8-9 նոյեմբեր 2019-ին Երեւանի մէջ տեղի ունեցաւ «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թթ.» խորագիրով միջազգային գիտաժողովը, որուն վերաբերող թղթակցութիւն առաքուեցաւ խմբագրութեանս Ամերիկայի Հայ աւետարանական ընկերակցութեան կողմէ: «Ազդակ» իր 19 նոյեմբերի թիւով ամբողջ էջ մը յատկացուց այս յոյժ կարեւոր գիտաժողովին:
Միհրան Մինասեանի հետեւեալ նամականին ստանալէ ետք խմբագրութիւնս անդրադարձաւ թղթակցութեան մէջ տեղ գտած բացթողումներուն եւ յապաւումներուն: Առ այդ, մեզի յղուած Միհրան Մինասեանի գրութեան կողքին կը հրատարակենք Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին կայքին վրայ տեղադրուած եւ նոյն գիտաժողովին վերաբերող թղթակցութիւնը` քաջ հաւատալով, որ կազմակերպիչին կողմէ ամբողջական եւ ճշգրիտ լրատուութիւն կատարած պիտի ըլլայ:
«Ա.»
2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ» հիմնադրամը կազմակերպեց միջազգային երկօրեայ գիտաժողով` «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թթ.» խորագրով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի ունեցաւ ՀՑԹՀ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Գիտաժողովին բացման խօսքով հանդէս եկաւ ՀՑԹՀ տնօրէն Յարութիւն Մարութեանը. «Այս գիտաժողովն անցկացնելու գաղափարը ծնուել է թանգարան-հիմնարկի եւ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան հետ երկկողմ համագործակցութեան շնորհիւ, իսկ նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանութեան պատճառով տեղահանուած հայութեան «բեկորների» ճակատագրերը, լուսաբանել հայկական եւ միջազգային այն կազմակերպութիւնների, անհատների գործունէութիւնը, որոնք զբաղուել են հայ գաղթականների, մասնաւորապէս, երեխաների ու կանանց փրկութեան հարցերով:
Ուղիղ 100 տարի առաջ սկսուել է «Մէկ հայ, մէկ ոսկի» շարժումը, երբ բազմահազար որբեր գտնւում էին գերութեան մէջ, մուսուլմանացման եզրին, հայ մտաւորականութիւնը գիտակցում էր, որ իր ապագան մեծապէս կախուած է այդ որբերից, որ պէտք է անել ամէն ինչ, որպէսզի այդ երեխաները փրկուեն ու դառնան վաղուայ Հայաստանի քաղաքացիներ»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաեւ ՀՑԹՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռէյմոն Յարութիւն Գէորգեանը, նա նախ երախտիքի խօսք ասեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի բարեկարգման աշխատանքների հարցում իրենց աւանդ ունեցած բարերարներից, մասնաւորապէս` սիրիահայ բարերար Գաբրիէլ Ջեմպերճեանից, որոնց շնորհիւ ստեղծուել են բարեկարգ աշխատանքային պայմաններ` տարատեսակ միջոցառումներ յաւուր պատշաճի կազմակերպելու համար եւ յաւելեց. «կասկած չկայ, որ հսկայական գործ ունենք անելու ապագայի համար, յատկապէս` գիտահետազօտական ուսումնասիրութիւններ կատարելու գործում: Պէտք է շնորհակալութիւն յայտնեմ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի անձնակազմին` այս գիտաժողովի կազմակերպման համար, բոլորիս մաղթում եմ արդիւնաւէտ աշխատանքային օրեր»:
Ներկաներին տեսաուղերձով ողջունեց Ամերիկայի հայ աւետարանչական ընկերակցութեան գործադիր տնօրէն Զաւեն Խանճեանը. «Պատմութեան հեգնանքն է, որ կապրինք: Մինչ այսօր` այստեղ, ա՛յս նիւթով գիտաժողովի բացումը կը կատարուի, անդին` սուրիական անդաստաններուն մէջ նոյն անողոք դահիճին նոր ոճիրներուն ականատեսն ենք եօթը երկար տարիներէ ի վեր եւ որուն զոհերէն մեզ այսօր հետաքրքրողը, նոյն ինքն` Եղեռնէն փրկուած մնացորդացի շառաւիղն է: Ոճրագործը եւ ոճիրը դադար չունին, ուստի անհրաժեշտ է արթուն ըլլալով` ակնկալել չարը: Հետեւաբար ազգովին պէտք է պատրաստ ըլլանք փրկութեան գործին»:
ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութեան ողջոյնի խօսքն էլ արտասանեց նախարարի խորհրդական Սամուէլ Կարաբեկեանը:
Ներկաներին Մայր Աթոռի օրհնանքի խօսքը յղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիւի տնօրէն հայր Ասողիկ Կարապետեանը:
Երկօրեայ գիտաժողովն ունեցաւ հինգ նիստ եւ քսաներկու գիտական զեկոյց: Առաջին օրուայ առաջին նիստը նուիրուած էր Հայոց ցեղասպանութեան տարիներին ազգախնամ գործունէութեանը: Բանախօսներից ՀՑԹՀ հիմնադրամի տնօրէն, Յարութիւն Մարութեանն անդրադարձաւ «Փրկութիւն» եզրոյթի մեկնաբանութեան հարցերին, անկախ հետազօտող, Էդուարդ Մելքոնեանն` Ա. Աշխարհամարտից յետոյ որբերի փրկութեան գործում ՀԲԸՄ մասնակցութեանը, ՀՑԹՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմագիտութեան դոկտոր, փրոֆեսէօր Ռէյմոն Յարութիւն Գէորգեանը խօսեց Երուսաղէմի Արարատեան եւ Վասպուրականի որբանոցների մասին` դիտարկելով դրանք որպէս վերակառուցման մոտել, ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի Հայկական գաղթօճախների եւ սփիւռքի պատմութեան բաժնի գիտաշխատող, Սեդա Օհանեանն անդրադարձաւ 1916-1923 թթ. Միջագետքի հայկական կազմակերպութիւնների գործունէութեանը գաղթականութեան փրկութեան եւ որբահաւաքի աշխատանքներում: Նիստը վարում էր ՀՑԹՀ գիտական գծով փոխտնօրէն, Էդիտա Գզոյեանը:
Երկրորդ նիստը շարունակեց նոյն հիմնահարցերի քննարկումը, այս անգամ նիստը վարում էր պարոն Ռէյմոն Յարութիւն Գէորգեանը: Ելոյթ ունեցան ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան բաժնի գիտաշխատող, Արփինէ Բաբլումեանն` անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան տարիներին Խարբերդում եւ Տիգրանակերտում հայերի փրկութեան գործին, ՀՑԹՀ գլխաւոր ֆոնտապահ, գիտաշխատող Գոհար Խանումեանը` խօսելով Հայոց ցեղասպանութեան տարիներին Վանի, Կարինի, Բաղէշի շրջաններում որբահաւաքի աշխատանքներին, եւ ՀՑԹՀ գիտքարտուղար, Նարինէ Մարգարեանը` 1915-1924 թթ. Հալէպի հայկական որբանոցը, Քալիֆորնիայի համալսարանի ժամանակակից եւ դասական լեզուների ու գրականութեան բաժանմունքի հայագիտութեան ծրագրի տնօրէն, փրոֆեսէօր Վահրամ Շեմմասեանը` վերապատուելի Ահարոն Շիրաճեանն ու Հայաստանի բրիտանացի բարեկամները. Հալէպի կանանց ապաստարանը, Քլարկի համալսարանի ցեղասպանութիւնների եւ Ողջակիզման ուսումնասիրութիւնների Սթրասլեր կենտրոնի դոկտորական աստիճանի թեկնածու Աննա Ալեքսանեանը` «Մեր վէրքերը» կամ ազատագրման առաքելութեան որոշ խնդիրներ, Պէյրութի Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն, քաղաքագիտութեան դոկտոր Անդրանիկ Տագէսեանը` «Նաւարկում շիջած երազների, մրցակից կեցուածքների եւ նոր կեանքի յուսադրումների միջեւ. «Հայաստանի Կոչնակը» – 1919-1923 թթ. թեմաներով:
Իւրաքանչիւր նիստն ամփոփւում էր հարցուպատասխանով, քննարկումով: Գիտաժողովի առաջին օրը մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մօտ, մէկ րոպէ լռութեամբ յարգեցին սուրբ նահատակների յիշատակը:
Գիտաժողովի առաջին օրը նշանաւորուեց Հայոց ցեղասպանութեան թանգարանի ժամանակաւոր ցուցադրութիւնների սրահում «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թուականներին. ազգային միասնութիւնից դէպի վերածնունդ» խորագրով ժամանակաւոր ցուցադրութեան բացումով:
Նոյեմբերի 9-ին գիտաժողովի աշխատանքները շարունակուեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում: Գիտաժողովի մասնակիցներին ու հիւրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու արխիւի տնօրէն հայր Ասողիկ Կարապետեանը:
Գիտաժողովի երկրորդ օրն ունեցաւ երեք նիստ, առաջին նիստը նախագահեց Յարութիւն Մարութեանը: Նիստը նուիրուած էր հայերի փրկութեան հարցում հոգեւոր կառոյցների դերին: Զեկոյցներ կարդացին` ՀՀ Ազգային արխիւի գիտահետազօտական բաժնի վարիչ, Գոհար Աւագեանը` Սուրբ Էջմիածնի Եղբայրական օգնութեան յանձնաժողովի գործունէութիւնը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբան Շահան արք. Սարգիսեանը` «Որբանոցից կաթողիկոսարան. Կիլիկիոյ կաթողիկոսութեան հաստատումն Անթիլիասում», ՀՑԹՀ Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի ուսումնասիրութեան բաժնի վարիչ, աւագ գիտաշխատող Միհրան Մինասեանը` «Հալէպի Ազգային առաջնորդարանի գործունէութիւնը Հայոց ցեղասպանութեան տարիներին, ԵՊՀ հետազօտող, Հիլմար Քայզերը` «Բողոքականների նպաստամատոյց գործունէութիւնը օսմանեան 4-րդ բանակի շրջանում – 1915-1917 թթ.», եւ ՀՑԹՀ Հայոց ցեղասպանութեան զոհերի փաստագրման եւ տուեալների հաւաքագրման բաժնի վարիչ, աւագ գիտաշխատող, Շուշան Խաչատրեանը` Կ. Պոլսի պատրիարք «Զաւէն Տէր Եղիայեանի ազգախնամ գործունէութիւնը Հայոց ցեղասպանութեան տարիներին» թեմաներով:
Յաջորդ նիստը վարեց Միհրան Մինասեանը: Նիստը նուիրուած էր հայոց փրկութեան գործում միջազգային կազմակերպութիւնների դերակատարութեանը: Զեկոյցներ կարդացին ՀՑԹՀ գիտական աշխատանքների գծով փոխտնօրէն, Էդիտա Գզոյեանը` քննութեան առնելով միջազգային իրաւունքի զարգացման պարունակում հայ կանանց ու երեխաների փրկութեան հարցը, Լեփսիուսի տուն-արխիւի գիտաշխատող, Փոցտամի համալսարանի ռազմական պատմութեան ամպիոնի դասախօս, Ռոյ Քնոքէն` ներկայացնելով 1920-ականների աջակցութիւն հայցող համր ժապաւէնը մարդասիրական օգնութեան ոչ այնքան լուռ կոչի պարունակում, լիբանանահայ անկախ հետազօտող Կարօ Տէրունեանը` Եագոպ Քունցլերի հետքերով թեմայով եւ Լեփսիուսի տուն-արխիւի գիտաշխատող, Հայկ Մարտիրոսեանը` խօսելով 1915-1919 թթ. հայերի փրկութեան գործում գերմանական առաքելութիւնների ունեցած ներդրման մասին:
Երկօրեայ միջազգային գիտաժողովի վերջին` թուով հինգերորդ նիստը նախագահեց Նարինէ Մարգարեանը: Նիստը կրկին նուիրուած էր Հայոց ցեղասպանութեան տարիներին ազգախնամ գործունէութեանը: Զեկոյց կարդաց ՀՑԹՀ Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի ուսումնասիրութեան բաժնի աւագ գիտաշխատող, Ռոբերտ Թաթոյեանը` ներկայացնելով Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի 1919-1922 թթ. կազմած վիճակագրութիւնները Մեծ եղեռնի որբերի թուաքանակի վերաբերեալ, ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան պատմութեան բաժնի գիտաշխատող, Կարէն Հայրապետեանը` խօսելով Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնում արեւմտահայ փախստականների խնդիրների մասին: Եզրափակիչ զեկոյցով ելոյթ ունեցաւ ՀՑԹՀ Թանգարանային ցուցադրութիւնների կազմակերպման բաժնի աւագ գիտաշխատող, Թեհմինէ Մարտոյեանը` «Վահան Չերազ. Հայոց ցեղասպանութիւնը վերապրած որբերի հաւաքագրումն ու խնամակալութիւնն Ալեքսանդրապոլում» թեմայով:
Ինչպէս նախորդ օրը, նիստերին յաջորդում էր աշխուժ հարցուպատասխան, ծաւալւում էր քննարկում:
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին ու նստաշրջաններն աւարտուած յայտարարեցին ՀՑԹՀ տնօրէն Յարութիւն Մարութեանը եւ գիտական քարտուղար Նարինէ Մարգարեանը:
Նշենք նաեւ, որ գիտաժողովի երկրորդ օրը մասնակիցներն ու հիւրերը շրջայց ունեցան Մայր Աթոռում, այցելեցին վեհարան, ծանօթացան այնտեղ ցուցադրուող գանձերին:
Այսպիսով, գիտաժողովի նպատակն էր ներկայացնել Հայոց ցեղասպանութեան պատճառով տեղահանուած հայութեան բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական եւ միջազգային այն կազմակերպութիւնների, անհատների գործունէութիւնը, որոնք զբաղուել են հայ գաղթականների, մասնաւորապէս, երեխաների ու կանանց փրկութեան հարցերով:
Գիտաժողովին զեկոյցով հանդէս եկան Հայաստանի Հանրապետութիւնից եւ արտերկրից` Ֆրանսայից, Գերմանիայից, Լիբանանից, Միացեալ Նահանգներից, ժամանած աւելի քան երկու տասնեակ գիտնականներ, որոնք անդրադարձան Ցեղասպանութիւնը վերապրած հայերի փրկութեան գործին առնչուող մանրամասներին:
Գիտաժողովի ընթացքում ներկայացուեցին առաւելապէս հայկական, մասամբ նաեւ միջազգային կազմակերպութիւնների ունեցած դերակատարութիւնը, ինչպէս նաեւ հայկական հոգեւոր կառոյցների, ազգապահպան կազմակերպութիւնների` Հայկական բարեգործական ընդհանուր միութեան, Միջագետքի հայկական կազմակերպութիւնների գործունէութիւնը:
Մասնագէտները ներկայացրեցին Արեւմտեան Հայաստանի նահանգներում իրականացուած հայահաւաք ձեռնարկումները, անդրադարձ կատարուեց նաեւ առանձին որբանոցների գործունէութեանը: Գիտաժողովի ընթացքում վեր հանուեցին նաեւ այն խնդիրները, որոնք առկայ էին փրկութեան առաքելութեան իրականացման ընթացքում: Քննարկուեցին ինքնօգնութեան դրսեւորումներին, որբերի թուական տուեալներին, միջազգային իրաւունքի զարգացման պարունակում հայ կանանց ու երեխաների փրկութեանը, ինչպէս նաեւ` թեմային առնչուող մի շարք հարցեր:
Գիտաժողովի համագործակից էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հովանաւոր` Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութիւնը:
ՀՑԹՀ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ
ԼՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆ