ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Անկախ աշխարհագրական դիրքից ու ներքաղաքական իրավիճակներից` այսօր արդէն կարելի է համեմատական եզրեր ուրուագծել ոչ վաղ անցեալում սիրիական, իսկ ընդամէնը շաբաթներ առաջ աւարտուած արցախա-հայաստանեան պատերազմական ճգնաժամերի միջեւ:
Համեմատական եզրի եւ յատկապէս նմանութիւնների առումով, խիստ ակնբախ է երկու երկրների դէմ պատերազմ շղթայազերծած արտաքին ուժերի այսպէս ասած քոալիսիոնի ձեւաչափը: Թէ՛ Սիրիայի եւ թէ՛ Հայաստան-Արցախի դէմ համատեղ կռուել ու զինուժ են կիրառել հիմնականում Թուրքիան, ՏԱՀԵՇ-ժիհատականներն ու սիոնիստական Իսրայէլը, իսկ եթէ արցախեան 44-օրեայ պատերազմի դէպքում անմիջական թշնամին Թուրքիայի շրջանային արբանեակ Ազրպէյճանն էր, Սիրիայի դէպքում դա հակաասատ ներքին զինեալ այսպէս ասած` Ազատ բանակն էր, որ արտաքին միւս ուժերին լծակից` 6-ամեայ արհաւիրք ու աղէտալի վիճակ ստեղծեցին սիրիական երկրի համար:
Մէկ այլ նմանութիւնը երկու պատերազմներում դա ռուսական գործօնի միջամտութիւնն էր, որն Սիրիայի դէպքում պատահեց, կարելի է ասել, ժամանակին, երբ արդէն Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն խիստ վտանգի էր ենթարկուել: Իսկ Հայաստան-Արցախի դէպքում, ցաւօք, դա դերակատար եղաւ այն ժամանակ, երբ իրողապէս Հայաստան աշխարհը արցախեան մասով 75 տոկոսի տարածքային կորուստ ունեցաւ… ու` դրանից բխող այն ծանրակշիռ հետեւանքները, որոնք յաղթահարելը կրկնակի ծանրակշիռ են թւում:
… Որպէս համեմատական լրացուցիչ եզր, ակամայ մտածում ու ինքդ քեզ հարց ես տալիս` արդեօք սիրիացի ժողովուրդը չէր պահանջի նախագահ Պաշշար Ասատի հրաժարականը, եթէ վերջինս ինքնակամ ու ստորացուցիչ պայմանագրերով Թուրքիային զիջէր (արդէն ներխուժած) Աֆրինը, Մանբիճը, կամ Լաթաքիան ու հայաբնակ Քեսաբը…
Հասկացողաց շատ բարեւ…