Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յովհաննէս Քաջազնունու Ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

Յունուար 17, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամպիոնի ասիստենտ

Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Պաքուի հայկական Ս. Թադէոս-Բարդուղիմէոս մայր եկեղեցիի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ի՛նչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը` հայրենիք վերադառնալուց յետոյ: Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանուած էջերը:

1923թ. ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 19-ը Վիեննայի մէջ գումարւում է ՀՅԴ Արտասահմանեան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (քոնֆերանս): Խորհրդաժողով հրաւիրւում է եւ Յ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարւում է մասնակցել եւ իր զեկուցումը, որը վերնագրուած էր «ՀՅ Դաշնակցութիւնը անելիք չունի» ուղարկում է փոստով: 1923թ. յուլիսին Յ. Քաջազնունին իր զեկոյցը կուսակցական շարքային ընկերներին աւելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքոյկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թէ՛ ՀՅԴ կուսակցութեան մէջ եւ թէ՛ սփիւռքի գաղութներում: Նոյն թուի օգոստոսի 15-ին Յ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտէին (ՀՅԴ կուսակցութեան այն շրջանի ղեկավարութեանը, որի մէջ գտնւում էր Յ. Քաջազնունին, ՀՄ), որով յայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցութեան շարքերից: Այնուհետեւ Յ. Քաջազնունին 1924թ. մարտի 15-ին դիմում է Պերլինի Խորհրդային իշխանութեան ներկայացուցչութեան Անդրկովկասեան Խորհրդային Հանրապետութիւնների առեւտրական ներկայացուցչին` խնդրելով թոյլտուութիւն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ. սեպտեմբերի 25-ին Անդրերկրկոմի խնդրանքով եւ Ալ. Միասնիկեանի զեկուցումով Համկ(բ)Կ կետկոմի քաղպիւրոն թոյլտուութիւն տուեց եւ վերադարձի որոշում ընդունեց Յ. Քաջազնունու համար: 1924թ. դեկտեմբերի վերջերին Յ. Քաջազնունին հասնում է Պաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. յունուարի 19-ին նա արդէն Երեւանում էր: Եւ իրապէս մեծ յոյսերով ու նպատակներով Յ. Քաջազնունին վերադարձաւ Երեւան:

Պատանեկան խանդավառութեամբ նա անցաւ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու յանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծաւալի շինարարական աշխատանքներ, եւ ճարտարապետների խիստ կարիք էր զգացւում: Եւ Քաջազնունու բարձր արհեստավարժութիւնը եւ խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ հանրապետութեան հասարակական եւ ճարտարապետական կեանքում: 1925թ. Յ. Քաջազնունին, գալով Երեւան, ընտրւում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ եւ կարճաժամկէտ ծառայութիւնից յետոյ մարտի սկզբից ստանձնում է Հայ բամբակ կոմիտէի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտօնը, որը զբաղեցնում է մինչեւ 1927թ. մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա յաճախ էր հրաւիրւում տարբեր յանձնաժողովների աշխատանքներին եւ տալիս նախագծերի եզրակացութիւններ: 1926թ. Յ. Քաջազնունին մասնակցում է կառուցուելիք ժողտան (օփերայի եւ պալէի շէնքի) յայտարարուած մրցոյթին (նախագիծը ցաւօք չի պահպանուել, ՀՄ): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով եւ նրա անմիջական ղեկավարութեամբ Երեւանում եւ Սարդարապատում կառուցուեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանել,ՀՄ), նոյն թուականներին կառուցում է ձէթ-օճառի գործարանը Երեւանում` իր բոլոր օժանդակ կառոյցներով, բնակելի աւան` աշխատողների համար:

Դրանք կառուցուեցին «Գրախտ» ընկերութեան կողմից եւ հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդիւնաբերական շինութիւնները: Իսկ բնակելի աւանի շինարարութիւնը գործարանի տարածքի մօտ Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շրջանները անմիջականօրէն աշխատավայրին մօտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20-ական թուականների հայկական ճարտարապետութեանը: 1926թ. Գիւմրու սարսափելի երկրաշարժից յետոյ Յ. Քաջազնունին մշտապէս գտնուել է այնտեղ, ուսումնասիրել քանդուած տների բնոյթը, առաջարկել շէնքերը ճիշդ կառուցելու ուղիներ: 1927թ. հանդէս է եկել զեկոյցով` Լենինականում իրականացուող վերականգնողական շինարարական աշխատանքների բնոյթի վերաբերեալ:

Հետագայում, 1935թ. Յ. Քաջազնունին Լենինականում նախկին Պուլվարնայայ (Կիրովի) եւ 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շէնք: Այս կառոյցը մինչեւ օրս կանգուն է եւ դիմակայել է անգամ 1988թ. աւերիչ երկրաշարժին, համարւում է Յ. Քաջազնունու լաւագոյն գործերից մէկը: 1927թ. մարտից Յ. Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողութեան ոլորտում, սկզբում` Տնտխորհրդին կից Շինարարա-տեխնիկական կոմիտէում, ապա` Պետպլանին Էկօսօ-ին կից Շինարարա-տեխնիկական կոմիտէի նախագահի տեղակալ (մինչեւ 1931թ.):

1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսութեան ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Յ. Քաջազնունին աշխուժօրէն մասնակցում է հասարակական գործունէութեամբ: Հայաստանի Տեխնիկական ընկերութեան նախագահութեան անդամ էր, ապա` նախագահ: 1928թ. Հ. Աճառեանի, Գ. Յակոբեանի, Ա. Տէրեանի հետ համահեղինակութեամբ, Յ. Քաջազնունին իր թեքնիք եւ գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառոյցների ռուս-հայերէն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-յօդուածներից: 1929թ. նոյեմբերի 1-ից հանդիսանում էր «կորչի անգրագիտութիւնը» ընկերութեան անդամ: 1926թ. աշնանից մինչեւ 1931թ. գարունը Յ. Քաջազնունին դասաւանդում է Երեւանի Համալսարանի նոր կազմակերպուած թեքնիք բաժանմունքում (շինարարական արուեստ), ապա` Շինարարական հիմնարկում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930թ. փետրուարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի որոշմամբ, Յ. Քաջազնունու շնորհում են փրոֆեսէօրի գիտական կոչումը: 1930թ. Յ. Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկյարկանի շէնքը, որի ծաւալի մէջ ընդգրկուած են նաեւ ճաշարան եւ հիւրանոցը, իսկ 1936թ. մարտի 8-ին նա «աշխատանքային պայմանագիր» է կնքում Բերիայի անուան Բարձրագոյն կոմունիստական գիւղատնտեսական դպրոցի տնօրէն Ս. Խաչատրեանի հետ, որով պարտաւորւում է վերանախագծել եւ շարունակել այդ շինութեան կենտրոնական մասի եւ աջ թեւի կառուցումը: Այդ շէնքը այժմեան Տէրեան փողոցի վրայ գտնուող Փոլիթեքնիք համալսարանի այժմեան նախագահութիւնը է, որը Ա. Թամանեանի յանձնարարութեամբ են սկսել առաջին նախագծային եւ շինարարական աշխատանքները: Ըստ Ճարտարապետ Լ. Դոլուխանեանի այդ շէնքի վերաբերեալ բացի յիշեալ «Աշխատանքային պայմանագրից», որեւէ փաստաթուղթ չի պահպանուել, եւ հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդեօք Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը` մնացել է անյայտ: Միաժամանակ պէտք է նշել, որ Հ.Քաջազնունու կեանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապէս գտնուել է ՆԿՎԴ-ի գործակալների մշտական հսկողութեան տակ, ենթարկւում զանազան ճնշումների, հասարակութեան կողմից յաճախ մեղադրւում էր իր հաւատարմութեան համար, պիտակաւորուելով` որպէս «ծպտուած յեղափոխական եւ խափանարար»:

1930թ. Յ. Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10-ամեակին նուիրուած մի յօդուած է պատրաստում տպագրել (որն այդպէս էլ չի տպագրւում), սակայն այս յօդուածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողութեան շրջանում, որոնք ծանօթանալով յօդուածի բովանդակութեանը Հայաստանի ճարտարագէտ-տեխնիկների եւ գիւղատնտեսական մասնագէտների համագումարում, դիտարկում են օտար գաղափարախօսութեան առկայութիւն Յ. Քաջազնունու յօդուածի բովանդակութեան մէջ եւ ընդունում պարսաւանքի բանաձեւ: Այդ համագումարում ելոյթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա. Խանջեանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անդրադառնում է այդ համագումարի եւ Ա.Խանջեանի ճառին: Իր խօսքում Ա. Խանջեանը անդրադառնալով Յ. Քաջազնունուն` մասնաւորապէս ասում է. «… Քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պէս ոգեւորւում է մեր շինարարութեամբ, մեր կուլտուրական վերելքով: Սակայն նա եւ նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտուել այդ շինարարութեան սոցալիստական իմաստի ու բովանդակութեան հետ, շարունակելով զարդարուած մնալ սոսկ լոյալութեան փետուրներով»: 1931թ. աշնանը Յ. Քաջազնունին չդիմանալով այդ աննախադէպ քննադատութեանը ու ճնշմանը` դուրս է գալիս Շինարարական հիմնարկից եւ այլեւս գիտա-կրթական գործունէութեամբ չի զբաղւում: Հետաքրքրական է, որ ականատեսի վկայութեամբ, Յ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Սահակ Տէր Գաբրիէլեանի հետ եւ բողոքում, որ իրեն մեղադրում են որպէս հակայեղափոխական, «ծպտուած դաշնակցական, խափանարար եւ անգամ Չեկան ստիպում է մամուլի մէջ դաշնակցութեանը վարկաբեկող յօդուածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցութեան մասին իր ասելիքը արդէն ասել է արտասահմանում եւ անգամ խնդրում, որ եթէ իր ներկայութիւնը անբաղձալի է եւ վնասակար է հայրենիքում, կա՛մ թոյլ տալ վերադառնալ արտասահման, կա՛մ աքսորել Սիպիր: Ի հարկէ Քաջազնունուն արտասահման վերադառնալ թոյլ տալ չէր կարող Սահակ Տէր Գաբրիէլեանը, բայց խոստանում է, որ նման ելոյթներ Քաջազնունու հանդէպ այլեւս չեն լինի: Այս խօսակցութիւնից յետոյ Սահակ Տէր Գաբրիէլեանը ափսոսանքով ասում է. «Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտուելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից` իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Բնականաբար Քաջազնունին ներքուստ վերաիմաստաւորելով իր վերաբերումը Խորհրդային Հայաստանի հանդէպ, ընդունում է, որ սխալուել է եւ այդ մասին խոստովանել իր դստեր` Մարգարիտայի առջեւ:

1950թ. Մարգօ Քաջազնունին պատմաբան Դ. Մուրադեանի հետ ունեցած իր անկեղծ զրոյցում վկայել է. «Երբ 1936 թուին` Աղասի Խանջեանի սպանութիւնից յետոյ, սկսուեցին զանգուածային բանտարկութիւնները, հայրս խիստ շփոթուել էր եւ տխուր էր: Նա հաւատացած էր, որ իրեն եւս կը բանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ չպէտք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր` պէտք է գայի, բայց այդ գիրքը պէտք է չգրէի»: Նա ասում էր` ես խիստ զղջում եմ: Խօսակցութեան վերջում Մարգօ Քաջազնունին աւելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը յիշատակուած Յ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացութեան ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 1931թ. Յ. Քաջազնունու եւ մի խումբ մարդկանց նկատմամբ յարուցուել է քրէական գործ ՀՍՍՀ քրէական օրէնսգրքի 154-րդ յօդուածի համաձայն եւ մեղադրուել ան տնտեսվարութեան մէջ, սակայն յանցակազմ չգտնելով` 1931թ. փետրուարի 26-ի որոշումով այդ գործը կարճւում է: 1937թ. որոշակի դադարից յետոյ Խորհրդային ՆԿՎԴ-ն չէր կարող աննկատ թողնել Յ. Քաջազնունուն: 1937թ. յուլիսի վերջերին Յ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանաւանում եւ իր աղջկան` Մարգարիտային ուղղուած նամակում յիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչեւ օգոստոսի 6-ը, սակայն Յ. Քաջազնունու վիճակուած չէր երկար հանգստանալու, քանի որ յուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրութեամբ տրւում է հրաման թիւ 6/41 Յ. Քաջազնունու բնակարանը խուզարկելու եւ ձերբակալելու վերաբերեալ: Յուլիսի 29-ին նա Ստեփանաւանում ձերբակալւում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից:

Հետաքրքրական է, որ Յ. Քաջազնունու ձերբակալելու եւ մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարէն Քաջազնունու ցուցմունքը-մատնագիրը, որտեղ նա յայտնում է, որ իր հայրը` Յովհաննէս Քաջազնունին հանդիսանում է համոզուած դաշնակցական, «կատարեալ պուրժուա», «խորհրդային կառավարութեան թշնամի», բացի դա` հիմք են հանդիսացել ձերբակալելու համար որոշ շօշափելի տուեալներ: Ժամանակակիցները, որոնք եղել են Չեկայի նկուղներում եւ տեսել են Յ. Քաջազնունուն եւ հետագայում հրաշքով կարողացել են դուրս գալ խորհրդային կայսրութեան սահմաններից, պատմել են, որ Յ. Քաջազնունին բանտարկուած է եղել թիւ 17 խցիկում եւ մեղադրուել «լրտեսութեան» մէջ, իբր թէ «գողացել եւ օտար պետութեան է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եւ որպէսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը, Քաջազնունին ենթարկուել է զանազան կտտանքների եւ կուրացուել է 3500 մոմանոց ելեկտրական լամբերի միջոցով: Ի հարկէ դժուար է ասել որքանով են իրականութեան համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականութիւնից եւ պոլշեւիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականութիւնն այն է, որ Յ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննութիւնը կատարուել է 1937թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննութեան ժամանակ Յ. Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը վարել է աշխուժ դաշնակցական գործունէութիւն, բայց միաժամանակ նշել, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց յետոյ հակապետական գործունէութեամբ չի զբաղուել: Ընդ որում, առաջադրուած մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղաւոր չի ճանաչել: Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. յայտնաբերել է յայտնի պատմաբան Արարատ Յակոբեանը եւ տպագրել «Վէմ» ամսագրի 2016 եւ 2017թթ համարներում: Իր յօդուածներում ուսումնասիրելով ողջ արխիւային գործը, պատմաբան Ա. Յակոբեանը գրում է. «Եռեակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրեալ Յ. Քաջազնունու հանդէպ կայացրել է գնդակահարութեան դատավճիռ` անձնական գոյքի բռնագրաւմամբ: Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երեւանի բանտային հիւանդանոցում: Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագայ սրացումը (պաշտօնական վարկածով` ծերունական թուլութիւն, թիւպերքուլէօզ եւ կրիփ) յանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիւանդանոցում 1938 թ. յունուարի 15-ին, 70 տարեկան հասակում: Հազարաւոր այլ բռնադատուածների հարազատների նման` իր հօրը արդարացնելու նպատակով Մարգօ Քաջազնունին 1955 թ. յունիսի 22-ին ընդարձակ, հիմնաւորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկական ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամեանցին, սակայն այն մերժուեց: Արդարացման հարցը յետաձգուեց, եւ ի վերջոյ խնդիրը լուծուեց միայն ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ: Անկախ Հայաստանի դատախազութիւնը, ուսումնասիրելով Յ. Քաջազնունու քր. ՀՀ գլխաւոր դատախազ Արտաւազդ Գեւորգեանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «որոշեց Յովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել յանցակազմի բացակայութեան պատճառով, նրան համարել արդարացուած եւ վերականգնուած»:

Մինչեւ 1990-ական թուերը թէ՛ Մարգարիտային եւ թէ՛ հանրութեանը անյայտ էր թէ որտեղ է ամփոփուած Յ. Քաջազնունու աճիւնը: Քաջազնունու մարմինը ամփոփուած է եղել ներկայիս ժամացոյցի գործարանի տարածքում գտնուող «Կոզեր» կոչուող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացոյցի գործարան եւ դպրոցի շէնք կառուցելու նպատակով հողին է հաւասարեցւում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու եւ միւս երեւելի մարդկանց աճիւնները անհետ կորչում են: Հօր յիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախեան լճի» գերեզմանատանը Յովհաննէս Քաջազնունու անունով յիշատակաքար է կանգնեցնում:

Անուրանալի է Յովհաննէս Քաջազնունու ծառայութիւնները Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտման գործում, նա իր ողջ գիտակից կեանքը, կարողութիւնը եւ գիտելիքները նուիրեց յանուն Հայաստանի հանրապետութեան բարօրութեանը:

 

 

Նախորդը

Մեր Առաջնահերթութիւնը Դուք Չէք

Յաջորդը

Մամլոյ Լսարան Թիւ 156. Սեւրի Դաշնագիրի 100-Ամեակին Ընդառաջ. Դոկտ. Արմէն Մարուքեան Դասախօսեց «Պահանջատիրութեան Պատմաիրաւական Հիմքերը» Խորագրեալ Նիւթին Մասին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?