Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅ Դաշնակցութեան Դերը Արցախում Պետութեան Վերակերտման Գործում (1890-2020 թթ.)

Փետրուար 26, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

20-րդ դարի սկիզբներին արցախահայութիւնն իր ազատութեան եւ անկախութեան ուղիներում հանդիպեց առաւել ծանր իրավիճակների: Եթէ նախկինում ցարական իշխանութիւնները հայութեան դէմ պայքարում էին աւելի «քաղաքակիրթ» միջոցներով, ընդունւում էին որոշումներ, օրէնքներ, կամ էլ հետապնդւում էին առանձին անհատներ, կազմակերպութիւններ, ապա այս անգամ բռնարարքների ենթարկուեց ողջ ժողովուրդը:

Դարավերջին դա հիմնականում կապուած էր 1903թ. յունիսի 12-ի Նիկոլայ Երկրորդի տխրահռչակ հրամանագրի հետ, որով բռնագրաւուեցին հայ լուսաւորչական եկեղեցու կալուածներն ու գոյքը:  Այսրկովկասի հայաշատ վայրերում ապստամբական տրամադրութիւններ էին տիրում: Հակակառավարական պայքարի մէջ ներքաշուեց նաեւ արցախահայութիւնը: 1903թ. սեպտեմբերի 8-ին նահանգապետ Լուցաուն 500 կոզակների ուղեկցութեամբ Գանձակից հասնում է Շուշի եւ փորձում ի կատար ածել կառավարութեան որոշումը: Ժողովրդի դիմադրութեանը կոզակները պատասխանեցին կրակոցներով: Ընդհարումների ժամանակ երկու կողմից կային սպաննուածներ եւ վիրաւորներ: Զինուած դիմադրութիւնը շարունակուեց մի քանի օր: Ձերբակալուեց  աւելի քան 120 մարդ: Քաղաքում ռազմական դրութիւն յայտարարուեց:

Դաշնակցութեան «Ապառաժ»-ի կառոյցը որոշեց վրէժխնդիր լինել արիւնալի ընդհարումների կազմակերպիչների հետ:

Ահաբեկման ենթարկուեց Գանձակի փոխնահանգապետ Անդրէեւը, Շուշիում սպաննուեց Սախարովը, գաւառապետ Շումակովիչը, ժանտարմ Պոդշիւալովը, գաղտնի ոստիկան Խասիեւը, գանձարանի պաշտօնեաներ Բադիեւը եւ Կոպրունովը:

Ցարական իշխանութիւնների դէմ դիմակայութեան ալիքը չէր մարել, երբ 1905-1906թթ. նոյն ուժերի կողմից սանձազերծուեցին ազգամիջեան ընդհարումներ:

Այդ ծանր տագնապի օրերին պետականութիւնից ու սեփական իշխանութիւնից զուրկ հայ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու բարդ եւ պատասխանատու գործը ստանձնում է Հայ յեղափոխական դաշնակցութիւնը: «Եւ մի ազգ, եթէ ուզում է մնալ յարգուած, եթէ չի ուզում կորչել, պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանութեան համար, մանաւանդ` քաղաքական ցնցումների վայրկեաններում»: Այդ օրերին նման սկզբունքով էր գործում ՀՅԴ անվեհեր մարտիկ Նիկոլ Դումանը:

Այսրկովկասի հայաշատ վայրերը պաշտպանելու նպատակով ՀՅԴ-ը ժողով գումարեց, որտեղ Նիկոլ Դումանը ռազմական ծրագիր ներկայացրեց, ըստ որի` ամէն մի գիւղ եւ շրջան պէտք էր ստեղծէր ինքնապաշտպանական ջոկատ, սակայն խմբապետը պէտք էր լինէր ոչ տեղացի փորձառու ֆիտայիներից մէկը:

Նիկոլ Դումանը քաջ գիտակցում էր, որ ֆիտայական ջոկատներով անհնարին է դիմակայել թուրք-թաթարական բազմահազար զինեալ աւազակախմբերին եւ նրանց աջակցող ցարական կանոնաւոր զօրքերին: Ուստի պէտք էր ստեղծել կանոնաւոր ինքնապաշտպանական բանակ, որը պէտք էր ունենար համապատասխան կառուցուածք, յստակ սահմաններ հրամանատարների եւ զինուորների պարտականութիւնները: Այդ նպատակով մշակւում եւ շրջանների ինքնապաշտպանական խմբերին առաջարկւում է 4 մասերից եւ 33 կէտերից բաղկացած «Հրահանգ» շրջաբերականը:  առանց ազգային պետութեան գոյութեան` Դաշնակցութեանը յաջողուել էր ստեղծել 16 հազարանոց բանակ:

Մուսաւաթական Ազրպէյճանի հիմնադիրներից մէկը` Աղայեւը, Դաշնակցութեանը ցարական իշխանութիւնների առջեւ վարկաբեկելու նպատակով 1906թ. փետրուարի 27-ին Կովկասի փոխարքայի մօտ խորհրդակցութեան ժամանակ նշել է. «Դաշնակցութիւնը 15 տարի գոյութիւն ունի, իմացանք որ հիանալի մաուզերներ ունի, մի ամբողջ արմիա, այն ժամանակին կռւում էր Թիւրքիայի դէմ, երէկ կառավարութեան դէմ, էսօր մեր` թուրքերիս դէմ…»:

ՀՅԴ Արեւելեան բիւրոն Արցախում  կազմում է Զինուորական մարմին, որը գլխաւորում էր ղշլաղեցի Սարգիս Մեհրաբեանը (Խանասորի Վարդանը): Նրան յանձնարարուած էր կազմակերպել Արցախի եւ Սիւնիքի հայութեան ինքնապաշտպանական մարտերը: Զինուորական մարմինի որոշմամբ Արցախն, ըստ գաւառների, բաժանուեց պաշտպանական շրջանների, որոնց հրամանատարներ նշանակուեցին փորձառու ֆիտայիներ: Վարանդայի պաշտպանութիւնը  կազմակերպում էին Հայրում Վարդանեանը, Արամայիսը (Միսաք Տէր Դանիէլեանը) եւ Մածուն Խեչոն: Խաչէնի շրջանի հրամանատարն էր Համազասպը:

Զինուորական շրջաններն իրենց հերթին բաժանւում էին ենթաշրջանների:

Նման գործելակերպն Այսրկովկասի տարբեր բնակավայրերում թուրքերին ստիպեց պարզել սպիտակ դրօշակ եւ սկսել բանակցութիւններ: Այդ ամէնի շնորհիւ հայութիւնը փրկուեց վերահաս զանգուածային ջարդերից:

1917թ. հոկտեմբերեան պետական յեղաշրջումից յետոյ նախկին ռուսական կայսրութեան ողջ տարածքում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծւում:  Տեղերում զգալի էր անիշխանութեան մթնոլորտը: Նախկին իշխանութեան մարմինները կազմալուծուեցին: Արցախի բնակչութեան մտահոգութիւնը փարատելու, երկրամասում կարգ ու կանոն հաստատելու իրաւասու իշխանութիւն ստեղծելու նպատակով ՀՅԴ Արցախի կառոյցը նպատակայարմար գտաւ, գործող բոլոր քաղաքական ուժերի ջանքերի համադրութեամբ, կեանքի կոչել լիազօր մի մարմին, «որ գործելու է իբրեւ Լեռնային Ղարաբաղի ժամանակաւոր տեղական իշխանութիւն, եւ որի հիմնական նպատակն էր կազմակերպել ժողովրդին, վերջ տալ գլուխ բարձրացրած անիշխանութեանը եւ բոլոր միջոցներով պահպանել խաղաղութիւնը եւ համերաշխութիւնը երկու հարեւան ժողովուրդների` հայերի եւ մուսուլմանների միջեւ»: «Քաղաքական լուրջ անհրաժեշտութիւն էր նոյնպէս, որ Ղարաբաղի հայութեան կառավարող օրկանն իր կազմով լինէր այնպիսին, որ կարողանար հաւատ եւ վստահութիւն ներշնչել նաեւ հարեւան մուսուլմանութեանը»:

Նախախորհրդարանական աշխատանքներից յետոյ, 1917թ. դեկտեմբերի 24-ին Շուշիում կայացած հայ քաղաքական ուժերի հաւաքն ստեղծեց տեղական իշխանութեան մի մարմին, որն անուանուեց «Նոր յեղափոխական կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների  ժամանակաւոր խորհուրդ»: Այդ մարմինը հետագայում անուանուեց Միջկուսակցական բիւրօ: Այն օժտուած էր օրէնսդիր եւ գործադիր գործառոյթներով: Որոշուեց կառավարութեան մէջ ներառել, համամասնական սկզբունքներով, տարբեր կուսակցութիւնների ներկայացուցիչների: Փոխադարձ համաձայնութեամբ 5 տեղ տրուեց Դաշնակցութեանը, իսկ մնացած կուսակցութիւնները` մենշեւիկները, էսեռները, պոլշեւիկները ներկայացուեցին երեքական անդամներով: Խորհրդի նախագահ ընտրուեց դաշնակցական Հայրապետ Մուսայէլեանը:

Վերոյիշեալ փաստերն ու դէպքերի զարգացման ընթացքը մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ 1917թ. դեկտեմբերին, մի քանի ամիս առաջ, դեռեւս մինչեւ անդրկովկասեան 3 հանրապետութիւնների ծնունդը, Արցախում դրուեց պետական մի միաւորի հիմք, որն ամբողջական տեսք ստացաւ արցախահայութեան առաջին համագումարում 1918թ. յուլիսին: Այն ունէր պետութեանը յատուկ բոլոր հաստատութիւնները` օրէնսդիր, մարմին, գործադիր, դատական իշխանութիւն, բանակ, մայրաքաղաք:

Պատահական չէ, որ 1918թ. ապրիլին Անդրկովկասեան սէյմը Լեռնային Ղարաբաղին տուել էր ազատ շրջանի կարգավիճակ: Մինչեւ Արցախում խորհրդային կարգերի հաստատումը, արցախահայութիւնը, Դաշնակցութեան գլխաւորութեամբ պայքարելով Թուրքիայի եւ Ազրպէյճանի զաւթողական ծրագրերի դէմ, պաշտպանեց պետականութիւնը` յոյսով, որ կը գայ նաեւ ՀՀ  հետ վերամիաւորման ժամը:

1917-1920թթ. Արցախում ազգային պետութեան գոյութեան փաստի հետ խորհրդային տարիներին պոլշեւիկները ստիպուած հաշուի են նստել` Լեռնային Ղարաբաղի հայութեանը տալով ինքնավար կարգավիճակ:

Ոչ հեռաւոր անցեալի պատմական այս իրադարձութիւնները խօսում են այն փաստի մասին, որ Արցախը որեւէ կապ չի ունեցել Ազրպէյճանի 1918-1920թթ. հանրապետութեան հետ եւ այսօր այս հանգամանքը պէտք է ծառայեցուի ԱՀ միջազգային ճանաչմանը:

Արցախում խորհրդային կարգեր հաստատուելուց յետոյ, չնայած դաշնակցական գործիչները հիմնականում հեռացել էին երկրամասից, այնուամենայնիւ, Արցախի ազատագրութեան եւ Հայաստանի հետ վերամիաւորման հարցը կուսակցութեան համար մնում էր առօրէական: Այդ կապակցութեամբ Ռուբէն Տէր Մինասեանը գրել է «ՀՅ Դաշնակցութիւնը, իբրեւ հայ ժողովրդի յոյսի եւ հաւատի խտացում, չի դաւաճանած Գանձակ-ղարաբաղցիին, ընդառաջ է գացած անոր բաղձանքին եւ ամէն տագնապալի վայրկեանին իսկ չէ մոռացած զայն: Այսօր ալ իր հալածական վիճակին մէջ, իր ծրագրին մէջ ունի հին Արցախ գաւառներուն ազատագրումը: Այդ ծրագիրն ինքը չէ յղացած, այլ քաղած է Ղարաբաղի ժողովրդի կամքէն»:

1920-ական թուականների սկզբներին արցախահայութեան ազատագրական պայքարը համակարգում էր Թաւրիզում 1921թ. ստեղծուած «Ղարաբաղի ազատագրման» միութիւնը: Դաշնակցութեան ջանքերով, գաղտնի ճանապարհով Արցախում են յայտնւում այդ միութեան գործիչները, որոնք տեղում, հայրենասէր ուժերի հետ միասին փորձում էին ժողովրդի մէջ կենսունակ պահել ազատագրական շարժման գաղափարները:

Մինչեւ 1929թ. Թարթառի մերձակայ անտառներում, Ջրաբերդում, Էրքեջ, Բուզլուխ եւ Գետաշէն գիւղերի մօտակայքում Գրիգոր Դանիէլեանի, Մովսէս Քոթիեւի, Սերգէյ Բալայեանի, Ալեքսանդր Տէր Սարգսեանի գլխաւորութեամբ գործում էին զինուած ջոկատներ:

1925-1927թթ. Արցախում ապստամբական շարժումներ կանխելու նպատակով Ստեփանակերտում, Շուշիում եւ շրջկենտրոններում զանգուածային խուզարկութիւններ եւ ձերբակալութիւններ են կատարուել: Բռնի ուժով հայ գիւղացիութեան շրջանում եղած զէնքը եւ զինամթերքը բռնագրաւում էր:

1920-ական թուականների կէսերին Դաշնակցութեան ջանքերով Արցախում հակաազրպէյճանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծուել է «Ղարաբաղը Հայաստանին» միութիւնը: Այն իր բջիջներն ունէր ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Գանձակի հայկական շրջաններում: Միութեան հետ համագործակցութեան համար 500 հոգու ձերբակալել են:

Ազատագրական շարժման գործիչները Շուշիի շրջանում պահեստ-արհեստանոց էին կազմակերպել: 1930թ. արտակարգ յանձնաժողովի կողմից ձերբակալուել են 17 զինագործ վարպետներ: Առգրաւուել է 6 թնդանօթ, 30 գնդացիրներ եւ այլ տեսակի զէնքեր ու զինամթերք: Ապստամբել էին Խծաբերդի բնակիչները: Զօրքերը փորձել են ճնշել այն, բայց չի յաջողուել: Արցախում համաժողովրդական յուզումները ճնշելու համար Պաքուից մեծ քանակութեամբ զօրքեր են տեղափոխուել:

1931թ. Միր Ճաֆար Պաղիրովը ԼՂԻՄ մարզկոմի ղեկավարութեանը մեղադրեց նացիոնալիզմի, նացիոնա-ուկլոնիզմի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիաւորելու փորձերի եւ դաշնակցական գաղափարների դէմ չպայքարելու մէջ: Նրա հրահանգով 1937թ. մարտ, ապրիլ ամիսներին Ստեփանակերտում «բացայայտուեց», այսպէս կոչուած, նացիոնալիստական հակախորհրդային խմբաւորում: Մի շարք պաշտօնեաների հեռացրեցին աշխատանքից եւ դատի տուեցին մեղադրելով դաշնակցական կուսակցութեան հետ ունեցած կապերի, Ազրպէյճանի Կոմկուսի Կենտկոմին եւ կառավարութեանը զրպարտելու, ԼՂԻՄ շահերը Ազրպէյճանի Հանրապետութեան շահերին հակադրելու մէջ:

Միր Ճաֆար Պաղիրովի կողմից շրջանառութեան մէջ դրուեց «Ազրպէյճանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղ» արտայայտութիւնը: Դա առայսօր օգտագործւում է Ազրպէյճանի տարբեր տրամաչափի պաշտօնեաների կողմից:

Չնայած բռնաճնշումներին` Դաշնակցութեան գաղափարները ժողովրդի մէջ ապրեցին եւ 1980-ական թուականներին բարենպաստ պայմաններում հանրային ընկալման առաւել լայն շրջանակներ ունեցան:

1985թ. մինչեւ 1988թ. փետրուարը ՀՀ եւ ԼՂԻՄ բնակավայրերում հանդէս եկան քաղաքացիներ, որոնք փորձում էին Արցախը Խորհրդային Հայաստանի հետ վերամիաւորման հարցը նորից առարկայական դարձնել: Ըստ էութեան, այդ մարդիկ էլ դարձան արցախեան շարժման կազմակերպիչներ:

Իգոր Մուրադեանի կարծիքով, նրանց թիւը հասնում էր մօտ 100-ի, որոնցից 32-ը դարձան Դաշնակցութեան մեծ ընտանիքի անդամներ:

Այդ երիտասարդներից շատերը հետագայում դարձան Դաշնակցութեան Արցախի կառոյցի հիմնադիրներ եւ փայլուն մարտական ճանապարհ անցան: Շատերն էլ այդ ճանապարհին իրենց կեանքը նուիրաբերեցին:

Զէնքի առաջի խմբաքանակը Արցախ հասաւ 1988թ. ՀՅԴ արտասահմանեան կառոյցների միջոցով: Իգոր Մուրադեանը հետագայում գրել է. «Ըստ էութեան, զէնքի հարցն արմատապէս լուծուեց 1989թ. վերջին ՀՅ Դաշնակցութեան կուսակցական կառոյցների կազմակերպմամբ»:

Զինուած պայքարին զուգընթաց` անհրաժեշտ էր նաեւ որոնել եւ գործել հարցի լուծման իրաւական ճանապարհները:

Այդ նպատակով կազմակերպուեց ժողովրդական հանրաքուէ, այնուհետեւ կայացուեցին խորհրդային, կուսակցական մարմինների համապատասխան որոշումներ: Այդ ամէնի բարձրակէտը դարձաւ 1988թ. փետրուարի 20-ին կայացած մարզխորհրդի արտահերթ նիստում, ընդունուած ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիաւորման պատմական որոշումը: Սակայն դէպքերը այլ հունով ընթացան:

Արդէն ակնյայտ էր, որ ԽՍՀՄ-ը` որպէս միջազգային իրաւունքի տէր` կը դադարի գոյութիւն ունենալուց:

1991թ. օգոստոսի 30-ին Ազրպէյճանի Գերագոյն խորհուրդը հռչակագիր ընդունեց 1918-1920թթ. մուսաւաթական հանրապետութեան սահմաններում անկախ պետականութեան վերականգնման մասին: Միւս կողմից էլ ՀՀ ՀՀՇ-ական իշխանութիւնը լիովին չէր կողմնորոշուել Հայաստանին Արցախի վերամիաւորման` համայն հայութեան պահանջի հարցում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Մոսկուայում կայացած ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւորների արտահերթ նստաշրջանում Լ. Տէր Պետրոսեանը միայն պահանջեց բարձրացնել ինքնավար մարզի կարգավիճակը:

Ստեղծուած անորոշութեան պայմաններում ապագայ արհաւիրքներին դիմակայելու, բնակչութեան անվտանգութիւնն ապահովելու Արցախի ճակատագիրը կանխորոշելու համար շարժման ղեկավարները պահի առումով ճիշդ ու յստակ որոշում կայացրին:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունուեց, հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին: Այդ որոշումը ամրապնդուեց 1991թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպուած հանրաքուէով: Հարցման ենթարկուածների 99,89 տոկոսն արտայայտուեց իր ԼՂՀ հռչակման օգտին: Յաջորդ քայլը պետական համակարգի ձեւաւորումն էր: Այդ բախտորոշ ժամանակահատուածում Դաշնակցութիւնը իր վրայ պատասխանատուութիւն վերցրեց եւ գլխաւորեց Արցախում պետականութեան վերակերտման գործընթացը:

1991թ. դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին ընտրութիւնները, որի արդիւնքում ընտրուել են 56 պատգամաւոր: Նրանցից 23-ը դաշնակցականներ էին: Անկուսակցական պատգամաւորների զգալի մասը հարում էր Դաշնակցութեանը: 1992թ. յունուարի 8-ին դաշնակցական Արթուր Մկրտչեանն ընտրուեց ԳԽ առաջին նախագահ:

Չնայած Գերագոյն խորհրդի պատգամաւորները մեծամասնութեամբ ՀՅԴ անդամներ էին, ԱՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը մէկտեղելու, թշնամու դէմ համաժողովրդական ճակատ յարդարելու եւ ՀՀՇ-ական իշխանութիւնների հետ կանոնաւոր յարաբերութիւններ ստեղծելու նպատակով նախարարական աթոռները, այդ թւում` վարչապետի, յանձնուեցին հանրապետութիւնում գործող այլ ուժերի ներկայացուցիչներին:

Անհրաժեշտ էր զերոյից ստեղծել պետական մի համակարգ, որը պատերազմական պայմաններում պէտք էր կենսունակ լինէր: Նորաստեղծ պետական այդ համակարգ ժողովրդին առաջնորդելով, անհնարինը հնարաւոր դարձրեց` մի քանի անգամ գերազանց ուժեր ունեցող թշնամու նկատմամբ ապահովելով փայլուն յաղթանակ:

Յետպատերազմեան տարիներին (1994-2007թթ.) Դաշնակցութիւնը իր պետականաշէն գործունէութիւնը ծաւալեց ընդիմադիր դաշտում` փորձելով օրուայ իշխանութիւններին մղել ժողովրդանպաստ որոշումների կայացմանն  ու իրագործմանը:

2007-2020թթ. Դաշնակցութիւնը դարձաւ իշխանութեան հետ համագործակցող ուժ: Մեր գնահատականով, այդ տարիները, դժուարութիւններով հանդերձ եւ երբեմն էլ որոշ բացասական  երեւոյթների նկատմամբ Դաշնակցութեան համար անընդունելի լինելու պարագայում էլ, ընդհանրութեան մէջ արգասաբեր էին:

Պատմութիւնը թարմ հետքերով շարադրելը անշնորհակալ գործ է: Յուսով եմ, որ ժամանակի եւ տարածութեան մէջ նոր ուսումնասիրողները վերջին տասնամեակի զարգացումների վերաբերեալ իրենց խօսքը կ՛ասեն, որտեղ անկասկած նորագոյն շրջանի պետականաշինութեան կայացման գործում Դաշնակցութեան տեղն ու դերը նշմարելի կը լինի:

Դաշնակցութիւնը անհատի կուսակցութիւն չէ, այն ծնուել է ժողովրդի պահանջով եւ այսուհետ եւս կը ծառայի ժողովրդին:

(Շար. 2 եւ վերջ)

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

«Ապառաժ»-ի Խմբագրական. «Ես»-ի Ու «Մենք»-ի Պայքար

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?