ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Հայոց բանակի խիզախ մարտիկներ,
Քաջքերն էք հզօր Ազատ Մասիսի,
Որ սպառազէն, ոգով անվեհեր
Օն անդր էք ելնում շուքով հերոսի:
Սերոբ Աղբիւրի կորիւններն էք դուք,
Սօսէ Մայրիկն է ձեզ սնել սիրով.
Հայ ազգի դատին նուիրուած հայդուկ,
Մեր անկեղծ սէրը լինի ձեզ կորով:
Գէորգ Չաւուշի սրտի կտորն էք,
Ձեր մէջ կրում էք ոգին Մուրատի.
Մեր բեկուած յոյսին եղաք ապաւէն,
Ու պայքարում էք յանուն Հայ դատի:
Քաջ Անդրանիկի «կիսատ գործը» սուրբ
Առաջ էք տանում մի նոր սխրանքով.
Հրով հրաբորբ եւ ամպրոպով ռումբ`
Կրակի տուէք թշնամուն խռով:
Մենք ներշնչւում ենք ձեր հերոսութեամբ,
Ուխտում ենք քայլել Հայ դատի ճամբով.
Անվեհեր Դրոն, Արամ Մանուկեան,
Կարմիր բանակի մարշալ Բաղրամեան
Մասսեաց լանջից են նայում հոգեթով:
Յառաջ ընթացէք հայոց բանակի
Հերոս մարտիկներ, անձնազոհ տղերք,
Մեր իրաւունքով եւ ուժով բազկի
Մենք կը տիրանանք Արարատին սէգ: