս զրոյցից հատուածներ են արժանացել ԶԼՄ-ների ուշադրութեանը: «Ֆարս» լրատուական գործակալութիւնը զրոյցի տեսանիւթին կից իր նորութիւնների բաժնում հրապարակել է «Խաղաղութեան միջանցք»-ի որոշ մանրամասներ, որտեղ նշւում է, որ առաջարկի համաձայն, Կովկասի տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու եւ կայունութեան պահպանման նպատակով միջանցքը միմեանց է կապելու Իրանը, Թուրքիան, Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանը, ինչը նպաստելու է երթեւեկութեանը եւ արագացնելու է ապրանքաշրջանառութեանն ու համապատասխան ծառայութիւնների իրացմանը: Առաջարկուող միջանցքը, շարունակում է «Ֆարս»-ը, ինչը կոչուելու է «Խաղաղութեան միջանցք», կը ստեղծուի Իրանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան սահմանների խաչմերուկում, շուրջ 3 քմ երկարութեամբ: Այս միջանցքը, չորս երկրների շահերն ապահովելու կողքին, հանդիսանում է որպէս աւելի կարճ եւ տնտեսապէս շահաւէտ միջանցք` հարաւ-հիւսիս մայրուղու ճանապարհին, ինչով միացուելու է Պարսից ծոցի, Օման ծովի եւ Հնդկական ովկիանոսի, Միջերկրական ծովի եւ, վերջապէս, Սեւ ծովի սահմանակից բոլոր երկրները: Այսպիսով, ստեղծուած միջանցքը, բացի առեւտրա-տնտեսական գործառոյթներից, ունենալու է տարածաշրջանում անվտանգութեան հաստատման ու խաղաղութեան պահպանման առաքելութիւն` բոլոր երկրների շահերը միմեանց կապելու գործօնով:
«Ալիք» օրաթերթն իր նոյեմբեր 23-ին հրապարակուած պարսկերէն յաւելուածով գրել էր, որ «Խաղաղութեան միջանցք» նախագիծը իրանական նախաձեռնութիւն է, որի հեղինակների` Տամաւանտիի եւ Շոայիպ Պահմանի համոզմամբ, երբ Նախիջեւանը Ազրպէյճանի Հանրապետութիւն կապող ճանապարհը կարող է անցնել թշնամի երկիր համարուող Հայաստանի տարածքն օգտագործելով, ապա սա կարող է նշանակել, որ տարածաշրջանում հաստատուել է կայուն խաղաղութիւն, ինչով կարելի է եզրակացնել, որ ձեւաւորուել է բոլոր շահախնդիր կողմերի համար երկգլուխ յաղթանակով խաղ: Փորձագէտների կարծիքով, նման իրավիճակներում հակամարտութիւնը շարունակելու հիմքեր չեն լինի, իսկ համագործակցութիւնների զարգացման հետ մէկտեղ կարելի է անցեալում տեսնել տարակարծութիւնները: Սա հէնց այն բանաձեւն է, ինչը տարածելով նաեւ միւս հակամարտութիւնների վրայ եւ աւելացնելով միջանցքների քանակը` կարելի է ընդգրկել նաեւ նոր շահառու երկրների: «Խաղաղութեան միջանցք»-ի առաւելութիւնը նրա կարճ տարածութիւնն է, ինչը դրա իրականացումը ծախսարդիւնաւէտ է դարձնում, բացի այդ` ոչ միայն ազդում է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի վրայ եւ բարելաւում նրանց միջեւ եղած փոխգործակցութիւնը, այլեւ ուղղակիօրէն ազդելու է հարաւ-հիւսիս մայրուղու բարգաւաճման գործին: Պարսից ծոցը, Օմանի ծովը եւ Հնդկական ովկիանոսի ու հարաւային երկրները, ինչպէս նաեւ Սեւ ծովի ու Հիւսիսում գտնուող Պալթիք ծովի երկրները ցանկանալու են օգտուելու այս միջանցքի ընձեռած հնարաւորութիւններից:
«ԱԼԻՔ» օրաթերթն հրապարակած իր մեկնաբանութեամբ առաջարկել է, որ «Խաղաղութեան միջանցք» նախագիծը, որը ապահովելու է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, դիտարկուի մեր երկրի դիւանագիտական կառոյցի կողմից եւ օրակարգ մտցուի որպէս` հասարակական պահանջ: