ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»-ի 13 օգոստոս 2015-ի համարին մէջ կար Ալիս Յովհաննիսեանի ստորագրութեամբ էջ մը, որմէ այնքա՜ն իմաստութիւն կրնան քաղել Հայաստանի եւ սփիւռք(ներ)ի ազգային-քաղաքական իրաւ մտահոգութիւն ունեցողները, անոնք ըլլան վերնախաւի մաս կազմողներ թէ շարքային հայեր: Էջը կ՛արտագրենք եւ կը յանձնենք ընթերցողի ուշադրութեան:
«Հայրենագիտութիւնը գլխաւոր ուսմունքն է այն անձանց համար, որոնք նուիրւում են ծառայելու հայրենիքին: Ով հայրենիք չի տեսել, չի ճանաչել եւ կամենում է նրա համար մի ծառայութիւն անել, նման է այն դերձակին, որ մարդուն չտեսած, նրա չափսը չառած` նրա համար հագուստ է ձեւում: Եթէ դերձակը լաւ արհեստաւոր եւս լինի, բայց հագուստը կամ նեղ դուրս կը գայ, կամ` լայն, կամ կարճ դուրս կը գայ, կամ` երկար: Մի խօսքով այլանդակ բան կը լինի: Մի այդպիսի սխալի մէջ չընկնելու համար ես ցոյց տուի քեզ մեր հայրենիքը. շատ երեւոյթների պատճառները բացատրեցի քեզ, շատ տեղերի եւ շատ ցեղերի հետ ծանօթացար դու: Ես ձգեցի քո մէջ ապագայ յառաջադիմութեան սերմերը միայն: Իսկ գիտութեան լոյսը կը ծլեցնէ, կ՛աճեցնէ եւ պտղաբեր կը կացուցանէ նրանց: Այդքանը բաւական է, այժմ գնանք: Այսպէս խօսեց Ասլանը Ֆարհատի հետ` իրենց երկար դեգերումներից յետոյ» (Րաֆֆի, «Կայծեր»):
Րաֆֆին հիանալի գիտէր իր երկրի ամէն մի թիզը, որ իր ոտքով չափել, իր աչքով էր տեսել: Նա մեր մեծ բնանկարիչն է նաեւ: Նրա նկարագրութիւնները գեղարուեստի չգերազանցուած նմուշներ լինելուց զատ` հայրենագիտական, ճանաչողական անգնահատելի քարտէսներ են: Նա վկայում է ոչ միայն իր, այլեւ հին ժամանակներում տուեալ տեղանքի աշխարհագրական, բնագիտական, բնակեցուածութեան (նոյնիսկ բնակչութեան խտութեան) վիճակի մասին:
Իր երկրի բնութեամբ հմայուած, արբած այս մեծ ճանապարհորդը անվերջ մտածում էր, թէ ինչից ինչ կարելի է շինել, գիտէր բնակլիմայական տարբեր գօտիների պայմանները եւ Նալբանդեանի նման համոզուած էր, որ «տնտեսական հարցն է» ամենակարեւորը, որ գիւղացուն անպայման պէտք է կապել հայրենի հողի հետ:
Մի՞թէ ներկայիս կլիմայափոխութիւններն այնքան են ազդել մեր երկրի այս շատ փոքրիկ, բայց անկախացած հատուածի վրայ, որ այստեղ այլեւս հնարաւոր չէ ծխախոտի փոխարէն կամ գոնէ դրա չափ շաքարի ճակնդեղ, ցորեն աճեցնել այնքան, որ գերի չդառնանք «գերժամանակակից» վաճառականների անխնայ հարստահարումներին: Թթենին, որից առաջնակարգ մետաքս էին ստանում, Հայաստանում աճում է գրեթէ առանց յատուկ խնամքի: Նալբանդեանի եւ Րաֆֆու վկայութեամբ, Հայաստանում նաեւ բրինձ էին մշակում: Խորհրդայինների ժամանակ մեր երկրում բամբակ էր աճում, նոյնիսկ Բամբակաշատ անունով գիւղ ունէինք. պիոներներին տանում էին բամբակահաւաքի: «Կայծեր»-ում Խրիմեան Հայրիկը խօսում է կարտոֆիլի, տորոնի եւ թթենու մշակման մասին: Ի հարկէ, կարտոֆիլին ասում է «գետնախնձոր»: Պատմում է, որ վանքը սկսել է գետնախնձոր աճեցնել «եւ մինչեւ այսօր մեծ դժուարութիւններ է կրում գիւղերում տարածելու: Մեր տէրտէրները դեռեւս չեն լուծել այն հարցը, թէ արդեօ՞ք գետնախնձորը կարելի է ուտել պահոց օրերում»: Այսօր կարտոֆիլը մեր աղքատների եւ յատկապէ՜ս պահոց օրերի հիմնական կերակուրն է:
Րաֆֆին գիտէր իր երկրի օգտակար հանածոների ցանկը: Վանի Ս. Նշան եկեղեցու սրբազանը Ասլանի ու Ֆարհատի հետ զրոյցի ժամանակ «ցաւակցական եղանակով» ասում է. «Հարստութիւններ շատ կան մեր երկրում, պարո՛ն բժշկապետ, մեր հանքերը լի են արծաթով, զառիկով (զառիկը մկնդեղն է, Ա. Յ.), պղինձով, մենք ունենք նաւթի աղբիւրներ, առատ քարածուխ եւս գտնւում է մեր լեռներում, ուրիշ ինչե՛ր չունենք մենք, բայց օգուտ քաղողներ չկան: Եթէ ձեզ նման ճանապարհորդներ յաճախ այցելէին մեր կողմերում, մենք բախտաւոր կը լինէինք»: Այսօրուան Թուրքիայի տարածքում մօտ 100 տեսակի օգտակար հանածոներ կան, քրոմիտի պաշարներով այն աշխարհում 4-րդ տեղում է, աշխարհի սնդիկի 25 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային: Շատերը մեր պատմական հայրենիքի ընդերքի հարստութիւններն են: Մենք վաղո՛ւց արդէն (1934-ից) ունենք ԵրՊՀ-ի Աշխարհագրության եւ երկրաբանութեան ճիւղ, լաւ մասնագէտների, մեր ընդերքի գինն իմացողների պակաս երբեք չենք ունեցել: Րաֆֆու ժամանակներում մեր երկրում չկային հանքանիւթերը կորզողներ, իսկ հիմա չկան կորզողներից կորզողների գայլային ախորժակը զսպողներ: Անվերջ գոռում-ճչում ենք մեր օգտակար հանածոների ճիշդ օգտագործման մասին, մեր բնապահպանները կոկորդ են պատռում մեր այս փոքրիկ երկրի հետ զգուշաւոր վարուելու կոչերով… Ձայն բարբառոյ…
Րաֆֆին գիտէր, թէ ինչպէ՛ս է Վանի շրջակայքի գիւղացին բորակ նիւթը հայթայթում եւ դրանից օճառ պատրաստում, թէ ինչպէ՛ս են առափնեայ գիւղերի ձկնորսներն իրենց համար նաւակներ պատրաստում, գիտէր, որ հնձուորները գիշերով պէտք էր հնձէին ցորենը, քանի որ «ցերեկուայ տօթը այն աստիճան տոչորում է, ցամաքեցնում է հասունացած արտերը, որ հնձելու միջոցին հասկերից հատիկները թափւում են» («Կայծեր»):
Մեր մեծ մտածողը գիտէր աշխատասէր գիւղացու եւ ծոյլ գիւղացու բնակութեան վայրերը: «Մեր գիւղացիք… Անիծուին նրանք… այնքան ծոյլ են, որ տրտնջում են Աստծոյ դէմ. «Ինչո՞ւ, Աստուա՛ծ, հացը այնպէս չստեղծեցիր, որ գետնից հէնց թխած բուսնէր, մենք վարելու, ցանելու, հնձելու, աղալու, թխելու հոգ չունենայինք», ասում է Ս. Նախավկայի վարդապետը: «Մտքումս ասեցի, թէ դուք էք ծուլացրել նրանց» («Ուղեգրութիւններ»): Գիւղացուն ծուլացնելու, ամլացնելու այս գործընթացը համաշխարհայնացման ծրագրի մի մասն է: Անգլիայի ֆերմերները, որոնց ծագման եւ տնտեսվարական կարգի մասին արդէն իսկ շատ բան գիտէր Նալբանդեանը, հիմա կանգնած են նոյն այդ որակազրկուած հողագործի վիճակում: Մ. Թաչըրի կառավարութիւնը ֆերմերին դրեց մի կացութեան մեջ, որ շատ արագ դէպի անկում տարաւ գիւղացիական տնտեսութիւնը: Այսօր Անգլիան գիւղմթերքի էժանագին ներկրող է եւ արտահանելու քիչ բան ունի:
Ծոյլ գիւղացու մասին մեր ներկայիս հայրենիքում էլ շատ է խօսւում, երբ թւում է, թէ գիւղացին եւ աշխատասիրութիւնը հայի համար հոմանիշ բառեր պէտք էր լինէին: Երեւանին մօտ գիւղերից մէկում փորձ են արել կանանց ասեղնագործութիւն, գորգագործութիւն սովորեցնել, բայց ոչինչ չի ստացուել: Ըստ երեւոյթին, ազգային արուեստներն ու արհեստները նախ իրենց ծագումնաբանութիւնն ու աւանդականութիւնը պէտք է վերագտնեն:
Որքա՞ն, ուրեմն, Րաֆֆու ասած հայրենագիտութիւնը եւ Նալբանդեանի ցոյց տուած «Երկրագործութիւնը` որպէս ուղիղ ճանապարհ», մեզ` այսօրուայ հայերիս համար գանձ-նպատակի արժէք պէտք է ունենան… Մի օր մենք էլ մեր տնտեսութիւնն այնքան լաւ կ՛իմանա՞նք, որքան լաւ գիտէր Րաֆֆին օտարի լծի տակ տնքացող եւ սեփական պետականութիւն չունեցող իր ժողովրդի ունեցածն ու չունեցածը: