Աղէտը Ամուր Թակում Է Մեր Դռները

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Alikonline-
ի պատասխանատուխմբագիր

Հայաստանը աղէտի ճարակ է դարձել։ Համավարակը վխտում է ամենուր։

Երկիրը ապոկալիպսի վտանգի շեմին է կանգնած, գործող իշխանութիւնների եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ նմանը չունեցող անտաղանդ ղեկավարման, անհասկանալի, անհամաչափ եւ անարդիւնաւէտ գործողութիւնների պատճառով։

Հայաստանն այսօր ունի առողջապահական լրջագույն խնդիր։ Արտակարգ պայմաններում, որում յայտնւել է Հայաստանը, ենթադրում է համաճարակային յստակ եւ խիստ կառավարում՝ համապատասխան ռազմավարութեամբ եւ մարտավարութեամբ, ինչն անկարող են իրականացնել գործող կառավարութիւնը եւ վարչապետը, իսկ սա մահացու վտանգ է երկրի համար։

Այն ճակատագրական սխալները, որոնք թոյլ տւեցին ՀՀ իշխանութիւնները համաճարակի դէմ պայքարում, երկիրը կանգնեցրել է անվտանգային լուրջ մարտահրաւէրի դէմ-յանդիման։ Մարդիկ հազարներով հիւանդանում են, մեռնում տասնեակներով, եւ դրա վերջը չի երեւում։

Արտակարգ իրավիճակները արտակարգ լուծումներ են պահանջում։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախօրէին հրապարակած իր յայտարարութեան մէջ անդրադարձել է արտակարգ քայլեր ձեռնարկելու օրակարգային պահանջին եւ անհրաժեշտութեանը. Հրաւիրել ԱԺ արտահերթ նիստ, համաչափ եւ համարժէք գնահատական տալ ստեղծւած իրավիճակին, պատասխանատւութեան կանչել ձախողած բոլոր պաշտօնեաներին, այդ թւում՝ վարչապետին, գտնել ճգնաժամից դուրս գալու արդիւնաւէտ լուծումներ։

Ներկայ պայմաններում, լուծումը եւ ելքը միակն է. Համախմբւել նոր՝ ազգային համաձայնութեան կառավարութեան ձեւաւորման գաղափարի շուրջ։ Կառավարութիւն, որը կը կարողանայ Հայաստանը դուրս բերել այս փակուղային վիճակից։

Նոր կառավարութիւնը պէտք է անյապաղ քայլեր ձեռնարկի համաճարակի մեկուսացման ուղղութեամբ, լծւի տարբեր նշանակության եւ տրամաչափի սոցիալ-տնտեսական կուտակւած բազմաբնոյթ խնդիրների կարգաւորմանը, երկրում իրավիճակի լիցքաթափմանը եւ նորմալ աշխատանքային մթնոլորտի ձեւաւորմանը։

Սա է ներկայ անելանելի թւացող կացութիւնից միակ փրկօղակը։ Այլապէս կորուստները կը դառնան անվերադարձ եւ ճակատագրական։ Այն, ինչ որ կատարւում է այսօր, աղէտ է, որն օրեցօր աւելի ծանր հետեւանքների է բերելու ոչ միայն Հայաստանի, այլ, նաեւ, Արցախի եւ ողջ հայութեան համար։

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )